Կենտրոնացի՛ր
Շախմատի մարտահրավերը՝ սովորել՝ ինչպես մտքում պահել բարդությունն ու միևնույն ժամանակ կայացնել ճիշտ որոշումներ, նաև կյանքի մարտահրավերն է։
Շախմատի տախտակին մոտենալը նման է երկար սպասված խնջույքի ժամանելուն։ Բոլոր ընկերներս այնտեղ են՝ արքայական զույգը, իրենց ուղեկիցները, ազնվական հետևակի վստահություն ներշնչող հստակ շարքերը։ Ես ուղղում եմ նրանց՝ համոզվելով, որ հարմար տեղակայված են իրենց մեկնարկային վանդակների կենտրոնում․ անհանգիստ շարժումներ ու նուրբ հպում։ Ես ճանաչում եմ այս խաղաքարերին և մտահոգվում եմ նրանց մասին։ Նրանք իմ պատասխանատվության տակ են։ Եվ ես երախտապարտ եմ հակառակորդիս, որ մահվան սպառնալիքի ներքո ինձ ստիպում է նրանց լավ վերաբերվել։
Շատ հարցերում ես պարտական եմ շախմատին ամեն ինչով։ Հինգ տարեկանից սկսած՝ այդ խաղն աղբյուր էր ընկերության, ապաստանի ու աճի․ ես քսան տարի գրոսմայստեր եմ եղել։ Այդ ցմահ տիտղոսն ամենաբարձրն է, որ տրվում է շախմատիստներին, երբ նրանք միջազգային բարձրակարգ մրցաշարերում երեք որակավորող չափանիշ են նվաճում և միջազգային վարկանիշ ձեռք բերում, որն էլ արտացոլում է նրանց կայուն բարձր խաղամակարդակը․ այս բոլորը, իհարկե, վավերացված են ՖԻԴԵ-ի՝ շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Աշխարհում կան հազար հինգ հարյուր գրոսմայստերներ։ Իմ կարիերայի գագաթնակետում ես գրեթե աշխարհի ուժեղագույն հարյուրյակին էի հասել, ու թեև փոքր-ինչ ափսոսում եմ ավելի բարձր տեղ չգրավելու համար, գիտեի՝ կան սահմաններ: Իմ կյանքում անգամ պլան Ա-ի բացակայության դեպքում շախմատը միշտ կարծես պլան Բ-ն էր, հիմնականում որովհետև չէի կարող ինքս ինձ պատկերացնել մրցակցային փառասիրությանը հանձնվելիս։ Ավելի քան մեկ տասնամյակ է՝ չեմ մարզվել կամ խաղացել լուրջ մասնագիտական նպատակով, և մինչ միտքս մնում է խաղով կախարդված, հոգիս դրանից ազատված է զգում։
Վերջին տարիներին աշխատել եմ ակադեմիական և հանրային քաղաքականության ոլորտներում՝ փորձելով համատեղել հասարակական բարդ մարտահրավերների մեր ըմբռնումը մեր ներքին կյանքի հետ՝ միաժամանակ հոգ տանելով երկու զավակներիս մասին։ Գործող խաղացող չլինելու պատճառով շատ բաներ եմ կարոտում։ Կարոտում եմ ուժի, զորության և արժանապատվության զգացումները, որ ի հայտ են գալիս ճնշման ներքո ճիշտ որոշումներ կայացնելով։ Կարոտում եմ նպատակի պարզությունը, որ զգում էի յուրաքանչյուր խաղի յուրաքանչյուր պահի, պարտությունից հաջող փախուստներն ու հաղթանակի հետապնդման խայտանքը։ Սակայն ամենից շատ կարոտում եմ կենտրոնանալու փորձառությունը։
