Ի՞նչ է գիտակցությունը

Ի՞նչ է գիտակցությունը

Նյարդագետ Քրիստոֆ Կոխը խոսում է մարդկային մտքի, ԱԲ-ի և բակտերիաների մասին։

Մի քանի տարի առաջ, երբ նյարդագետ Քրիստոֆ Կոխը դեռ ապրում էր Հարավային Կալիֆորնիայում, The Highlander ֆիլմը դիտելիս մի շիշ Բարոլո գինի խմելուց հետո՝ կեսգիշերին, բարձրացավ 1741 մ բարձրությամբ Վիլսոն լեռան գագաթը, որը գտնվում է Լոս Անջելեսում:

Մեկ ժամ «լապտերը ձեռքին սայթաքելուց և սրտխառնոցից» ​​հետո, ինչպես նա ավելի ուշ նկարագրեց միջադեպը,  հասկացավ, որ գիշերային արկածը այնքան էլ լավ գաղափար չէր, և հետ իջավ, թեև մինչ այդ մթության մեջ գոռում էր Ուիլյամ Էռնեստ Հենլիի՝ 1875 թվականին գրված «Invictus» բանաստեղծության վերջին տողը. «I am the master of my fate/I am the captain of my soul», այն է՝ «Ես եմ իմ ճակատագրի տերը։ Ես եմ իմ հոգու նավապետը»:

Կոխը, որ առաջին անգամ համբավ ձեռք բերեց հանգուցյալ Նոբելյան մրցանակակիր Ֆրենսիս Քրիկի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, բնավ էլ միակ գիտնականը չէ, որ անդրադարձել է «ես»-ի էությանը, բայց գուցե ամենաարկածախնդիրն է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Նա գիտակցությունը համարում է մեր տիեզերքի գլխավոր առեղծվածը և պատրաստ է ուսումնասիրել ցանկացած ողջամիտ գաղափար ինչ-որ բացատրություն գտնելու համար:

Տարիների ընթացքում Կոխը մշակել է գաղափարների լայն շրջանակ, որոնցից մի քանիսը հստակորեն ենթադրական են, օրինակ՝ այն գաղափարը, որ համացանցը կարող է գիտակից դառնալ, կամ որ բավարար տեխնոլոգիաների առկայության դեպքում հնարավոր է միավորել բազմաթիվ ուղեղներ` կապելով նրանց մտքերը: (Այնուամենայնիվ, նա ունի սահմանափակումներ. գիտնականը խորը կասկածանքով է վերաբերվում ինչպես մեր մտքերի «վերբեռնման» գաղափարին, այնպես էլ «սիմուլյացիայի վարկածին»։)

Իր նոր՝ Then I Am Myself The World գրքում Կոխը, որ ներկայումս Սիեթլի  Allen Institute for Brain Science-ի առաջատար գիտնականն է, ուսումնասիրում է ինտեգրված ինֆորմացիայի  տեսության (IIT) բարդ ոլորտը՝ մի համակարգ, որի նպատակն է հաշվարկել համակարգում գիտակցության աստիճանը` հիմնվելով ինֆորմացիայի փոխկապակցվածության աստիճանի վրա։ Միաժամանակ նա փորձում է լուծում գտնել, թերևս, ամենադժվար հարցին. ինչպե՞ս են մեր՝ թվացյալ անշոշափելի և զանգվածից կամ որևէ այլ ֆիզիկական հատկությունից զուրկ մտքերը իրական աշխարհում շոշափելի արդյունքների հանգեցնում: Վերջերս մենք նրա հետ զրուցեցինք Zoom-ով։

Իր նոր գրքում նյարդագետ Քրիստոֆ Կոխը ուսումնասիրում է գիտակցության բարդ ոլորտը։ Նկարը՝ Photo courtesy of Allen Institute:

