Վերլուծական ֆորում Կրթություն Կյանքի նպատա՞կ ես փնտրում. դարձի՛ր կամավոր

Կյանքի նպատա՞կ ես փնտրում. դարձի՛ր կամավոր

Կյանքի նպատա՞կ ես փնտրում. դարձի՛ր կամավոր

Շատ երիտասարդ մասնագետներ իրենց մասնագիտական գործունեությունից դուրս ևս կյանքի նպատակ և իմաստ են որոնում։ Այդ պատճառով կամավորությունը նրանց համար դարձել է հասարակությանը նպաստելու, համայնքին ծառայելու և սեփական արժեքներն ու առաքելությունն իրագործելու կարևոր միջոց։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 29–44 տարեկան յուրաքանչյուր երեքից մոտ մեկը կանոնավոր կերպով զբաղվում է կամավորությամբ։Չնայած ուրիշներին օգնելու ցանկությունը մեծ է, առաջին քայլերը կարող են ծանր ու շփոթեցնող թվալ։ Կարևոր է կենտրոնանալ այն ոլորտների վրա, որտեղ հնարավոր է իրական, անձնական ներդրում ունենալ, այլ ոչ թե հուսաթափվել համաշխարհային մարտահրավերների մասշտաբից։ Փոքր քայլերը՝ լինի  տեղական նախաձեռնություններին աջակցելը, թե մասնագիտական հմտությունները որևէ հասարակական նպատակի ծառայեցնելը, կարող են հանգեցնել նշանակալի ներդրման։ Կամավորությունը ոչ միայն օգուտ է բերում հասարակությանը, այլև կարող է բերել ներքին բավարարվածություն՝ բարելավելով հոգեկան բարեկեցությունը և ոգեշնչելով մարդկանց ընտրել այնպիսի կարիերա, որը հիմնված է արժեքների ու նպատակային գործունեության վրա։։

29 տարեկան Նիկ Լոմանտոն վարում էր զբաղված կյանք։ Նա կարիերայում առաջ էր գնում ֆինանսական ծառայություններ մատուցող Vanguard ընկերությունում՝ ղեկավարելով ներդրումային վերլուծաբանների թիմը: Տանը նա և իր կինը նոր էին հարմարվել իրենց ամուսնական կյանքին և արդեն սկսել էին մտածել ընտանիքը ընդլայնելու մասին։ «Ահա ես՝ ֆինանսական մասնագետս, օժտված բոլոր այն տաղանդներով, որոնց մասին մարդ կարող է երբևէ երազել», — պատմում է Նիկը։ Բայց չնայած իր ստեղծած ամեն ինչին, Լոմանտոն չէր կարողանում ձերբազատվել այն զգացումից, որ իր կյանքում ինչ-որ բան պակասում էր։

Այդ անհանգստացնող զգացումը ստիպեց նրան ավելի խորը հարցեր տալ ինքն իրեն. «Ինչպե՞ս եմ ես աջակցում իմ համայնքին: Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ ազդեցություն ունենալ»: Մոտավորապես այդ ժամանակ իր հրշեջ ընկերը հարցրեց, թե արդյոք նա մտածել է տեղի հրշեջային ծառայությունում որպես կամավոր աշխատելու մասին: Այդ միտքը նրան դուր եկավ։

Այժմ՝ ութ տարի անց, Լոմանտոն շաբաթական երեքից տասը ժամ է անցկացնում  Ludwigs Corner Fire Company-ում՝ կատարելով վարժանքներ և արձագանքելով արտակարգ իրավիճակների կանչերի: Նա անցել է 196 ժամ առկա ուսուցում հատուկ վկայական ստանալու համար։ Կամավոր հրշեջ լինելը նրան հնարավորություն է տալիս օգնել իր համայնքին և լավ օրինակ ծառայել իր երկու փոքր երեխաների համար։ Լոմանտոն ասել է, որ հրշեջ լինելու համայնքային ծառայության կողմը իրեն ավելի մեծ բավարարվածություն է պատճառում, քան իր ներկայիս աշխատանքը որպես Vanguard-ի՝ բարձր եկամտի խորհրդատվության ղեկավար։ «Դա իմ կյանքին ավելի խորը իմաստ է տալիս», — ասում է նա:

Մինչդեռ հրդեհի դեմ պայքարելու ֆիզիկական, հոգեբանական, և էմոցիոնալ մարտահրավերները ոչ բոլորի համար են, Լոմանտոն բազմաթիվ երիտասարդ մասնագետներից մեկն է, ով իր կարիերայից զատ ձգտում է բավարարվածության զգացում ստանալ կամավորության միջոցով։ Միայն Միացյալ Նահանգներում 25-44 տարեկան անձանց մոտ մեկ երրորդը զբաղվում է կամավորությամբ պաշտոնական կազմակերպություններում՝ բարեգործական հիմնադրամներում, դպրոցներում կամ կրոնական համայնքներում։ Մինչդեռ կեսից ավելին ներգրավված է ոչ պաշտոնական կամավորության մեջ՝, օրինակ, օգնելով հարևաններին, աջակցելով ընկերներին կամ անվճար աջակցություն ցուցաբերելով իրենց համայնքներին։

Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի կառավարման դպրոցի MBA-ի* ուսանողներս ասում են, որ կամավորական աշխատանքը թույլ է տալիս իրականացնել «հասարակությանն օգուտ տալու» նրանց ցանկությունը։ Մյուսները փնտրում են կամավորական աշխատանք որպես անձնական նպատակ գտնելու միջոց, հատկապես կարիերայի սկզբում: Աշխատանքի վայրում առաջին մի քանի տարիները երբեմն կարող է թվալ, թե «անում ես այն, ինչ քեզ ասվում է», այլ ոչ թե «այն, ինչ տարբերություն է ստեղծում»: Կամավորությունը կարող է օգնել մարդկանց այդ բացը լրացնել՝ իրենց կյանքը լցնելով իմաստով և դրական էմոցիաններով՝ չհաշված ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավման առավելությունները։

Եթե ​​դուք էլ եք զգում, որ ցանկանում եք ձեր հիմնական աշխատանքից դուրս  հանրօգուտ փոփոխություններ բերել մեկ այլ ոլորտում, ահա երեք պարզ եղանակ, թե ինչպես կարելի է օգտագործել կամավորության ուժը՝ հիմնված իմ ուսանողների և իրենց կյանքում ավելի մեծ նպատակներ որոնող այլ երիտասարդ մասնագետների խորհուրդների վրա։

Մի՛ հանձնվիր՝ դեռ չսկսած

Մեր աշխարհում առկա խնդիրների ահռելիությունը կարող է հեշտությամբ հանգեցնել հուսահատության։ Չնայած «հասարակությանն օգուտ տալու» ցանկությանը՝ հաճախ հարց է ծագում, թե արդյոք մեկ անձը կարող է իսկապես ինչ-որ մի բան փոխել։ Ես սա տեսել եմ ինչպես իմ ուսանողների, այնպես էլ իրենց կարիերայի ուշ փուլերում գտնվող մարդկանց մոտ։

Եթե ​​այս զգացողությունը ձեզ ծանոթ է, մի՛ հուսահատվեք։ Հիշեցրե՛ք ինքդներդ ձեզ, որ յուրաքանչյուր նշանակալից փոփոխություն սկսվում է մեկ անձից։ Մեկ մարդը գուցե չունենա յուրաքանչյուր խնդիր լուծելու, յուրաքանչյուր գործի առաջամարտիկը դառնալու կամ յուրաքանչյուրի կյանք փրկելու ուժ։ Բայց երբ շատ մարդիկ են միաժամանակ քայլեր ձեռնարկում, նրանք կարող են արագ դառնալ վճռորոշ ուժ և հասնել մեծ բարձունքների։

Օգտակար է դիտարկել «circle of influence»-ի (թարգ․՝ «ազդեցության շրջանակ») և «circle of concern»-ի (թարգ․՝ «մտահոգության շրջանակ») հասկացությունները: Պրոֆեսոր և գրող Սթիվեն Քովիի կողմից տարածված գաղափարը նախատեսված էր մարդկանց օգնելու կենտրոնացնել իրենց ջանքերը այնտեղ, որտեղ նրանք կարող են ազդեցություն ունենալ: Գաղափարն այն է, որ մեզանից շատերը կարող են խորապես մտահոգված լինել մեծ մասշտաբի խնդիրներով՝ աղքատություն, կլիմայի փոփոխություն, գենդերային խտրականություն և այլ անհավասարություններ, բայց սրանցից շատերը  գտնվում են մեր անմիջական վերահսկողությունից դուրս. դրանք ապրում են մեր մտահոգության շրջանակում:

Մյուս կողմից, այն, ինչը մենք կարող ենք վերահսկել, գտնվում է մեր «ազդեցության շրջանակում»։ Դրանք մեր կյանքի այն ոլորտներն են, որտեղ մեր գործողությունները, ընտրությունները և ներգրավվածությունը կարող են անմիջական ազդեցություն ունենալ։ Կամավորության համատեքստում, եթե բավարար թվով մարդիկ կենտրոնացնեն իրենց ուժերը այս ոլորտների վրա, օրինակ՝ իրենց համայնքներում կամ փոքրածավալ նախաձեռնությունների միջոցով, նրանք կարող են համատեղ դրական փոփոխություններ անել։

Կարելի է օրինակ բերել Պատրիկ Լիին՝ իմ նախկին ուսանողներից մեկին, որը գտավ փոփոխություններ անելու իր ազդեցության շրջանակը: Լին ունեցել է առողջապահության հանդեպ մեծ կիրք և միշտ համարել է, որ «առողջությունը մարդու իրավունք է»: Նա նաև գիտակցում է, որ ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի անհավասարությունը չափազանց մեծ մարտահրավեր է մեկ մարդու համար: Այսպիսով, նա սկսեց փոքրից:

Կալիֆորնիայի համալսարանի՝ Սան Ֆրանցիսկոյի բժշկական դպրոցում սովորելու տարիներին Լին հանդիպեց Ջիմ Յոն Կիմին, որ «Partners in Health» կազմակերպության համահիմնադիրն էր, մի կազմակերպության, որը զբաղվում է Հայիթիի, ամբողջ Աֆրիկայի և ցածր եկամուտ ունեցող այլ շրջանների առողջապահության, մարդու իրավունքների և սոցիալական հավասարության պաշտպանությամբ: Այս կապի միջոցով Լին սկսեց զբաղվել բարեգործությամբ: Նա երեք տարի անցկացրել է մի կողմից Բոստոնի հիվանդանոցում որպես բժիշկ աշխատելով և մյուս կողմից Ռուանդայի գյուղերում «Partners in Health»-ի հետ համագործակցելով։

Փոքր, թիրախային նախաձեռնությունը ի վերջո վերածվեց առաջնորդական դերի՝ ավելի լայնածավալ փոփոխություններ առաջ բերելու հնարավորություն ստեղծելով: Ի վերջո,  կամավորական աշխատանքը ազդեց նրա կարիերայի ընտրության վրա՝ խթանելու առողջապահության հավասարությունը: Լին այժմ աշխատում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում գտնվող «Central Health» ընկերությունում որպես նախագահ և գործադիր տնօրեն՝ բարելավելով առողջապահության հասանելիությունը մոտ 10% աղքատության մակարդակ ունեցող բնակչությանը այդ տարածքում:

Սկսի՛ր փոքրից, սկսի՛ր հենց հիմա

Ընդունելով, որ այո՛, մեկ մարդը կարող է ազդեցություն ունենալ, ինչպե՞ս եք որոշելու, թե որտեղից սկսել։ Շատ երիտասարդներ բախվում են նմանատիպ դիլեմայի։ Նրանք ցանկանում են կամավորական աշխատանք կատարել իմաստալից ձևով, բայց չգիտեն, թե որտեղից կամ երբ սկսել։

Շատերը կարծում են, որ իրենց ամենամեծ ներդրումը կունենան մասնագիտական ​​հաջողության հասնելուց հետո, երբ ունենան ավելի շատ փող, ավելի շատ նվաճումներ կամ ավելի մեծ ազդեցություն։ Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ։ Եթե նրանք սպասեն գործելու համար ճիշտ ժամանակին, կարող են հավերժ սպասել։

Ահա թե ինչու ես խորհուրդ եմ տալիս սկսել հիմա, հենց այնտեղից, որտեղ գտնվում եք։ Ձեր սեփական շրջապատում, համայնքում կամ նույնիսկ թաղամասում, հավանաբար, կան մարդիկ, նախագծեր և կազմակերպություններ, որոնք փորձում են դրական փոփոխություններ անել՝ լինի դա կարիքավորներին աջակցելը, որևէ գործի պաշտպանությունը, թե տեղական համայնքի ամրապնդումը։

Ձեր ներգրավվածությունը նպատակային դարձնելու համար պետք է որոշեք, թե ինչն է կարևոր ձեզ համար: Ժամանա՛կ հատկացրեք ինքնավերլուծության և պարզաբանումներ ստանալու համար՝ առանձնացնելու  ձեր արժեքներին համապատասխանող այն գործերը կամ ​​խնդիրները, որոնց լուծմանը ձգտում եք նպաստել: Ապա կարող եք գտնել իմաստալից եղանակներ ներդրում ունենալու համար: Օգտագործե՛ք այս հարցերը որպես ուղեցույց:

Տեղական ի՞նչ խնդիրների կամ գործերի հետ եմ  կապ զգում և ինչո՞ւ։

Հնարավոր է՝ դուք անձամբ տուժել եք սոցիալական որևէ խնդրից և այժմ պարտականություն եք զգում նպաստելու տվյալ խնդրի լուծմանը։ Կամ գուցե կան մարդկանց որոշակի խմբեր, ինչպիսիք են երեխաները, տարեցները կամ անապահով համայնքները, որոնք հատկապես գրավում են ձեր ուշադրությունը։ Ինքնավերլուծությունը կարող է օգնել ավելի խորը հասկանալ ձեր հետաքրքրությունների կամ խանդավառության հիմքում ընկած «ինչու»-ն։

Ո՞ր տեղական կազմակերպություններն են համապատասխանում այն ​​հետաքրքրությունների, նպատակների կամ համայնքների շրջանակին, որոնց ես ցանկանում եմ աջակցել, և ինչպե՞ս կարող եմ ավելին իմանալ նրանց կամավորական կարիքների մասին։

Ուսումնասիրե՛ք տեղական ոչ առևտրային կազմակերպությունների կայքերը, սոցիալական ցանցերի էջերը կամ համայնքային խորհուրդները: Մասնակցե՛ք այն կազմակերպությունների տեղեկատվական հանդիպումներին, որոնք գրավում են ձեզ, կամ անմիջապես կապվեք նրանց հետ՝ իմանալու նրանց կամավորների կարիքների մասին։ Սա կօգնի ձեզ ծանոթանալ կամավորության տարբեր տեսակներին՝ սկսած գործնական աջակցությունից մինչև պաշտպանություն կամ դրամահավաք: Օգտակար կլինի նաև կիվսել ձեր յուրօրինակ հմտություններով այն վայրում, որը ձեզ հետաքրքիր է։ Անկախ նրանից` դա խնդիրների լուծում է, հաղորդակցություն, առաջնորդություն, թե տեխնիկական փորձագիտություն, անձնական և մասնագիտական ​​​​փորձի միջոցով ձեռք բերված հմտությունները, ի վերջո, կարող են բավարարել ցանկացած կարիք, հատկապես, եթե ռեսուրսները սակավ են տվյալ վայրում։

Ի՞նչ կամավորական աշխատանքների են մասնակցում իմ ընկերները կամ գործընկերները։

Եթե ​​դժվարանում եք գտնել համապատասխան հնարավորություններ, բայց դեռ ցանկանում եք ներգրավվել, մտածե’ք ձեր շրջապատի մասին: Գուցե ձեր ընկերներն ու գործընկերները մասնակցում կամավորական աշխատանքների, որոնց կարող եք միանալ՝ անմիջական փորձ ձեռք բերելու և տեսնելու, թե ինչն է ձեզ առավել համապատասխան:

Խնայի՛ր տեղ ոգեշնչման համար

Ժամանակի ընթացքում, ինչպես Լիի և իմ իմացած շատ ուրիշ մարդկանց դեպքում  կամավորական փորձառությունը կարող է սկսել ազդել կարիերայի ընտրության վրա։ Կամավորությունը տալիս է ազատություն` ուսումնասիրելու նոր հետաքրքրություններ և կրքեր աշխատանքից դուրս։ Դա կարող է օգնել բացահայտել (կամ վերագտնել) այն, ինչը իսկապես բավարարվածության զգացում է տալիս։ Արժեքների ընդլայնմանը զուգահեռ դուք նույնիսկ կարող եք գտնել ինչ-որ մի բան, որին արժե մասնագիտորեն նվիրվել՝ գտնելով կարիերա, որը համապատասխանում է ձեր կյանքի նպատակին։

Որպես վերջին օրինակ կկիսվեմ Սահար Ջամալի պատմությամբ։ Նախքան իմ ուսանող դառնալը Ջամալը ավագ մենեջեր էր «Johnson & Johnson» ընկերությունում, որտեղ  նաև ներգրավված էր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերում։ ԿՍՊ գործունեության միջոցով նա հետաքրքրվեց համաշխարհային առողջապահական խնդիրներով, մասնավորապես՝ այն հարցերով, որոնք առնչվում են կանանց և երեխաներին։ Այդ փորձը փոխեց նրա ողջ կարիերայի ընթացքը։

Ջամալը թողեց աշխատանքը Քելլոգում MBA ստանալու համար և պրակտիկա անցավ «Jacaranda Health»-ում՝ Արևելյան Աֆրիկայում: Նա իմացավ, որ շատ կանայք դժվարանում են կրծքով կերակրել իրենց երեխաներին՝ միաժամանակ աշխատելով իրենց ընտանիքները պահելու համար: Սա նրան ոգեշնչեց Քենիայում հիմնադրել Maziwa (սուահիլի լեզվով՝ «կաթ») սոցիալական ձեռնարկությունը, որը կանանց տրամադրում է կրծքի աննկատ, դյուրակիր և մատչելի պոմպ: «Ես ուզում էի համոզվել, որ անմիջականորեն փոփոխություն եմ մտցնում կանանց կյանքում», — ասաց նա ինձ:

Անկախ նրանից, թե ինչպես կամ որտեղ կզբաղվեք կամավորությամբ, դուք կարող ես գտնել կյանքի ավելի խորը իմաստ և միաժամանակ զգալի ներդրում ունենալ։ Սեփական արժեքների և գործերի մասին խորհելով, կարող է բացահայտել հնարավորություններ, որոնք ձեզ կբերեն և՛ բավարարվածություն, և՛ ուրախություն։ Ի վերջո, կամավորությունը ոչ միայն հարստացնում է ձեր կյանքը, այլև դրական ազդեցություն է թողնում, որը տարածվում է ձեր անձնական փորձից շատ ավելի հեռու։

Հարրի Քրեմերը մենեջմենթի և կազմակերպչական զարգացման դասախոս է Հյուսիսարևմտյան համալսարանին կից գործող Մենեջմենթի՝ Ջ․ Լ․ Քելլոգի անվան դպրոցում, ինչպես և Baxter առողջակապահական կազմակերպության նախկին գործադիր տնօրենը։ Քրեմերը նաև «Becoming the Best», «From Values ​​to Action» և վերջերս հրատարակված «Yours 168» բեսթսելլերների հեղինակն է։

Ծանոթագրություններ

*(թարգմանչի կողմից) MBA ” Master of Business Administration (թարգմ.՝  բիզնեսի կառավարման մագիստրոս)։

Բնօրինակի հեղինակ՝ Harvard Business Review


Թարգմանիչ՝ Գոհար Մարգարյան (Gohar Margaryan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։