Ես, իհարկե, դեռ կարողանում եմ կենտրոնանալ, բայց ոչ այն նույն հուսալիությամբ ու խորությամբ, որ թույլ է տալիս պրոֆեսիոնալ շախմատի կյանքը։ Իրականում, հեռվից շախմատն ինձ երբեմն թվում է հասարակայնորեն թույլատրելի պատրվակ` մի քանի ժամ շարունակ կենտրոնանալու համար։ «The Island from the Day Before» (բռց․՝ «Նախորդ օրվա կղզին», 1994) գրքում Ումբերտո Էկոն կազմում է մի սիրո նամակ, որտեղ կա հետևյալ տողը․ «[Մ]իայն քո բանտի մեջ է [սիրտս] վայելում ազատություններից ամենավսեմը»։ Դա կարելի է ասել նաև շախմատի մասին, և հենց կենտրոնացման փորձառությունն է, որ այն դարձնում է հնարավոր։ Կարծում եմ՝ կենտրոնացումը լիաբավ կյանքի սահմանող որակներից է, կենսունակ քաղաքակրթության համար մտքի անհրաժեշտ մի սովորություն, և հենց շախմատը կարող է մեզ ավելին սովորեցնել այն մասին, թե ինչ է իրականում կենտրոնացումը։
Ցանկացած հմուտ ջանք ենթադրում է կենտրոնացում, բայց շախմատն անսովոր է նրանով, որ մեզնից պահանջում է կենտրոնանալ ոչ թե մի քանի րոպե, այլ մի քանի ժամ, մի քանի օր, եթե մրցաշարի ես, և նույնիսկ մի քանի տարի, եթե ուզում ես հաջող կարիերա ունենալ։ Կենտրոնացումը sine qua non է, այսինքն՝ խաղի պարտադիր պայմանը։
Շախմատում կենտրոնացումը սովորաբար ծավալվում է ընկալման, ցանկության ու փնտրելու արագ հաջորդականության միջոցով։ Բայց այն կրկնվող է, ուստի ես հաճախ գտնում եմ մի բան, որին չէի սպասում, ինչն էլ ինձ առաջնորդում է դիրքս տեսնել այլ կերպ և ինչ-որ այլ բան ցանկանալ դրանից։ Քանի որ ընկալումս ձևավորված է տարիների փորձով, ես դիմացս միայն մի վանդակ կամ խաղաքար չեմ տեսնում։ Փոխարենը, ես տեսնում եմ ամբողջ դիրքը որպես մի իրավիճակ, որն արտահայտում է խաղաքարերի միջև հարաբերությունները ծանոթ մարտավարական համատեքստում՝ փոխատեղված թագավոր, ֆիանկետտո* կատարած փիղ, սխալ տեղակայված ձի, մեկուսացված զինվոր․ սա մի տեսակ հայեցակարգային քերականություն է (conceptual grammar)։ Դիրքի իմաստը ներդրված է այդ դասավորություններում՝ մասամբ բացահայտ ու մասամբ քողարկված, և ճիշտ քայլն անելու իմ փնտրտուքն իր բնույթում հիմնարար կերպով գեղագիտական է թվում։
Ես կարող եմ նկարագրել այդ զգացումն ասես մի գնահատողական որս՝ ոչ այնքան հստակ թիրախի, այլ գաղափարների հետքերի հետևից, որ երևում ու թվում են ճիշտ։ Դասավորությունների որոշ փոխակերպումներ ինձ գրավում են, ստիպում նայել ավելի խորը, իսկ մյուսները հետ են մղում։ Լավ քայլերն ունեն ճշմարտության ու գեղեցկության որակներ։ Նրանք բացահայտում են, թե ինչպիսին են իրերն ու ինչպիսին պիտի լինեն։
Սակայն շախմատն ինձ դրդում է կենտրոնացումս խորացնել, երբ ինձնից մի քանի սանտիմետր այն կողմ մեկ այլ արարած նույնպես փորձում է կենտրոնանալ․ ես առնում եմ նրա հոտը, զգում շարժումներն ու լսում շնչառությունը։ Ես հաճախ ճանաչում, անգամ հավանում եմ այդ մարդկանց, բայց նրանք գիտակցությանս մեջ նշմարվում են հարաբերականորեն անանձնական իմաստով՝ ծանոթ, բայց ոչ այնքան ընկերական էներգիայի։ Երբեմն մրցակիցներիս մասին մտածում եմ ասես հոգեկան հարևանների, որոնց հետ ստիպված եմ բնակելի տարածք կիսել։ Նրանք անվնաս են երևում, բայց ես գիտեմ՝ մենք ստորագրել ենք նույն պայմանագիրը, որն ստիպում է նրանց փորձել ներթափանցել իմ սենյակ, գողանալ ունեցվածքս ու ինձ որսալ մինչև սպանելը․ իհարկե, ես պարտավորված եմ նույնն անել իրենց նկատմամբ։ Միասին մենք ստեղծում ենք պատմություն, և հարձակման ու պաշտպանության նման պատումային թեմաները առարկայացվում են և վերածվում որոշակի վանդակների վրա որոշակի խաղաքարերով արված որոշակի քայլերի, որոնք մենք սղագրողների պես գրառում ենք հանրահաշվական նշագրության մեր սեփական խորհրդավոր համակարգում։ Խաղի պատմության գագաթնակետը կարող է լինել «անխնա հակահարձակո՜ւ՜մ», բայց նշագրությունը պարզապես արձանագրում է կարճ քայլերի շարքի տրամաբանական ուժը, օրինակ՝ «…34. Bf3 Nh3+ 35.Kh1 Qg4․ հանձնվո՜ւմ է»:
Գործադրեցի նկատածս մանրուքը, և նա անմիջապես հանձնվեց․ Ես ինձ ուժեղ զգացի:
Ուժերը տախտակի վրա մշտապես խառնված են, սակայն կենտրոնացումն առանձնապես կարևոր է, երբ խաղաքարերը դադարում են միմյանց զննումը ռազմավարական հեռավորությունից և անցնում անմիջական մարտավարական շփման։ Այդպիսի պահերին թաքնված ցանկացած մանրուք նկատելը կարող է երաշխավորել հաղթանակ, մինչդեռ այն բաց թողնելը՝ անխուսափելի պարտություն։ Սովորաբար այդպիսի մանրուքները որևէ պայմանական դիրքից մի քանի քայլ են հեռու, ուստի ստիպված ես որոնել դրանք․ թեև շախմատային մտածողության մեծ մասը պատմողական որակ ունի, այդ փնտրտուքը պահանջում է հաշվարկի անողոք տրամաբանությունը։ Խոսքը նյութական ուժերի հավասարակշռությանը հետևելու մասին է, մինչ դրանք գերակայության համար մղվող պայքարում փորձում են վերացնել միմյանց։ Լարված գործընթաց է, անգամ ցավոտ, սակայն ճշմարտության բացահայտման գեղեցկությունը գնահատել սովորելը վճռորոշ էր իմ՝ գրոսմայստերի աստիճանակարգերում առաջխաղացման ճանապարհին։
Շախմատային կարիերայիս հիշարժան դրվագներից մեկը Ռուսաստանում ծնված գրոսմայստեր Ալեքս Երմոլինսկուն 2002 թվականին Ֆիլադելֆիայում կայացած «World Open» մրցաշարում հաղթելն էր, քանի որ դա ինքնահաղթահարման շոշափելի փորձառություն էր։ «Յերմոն» ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոն է։ Ի սկզբանե նա էր ֆավորիտը, սակայն ես էլ դրանից առաջ շատ լուրջ մարզվել էի շախմատային խնդիրներ լուծելով․ դնում էի մանրակրկիտ ստուգված դիրքեր և որոշում՝ ինչ կխաղայի, ապա մտքերս համեմատում գրքային պատասխանների հետ։ Խաղի ինչ-որ պահի Երմոլինսկին մի զինվոր առաջարկեց որպես խայծ, և ես քիչ էր մնում չվերցնեի այն․ դա նրան հնարավորություն կտար խաղալու հարկադրող քայլերի մի ամբողջ շարք՝ ներառյալ մի նրբագեղ հակահարձակում, որը վճռորոշ կլիներ։ Ավելի խորը նայելիս, սակայն, ես հայտնաբերել էի զարմանալի մի մանրուք․ իմ ձին կարող էր նահանջել իր սկզբնական վանդակ` լուծելով պաշտպանական բոլոր խնդիրներս և ինձ թողնելով