Ձեր նոր գրքում դուք մի հարց եք առաջ քաշում. ինչպե՞ս կարող է միտքը ազդել նյութի վրա։ Արդյո՞ք մենք այսօր ավելի մոտ ենք այս հարցի պատասխանին, քան այն ժամանակ, երբ Դեկարտը բարձրացրեց այն գրեթե չորս դար առաջ։

Եկեք վերանայենք փաստերը։ Ֆիզիկական և մտավոր բևեռները (պատկերացրեք  որպես Հյուսիսային և Հարավային բևեռներ) մտածողության արևմտյան փիլիսոփայության կենտրոնն են։ Գոյություն ունի մատերիալիզմը, որն այժմ հայտնի է որպես ֆիզիկականություն. այն պնդում է, թե իրականում գոյություն ունի միայն ֆիզիկականը, բայց մտավորը չկա, պատրանք է, ինչպես ասում էին Դանիել Դենեթը և ուրիշները:

Մյուս կողմից՝ գոյություն ունի իդեալիզմը, որ ներկայումս մինի-վերածնունդ է ապրում, բայց այն, մեծ հաշվով, հայտնի չէր 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին․ այս տեսության համաձայն՝ ամեն ինչ ըստ էության մտավորի դրսևորում է: 

Գոյություն ունի նաև դասական դուալիզմի տեսությունը, ըստ որի կա ֆիզիկական նյութ, և կա մտավոր նյութ, ու դրանք ինչ-որ կերպ պետք է փոխազդեն: Մտավորի և ֆիզիկականի միջև փոխազդեցությունը հասկանալը մարտահրավերային է. այն հայտնի է որպես պատճառականության խնդիր։

Բացի այդ, գոյություն ունեն նաև այլ ուղղություններ․ դրանցից մեկը պանպսիխիզմն է՝ չափազանց հին հավատք, որը ներկայումս կրկին շատ տարածված է դառնում։ Այս պարագայում ենթադրվում է, թե գոյություն ունեցող ամեն ինչ «օժտված է հոգով», այսինքն՝ ամեն ինչ, նույնիսկ ամենատարրական մասնիկները, ինչ-որ չափով ևս ունակ են զգալու։

Այս ուղղություններից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները։ Ֆիզիկականությունը շարունակում է մնալ ամենատարածված փիլիսոփայությունը, հատկապես արևմտյան փիլիսոփայության ֆակուլտետներում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ֆիզիկականությունը պնդում է, որ ամեն ինչ հիմնովին ֆիզիկական է և կարող է մոդելավորվել, ինչը կոչվում է «հաշվողական ֆունկցիոնալիզմ»։ Խնդիրն այն է, որ մինչ այժմ մարդիկ չեն կարողացել բացատրություն տալ գիտակցությանը, քանի որ այն շատ տարբեր է ֆիզիկականից: 

Հնարավոր է, որ փոքրիկ բակտերիան ինչ-որ չափով ևս ունակ է զգալու։

Ի՞նչ է ասում ինտեգրված ինֆորմացիայի տեսությունը (ԻԻՏ) գիտակցության մասին։

ԻԻՏ-ն ասում է, որ գոյության հիմքում գիտակցությունն է: Եվ գիտակցությունը միակ բանն է, որն ինքնին գոյություն ունի: Դուք գիտակից եք: Այս գիշեր ինչ-որ պահի դուք խոր քուն կմտնեք, և այդ ժամանակ այլևս գիտակից չեք լինի. այդ ժամանակ դուք կդադարեք գոյություն ունենալ ինքներդ ձեզ համար: Ձեր մարմինն ու ուղեղը դեռ գոյություն կունենան ուրիշների համար, ասենք՝ ես կարող եմ տեսնել ձեր մարմինը, բայց դուք ինքներդ ձեզ համար գոյություն չեք ունենա: Այսպիսով, միայն գիտակցությունը գոյություն ունի ինքնին. այն բացարձակ գոյություն է: Մնացած ամեն ինչ ածանցյալ է: 

