Վերլուծական ֆորում Հասարակություն  Ինչո՞ւ են մարդիկ ընդդիմանում  թոշակի անցնելուն

 Ինչո՞ւ են մարդիկ ընդդիմանում  թոշակի անցնելուն

 

 Ինչո՞ւ են մարդիկ ընդդիմանում  թոշակի անցնելուն

2024 թվականի նախագահական մրցապայքարից նախագահ Ջո Բայդենի դուրս մնալու արդյունքում հանրապետական ​​թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այժմ ամենատարեց մարդն է, որ երբևէ առաջադրվել է ԱՄՆ-ի խոշոր քաղաքական որևէ կուսակցության կողմից: Նախագահական այս մրցապայքարի հսկայական բարդությունները մի կողմ թողած՝ այդ հանգամանքը համազգային քննարկումների  տեղիք է տվել՝ տարիքի, առաջնորդության և  ինքնության համար աշխատանքի նշանակության վերաբերյալ։ 

Հաշվի առնելով, որ ամերիկացիների մեծամասնությունը թոշակի է անցնում մինչև 64 տարեկանը, ոմանք գուցե զարմանան, թե ինչու վերոնշյալ անձինք կամ, թերևս, բիզնես ոլորտի տարեց առաջնորդներից ցանկացածը վաղուց թոշակի չեն անցել: ԱՄՆ-ի բիզնես ոլորտի մասնագետների շրջանում թոշակի անցնելու վերաբերյալ վերջերս ավարտված տասնամյա ուսումնասիրության ընթացքում HBR-ի հետազոտական ​​թիմը պարզեց, թե ինչ է պահանջվում  նման  դժվար որոշում կայացնելու համար, և ինչու են շատերը պայքարում դրա դեմ:

Պարզվեց, որ թոշակի անցնելու վերաբերյալ որոշում կայացնելը նշանակում է երեք տեսակի հոգեբանական խնդիրների դեմ պայքարել: Նախ՝ կարող են ծագել ինքնության հետ առնչվող խնդիրներ իր աշխատանքին խորապես նվիրված յուրաքանչյուր  մասնագետի մոտ: Կարիերայից նույնիսկ մի փոքր հետ քայլ անելը կարող է ստիպել մարդուն մտածել այն մասին, թե ով է ինքը՝ առանց աշխատանքի: Հարցազրույցի մասնակիցներից մեկն արտահայտեց իր անհանգստությունն առ այն, որ աշխատանքային շաբաթը ընդամենը մեկ օրով կրճատվելու հանգամանքն իր ինքնությանը վնաս է հասցրել։ «Հիմա կարծես… ես ընդամենը չորս հինգերորդով եմ ծրագրային ապահովման ինժեներ։ Արդյո՞ք ուրեմն՝ սա փոխում է իմ ինքնությունը»: Հետազոտության շատ մասնակիցներ հաջողությամբ հաղթահարեցին այս մարտահրավերը «ինքնության կամրջման»* միջոցով՝ մասնագիտական ինքնության էական տարրերը պահպանելու ձև գտնելով՝ թոշակի անցնելուց հետո, ինչպես, օրինակ, մի ընկերության ղեկավար, որը ղեկավար պաշտոն է ստանձնել  իր կրոնական համայնքում՝ թոշակի անցնելուց հետո: 

Երկրորդ՝ շատ տարեց մասնագետներ չեն ցանկանում հրաժարվել  իրենց բովանդակալից աշխատանքից, որի  յուրաքանչյուր օրը  նպատակային  է անցնում՝ թույլ տալով ներդրում ունենալ ինչ-որ նշանակալի  բանում և առաջընթաց ապահովել՝  կարևոր նպատակներին հասնելու ճանապարհին, հատկապես, եթե նրանք չունեն հստակ պատկերացում, թե ինչ է սպասվում հաջորդիվ։ Մեր զրուցակիցներից մի քանիսն օգտագործել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «նետվել դատարկության խորխորատ» կամ «թռիչք դեպի անդունդ»: Մեկը, ով տարիներ շարունակ պայքարել էր իր որոշման դեմ, ասաց. «Դե, ես միշտ մտածում էի․ «իսկ հետո՞, հետո ի՞նչ, հետո ի՞նչ»։ Եվ ես զգում եմ, որ «հետո ի՞նչ»-ը, ի վերջո, աշխատանքին չի վերաբերում։ Բայց ես այդքան էլ լավ չգիտեմ, թե ինչ է «հետո ի՞նչ»-ը: Մարդիկ, ովքեր ավելի հեշտ են որոշում կայացրել, առնվազն կարողացել էին  թոշակի անցնելուց հետո իրենց ժամանակն անցկացնելու առավել գրավիչ ձևեր  պատկերացնել: 

Երրորդ հոգեբանական մեծ խնդիրը երկար ու հաջող կարիերայի ընթացքում հաստատված ամուր հարաբերությունները կորցնելու վախն է։ Նման հարաբերությունները հաճախ հիմնված են լինում այն արբեցնող զգացման վրա, երբ հարյուրավոր, հազարավոր, նույնիսկ միլիոնավոր մարդիկ քո կարիքն են զգում, ու դու վայելում ես նրանց հարգանքը: Տեխնոլոգիական ընկերության մի ավագ մենեջեր, որ, որոշելով թոշակի անցնել,  հրաժարվել էր պաշտոնի հավանական բարձրացումից ու բիզնես միավորի ղեկավար դառնալուց,  այդ անցումային ժամանակահատվածի ցնցումը հետևյալ կերպ նկարագրեց. «Ուշադրության կենտրոնում, շատերի համար ամեն ինչ և մի փոքր էլ լսարանին զվարճացնողը լինելուց հետո ես դարձա անտեսանելի․ դա մեծ ցատկ է»: 

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, վերջիվերջո, թոշակի կարելի է անցնել՝ հիմնվելով հավասարակշռության, գիտակցվածության, կամքի և հարմարունակության  վրա (այն, ինչն անվանում ենք «4 A-եր՝ alignment, awareness, agency, adaptability համապատասխանաբար»): Մարդը պետք է գնահատի և ձգտի հավասարակշռության՝  իր սեփական «ես»-ի՝ այն ամենի, ինչ կարևոր է իր համար, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում իր ուժեղ և թույլ կողմերի, և «կյանքի  դրվածք»-ի իրականության միջև, որն ընդգրկում է ամեն ինչ, ներառյալ աշխատաշուկայի պահանջները։ Հավասարակշռությունը գնահատելու համար՝ անհրաժեշտ է ունենալ գիտակցվածություն, հստակ պատկերացում ինչպես այդ «ես»-ի, այնպես էլ «կյանքի դրվածք»-ի մասին: Անհավասարակշռություն հայտնաբերելու պարագայում պետք է կամք գործադրել,  ժամանակին կատարելով անհրաժեշտ փոփոխությունները, ներառյալ կարիերայի հավանական ավարտը։ Վերջապես, մարդը պետք է զարգացնի  իր հարմարունակությունն  այն իրադարձությունների հանդեպ, որոնք դուրս են իր վերահսկողությունից, ինչպիսիք են տկարացնող պատահարի ենթարկվելը կամ աշխատանքից ազատվելը՝ նախքան կամավոր կերպով թոշակի անցնելը: 

Չկա թոշակի անցնելու «ճիշտ տարիք»։ Գիտական ​​հետազոտությունները հսկայական փոփոխականություն են հայտնաբերել ինչպես ֆիզիկական տոկունության կորստի, այնպես էլ ճանաչողական գործընթացների՝ ծերացմամբ պայմանավորված անկման մեջ: Որոշ առաջնորդներ, ինչպես օրինակ  Թենեսիի կանանց բասկետբոլի հայտնի մարզիչ Փեթ Սամմիթը, գիտակցում են, որ պետք է թոշակի անցնեն համեմատաբար երիտասարդ տարիքում՝ ճանաչողական գործընթացների անկման պատճառով: Մյուսները, ինչպիսիք են Ուորեն Բաֆեթը, նախկին նախագահ Ջիմի Քարթերը և թագուհի Եղիսաբեթ II-ը, կարողացել են բավականին արդյունավետ պաշտոնավարել մինչև 80 տարեկանը և նույնիսկ դրանից հետո։ 

Առաջնորդները, որոնք առավել հստակ են գիտակցում, թե ովքեր են իրենք իրականում, և ինչ է, իրապես, իրենցից պահանջվում իրենց աշխատանքի շրջանակներում՝ ցանկացած պահի, շատ ավելի լավ են պատրաստված ժամանակին թոշակի անցնելու հետ կապված հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու մարտահրավերին։ Նույնը վերաբերում է բոլորիս: 

Թերեզա Մ. Ամաբիլեն Էդսել Բրայանտ Ֆորդի անվան պրոֆեսոր է Հարվարդի բիզնես դպրոցում: Ամաբիլեն հոգեբան է, որ ուսումնասիրում է ստեղծագործականությունը, մոտիվացիան և առօրյա աշխատանքային կյանքը․ նա «The Progress Principle» և առաջիկայում սպասվող «Retiring: Creating a Life That Works for You» աշխատությունների համահեղինակն է։ 

Ծանոթագրություն

* (թարգմանչի կողմից) Վերոնշյալ ուսումնասիրության հեղինակները ինքնության կամրջումը բացատրում են որպես մեթոդ, երբ անձը փորձում է թոշակի անցնելուց հետո իր մասնագիտական կյանքում ձեռք բերված որակները, հմտությունները, աշխատանքի այլ կողմերը կամ տարրերը ներդնել անձնական կյանքի այլ բնագավառներում և համապատասխանաբար գտնել նոր զբաղմունքներ։

Բնօրինակի հեղինակ՝ Teresa M. Amabile, Harvard Business Review


Թարգմանիչ՝ Սյուզաննա Մելքոնյան (Syuzanna Melkonyan), խմբագիր՝ Ստելլա Լոռեցյան (Stella Loretsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։