5 փաստ ապագայի կրթության մասին
Թվային տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ուսուցման անհատականացում՝ ամեն ինչ աշակերտների հետ աշխատելու ժամանակակից մեթոդների մասին։
Վերջին կես դարում ուսուցման համակարգը խորը ձևափոխության է ենթարկվում: Կրթության ոլորտի նորագույն մոտեցումները զգալիորեն փոխում են դպրոցների և բուհերի սովորական պատկերը: Հինգ նյութերից ամփոփված այս ծաղկաքաղը կօգնի հասկանալ կրթության ոլորտի տենդենցները և պատրաստվել վաղվա մարտահրավերներին:
Առցանց ուսուցումը միայն կորոնավիրուսի ժամանակաշրջանի համար չէր
COVID-19-ի համավարակը դարձավ ուսուցման թվային հեղափոխության շարժիչ ուժը, բայց հիմա այն ավելի մասշտաբային բնույթ է ստացել: Կրթական գլխավոր թվային հարթակները օգտագործում են նեյրոցանցեր և ինտերակտիվ մեխանիզմներ ուսուցման անհատականացված փորձառություն ստեղծելու համար: Դպրոցները նյութը ամրապնդելու համար նախընտրում են այն հարթակները, որոնք հագեցված են գործնական նյութերով և ապահովում են աշակերտի ու ուսուցչի միջև վայրկյանական հետադարձ կապ:
«Ուսուցման գործընթացում մենք առաջին հերթին հենվում ենք ինտերակտիվ հարթակների վրա: Ծրագրավորում և տվյալների վերլուծություն ուսումնասիրող մարդկանց համար այս հարթակը հնարավորություն է տալիս տեսականից արագ անցում կատարել գործնականին, իսկ հետադարձ կապը ուսուցումը դարձնում է ավելի արդյունավետ»:
Ըստ հետազոտությունների՝ 148 միլիոնից ավել ուսանողներ գրանցված են միայն Coursera-ում՝ ամենամեծ MOOC-հարթակներից* մեկում: Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է ավանդական մեթոդներով սովորողների թիվը։ Բացի այդ՝ տեխնոլոգիաները ոչ միայն մեծացնում են ուսուցման աշխարհագրական ընդգրկումը, այլև արմատապես փոխում են ուսումնական ծրագրերի բովանդակությունը: Ժամանակակից ուսանողները պետք է սովորեն աշխատել արհեստական բանականության հետ, որը հանձն է առնում տվյալների մշակման մեծ մասը՝ թույլ տալով կենտրոնանալ ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացման վրա:
Այժմ թափ է հավաքում կրթական ծրագրերի, այսպես կոչված, մոդուլայնությունը: Չորս տարվա միատարր կուրսերի փոխարեն ուսանողները հնարավորություն են ստանում անհատական ուսումնական պլան ստեղծել կարճ մասնագիտացված մոդուլներից, որոնք կոնկրետ կարիերային նպատակների համար են հարմարեցված:
Ավելին կարող եք կարդալ այստեղ։
Կրթությունը վերափոխման եզրին է
Ապագայի կրթությունը կդառնա ոչ միայն գիտելիքների, այլև աշխարհայացքի ձևավորման տարածություն․ սա ամենակարևոր բանն է, որը պետք է իմանալ վաղվա դպրոցների մասին։ Ժամանակակից մանկավարժությունը բախվում է աշակերտներին այնպիսի մասնագիտությունների պատրաստելու անհրաժեշտության հետ, որոնք դեռ գոյություն չունեն՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, որոնք դեռ պետք է ստեղծել:
«Այսօրվա մանկավարժությունը ոչ թե ուղղակի դասավանդման մասին գիտություն է, այլև գործունակության, երևակայություն և ապագայի հանդեպ հավաքական պատասխանատվության ձևավորման տարածք»:
Այսպիսի ուսուցման կենտրոնական գաղափարն այն է, որ մանկավարժությունը դառնում է գործակալության (գործելու ունակության) զարգացման և ապագայի հանդեպ հավաքական պատասխանատվության ձևավորման գործիք: Ընդ որում, գործակալության զարգացումը կպահանջի ուսուցչի դերի արմատական վերանայում․ գիտելիքներ փոխանցողից նա վերածվում է ուսուցումը խթանողի, որ օգնում է աշակերտներին զարգացնել երևակայությունը, դնել նպատակներ և հարմարվել անորոշությանը:
Ապագայի դպրոցներում հատուկ ուշադրություն են դարձնում 21-րդ դարի հմտությունների զարգացմանը՝ քննադատական մտածողության, ստեղծագործարարության, հաղորդակցման և համագործակցության՝ հայտնի որպես «4K» (критическое мышление, креативность, коммуникация, кооперация): Այս կարողությունների ամբողջությունը հնարավորություն է տալիս հաջողությամբ հարմարվել աշխարհում, որտեղ մարդիկ իրենց կյանքի ընթացքում միջինում փոխում են մասնագիտությունը երեքից յոթ անգամ:
Ավելին կարող եք կարդալ այստեղ։
Թվային կրթության տվյալները պետք է պաշտպանել
Կրթության թվային փոխակերպումը ստեղծում է և՛ նոր հնարավորություններ, և՛ նոր մարտահրավերներ։ Կրթական տվյալները կիրառվում են ուսուցման անհատականացման համար, սակայն միաժամանակ պահանջում են լուրջ մոտեցում անվտանգության և գաղտնիության հարցերում։
«Կրթությունը դառնում է թվային․ դպրոցները անցնում են էլեկտրոնային օրագրերի, իսկ համալսարանները սեփական կրթական հարթակներն են մշակում: Սակայն տվյալների պահպանումն ու մշակումը կարևոր խնդիր է, որը պահանջում է մասնագիտական լուծում»:
Ժամանակակից կրթական հարթակները հավաքում են տվյալների հսկայական զանգվածներ՝ թեստերի արդյունքներից մինչև առաջադրանքների կատարման վրա ծախսված ժամանակ, սխալների հաճախականությունից մինչև տեղեկություն ստանալու նախընտրելի ձևեր։ Այս տվյալների վերլուծությունը թույլ է տալիս ստեղծել անհատականացված կրթական փորձառություն՝ հարմարեցված յուրաքանչյուր աշակերտի ուսուցման տեմպին և ոճին։
Կրթության մեջ արհեստական բանականությունը անհրաժեշտ է ուսուցիչների առօրյա, կրկնվող խնդիրների տնային աշխատանքների ստուգման, առաջադիմության վերաբերյալ հաշվետվություններ կազմելու, լրացուցիչ աջակցության կարիք ունեցող սովորողներին բացահայտելու համար։ Սա ազատում է մանկավարժների ժամանակը ավելի կարևոր գործերի՝ մենթորության և ստեղծագործական առաջադրանքների մշակման համար։
Թվային կրթության առավելությունների հետ մեկտեղ պետք չէ մոռանալ նաև օգտատերերի նկատմամբ պարտականությունների մասին՝ անձնական տվյալների վերաբերյալ օրենսդրության պահպանման և կրթական տեղեկատվության պահպանման համար անվտանգ ամպային համակարգերի ստեղծման։
Ավելին կարող եք կարդալ այստեղ։
Մեծահասակներն էլ են սովորում
Մեծահասակների համար նոր հմտություններ սովորելն ավելի դժվար է, բայց եթե նրանք զարգացնեն իրենց նեյրոպլաստիկությունը, հնարավոր է դառնալ և երկար ժամանակ մնալ պահանջված մասնագետ։
«Այժմ կրթության մեջ թրենդը ուղղված է դեպի հմտությունների ուսուցում ու տարբեր իրավիճակներում գիտելիքները կիրառելու ունակություն: Սա բոլորովին այլ ռազմավարություն է և ուսուցման ալգորիթմ»:
Այժմ մեծահասակ սովորողները բախվում են շարունակական վերապատրաստման անհրաժեշտությանը։ Հետազոտությունների տվյալներով՝ արագ տեխնոլոգիական փոփոխությունների պայմաններում մասնագիտական հմտությունները հնանում են յուրաքանչյուր երկուսից հինգ տարին մեկ։ Արդյունքում ձևավորվում է կրթության սկզբունքայնորեն նոր մոտեցում, որը հիմնված է շարունակական կրթության (lifelong learning) հայեցակարգի վրա։
Մեծահասակների ժամանակակից կրթության սկզբունքները ներառում են միկրոուսուցում (կարճ՝ 5–10 րոպեանոց սեսիաներ), գեյմիֆիկացիա՝ մոտիվացիան պահպանելու համար, և մասնագիտական փորձից վերցված իրական դեպքերի վերլուծություն։ Հատկապես արդյունավետ են սիմուլյացիաներն ու նախագծային ուսուցումը, որոնք հնարավորություն են տալիս կիրառել ստացած գիտելիքներն իրականությանը առավել մոտ պայմաններում։
Գեյմիֆիկացիան այժմ ոչ թե նորաձև միտում է, այլ երկարաժամկետ մոտիվացիան պահպանելու համար անհրաժեշտ գործիք։ Խաղի տարրերը՝ միավորներ, վարկանիշներ, ձեռքբերումներ, օգնում են ստեղծել առաջընթացի և հաջողության զգացում, ինչը արդյունավետ է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։
Ավելին կարող եք կարդալ այստեղ։
Նախագծերի ստեղծում՝ անգիր անելու փոխարեն
Նախագծային մոտեցումը նոր մանկավարժական տեխնիկա չէ (նրա արմատները տանում են դեպի XX դարի սկիզբ), սակայն ներկայիս պայմաններում այն ստանում է առանձնահատուկ ակտուալություն։ Նախագծային ուսուցման էությունը իրական նախագծի վրա ամբողջական աշխատանքային ցիկլի մոդելավորումն է՝ գաղափարից մինչև իրագործում։ Ուսանողները սովորում են տեսությունը, իսկ այնուհետև ստեղծում կոնկրետ պրոդուկտներ՝ վեբ կայքեր, մոբայլ հավելվածներ, սոցիալական արշավներ, գիտական հետազոտություններ։ Դիպլոմ ստանալով՝ աշակերտը ոչ միայն գիտելիքներ է ձեռք բերում, այլև յուրացնում է XXI դարի հիմնական հմտությունները՝ ինքնուրույնություն, խնդիրներ սահմանելու և լուծելու ունակություն, թիմում աշխատելու հմտություն։
«Նախագծային ուսուցումը նոր մանկավարժական տեխնիկա չէ, այլ կարևոր լրացում արդեն գոյություն ունեցող ուսուցողական մեթոդներին։ Այն օգնում է զարգացնել ուսուցման հմտությունները ողջ կյանքի ընթացքում»։
Ժամանակակից ռուսական դպրոցները ակտիվորեն ներդնում են նախագծային ուսուցումը։ Ծրագրավորման դպրոցները նախագծային մոտեցում են օգտագործում երեխաներին ՏՏ հմտություններ սովորեցնելու համար, ինչը թույլ է տալիս 15 տարեկանում արդեն ունենալ բավական գիտելիքներ որպես կրտսեր ծրագրավորող աշխատելու համար։ Նմանատիպ ծրագրեր իրականացվում են նաև տեխնիկական համալսարաններում և լրացուցիչ կրթության կենտրոններում։
Նախագծային ուսուցման մեջ ուսուցչի դերը արմատապես փոխվում է, և ինչպես մենք տեսնում ենք նախորդ դրույթներից, դա արդեն կանոն է․ ուսուցիչը դառնում է մենթոր և քոուչ, որն օգնում է աշակերտներին գտնել խնդիրների լուծման իրենց ճանապարհը։ Շղթայում մեկ օղակի փոփոխությունը հանգեցնում է մանկավարժական կադրերի լուրջ վերապատրաստման և գնահատման ամբողջ համակարգի վերանայման։
Ավելին կարող եք կարդալ այստեղ։
*(թարգմանչի կողմից) MOOC ” զանգվածային բաց առցանց դասընթացներ։Ծանոթագրություններ
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։