Համաձայն այս տեսության՝ գիտակցությունը, ըստ էության, ինքնին պատճառահետևանքային ուժ է` տարբերություններ ստեղծելու ունակություն: Գուցե հարցնեք, թե ապա որն է այդ ուժի իրացման սուբստրատը՝ ուղեղը, համակարգչի կենտրոնական պրոցեսորը թե որևէ այլ բան: Տեսությունը պնդում է, թե այն ամենը, ինչ ձեր գիտակցությունը զգում է, ինչպիսիք են՝ կարմիր տեսնելը, Լիմբուրգեր պանրի հոտը զգալը, ատամի ցավ ունենալը, մեկ առ մեկ համապատասխանում են այս կառուցվածքին, ձևին և պատճառահետևանքային կապին: Դա ընթացակարգ չէ: Դա հաշվարկ չէ: Այն շատ տարբեր է մյուս բոլոր տեսություններից:

Ինչո՞վ է տարբերվում «պատճառահետևանքային ուժեր» եզրույթը սովորական պատճառահետևանքային շղթայից: Օրինակ, երբ բիլիարդ խաղալիս հարվածում եք մեկնարկային գնդակին, իսկ այն էլ՝ մյուսներին…

Դրանում զարմանալու ոչ մի բան չկա։ Սա համակարգի, այս դեպքում բիլիարդի գնդակի, տարբերություններ ստեղծելու ունակությունն է։ Այլ կերպ ասած, եթե նրան հարվածում են մեկ այլ գնդակով, այն շարժվում է, և դա ազդում է արտաքին աշխարհի վրա։

Եվ ԻԻՏ-ն պնդում է հետևյալը․  կա մի համակարգ՝ լարերի կամ նեյրոնների ամբողջություն, և կարևորն այն չափն է, թե որքանով են դրանք ունենում պատճառահետևանքային ուժ իրենք իրենց վրա։ Միշտ որոնվում է այն առավելագույն պատճառական ուժը, որ համակարգը կարող է ունենալ ինքնին։ Ի վերջո, հենց սա է գիտակցությունը: Դա ինչ-որ ռեալ բան է։ Եթե ինձ տաք համակարգի մաթեմատիկական նկարագրությունը, ես այն կարող եմ հաշվարկել, դա ինչ-որ անշոշափելի բան չէ:

Այսինքն՝ այն կարելի՞ է օբյեկտիվորեն չափել արտաքին աշխարհից:

Այո։

Այնուամենայնիվ, անցյալ տարի 124 փորձագետների կողմից ստորագրված գրության մեջ նշվում էր, որ  ինտեգրված ինֆորմացիայի տեսությունը կեղծ գիտություն է՝ մասամբ այն հիմքով, որ այն հնարավոր չէ փորձարկել։

Տարիներ առաջ ես Սիեթլում հանդիպում կազմակերպեցի «հակադրային համագործակցություն»  մշակելու համար։ Ուշադրության կենտրոնում գիտակցությունն էր։  Առաջարկությունն էր՝ համեմատել գիտակցության երկու գերիշխող տեսությունները` ինտեգրված ինֆորմացիայի տեսությունը և գլոբալ նյարդային աշխատանքային տարածքի տեսությունը։ Պետք էր հավաքել քննարկման մասնակիցներին կլոր սեղանի շուրջ․ իհարկե, նրանք կարող են տարբեր կարծիքներ ունենալ շատ թեմաների վերաբերյալ, բայց կարող են համաձայնության գալ մի փորձի շուրջ, որը միաժամանակ ստուգում է երկու տեսությունների կանխատեսումները, ինչի մասին նախօրոք պայմանավորվել ենք գրավոր։ Արդյունք A-ն հաստատում է A տեսությունը, B-ն՝ B տեսությունը։ Փորձն անցկացվել է տասնչորս լաբորատորիաներում։

Փորձերի նպատակն էր մոտավոր կանխատեսումներ անել «գիտակցության նյարդային հետքերի» գտնվելու վայրի մասին։ Արդյո՞ք դրանք գտնվում են ուղեղի հետևի մասում, ինչպես ենթադրում է ինտեգրված ինֆորմացիայի տեսությունը, թե՞ առջևի մասում, ինչպես ենթադրում է գլոբալ նյարդային աշխատանքային տարածքը: Եվ արդյունքը շատ պարզ էր. երեք փորձերից երկուսն ապացուցում էին, որ «գիտակցության նյարդային հետքերը» գտնվում են ուղեղի հետևի մասում, ոչ թե նախաճակատային կեղևում։

Իմ գիտակցությունն է տեսնում, ոչ թե ուղեղը։

Սա բուռն արձագանք առաջացրեց այս գրության տեսքով, որտեղ նշվում է, որ տեսությունը հնարավոր չէ փորձարկել, ինչը, իմ կարծիքով, պարզապես անհեթեթություն է: Իսկ հետո, բնականաբար, պատասխան առարկություններ եղան, քանի որ մարդկանց համոզմամբ՝  թեև ԻԻՏ-ն կարող է սխալ տեսություն լինել, թեև այն զգալիորեն տարբերվում է գերակշռող գաղափարախոսությունից, այն, անշուշտ, գիտական տեսություն է, որը մի շարք ճշգրիտ կանխատեսումներ է տալիս։

Բայց սա այլ մետաֆիզիկա ունի, ինչը մարդկանց դուր չի գալիս:

Այսօր շատերը կարծում են, որ եթե կարող ես ինչ-որ բան սիմուլացնել, դրանով գործը ավարտված է։ Եթե համակարգիչը կարողանա սիմուլացնել մարդու ուղեղը, ապա, բնականաբար, սիմուլյացիան էլ գիտակից կլինի: Մեծ լեզվական մոդելներն էլ (LLM) [ֆունկցիոնալիստական տեսանկյունից] վաղ թե ուշ կդառնան գիտակից։ Հարցն այն է, թե արդյոք նրանք այժմ գիտակցություն ունեն, թե՞ ավելի բարդ ալգորիթմ է պահանջվում: 

ԻԻՏ-ն պնդում է, որ խոսքը ոչ թե ինչ-որ բան անելու կամ սիմուլացնելու մասին է, այլ, ի վերջո՝ գոյություն ունենալու։ Բավական է միայն նայել սարքին հասկանալու համար՝ արդյոք այն գիտակցություն ունի, թե՞ ոչ։

Արդյո՞ք ԻԻՏ-ն ենթադրում է պանպսիխիզմ:

Սա պանպսիխիզմ չէ։ Պանպսիխիզմն ասում է` «այս սեղանը գիտակցություն ունի» կամ «այս պատառաքաղը գիտակցություն ունի»։ Պանպսիխիզմը պնդում է, որ, ըստ էության, ամեն ինչ ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր հատկություններ: Այսպիսով, ատոմն ունի ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական հատկություններ: 

ԻԻՏ-ն պնդում է, որ դա, անշուշտ, ճիշտ չէ։ Միայն այն բաները, որոնք իրենց վրա պատճառահետևանքային ուժ ունեն, կարող են գիտակից համարվել. այս սեղանը պատճառահետևանքային ուժ չունի իր վրա, այն ոչինչ չի անում, այն պարզապես դրված է այնտեղ։

Բայց ԻԻՏ-ն կիսում է որոշ ինտուիտիվ գաղափարներ [պանպսիխիզմի հետ], մասնավորապես, որ գիտակցության տարբեր աստիճաններ կան, և այն գուցե նույնիսկ համեմատաբար պարզ համակարգ է, ինչպիսին է բակտերիան. բակտերիան պարունակում է մեկ միլիարդ սպիտակուց, կա հսկայական պատճառահետևանքային փոխազդեցություն, այս փոքրիկ բակտերիան ինչ-որ չափով ևս ունակ է զգալու։ Իհարկե, ոչ մեզ նման, նույնիսկ ոչ էլ՝ շան։ Իսկ երբ այն մահանում է, ասենք՝ հակաբիոտիկ ստանալու հետևանքով, նրա թաղանթը քայքայվում է, ապա բակտերիան այլևս ոչինչ չի զգում։

