Վերլուծական ֆորում Պատմություն Պարսկաստանի 5 ներդրումները ժամանակակից աշխարհում

Պարսկաստանի 5 ներդրումները ժամանակակից աշխարհում

Պարսկաստանի 5 ներդրումները ժամանակակից աշխարհում

Լանդշաֆտային այգիներից մինչև ճանապարհային համակարգեր` պարսիկները առաջիններից էին, որ ստեղծեցին մեր կողմից մինչ օրս օգտագործվող շատ հարմարություններ։

Հիմնական մտքեր
  • Պարսկական կայսրությունը հաճախ ներկայացվել է բացասական լույսի ներքո հույն պատմիչների կողմից և անտեսվել պատմության եվրակենտրոն ընկալումների պատճառով։
  • Սակայն պարսիկները աշխարհին շատ բան են տվել՝ փոստային ծառայություն, ճանապարհային ցանց, արդյունավետ գործող պետական համակարգ և նույնիսկ պարտեզներ։
  • Մենք սովորաբար ավելի շատ ուշադրություն ենք դարձնում Պարսկաստանից հետո եկած գերտերություններին՝ Հռոմեական կայսրությանը և իսլամական խալիֆայություններին, սակայն դրանք պարսկական հնարամտության ժառանգորդներն էին։

Հաճախ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները։ Սակայն, հին աշխարհին ետ նայելով, ավելի ճիշտ կլինի ասել, որ պատմությունը գրում են պատմիչները։ Թեև Չինաստանը նույնպես լուրջ հավակնություն ունի, շատերը հին Հունաստանն են համարում պատմագիտության ծննդավայրը։ Հերոդոտոսի և Թուկիդիդեսի աշխատություններում մենք տեսնում ենք պատմական մեթոդի սկզբնավորումը՝ իրադարձությունները գրանցելու համեմատաբար վստահելի փորձ, այլ ոչ թե կիսապատմական երևակայական հորինվածքներ՝ կախարդական արարածների, ձանձրացած աստվածների և տեղական հերոսների մասին։ Իսկ ինչպե՞ս էին հույներն օգտագործում իրենց պատմությունները։ Հիմնականում՝ իրենց թշնամիներին զրպարտելու համար։ Հունական «պատմության» մեջ Պարսկական կայսրությունը ներկայացվում է որպես բարոյապես քայքայված, ապականված և շքեղության մեջ խեղդված բռնապետների աշխարհ, որի միակ նպատակը բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին սպանելն ու ստրկացնելն էր։

Պարսկական կայսրության այս վարկաբեկումը շարունակվեց եվրակենտրոն կրթության երկու հազարամյակների ընթացքում՝ դառնալով «վիգյան» պատմություն, որն անցնում էր Հունաստանից դեպի Հռոմ, ապա` ասպետներին, Բրիտանիային և վերջապես Ամերիկային: Մեկ այլ խնդիր էր այն, որ երբ պատմաբանները հասկացան, որ «աշխարհի մնացած մասը» նույնպես կարող է առնվազն ինչ-որ բան առաջարկել, Պարսկաստանի ուսումնասիրությունը տուժեց՝ արևմտյան հաստատություններին հասանելի առաջնային աղբյուրների պակասից։ Պարսկերեն թարգմանությունները շատ քիչ էին (էլ չասած թարգմանելու ենթակա տեքստերի մասին)։ Նույնիսկ այսօր Amazon-ում կա ավելի քան 20․000 գիրք հին Հունաստանի և հին Հռոմի մասին։ Պարսկաստանը նույնիսկ իր առանձին բաժինը չունի։

Այնուամենայնիվ, պարսիկները աշխարհի մեծագույն քաղաքակրթություններից մեկն էին։ Եթե խոսեք ցանկացած իրանցու հետ, նա լուռ չի մնա Պարսկաստանի՝ աշխարհում ունեցած ներդրումների մասին։ Այսօրվա Իրանն իր ինքնատիպությամբ ու հպարտությամբ, մասամբ պարտական է պարսկաստան կայսրության երբեմնի փառքին։

Այսպիսով, ի՞նչ տվեց աշխարհին Պարսկական կայսրությունը, որը ժամանակին ներառում էր ներկայիս Իրանը, Եգիպտոսը, Թուրքիան, ինչպես նաև Աֆղանստանի ու Պակիստանի որոշ հատվածներ: Ահա հինգ բան, որ պարսիկներն արել են մեզ համար։

Բոլոր ճանապարհները տանում են Պերսեպոլիս

Ճանապարհները շատ հին պատմություն ունեն։ Եգիպտոսը և Շումերը ունեին ճանապարհներ։ Ի՞նչ խոսք, հավանաբար հենց ամենաառաջին բնակավայրերն էլ ինչ-որ սալաքարերով ճանապարհանման բաներ շինել: Սակայն պարսիկներն էին, որ ստեղծեցին Արքայական ճանապարհը։ Աքեմենյանների արքայատոհմի օրոք (մ.թ.ա. 550–330 թթ.) նրանք կառուցեցին ավելի քան 2․500 կիլոմետր երկարությամբ ճանապարհային ցանց` իրենց ծայրամասային գավառներից մինչև կյանքով լի մայրաքաղաք՝ Պերսեպոլիս։ Հռոմեացիները, որոնք հայտնի են իրենց ճանապարհներով, սովորել և օրինակ են վերցրել հենց պարսիկներից: Նման ցանցն անհրաժեշտ էր կազմակերպված, արդյունավետ և ինտեգրված կայսրության համար: Առանց լավ ճանապարհների՝ շատ «կայսրություններ» պարզապես միմյանցից անջատ և ժամանակավորապես հնազանդեցված վասալների հավաքածու են։

Հեշտ է, եթե փորձես. սատրապություններ

Պարսկաստանի համար ճանապարհներն այդքան կարևոր էին կայսրության խիստ հավակնոտ նպատակների պատճառով։ Պարսկաստանը պարզապես ռազմական կայսրություն չէր, որը կառավարվում էր սրով․ այն միավորված, կենտրոնացված տերություն էր՝ կշռադատված բյուրոկրատիայով և գործող քաղաքական ենթակառուցվածքով։ Այս ամենը կառավարվում էր «սատրապությունների» համակարգի միջոցով։ 

Սատրապը տեղական կառավարիչ էր, որը նշանակվում էր կայսեր կողմից և ստանում էր տարածաշրջանային որոշակի ազատություններ՝ անելու այն, ինչ լավագույնն էր տվյալ տարածքի համար, այնքան ժամանակ, քանի դեռ դա ծառայում էր կայսրության բարօրությանը։ Կայսրության ավելի քան 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում կար մոտավորապես 20 սատրապություն: Սա իշխանության ամբողջական փոխանցում չէր (այսինքն՝ «արա՛ ինչ ուզում ես, միայն հարկերդ վճարի՛ր» սկզբունքով), այլ փախարենը տալիս էր վարչական այն «ոսկե միջինը», որը թույլ էր տալիս իրականացնել արդյունավետ կառավարում՝ պահպանելով կանոնավոր վերահսկողություն։ Հենց սատրապությունների համակարգի շնորհիվ է, որ Պարսկաստանը հաճախ համարվում է պատմության մեջ առաջին «պետությունը»։

Նամակներ Դարեհին

Պարսիկները ստեղծեցին «Չափար Խանե» կոչվող առաջին պաշտոնական և արդյունավետ փոստային համակարգը։ Եգիպտացիներն ու ասորիներն ունեին գրավոր խոսք և սուրհանդակային ծառայություններ, բայց միայն Դարեհ I-ի օրոք (մ.թ.ա. 548-486 թթ.) աշխարհն ստացավ փոխանցումային համակարգերի և փոստային տների իր առաջին ցանցը: Ծանրոցներ տեղափոխող պարսիկ փոստատարը հեծնում էր իր ձին և սլանում այնքան, մինչև այն ուժասպառ լիներ, ապա փոխակայանում (դրանք միմյանցից մոտավորապես մեկ օրվա հեռավորության վրա էին) նոր ձի վերցնում։ Թզով և լավաշով կարճ նախաճաշից հետո, մինչ կհասցնեիք «անուշ» ասել, նա, նոր ձին հեծնած, կրկին սլանում իր ճանապարհով։ Այս ամբողջ համակարգը շատ ավելի արագ, ավելի անվտանգ և ավելի արդյունավետ էր, քան դրանից առաջ գոյություն ունեցած ցանկացած փոստային ծառայություն։

Հանդուրժողականությունը Պարսկական կայսրությունում

Աքեմենյանների մեծ կայսրերի իշխանության օրոք նվաճված ժողովուրդներին թույլատրվում էր պահպանել իրենց հավատքն ու կրոնական սովորույթները, քանի դեռ դրանք չէին խաթարում կայսրության կայունությունը։ Պարսկական կայսրությունը երեք մայրցամաքների վրա տարածվող բազմազգ դաշնություն էր՝ կազմված տարբեր ցեղերից, էթնիկ խմբերից ու կրոնական ինքնություններից: Միանգամայն ընդունելի էր, որ հրեան, մանիքեցին կամ զրադաշտականը միասին աստվածաբանություն քննարկեին մշակութային խառնարան հանդիսացող Պերսեպոլիսում: (Զրադաշտականությունը Պարսկաստանի պաշտոնական պետական կրոնն էր և, ունենալով շուրջ 4000 տարվա պատմություն, հավանաբար աշխարհի ամենահին միաստվածային կրոններից մեկն է։)

Սրա արդյունքում պարսկական քաղաքները դարձան գիտական, փիլիսոփայական և տեխնոլոգիական մեծ նորարարությունների աղբյուր: Պարսիկներից առաջ եղած կայսրությունները, ինչպիսիք էին եգիպտացիներինն ու ասորեստանցիներինը, ստիպում էին ժողովուրդներին խոնարհվել իրենց աստվածներին և ընդունել իրենց ապրելակերպը:  Աստվածաշնչում արձանագրված է, որ բաբելոնացիները հրեաներին ստիպում էին դադարեցնել իրենց երկրպագությունը: Պարսիկներն առաջին լուրջ հավակնորդներն են մի կոչման, որ այնքան մոտ էր «հանդուրժողական» լինելուն, որքան հնարավոր էր հին աշխարհում։

Կանաչ տարածքներ և խորոված

Այն փաստը, որ այսօր շատ տներ ունեն պարտեզ կամ բակ, հավանաբար մեծապես կապված է պարսիկների հետ։ Եգիպտացիներն ունեին հիասքանչ օազիսներ, բաբելոնացիները՝ իրենց Կախովի այգիները, բայց պարսիկներն էին, որ պարտեզները դարձրին լայնորեն տարածված երևույթ։ Պարսիկները այգին համարում էին «երկրային դրախտ», և յուրաքանչյուր ոք, ով կարող էր իրեն թույլ տալ, վարձում էր լանդշաֆտային ճարտարապետր կամ այգեգործ, որպեսզի իր տան տեսադաշտում միշտ լինի կանաչ, գեղեցիկ և խնամված միջավայր։ Հերոդոտոսի «Պատմության» համաձայն՝ կայսր Քսերքսես I-ը նույնիսկ ուներ «բոլոր տեսակի պտղատու ծառերից կազմված այգի»։

Պարսկական պարտեզները, որոնք հայտնի էին որպես «Չահար Բաղ», սովորաբար աչքի էին ընկնում բուսականության մեծ բազմազանությամբ և հոսող ջրային կառույցներով։ Դրանք ծառայում էին ոչ միայն հանգստի, այլև խորհրդածության, քննարկումների և գործնական հանդիպումների համար։ Իսպանիայի Ալ-Անդալուսի իսլամական այգին և Հնդկաստանի Մուղալյան այգին հիմնված էին պարսկական պարտեզների վրա: Միևնույն ժամանակ, հռոմեացի պետական գործիչ Լուկուլլոսը դիվանագիտական մի առաքելության ընթացքում ներկայիս Թուրքիայի տարածքում,սեփական աչքերով տեսավ այդ այգիները։ Վերադառնալով Հռոմ՝ նա իր հետ բերեց պարսկական մշակույթի մի մասը՝ ստեղծելով «Լուկուլլոսի այգիները»։ Դրանք մեծ տարածում գտան ամբողջ Հռոմեական կայսրությունում և, ի վերջո, նվաճեցին եվրոպացիների սրտերը։

Պարսկական՝ այլ անունով

Պարսկաստանը աշխարհին շատ բան է տվել` լինելով աշխարհի կենտրոնը կես հազարամյակ շարունակ։ Այն առաջին կայսրություններից էր, որն իսկապես մեծ հավակնություն ուներ՝ մեկ պետության ներքո միավորել բազմաթիվ ժողովուրդների։ Պարսկաստանը նաև առաջին կայսրություններից էր, որը գիտակցեց բազմազանության ու բազմամշակութայնության ուժը։ Այնուամենայնիվ, պատմական քննարկումներում Պարսկաստանը հաճախ շարունակում է մնալ ստվերում։ Շատ առումներով և ինչ-որ տեղ դառը հեգնանքով, դրա պատճառներից մեկը պարսկական նորարարությունների հաջողությունն էր։ Ճանապարհային ցանցերը, վարչական կենտրոնացված բյուրոկրատիան հետագայում ժառանգվեցին և յուրացվեցին այսօր ավելի շատ քննարկվող կայսրությունների կողմից, օրինակ՝ Հռոմեական կայսրության և Աբբասյան խալիֆայության։ Սակայն մենք չպետք է մոռանանք Պարսկաստանը. հենց այդտեղից է սկսվել ժամանակակից քաղաքակրթությունը։

Այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Big Think-ում 2023 թվականի մարտին։ Այն թարմացվել է 2026 թվականի ապրիլին։

Ջոնի Թոմսոն

Ջոնի Թոմսոնը Mini Philosophy հարթակի հիմնադիրն է՝ շուրջ երկու միլիոն հետաքրքրասեր և խելացի ընթերցողներից բաղկացած համայնքով։ Նա հայտնի է ամբողջ աշխարհում փիլիսոփայությունը հասանելի, ընկալելի և հետաքրքիր դարձնելու համար։

Բնօրինակի հեղինակ՝ Jonny Thomson, Big Think

Թարգմանիչ՝ Էլեն Ալավերդյան (Elen Alaverdyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։