վճռորոշ առավելությամբ։ Տարբերակը ստուգեցի ընդամենը մեկ անգամ (նևրոտիկության իմաստուն կողմը), և մենք աշխուժորեն շարունակեցինք խաղալ Յերմոյի նախնական պլանի համաձայն։ Յուրաքանչյուր քայլի հետ ժամացույցը մեղմ կտկտում էր։ Յերմոն խաղաց իր թվացյալ տպավորիչ մարտավարական հնարքը, որը երկուսս էլ ճակատագրական էինք համարել սկզբում։ Այնուհետև ես գործադրեցի նկատածս մանրուքը, և նա անմիջապես հանձնվեց։ Ես ինձ ուժեղ զգացի։
Կենտրոնացումը միշտ չէ այդքան բավարարող։ Այն գալիս ու գնում է, ձևավորվում և փլվում, կառուցվում, հետո՝ քանդվում, որովհետև կա մի բարձր սահման, որից այն կողմ խաղացողները տվյալ պահին մտքում ավելին չեն կարող պահել։ Կարծում եմ, որ ես անընդհատ մոտենում եմ իմ սահմանին և հեռանում դրանից։ Խաղի զարգացումը դիտելիս թվում է, թե քիչ թե շատ ավտոմատ կերպով եմ կառավարում իրավիճակը, մինչև որ նոր հնարավորություններ են շողում աչքիս առաջ, ինչպես կողային փողոցներից դուրս եկող հեծանիվներ, և ինձ հետ բերում գիտակցությունը ղեկավարելու մարտահրավերին։ Այդպիսի պահերին մտքի կառույցը, որ շինել եմ, հաճախ փլուզվում է։ Եթե զգույշ չլինեմ, կարող եմ չափազանց շատ րոպեներ անցկացնել մշտական անվճռականության այս վիճակում՝ որոնելով, բայց չգտնելով պատասխան այն հարցին, թե ինչ է տեղի ունենում, որովհետև տվյալ դիրքում իմաստային չափազանց շատ շերտեր կան, որպեսզի միտքս մշակի։ Բարդությունը մտքում պահել սովորելու և միաժամանակ ճիշտ որոշումներ կայացնելու այս մարտահրավերը վերաբերում է ոչ միայն շախմատին, այլև կյանքին ընդհանրապես։
Որպես գրոսմայստեր՝ կարծում եմ՝ «կենտրոնացի՛ր» ծանոթ հրամանը փոքր-ինչ միամիտ է։ Կենտրոնացումը լամպի նման չէ, որ կարող ենք մի ակնթարթում անջատել կամ միացնել, որովհետև մենք պարզապես լամպը չենք, մենք նաև անջատիչն ենք և անջատողը։ Մարդիկ ավելի շուտ նման են ազդանշաններ ընդունող և փոխանցող թերմոստատների, որ «մտավոր ջերմաստիճանի» օպտիմալ մակարդակի են ձգտում, մինչ մեր շուրջն ու ներսում պայմանները փոխվում են, և հաճախ մենք կտրուկ կերպով հարմարեցվում ենք դրանց մեր կամքին հակառակ։ Մեզ հաջողվում է կենտրոնանալ, երբ կարողանում ենք ի մի բերել տվյալ առաջադրանքի կատարման համար անհրաճեշտ հատկանիշները, օրինակ՝ մեր իրազեկությունը, ուշադրությունը, զատորոշումն ու կամքի ուժը, և դա հնարավոր է միայն, եթե համապատասխան հույզերը համաժամանակ ծագեն և միանան այդ գործընթացին։
Կենտրոնացումը, հետևաբար, լավագույնս ընկալվում է որպես միակցում։ Գերագույն նպատակը կարող է լինել կենտրոնացված ուշադրությունը, բայց կենտրոնանալու ընթացքը ավելի շատ նման է մեր հոգեկան աշխարհի պառակտվող հատվածները հավաքելու և համակարգելու մեթոդի։ Այս գաղափարի լավագույն պատկերումը յոգայի ավանդական ձևերն են, որ իրականացվում են թվացյալ բարդ ասանաների (մարմնի դիրքերի) միջոցով, ինչպիսին են գլխի վրա կանգնելը և պրանայամայի (շնչառական) ձևերը, որոնցում դուք թոքերից դուրս եք մղում կանգնած օդը ասես մի տեսակ «հոգևոր փչոցով»։ Այդպիսի պրակտիկաներն արժեք ունեն ինքնին, սակայն դրանց վերջնական նպատակը գիտակցման փորձառությունն է, երբ մեր նյարդային համակարգերը մարզման արդյունքում բավարար չափով հանգստացած են, որպեսզի կարողանանք անշարժ նստել մի քանի վայրկյանից ավել՝ մտավոր տագնապից ազատ։
Այս տեսանկյունից դիտելիս` կարևոր է կենտրոնացումը տարբերել նման կամ հարակից երևույթներից, որոնք մեզ առաջարկում են այն, ինչ ամերիկացի տեսաբան Բոնիտա Ռոյը կոչում է տարբեր «մետաճանաչողական տեսակետեր»՝ իմաստի և գործունեության համատեքստեր, որոնք արժեքավոր են, քանզի թույլ են տալիս մտքին իրազեկ լինել ինքն իրենից։ Շախմատային մտածողությունը տրամադրում է հարուստ մետաճանաչողական համատեքստ՝ ստիպելով կարծել, որ մենք պետք է տարանջատենք երեք փոպկապակցված գաղափարներ, որոնք, սակայն, հաճախ իրար մեջ են խառնված՝ ուշադրություն, մտքի հոսք և կենտրոնացում։ Ուշադրությունը էականորեն հիմնված է ընկալման վրա (ինչպես ենք մենք ուշադրություն դարձնում), հոսքը՝ փորձառության (ինչպես ենք մենք զգում), իսկ կենտրոնացումը՝ գործողության վրա (ինչպես ենք մենք նպատակաուղղված միակցում տարբեր բաներ)։
Մենք չափազանց շատ ուշադրություն ենք պահանջում և չափազանց քիչ կենտրոնացում։ Վերջին ժամանակների մշակութային շեշտադրումն ուշադրության վրա վտանգում է մարդկային փորձառության չափազանց շատ փոփոխականներ յուրացնել, ասես դրանք երբևէ կարող են հաստատուն դառնալ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մարմնով, կամքով, վայրով, տրամադրությամբ, հիշողությամբ, պահով, հարաբերություններով, հնարավորություններով և ոչ պակաս կարևոր սմարթֆոնով։ Այս բոլոր փոփոխականներն ազդում են ուշադրություն դարձնելու մեր կարողության վրա, սակայն դրանք նաև կարող ենք մեզ մղել որոշակի գործողությունների՝ միմյանց հետ փոխազդելով անկանխատեսելի կերպով։ Մեր գիտակցության և արտաքին աշխարհի փոխազդեցությունից առաջացող փորձառությունները ներառում են զվարճություն, կախարդվածություն, աններդաշնակություն և շեղվածություն․ սրանք պարզապես խոչընդոտներ չեն, այլ, կարելի է ասել, տվյալների մի տեսակ, որ պետք է ըմբռնել և ինտեգրել, նախքան կկարողանանք իրականացնել մեր սեփական որոշումները։ Մենք պետք է միակցվենք, որպեսզի կարողանանք կենտրոնանալ, և կենտրոնանանք, որպեսզի միակցվենք։
Մինչ մեռնում էր շախմատի հանդեպ ուշադրությունս խորացնելու կամքը, իմ մի մասնիկը ևս մեռնում էր։
Եթե մենք չենք կարող կենտրոնանալ, ի վիճակի չենք լինի վայելել գիտակցության այն վիճակը, որ շախմատային փորձառության մաս է կազմում և կոչվում է «հոսք» (flow)։ Հոսքը ձևակերպվել և հանրայնացվել է հունգարա-ամերիկացի հոգեբան Միհայ Չիկսենտմիհայիի կողմից․ այն մտավոր վիճակ է, որը բնութագրվում է խորը կլանվածությամբ, ինքնագիտակցության կորստով, աշխարհից ստացվող ու նպատակին առնչվող հետադարձ կապով, ինչպես և ժամանակի վերափոխված զգացողությանբ։ Հոսքի այս խորապես օգտակար փորձառություններն առաջանում են, երբ մեր հմտության մակարդակն ու առկա մարտահրավերի մակարդակն օպտիմալ կերպով համապատասխանեցված են․ եթե մարտահրավերը փոքր է, մենք ձանձրանում ենք, իսկ եթե մեծ է, տագնապում։ Շախմատը հոսքի վիճակին հասնելու հիանալի միջոց է, սակայն որպես կյանքի ուղեցույց՝ սահմանափակումներ ունի։ Այն հիմնականում նկարագրում է գիտակցության որակ, ոչ թե այն ձեռք բերելու մեթոդ։ Վերջիվերջո, հոսքը առաքինություն չէ, այլ հաճույքի մի ձև։ Թեև հոսքը մտքի ցանկալի վիճակ է, դրա խթանումը կարող է առաջ բերել բնավորության ոչ ցանկալի հատկությունների ձևավորում․ նույնքան հավանական է, որ այն հասցնի տեխնոլոգիապես հմուտ հեդոնիստների մասնատված մի հասարակության՝ խաղային կախվածություններով և վիրտուալ իրականության ախտով։
Ի տարբերություն ուշադրության կամ հոսքի՝ կենտրոնացումը դրդում է տրամադրության գիտակցման, անգամ իմաստի որոնման պարտավորության և մեթոդի գնահատման։ Որպես երիտասարդ խաղացող՝ կենտրոնացումը խորացնելու համար ես հենվում էի տարբեր մեթոդների վրա՝ ներառյալ խաղերից առաջ երկար զբոսանքների գնալու և սիրելի երաժշտություն լսելու։ Դրանք աշխատում էին հիմնականում այն պատճառով, որ կենտրոնացման նպատակը երբեք կասկածի տակ չէր։ Սակայն ես շատ վառ հիշում եմ, թե ինչպես էի 2008 թվականի դեկտեմբերի սկզբին՝ Պալմա դե Մալյորկայում գտնվող մի սովորական հյուրանոցային սենյակում փորձում պատրաստվել խաղի՝ ինքս ինձանից անսովոր կերպով կտրված զգալով։ Ինչպես ամերիկյան ֆուտբոլի մարզիչներն են ասում, «հաղթելու կամքն այնքան կարևոր չէ, որքան հաղթելու համար պատրաստվելու կամքը»։ Ես նկատեցի, որ դա կորցրել էի։ Թվում էր, թե կենտրոնացման հիմքում ընկած մոտիվացիոն վեկտորը փլուզվել էր, և մինչ մեռնում էր շախմատի հանդեպ ուշադրությունս խորացնելու կամքը մեռնում էր, իմ մի մասնիկը ևս մեռնում էր։ Ինքնությունը պահելու կամքը, որը սնում էր հաղթելու ցանկությունս, անհետացել էր, և ես գիտեի, որ ժամանակն էր կենտրոնանալ ոչ թե հենց խաղի վրա, այլ նրա, ինչ խաղը խորհրդանշում էր։
Շախմատն այնպիսի ասպարեզ է, որտեղ համակարգը հանդիպում է հոգեկանին, և այսօր աշխարհին անհրաժեշտ է այդ բախման բնույթն ավելի լավ հասկանալ։ Լավ շախմատային քայլեր կատարելու համար պետք է խաղին նայել իր ամբողջ շղթայական դինամիկայով։ Սակայն պետք է նաև տեսնել սեփական միտքը և իմանալ դրա ուժն ու սահմանափակումները․ անձնականը իսկապես քաղաքական է, և հակառակը։ 21-րդ դարի սկզբին մեր գլխավոր խնդիրը բնապահպանական աճող ճգնաժամի բռնկումը կանգնեցնելն է (երբ խիստ նյութական տնտեսական աճը շարունակում է մնալ աշխարհի գերակա առաջնահերթությունը), հետո՝ արհեստական բանականության վերելքի դարաշրջանում զանգվածային գործազրկությունը կանխելու մարտահրավերը, ապա՝ ճշմարտության պաշտպանությունը, երբ ստելն ավելի հեշտ է, մյուս կողմից՝ ավելի արագ և հուզիչ ճանապարհորդությունները, ինչպես նաև համագործակցային կառավարման ամրապնդումը շահախնդիր խմբերի և հոգևոր ու քաղաքական օտարման ժամանակաշրջանում:
Ալդուս Հաքսլին իր ուտոպիական «Կղզի» (1962) վեպում նկարագրում է «մայնա» կոչվող «թռչուն-հիշեցումների», որոնք պարբերաբար սավառնում են գլխավերևում և ասում․ «ուշադրությու՛ն» և «այստեղ և հիմա՛»՝ օգնելու բնակիչներին սթափվել և վերադառնալ ներկա պահին։ Սակայն եթե այսօր մայնաներ արձակվեին Լոնդոնում, Նյու Յորքում, Դելիում կամ Պեկինում, պարզ չէ, թե ինչին կամ ինչի համար պետք է մեզ կոչ անեին ուշադրություն դարձնել։ Այսօրվա մայնաները սմարթֆոնի ծանուցումներն են, որոնք գայթակղում են մեզ նորույթի հանդեպ մեր թուլության և կարևոր իրադարձությունները բաց թողնելու մեր վախի միջոցով, մինչ ամենագո գովազդատուները, դաշնակցելով հոգեբանական պրոֆիլավորում իրականացնողների հետ, մեր ուշադրությունը հավաքում են որպես ապրանք։ Այսօր մեր խնդիրն այն չէ, որ մենք ուշադրություն չենք դարձնում կամ չենք կարող դարձնել, այլ այն, որ հասարակության համակարգերն ու կառուցվածքները մեզ պարտավորեցնում են ուշադրություն դարձնել այնքան հաճախ և այնքան արագ, որ մենք փաստացի չենք կարողանում կենտրոնանալ։ Կենտրոնանալու ունակության չունենալով՝ դժվար է ձևավորել և պահպանել ամբողջական և ինքնավար եսի զգացում, ինչը մեզ թողնում է թվային, առևտրային և քաղաքական խամաճիկավարների գթությանը։ Առանց կենտրոնացման մենք ազատ չենք:
Ուրախ եմ, որ ուշադրությունը, որպես քաղաքական հայեցակարգ, ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ ընդլայնելու ազատության մեր ըմբռնումը, ինչպես և նկարագրելու ինքնության ու աշխարհի միջև փոխհարաբերության սահմանագիծը։ Սակայն որպես շախմատի գրոսմայստեր՝ կարծում եմ, որ այս հարցը սխալ է ընկալվել։ Այսօր մեր մարտահրավերը ուշադրություն դարձնել սովորելը չէ, այլ այն, որ այն ներսից ճանաչելը, ինչն էլ նշանակում է, որ պետք է սովորենք կենտրոնանալ։
Անհույս կլինի, եթե յուրաքանչյուր խնդիր դիտարկենք, որպես առանձին հարց, որը պետք է վերլուծվի առանձին գիտակարգի կողմից։
Բարդ խնդիրների մեծ մասը հնարավոր չէ պատշաճ կերպով հասկանալ կամ հաղթահարել, եթե միաժամանակ միասին չենք դիտարկում մի քանի գաղափարներ և մտածողության ձևեր։ Սակայն եթե մենք ընդամենը կարողանում ենք գաղափարներ «պահել», չենք կարողանա իրապես մտածել դրանցով կամ դրանց մասին․ մենք ինքներս կդառնանք այդ մտքերը, բայց իրականում չենք ունենա դրանք։ Հետևաբար կենտրոնացման զարգացումը ենթադրում է մտավոր բարդության հուզական լարվածությունը պահելու կարողության զարգացում․ մենք պետք է մարզվենք, որ դիմանանք հանձնվելու, ամեն ինչ չափազանց պարզեցնելու կամ մեր մտքերը թվացյալ հակառակորդներին վերագրելու գայթակղությանը։ Իր դասական «Thought as a System» (բռց․՝ «Մտածողությունը որպես համակարգ», 1992) աշխատությունում ամերիկացի ֆիզիկոս և փիլիսոփա Դեյվիդ Բոմն այդ մարտահրավերն առաջադրում է այսպես․
«Մտածողության մեջ համընդհանուր, լռելյայն ենթադրությունն այն է, թե վերջինս պարզապես քեզ ասում է՝ ինչպիսինն է իրավիճակը, և ինքը որևէ բան չի անում․ ասում է՝ «դու» այնտեղ ես՝ ներսում, դու ես որոշում՝ ինչ անել տեղեկության հետ։ Սակայն ուզում եմ նշել, որ դու չես որոշում՝ ինչ անել տեղեկության հետ։ Տեղեկությունն է վերահսկողությունը վերցնում իր ձեռքը։ Այն ղեկավարում է քեզ։ Մտածողությունն է ղեկավարում քեզ։ Մտածողությունը, սակայն, տալիս է կեղծ տեղեկություն, թե դու ես այն ղեկավարում, թե դու ես նա, ով վերահսկում է մտածողությունը, մինչդեռ իրականում մտածողությունն է, որ վերահսկում է մեզանից յուրաքանչյուրին»:
Բոմն ակնարկում է, թե մեզ անհրաժեշտ է գտնել նոր դիտակետ մի դիրքից՝ դուրս բոլոր այն փաստերի, ասոցիացիաների և լեզվական ձևերի համակարգից, որոնք ձևավորում են մեր պատկերացումը տեղի ունեցողի մասին։ Այդպիսի լուսավոր դիտակետը ճիշտ կենտրոնացման ձեռքբերումը կլինի, իսկ դրան հասնելու արագ ճանապարհ չկա։ Այսօր մեր մտածողության մարտահրավերի էությունը հենց դա է․ աշխարհում կան տարբեր տեսակի խնդիրներ, որոնք այնուամենայնիվ խորապես փոխկապակցված են՝ հուզական և էկոլոգիական, հոգեբանական և քաղաքական, հոգևոր և համակարգային։ Սակայն ճանաչելու և գործելու մեր եղանակները մնում են մասնատված և տարանջատված։
Եթե մենք չկարողանանք սովորել ավելի լավ կենտրոնանալ, ապա չենք ունենա որևէ հնարավորություն ընկալելու, մտածելու, խոսելու և որոշելու այնպիսի եղանակներով, որ պահանջվում են մեզնից 21-րդ դարում։ Անհույս կլինի, եթե դիտարկենք յուրաքանչյուր խնդիր որպես առանձին մի հարց՝ մեկուսացած փորձագիտական նեղ շրջանակում։ Ալբերտ Էնշտեյնն իրավացի էր, երբ ասում էր՝ չենք կարող լուծել մեր խնդիրներն այն նույն մտածողությամբ, որով դրանք առաջացել են, սակայն ժամանակակից աշխարհում իսկապես նոր մտածողությունը պահանջում է կենտրոնացման վերաիմաստավորում:
* (թարգմանչի կողմից) ֆիանկետտո (fianchetto) — շախտամատային թագուհու կամ արքայի թևերից մեկում զարգացող փիղ։Ծանոթագրություն
Ջոնաթան Ռոուսոնը լոնդոնյան Perspectiva հետազոտական ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նա «The Moves that Matter: A Chess Grandmaster on the Game of Life» (2019) գրքի հեղինակն է:
Թարգմանիչ՝ Երվանդ Հարությունյան (Yervand Harutyunyan), խմբագիր՝ Անահիտ Մարտիրոսյան (Anahit Martirosyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։