Գիտական տեսությունը պետք է հիմնված լինի իր կանխատեսող ուժի վրա: Եվ եթե կանխատեսող ուժն ասում է` այո, գիտակցությունը շատ ավելի լայն է, քան մենք կարծում ենք, ընդգրկում է ոչ միայն մեզ և մեծ կապիկներին, այլև ամբողջ կենդանական աշխարհը և կյանքը, ապա մենք պետք է ընդունենք այս գաղափարը:

Գրքի վերջում գրում եք` «ես եմ որոշում, ոչ թե իմ նեյրոնները»։ Ինձ թվում է, որ դրանք նույն միտքն արտահայտելու երկու տարբեր եղանակներ են. մակրո մակարդակում դա ես եմ, իսկ միկրո մակարդակում ՝ իմ նեյրոնները:  Թե՞ ինչ-որ բան բաց եմ թողել:

Այո, կա մի փոքր տարբերություն: Մեր գիտակցությունը միակ բանն է, որն իրապես  գոյություն ունի ինքնին: Մենք դադարում ենք գոյություն ունենալ ինքներդ մեզ համար, երբ անգիտակից վիճակում ենք, օրինակ` անզգայացման հետևանքով առաջացած խորը քնի ժամանակ անկարող ենք և՛ մտածել, և՛ գործել։ Հետևաբար, գիտակցությունը միակ բանն է, որն իրականում գոյություն ունի, և հենց այնտեղ է տեղի ունենում իրական գործողությունը:

Ես իսկապես տեսնում եմ ձեզ էկրանին, պատկերում լույս կա, բայց իմ ուղեղում, վստահեցնում եմ ձեզ, լույս չկա, այնտեղ ամբողջովին մութ է: Ուղեղս ուղղակի լորձանման նյութի մեջ նստած է: Այնպես որ, իմ գիտակցությունն է տեսնում, ոչ թե ուղեղը: Մտածում և գործում է ոչ թե իմ ուղեղը, այլ իմ գիտակցությունը: Դրանք համարժեք չեն:

Կարելի է մոդելավորել անձրև, սակայն համակարգչի ներսում ոչինչ չի թրջվի:

Համակարգիչների ի հայտ գալուց ի վեր բանավեճ է ծավալվել այն մասին, թե արդյոք ուղեղը գործում է որպես տեղեկատվության մշակման պրոցեսոր: Դուք պնդում եք, որ դա այդպես չէ։ Այս տեսանկյունից ես ենթադրում եմ, որ Ձեր կարծիքով մեծ լեզվական մոդելները չունեն պատճառահետևանքային ուժ։

Ճիշտ է։ Իրականում, ես կարող եմ բավականին վստահ ասել հետևյալը. ըստ ԻԻՏ-ի՝ գիտակցությունը որոշելու համար Թյուրինգի թեստ գոյություն չունի, քանի որ խոսքը ոչ թե արտաքին վարքագծի, այլ այս պատճառահետևանքային կառուցվածքի մասին է:  Այսպիսով, ի վերջո պետք է ուսումնասիրել պրոցեսորը կամ չիպը՝ ցանկացած հատված, որ կատարում է հաշվարկը: Պետք  է ուսումնասիրել հենց այդ մակարդակը. ո՞րն է պատճառահետևանքային ուժը:

Հայեցակարգային առումով հնարավոր է ճշգրտորեն սիմուլացնել մարդու ուղեղ, որն իրականացնում է բոլոր այն գործառույթները, որոնք ունակ է կատարել մարդու ուղեղը: Համակարգչային սիմուլյացիան, ի վերջո, կարող է ասել` «ես գիտակցություն ունեմ», ինչպես բազմաթիվ մեծ լեզվական մոդելները, եթե նախազգուշական միջոցների կիրառման հետևանքով ստիպված չեն բացահայտորեն ասել` «օ՜ ոչ, ես պարզապես մեծ լեզվական մոդել եմ, ես գիտակցություն չունեմ», որպեսզի անհանգստություն չառաջացնեն հասարակության շրջանում:

Բայց դա պարզապես սիմուլյացիա է, դա իրական գիտակցություն չէ: Կարելի է  մոդելավորել անձրև, սակայն համակարգչի ներսում ոչինչ չի թրջվի: Կարելի է լուծել Էյնշտեյնի՝ ընդհանուր հարաբերականության տեսության հավասարումը սև խոռոչների համար՝ առանց վախենալու մոդելավորված խոռոչի մեջ կուլ գնալուց: Ինչո՞ւ ոչ։ Եթե այն իսկապես հաշվարկում է ձգողականությունը, արդյո՞ք տարածաժամանակը չպետք է կորանա իմ համակարգչի շուրջ՝ կուլ տալլով և՛ ինձ, և՛ համակարգչին: Ոչ, քանի որ դա սիմուլյացիա է: Սա է տարբերությունը իրականի և սիմուլյացիայի միջև: Սիմուլյացիան չունի նույն պատճառահետևանքային ուժը, ինչ իրականը:

Քանի դեռ չի ստեղծվել մարդու ուղեղի նմանությամբ մեքենա` օգտագործելով, օրինակ, նեյրոմորֆիկ ճարտարագիտություն և, հնարավոր է, քվանտային համակարգիչներ, մարդկային մակարդակում գիտակցության հասնելը անհասանելի կլինի։ Կառուցելով դրանք ընթացիկ ձևով, որտեղ մեկ տրանզիստորը փոխազդում է երկու կամ երեք այլ տրանզիստորների հետ, ինչը հիմնովին տարբերվում է մարդու ուղեղի փոխազդեցությունից, մենք երբեք չենք հասնի գիտակցության մակարդակի։ Այսպիսով, կարող եմ վստահորեն ասել, որ չնայած մեծ լեզվական մոդելները շատ շուտով կկարողանան անել այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, և գուցե ավելի արագ և լավ, քան մենք, նրանք երբեք գիտակցություն չեն ունենա: 

Այսպիսով, այս տեսանկյունից, մեծ լեզվական մոդել լինելը նման չէ «ինչ-որ չափով զգալ ունակ լինելու», մինչդեռ, օրինակ, մուկ կամ մողես լինելը նման է:

Ճիշտ է։ Մուկ ունակ է ինչ-որ բան գիտակցելու։ Մեծ լեզվական մոդել լինելը՝ ոչ, չնայած մեծ լեզվական մոդելը տեխնիկական իմաստով շատ ավելի խելացի է, քան մուկը:

Այնուամենայնիվ, մի փոքր հեգնական է, մեծ լեզվական մոդելները կարող են ասել՝ «բարև, ես գիտակցություն ունեմ», իսկ մուկը՝ ոչ:

Ահա թե ինչու է այն այդքան գրավիչ.  դրանք կարող են խոսել մեզ հետ և բավականին գեղեցիկ արտահայտվել: Բայց դրանք հսկայական «վամպիրներ» են, որոնք կլանում են մարդկային ստեղծագործական ողջ պաշարը, վերբեռնում դրանք իրեց ցանց, և այնուհետև նորից դեն նետում: Ներսում ոչ ոք չկա: Մեծ լեզվական մոդել լինելը ոչինչ չի զգում կամ գիտակցում։

Բնօրինակի հեղինակ՝ Dan Falk, Nautilus


Թարգմանիչ՝ Սիլվա Սահակյան (Silva Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: