Մտորումներ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի «ամերիկյան երազանքի» տեսլականի շուրջ
«Վաշինգտոնյան այդ սաստիկ շոգ և խոնավ օրը ես Լինքոլնի հուշահամալիրում չէի։ Այդ ամենին ես հետևում էի Օհայոյում՝ Քլիվլենդում ընտանիքիս պատկանող իտալական պանդոկից՝ «Muntz» սև ու սպիտակ հեռուստացույցով»:
Հիշում եմ՝ 16 տարեկան էի, երբ 1963 թվականի օգոստոսի 28-ին դիտում էի Վաշինգտոնում գտնվող Լինքոլնի հուշահամալիրից Մարտին Լյութեր Քինգ կրտսերի «Ես երազանք ունեմ» ելույթը: Վաշինգտոնյան այդ սաստիկ շոգ և խոնավ օրը ես Լինքոլնի հուշահամալիրում չէի: Այդ ամենին ես հետևում էի Օհայոյում՝ Քլիվլենդում ընտանիքիս պատկանող իտալական պանդոկից՝ «Muntz» սև ու սպիտակ հեռուստացույցով: Դեռ աչքիս առաջ է այդ պատկերը․ ես, պանդոկի բիլիարդի սեղանի եզրին նստած, հետևում էի երթին ու բանախոսներին, իսկ հետո Քինգին և իր ելույթը՝ այժմ արդեն աշխարհահռչակ «Ես երազանք ունեմ…» կոչով:
Ցավալիորեն, Pew Research Center-ը հայտնում է, որ գնալով նվազում է այն ամերիկացիների տոկոսը, որոնք ասում են, թե «շատ բան» են կարդացել կամ լսել ելույթի մասին: Ընդհանուր առմամբ, ամերիկացիների 60%-ը նշում է, որ ծանոթ է ելույթին, այդ թվում` 65-ից բարձր տարիքային խմբի տասը մարդկանցից գրեթե յոթը (68%): 18-29 տարիքայինների շրջանում այդ ցուցանիշը նվազում է մոտ կիսով չափ (53%). այդ խմբում 16%-ը նշում է, որ այնքան էլ շատ չի լսել կամ ոչինչ չի լսել ելույթի մասին․ սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր տարիքային խմբերում:
Քանի որ աստիճանաբար ավելի շատ ամերիկացիներ են մոռանում (կամ երբեք չեն էլ ուսումնասիրել) Քինգի ելույթը, ճիշտ ժամանակն է վերանայել նրա՝ ամերիկյան երազանքի մասին ավելի ընդհանրական հայացքները, որոնք միայն այս հիշարժան ելույթում չէ, որ հանդիպում են: Ջոնաթան Էյգի վերջերս հրատարակված կենսագրական գրքում՝ «King: A Life»-ում, նշվում է, որ «Ես երազանք ունեմ»-ի հետքերը գնում են մինչև 1944 թվականի ապրիլի 17-ը, երբ Քինգը Ջորջիայի Դուբլին քաղաքում մասնակցում էր նահանգային հանրային ելույթների մրցույթին: Այդ օրը նրա ելույթը, որը վերնագրված էր «Սևամորթները և Սահմանադրությունը», ներառում էր նշանակալի հատվածներ 1928 թվականին Հենրի Ֆ. Քոլմենի՝ 1928 թվականին հնչած ՝ «On the Philosophy of the Race Problem (From a Negro’s Point of View)» ելույթից: Քինգի այդ օրվա ելույթն «ազատության նոր ծնունդի» կոչ արեց և ուրվագծեց Ամերիկայի Միացյալ Նահանգների այնպիսի տեսլական, որտեղ իր ժամանակի ռասայական թշնամանքը հաղթահարված կլիներ:
Ծանոթություն Քինգի տեսլականին
Golden Gate Inn-ում բիլիարդի սեղանի եզրից Քինգին դիտելուց տարիներ անց ես՝ որպես ասպիրանտ, մասնակցեցի բնական իրավունքի վերաբերյալ մեկամյա սեմինարի, որն ինձ ծանոթացրեց նրա գրվածքներին, այդ թվում՝ «Նամակ Բիրմինգհեմի բանտից»-ին: Ինձ համար Քինգի երազանքի տեսլականը լայնորեն կիրառելի է: Մի փոքր ավելի քան հինգ տարի առաջ ինձ խնդրեցին Walton Family Foundation-ում նոր աշխատանքի ընդունված կրթական անձնակազմի համար մշակել ուղղորդված ընթերցանության դասընթաց, որը վերաբերում էր 1980-ականների սկզբից մինչ օրս տասներկուամյա կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներին և բարեգործություններիին: Այս պահի դրությամբ այդ սեմինարը վարել եմ տասը անգամ՝ միշտ սկսելով ամերիկյան երազանքի վերաբերյալ Քինգի մտորումների քննարկումից: Նրա հարակայուն պատկերացումներն ու մատնանշած մարտահրավերները «բևեռային աստղ» են երիտասարդների համար՝ հնարավորություններ ստեղծելու և նրանց զարգացմանը նպաստելու ուղղությամբ բոլոր խոսակցություններում:
Ամերիկյան երազանքի վերաբերյալ Քինգի տեսակետները հիմք են ստեղծում ավելի արդար և անաչառ հասարակության համար, որոնք նա ներկայացնում է իր բազմաթիվ ելույթներում, քարոզներում և նամակներում: Ես նրա տեսլականը համակարգել եմ չորս թեմաների ներքո, որոնք արմատավորված են Անկախության հռչակագրի, Միացյալ Նահանգների Սահմանադրության և Էմանսիպացիայի հռչակագրի սկզբունքներում, ինչպես նաեարտացոլված են նրա աստվածաշնչյան հղումներում և երգերում, ինչպիսին է «My Country, ‘Tis of Thee»-ն։ Ամերիկյան երազանքի վերաբերյալ նրա տեսակետները չեն սահմանափակվում այս 4 թեմաներով, սակայն դրանք տրամադրում են այդ տեսակետներն ուսումնասիրելու ուղի:
Քինգի տեսլականը Երազանքի մասին
Այս չորս թեմաների մասին համատեքստ տալու համար թո՛ւյլ տվեք սկսել Երազանքի մասին նրա սահմանումից.
«…Ամերիկան ըստ էության երազանք է, դեռ չիրականացված երազանք: Այս երազանքի էությունն արտահայտված է Անկախության հռչակագրում տեղ գտած շատ ծանոթ բառերում: «Մենք այս ճշմարտությունները համարում ենք ակնհայտ․ այն, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, որ նրանք իրենց Արարչի կողմից օժտված են որոշակի անօտարելի իրավունքներով, որոնցթվում են կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը»: Սա է երազանքը:
Նրա խոսքերն ընդգծում են խոստացված, բայց անիրական հավասարությունը։ Սա նկարագրում է այն խնդիրը, որին, իր կարծիքով, բախվել էր Միացյալ Նահանգները: Այս խնդրի աղբյուրը բացահայտելիս նա մատնանշեց ազգի «շիզոֆրենիկ անհատականությունը»: Քինգը հաճախ էր խոսում այն մասին, թե ինչպես է Ամերիկան «բաժանված ինքն իր դեմ»՝ կրկնելով աստվածաշնչյան խրատը և Աբրահամ Լինքոլնի՝ 1858-ի «House Divided» (բաժանված տուն) ելույթը, որով եզրափակվեց Իլինոյսի Հանրապետական կուսակցության հանդիպումը, որտեղ էլ նրան առաջադրեցին որպես Միացյալ Նահանգների Սենատի թեկնածու: Շիզոֆրենիան առաջանում է այն ժամանակ, երբ Ամերիկան թմբկահարում է ժողովրդավարության սկզբունքները, սակայն գործնականում հակառակն է՝ ստրկություն և ռասայական սեգրեգացիա: Այս հակասությունը բերում է այն համոզման, որ կան բարձր և ցածր ռասաներ: Քինգը Էմանսիպացիայի հռչակագրի կարևորությունը քննարկող 1962 թ․-ի իր ելույթում ազգի «չլուծված ռասայական հարցը» նկարագրեց որպես «պաթոլոգիական վարակ մեր սոցիալական և քաղաքական անատոմիայի մեջ, որը հետապնդել է մեզ մեր պատմության ընթացքում և մինչ օրս լիովին բուժված չէ»:
Վարակի բուժումը. չորս թեմաները
- Հավասարություն բոլորի համար: Ինչպես տեսնում ենք Քինգի Երազանքի սահմանման մեջ, Անկախության հռչակագիրը առանցքային է նրա այն ըմբռնման համար, որ «բոլոր մարդիկ ստեղծված են հավասար»: Այս հիմնարար փաստաթուղթը անկյունաքարային նշանակություն ունեցավ նրա տեսլականի համար՝ ձևավորելով նրա կողմնորոշումը դեպի մի հասարակություն, որտեղ մարդկանց «կընկալեն ոչ թե մաշկի գույնով, այլ ներքին հատկանիշներով»: Քինգի երազանքը մի երկիր էր, որն իսկապես մարմնավորում էր Հռչակագրի իդեալները՝ այդպիսով իրագործելով բոլորի հավասարության մասին իր խոստումը: Նա հաճախ անվանում է այս կետը «զարմանալի ունիվերսալիզմ… որը չի ասում որոշ մարդիկ, այլ՝ բոլոր մարդիկ»:
- Տնտեսական արդարությունը և կառավարության դերը։ Քինգը գիտակցում էր, որ ամերիկյան երազանքին հասնելն իրականում կապված է տնտեսական հնարավորությունների և անվտանգության հետ: Հիմք ընդունելով Սահմանադրության նախաբանը, որով հանձն է առնվում «նպաստել ընդհանուր բարեկեցությանը»՝ Քինգն առաջ քաշեց այնպիսի քաղաքականություն, որն ապահովում էր տնտեսական արդարությունը յուրաքանչյուր ամերիկացու համար: Նա համառորեն ձգտում էր հասնել արդար աշխատավարձերի, որակյալ կրթության և անվտանգ, մատչելի բնակարանների՝ որպես հասարակության բարեկեցության անհրաժեշտ կարևոր բաղադրիչներ: Տնտեսական արդարությունը երջանկության ձգտման սահմանադրական խոստման մարմնացումն էր։ Իրականում, 1963-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման պաշտոնական անվանումը եղել է Վաշինգտոնի երթ՝ հանուն աշխատանքի և ազատության՝ ինտեգրելով տնտեսական արդարության և հավասարության թեմաները:
Քինգի տեսլականում կենտրոնական տեղ էլ զբաղեցնում կառավարությունը, որը պարտավորվում է բոլորի համար հավասար իրավունքներ ապահովել օրենսդրությամբ, դատական որոշումներով և ընտրված գործադիր առաջնորդների կարգադրություններով: Ոգեշնչվելով Էմանսիպացիայի հռչակագրից՝ Քինգը սկսեց դիտարկել կառավարության դերը ոչ միայն քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, այլև պատմական անարդարությունները շտկելու ուղղությամբ ակտիվորեն աշխատելու տեսանկյունից: «Ես երազանք ունեմ» ելույթում նա օգտագործեց «մուրհակի» անալոգիան՝ նշելու սևամորթ քաղաքացիներին տրված անկատար խոստումները՝ ընդգծելով անցյալի այս սխալները լուծելու կառավարության պատասխանատվությունը:
- Ոչբռնություն, սեր և նոնկոնֆորմիզմ: Չնայած իր հանդիպած ուժեղ ընդդիմությանը և սպառնալիքներին՝ Քինգը վճռականորեն պնդում էր, որ հավասարության համար պայքարը միշտ պետք է լինի ոչ բռնի: Նա կոչ էր անում հետևորդներին «կռվել քրիստոնեական մեթոդներով և քրիստոնեական զենքերով», որպեսզի «բարոյական նպատակներին բարոյական միջոցներով» հասնեն։ Քինգի հանձնառությունը բողոքի խաղաղ ցույցերին խորապես համընկնում էր Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական իդեալներին, որոնք ընդգծում էին խաղաղ երկխոսության և բանակցությունների դերը սոցիալական փոփոխությունների իրականացման գործում: «Նամակ Բիրմինգհեմի բանտից»-ում նա հաստատակամ է ոչբռնության նկատմամբ իր հանձնառության մեջ՝ որպես քաղաքացիական իրավունքների շարժման արժանապատվությունը պաշտպանող և նրա վերջնական հաջողությունը ապահովող էական կողմ:
Ամերիկյան երազանքի Քինգի տեսլականում ոչբռնությունը սերտորեն կապված էր սիրո և եղբայրության սկզբունքի հետ, որը կոչվում է «փոխադարձության անխուսափելի ցանց»: Լայնորեն հիմնվելով աստվածաշնչյան ուսմունքների վրա՝ նա հաճախ մեջբերում էր «սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ» պատվիրանը՝ ընդգծելով սիրո փոխակերպող ուժը: Քինգի համար սերը ոչ միայն անձնական արժանիք էր, այլև հասարակական ուժ, որն ունակ է խթանել սոցիալական փոփոխությունները և հաղթահարել ռասայական բաժանումները: Ամերիկացի քրիստոնյաներին ուղղված իր նամակում, որը հիմնված է Նոր Կտակարանի` Սուրբ Պողոսի կողմից գրված թղթի վրա ասում է, որ «…սերն ամենամնայուն ուժն է ամբողջ աշխարհում»: Նա պատկերում էր ամերիկյան մի հասարակություն, որտեղ սերը, փոխըմբռնումը և եղբայրությունը հաղթում էին ատելությանը և նախապաշարմունքներին:
Վերջապես, Քինգը ավելին էր, քան պարզապես երազող: Նա գործի մարդ էր և հավատում էր, որ ոչբռնությունն ու սերը պետք է դրդեն քայլերի: Նա բազմիցս կոչ է արել «գործողությունների ծրագիր մշակել՝ ազատվելու սեգրեգացիայի և խտրականության հետքերից»։ Նա հորդորում էր մարդկանց դիմակայել այն սոցիալական նորմերին և անարդար օրենքներին, որոնք սատարում էին տարանջատումը և խտրականությունը: Անարդար օրենքներին ընդդիմանալով և Բիրմինգհեմում սեգրեգացիային օժանդակելու փոխարեն բանտարկությունն ընտրելով՝ Քինգը գործնականում կիրառեց նոնկոնֆորմիստական իր հավատքը: Զուգահեռներ անցկացնելով բրիտանական անարդար օրենքների և Ամերիկյան հեղափոխության ապստամբության միջև՝ Քինգը ընդգծեց անարդար օրենքներին դիմակայելու բարոյական պարտքը, նույնիսկ եթե դա լիներ անձնական մեծ զոհաբերության գնով:
- Հավատք, տոկունություն և հայրենասիրություն։ Քինգի երազանքի տեսլականում առանցքային նշանակություն ուներ հավատքի և տոկունության դերը: Ելնելով իր քրիստոնեական խորը հավատքից՝ նա համոզված էր, որ արդարությունը և ճշմարտությունը կհաղթեն: Այս համոզմունքը արտացոլված է նրա հաճախ մեջբերվող այս արտահայտության մեջ՝ «բարոյական տիեզերքի կամարը երկար է, բայց այն թեքվում է դեպի արդարությունը», արտահայտում էր նրա անսասան լավատեսությունը, որ հավատքով և տոկունությամբ Երազանքն ի վերջո կիրականանա բոլոր քաղաքացիների համար:
Հավատքի և տոկունության այս հանձնառությունը ողողված էր նաև հայրենասիրության ուժեղ զգացումով: Ինչպես նշվեց, նա իր ելույթներում վկայակոչում էր «My Country, ‘Tis of Thee» հայրենասիրական երգը, որը խորհրդանշում է ազատության չիրականացված խոստումը։ Երգը ոգեշնչող պատմություն ունի. այն առաջին անգամ հնչել է Բոստոնում 1831 թվականի հուլիսի 4-ին, իսկ 1843 թվականին գրվել է աբոլիցիոնիստական տարբերակը՝ սպիտակ և սև ռասաների նշումով։ Ավելին՝ աֆրոամերիկացի կոնտրալտ Մարիան Անդերսոնը երգել է այն Լինքոլնի հուշահամալիրի աստիճանների վրա, երբ նրան արգելեցին երգել Վաշինգտոնի Սահմանադրության սրահում հավաքված հանդիսատեսի համար: Քինգն օգտագործել է երգը՝ ընդգծելու բոլոր ամերիկացիների ընդհանուր արժեքները հավասարության համար պայքարում: Նրա կողմից այդ խոսքերի կրկնությունը ծառայեց ընդհանուր հայրենասիրության և միասնության զգացում առաջացնելուն՝ ի դեմս համատարած ռասայական անարդարությունների:
Ամերիկյան երազանքի Քինգի տեսլականը հավասարության «զարմանալի ունիվերսալիզմ» էր բոլորի համար: Այս ձգտումը խարխլվեց Ամերիկայի «շիզոֆրենիկ անհատականությամբ», որը կիրառում էր հավասարության հակառակը՝ բարձր և ստորադաս ռասաների պաթոլոգիան: Սակայն ռասայական հավասարության մասին նրա երազանքը վերացական հասկացություն չէր: Այն խորը արմատավորված գործողությունների ծրագիր էր՝ տնտեսական արդարության, ոչբռնության, եղբայրության, կառավարության պատասխանատվության, նոնկոնֆորմիզմի, հավատքով լի տոկունության և հայրենասիրության հասնելու համար: Ինչպես նա ասել է 1965 թվականի հուլիսի 4-ին․ «պատճառը, թե ինչու մենք պետք է լուծենք այս խնդիրը այստեղ՝ Ամերիկայում, այն է, որ Աստված ինչ-որ կերպ պատվիրել է Ամերիկային անել այս հատուկ գործը մարդկության և աշխարհի համար»:
Այսօրվա քաղաքական բևեռացումը, ներառյալ ռասայի մասին մեր հաճախ բուռն խոսակցությունները, պետք է մղեն մեզ մտածելու ամերիկյան երազանքի մասին, ինչպես պատկերացրել էր Քինգը: Դա կարևոր մեկնարկային կետ է մեր ունեցած ցանկացած քննարկման համար, որը նպատակաուղղված է կապելու այդ Երազանքը մեր ներկա իրականության հետ: Այն պետք է ուղղորդի մեր հավաքական ջանքերը՝ ստեղծելու արդար և անաչառ հասարակություն ՝ կատարելով «բոլորի համար հավասարության» իր խոստումը: Քինգի մտքերը շարունակում են ձևավորել մեր պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կարող է և պետք է լինի Ամերիկյան երազանքը: Նրա Երազանքի տեսլականը շարունակում է հանդիսանալ հզոր ուղեցույց, որն ուղղորդում է հավասարության և արդարության իրականացման համար մեր շարունակական պայքարում։
Բրունո Վ. Մաննոն Walton Family Foundation-ի կրթական ծրագրի ավագ խորհրդական է, Միացյալ Նահանգների կրթության նախարարի քաղաքականության հարցերով նախկին օգնական:
Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








