Վերլուծական ֆորում Գիտություն Ոսկե սկավառակները պատմում են Երկրի պատմությունը

Ոսկե սկավառակները պատմում են Երկրի պատմությունը

Ոսկե սկավառակները պատմում են Երկրի պատմությունը․
Արդյո՞ք երբևէ այլմոլորակայինները կհայտնաբերեն դրանք

1977 թվականին NASA-ն տիեզերք արձակեց 12-դյույմանոց երկու պղնձե ոսկեպատ սկավառակներ՝ լի այնպիսի ձայներով, ինչպիսիք են երեխաների ծիծաղը, սրտի զարկերը և թռչունների ծլվլոցը: Արդյո՞ք դրանց ժամանակը տիեզերքում ավարտվում է։

1977 թվականին NASA-ն Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից տիեզերք արձակեց «Վոյաջեր 1» և «Վոյաջեր 2» սարքավորումները՝ դեպի մեր Արեգակնային համակարգի հեռավոր ծայրերը մեծ շրջագայություն սկսելու նպատակով: Յուրաքանչյուր սարքի վրա տեղադրված էր 12-դյույմանոց պղնձե ոսկեպատ սկավառակ՝ այսպես կոչված «նամակ շշի մեջ»՝ ուղղված տիեզերքին, որում ներառված էին Երկրի տեսարաններ, ձայներ և կյանքից այլ դրվագներ։ Այս ձայնապնակները՝ հայտնի որպես Ոսկե սկավառակներ, ստեղծվել էին այն հույսով, որ գուցե երբևէ մի հեռավոր այլմոլորակային քաղաքակրթություն կհայտնաբերի դրանք։ Եվ հենց դա է տեղի ունենում Disney և Pixar ստուդիաների «Էլիո» անիմացիոն ֆիլմում, երբ գլխավոր հերոս Էլիոն հանդիպում է այլմոլորակայինների, որոնք կարծում են, թե նա է Երկրի առաջնորդը։

«Այն պետք է ծառայի որպես ներածական նամակ ցանկացած մշակույթի համար, որը կհայտնաբերի սկավառակները», — ասում է Բեթանի Էլմանը՝ Կալիֆորնիայի Տեխնոլոգիական ինստիտուտի  մոլորակագետ և National Geographic-ի` 2013 թվականի «Emerging Explorer» ծրագրի մասնակիցների մեկը՝ անդրադառնալով իրական Ոսկե սկավառակներին։ Թեև այս ոսկեզօծ ողջույնները մասնակիորեն ուղղված էին այլմոլորակային լսարանի, իրականում դրանք ուղերձ էին մարդկությանը և մեր փոքրիկ կապույտ մոլորակին։ «Սա սիրառատ նամակ է Երկրին և մեր անցած ճանապարհին, որի արդյունքում ի վիճակի եղանք ուղարկել այս սարքերը՝ բացահայտելու  մեր Արեգակնային համակարգը»։

Բայց որտե՞ղ են այժմ Ոսկե սկավառակները, և դեռ որքա՞ն ժամանակ է նախատեսված դրանք տիեզերքում պահել։ Այդ ամենը պարզելու համար մենք զրուցել ենք մասնագետների, այդ թվում՝ Էլմանի հետ:

Մարդկության միջաստղային ձայնապնակը

Երբ առաջադրանք տրվեց որոշելու, թե ինչ ներառել «Վոյաջեր» սարքավորումներում տեղադրվելիք տիեզերական ձայնապնաակի վրա, նշանավոր աստղագետ Կառլ Սագանը գիտնականներից, արվեստագետներից և ճարտարապետներից բաղկացած թիմ ստեղծեց: Մարդկության պատմության ամենահեռագնաց ֆիզիկական պատվիրակը նպատակ ուներ ներկայացնելու Երկրի կյանքի իրական պատկերը, ուստի  թիմն ընտրեց առօրյա կյանքի և բնության հետ կապված այնպիսի ձայներ, ինչպիսիք են թռչունների, սապատավոր կետերի կանչերը, երեխաների ծիծաղը, ոտնաձայներ, սրտի զարկեր, ուղեղի ազդակների սկանավորման և համբույրի ձայներ: Բացի այդ, սկավառակում ձայնագրված  է 90 րոպե տևողությամբ երաժշտություն՝ ներառյալ արևմտյան դասական ստեղծագործություններ Մոցարտից, Բախից, Բեթհովենից և Ստրավինսկուց, սենեգալյան հարվածային երաժշտություն, ավստրալացի բնիկ ցեղերի երգեր և Չաք Բերիի «Johnny B. Goode» երգը։ 

Խնամքով կազմված այս ձայնասկավառակը, որը նախագծվել է միլիարդավոր տարիներ տևող տիեզերական ճանապարհորդությանը դիմակայելու համար, նաև պարունակում է  55 ժամանակակից և հնագույն լեզուներով թարգմանված ողջույնի արտահայտություն*,  ինչպես նաև թվային կոդվորմամբ 115 լուսանկար՝ երկրագնդից և նրա բնակիչներից։

Սկավառակի շապիկի վրա փորագրված է մի քարտեզ` միտված օգնելու գտնել Երկիր մոլորակը՝ ըստ մոտակա հայտնի պուլսարների՝ փայլող, խիտ աստղային միջուկների։ Այնտեղ նաև ջրածնի ատոմի դիագրամ է պատկերված, որ տիեզերքում ամենատարածված տարրն է, ինչպես նաև սկավառակի նվագարկման հրահանգները: Յուրաքանչյուր սկավառակ դրվել է ալյումինե ոսկեպատ պաշտպանիչ պատյանի մեջ՝ նվագարկիչ ասեղի և շարժական կրիչի հետ միասին։ 

«Միմիայն տիեզերքում ճանապարհորդող այլ քաղաքակրթությունների գոյության պարագայում է հավանական, որ դրանք կբախվեն տիեզերանավին և կլսեն ձայնասկավառակները, գրել է Կառլ Սագանը՝ «Voyager Golden Record» նախագծի ղեկավարը, բայց այս «շշով ուղարկված նամակի» նետումը տիեզերական «օվկիանոս» ինքնին հույս է ներշնչում Երկիր մոլորակի վրա ապրող կյանքին»:

Անհավանական տիեզերական ճանապարհորդություն

Տարիների շարունակ «Վոյաջեր» սարքավորումները պտտվում էին Արեգակնային համակարգի ամենահեռավոր չորս մոլորակների շուրջը՝ ժամում մոտ 56,000 կիլոմետր արագությամբ՝ Երկիր ուղարկելով Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի, Նեպտունի և դրանց արբանյակների մանրամասն պատկերներ։ Մարդկությունն Ուրանի և Նեպտունի նկարները մոտ հեռավորությունից տեսել է ընդամենը մեկ անգամ՝ «Վոյաջեր 2»-ի շնորհիվ: 

1989 թվականին, երբ երկվորյակ սարքավորումները ավարտեցին իրենց հիմնական առաքելությունը (անցնել Արեգակնային համակարգի բոլոր չորս արտաքին մոլորակների կողքով), նրանք շարունակեցին ճանապարհը դեպի տիեզերքի անծայրածիր բաց տարածքներ։ «Վոյաջեր 1»-ը և «Վոյաջեր 2»-ը համապատասխանաբար 2012-ին և 2018-ին դուրս եկան Արեգակնային համակարգից և մտան միջաստղային տարածք։ 

Երկրից ավելի քան 24 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա՝ «Վոյաջեր 1»-ը մարդկության ստեղծած միակ օբյեկտ է, որ այսքան հեռու է ուղևորվել տիեզերքում։ Երկրորդ տեղում հայտնված «Վոյաջեր 2»-ը այժմ գտնվում է մոտ 21 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա։ Այն միջաստղային միջավայրը, որտեղ նրանք այժմ շրջում են, լի է տիեզերական գազով, փոշով և ճառագայթներով։ Չնայած «Վոյաջեր»-ները ունեն ճառագայթադիմացկուն բաղադրիչներ, այս տարածքում առկա լիցքավորված մասնիկների հոսքը վտանգ է ներկայացնում սարքավորումների հնացող էլեկտրոնիկայի համար։

Սակայն երկու սարքավորումները դեռևս շարունակում են տվյալներ հավաքել և ուղարկել Երկիր՝ թարմացնելով իրենց միջաստղային արկածների մասին ինֆորմացիան, թեև՝ այդ ազդանշանները գրեթե 20 ժամում են հասնում հեռավորության պատճառով։

Այժմ «Վոյաջեր» առաքելության ավարտը մոտ է, քանի որ երկվորյակ սարքերի պլուտոնիումային էներգամատակարարումը գրեթե սպառվում է։ Գիտնականների թիմը փորձում է հնարավորինս երկարաձգել դրանց կյանքը՝ անջատելով ոչ կարևոր գործիքները, ինչպսիք են տաքացուցիչները՝ էներգիան խնայելու նպատակով։ «Առաքելության մեկնարկից անցել է արդեն ավելի քան 47 տարի, և շատ քիչ էներգիա է մնացել, — ասում է Սյուզան «Սյուզի» Դոդը՝ «Վոյաջեր» առաքելության ներկայիս ղեկավարը, — առաքելության նպատակը այն մինչև 50 տարի երկարաձգելն է»։ 

Թեպետ գիտական առաքելությունն ավարտվելուց հետո սարքերը կդադարեն տվյալներ փոխանցել, Ոսկե սկավառակները շարունակելու են լուռ սահել անծայրածիր տիեզերքով հավանաբար միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիներ։ «Տարիներ անց, երբ մենք այլևս կապ չենք ունենա այս տիեզերանավերի հետ, դրանք դեռ կշարունակեն իրենց ուղին՝ այդ ձայնապնակների՝ ժամանակի պարկուճների հետ միասին», — ասում է Սյուզի Դոդը։ Նա նշում է, որ հուզիչ է «մտածել այն մասին, թե ինչպես է մեր մի փոքրիկ կտոր՝ Երկրի ու մարդկության էության մի մասնիկ, շրջում գալակտիկայի կենտրոնում՝ այլ արարածների կողմից հայտնաբերվելու նպատակով»։ 

Սակայն, ինչպես Դոդն է ընդգծում, հսկայական տարածական և ժամանակային հեռավորություն կա։ Շուրջ 40,000 տարի կպահանջվի, որպեսզի «Վոյաջեր» սարքերից որևէ մեկը հասնի որևէ այլ աստղային համակարգի: Այդ ժամանակ «Վոյաջեր 1»-ը կանցնի Գլիզե 445 աստղի մոտով՝ մոտ 1.6 լուսային տարի հեռավորությամբ, իսկ «Վոյաջեր 2»-ը կանցնի Ռոս 248 աստղի մոտով՝ մոտ 1.7 լուսային տարի հեռավորությամբ։ 

Ոսկե սկավառակների ժառանգությունը

Ոսկե սկավառակները հսկայական ազդեցություն են թողել տիեզերքում։ Ըստ Բեթանի Էլմանի՝ «Վոյաջերի» առաքելությունից հետո գրեթե բոլոր տիեզերանավերում Երկրից որևէ տեսակի ուղերձներ են ներառվել։ «Մարդիկ հաճախ մտածում են, թե գիտությունը սառը և հաշվարկային գործընթաց է, բայց իրականում այն հետաքրքրասիրության և հիացման դրսևորում է, — ասում է նա,— սա տիեզերքում քո հետքը թողնելու միջոց է»։ 

Եվ դեպի աստղեր իրենց առաջին թռիչքից գրեթե հիսուն տարի հետո մեր համարձակ ռոբոտ դեսպանները շարունակում են մարդկության ամենախոր ուղևորությունը տիեզերքում։

«Ո՞վ գիտի՝ գուցե մեկ միլիոն տարի անց «Վոյաջեր» սարքերն ինչ-որ այլմոլորակային թանգարանում հայտնվեն, — ասում է Էլմանը, — հուզիչ է այդ մասին մտածելը»։

Ծանոթագրություն

* (թարգմանչի կողմից) Հարկ է նշել, որ նշված լեզուների թվին է պատկանում նաև հայերենը․ «բոլոր անոնց, որ կը գտնուին տիեզերքի միգամածութիւններէն անդին, ողջոյններ», — ասվում է ձայնագրության մեջ:

Բնօրինակի հեղինակ՝ Paola Rosa-Aquino, National Geographic


Թարգմանիչ՝ Սառա Թովմասյան (Sara Tovmasyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: