Վերլուծական ֆորում Իրավունք Ռասի՞զմ, թե՞ մարդկային ռասա

Ռասի՞զմ, թե՞ մարդկային ռասա

Ռասի՞զմ, թե՞ մարդկային ռասա: Ինչպես սոցիալական մի հասկացություն բաժանեց աշխարհը

Պատմության մեջ առաջին անգամ որտե՞ղ է հայտնվել ռասայի գաղափարը: Որո՞նք են մարդկանց ըստ ռասայական կատեգորիաների դասակարգելու հետևանքները:

«Ռասիզմը սպառնալիք է Ամերիկայի գոյության համար», — գրում է Թեոդոր Ռ․ Ջոնսոնը «When the Stars Begin to Fall» գրքում՝ հուզիչ կոչ ուղղելով իր հայրենիքին՝ հաղթահարելու ռասայական նախապաշարմունքը։

Նա մենակ չէ իր մտահոգության մեջ: Ռասան, ռասիզմը, ռասայականացումը և ռասիստական լեզուն ու վերաբերմունքը շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Միավորված ազգերի կազմակերպությունն արդեն երկար ժամանակ  պայքարում է բնակչության տարբեր խմբերի վրա ազդող այս չարիքի դեմ: Վերջերս Աֆրիկյան ծագում ունեցող ժողովուրդների միջազգային տասնամյակն էր (2015–2024), որի նպատակն էր ոչ միայն խթանել աֆրիկյան ժառանգությունը կրող միլիոնավոր մարդկանց ճանաչումն ու զարգացումը, այլև ապահովել արդարություն՝ նրանց դեմ ուղղված ռասայական խտրականության պայմաններում։ Գլխավոր ասամբլեայի այս նախաձեռնությունը, սակայն,ն ընդգծում է երկարատև ու բարդ խնդրի միայն մեկ կողմը։

Ինչպե՞ս հասանք այն կետին, երբ ռասայական հակամարտությունը դարձել է գոյաբանական գլոբալ վտանգի լուրջ շարժիչ գործոններից մեկը։ Արդյոք գոյություն ունե՞ն լուծումներ։ Որտեղի՞ց է ծագում ռասայի գաղափարը։ Արդյո՞ք դա ժամանակակից հասկացություն է, ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ։ Եվ ի՞նչ է նշանակում մարդուն դասակարգել «ռասա» կոչվող կատեգորիայի մեջ։

«Մինչև 17-րդ դարը մարդիկ չէին էլ մտածում, թե պատկանում են «սպիտակ ռասա» կոչվող ինչ-որ բանի: Բայց երբ գաղափարը ձևավորվեց, այն արագ սկսեց վերափոխել ժամանակակից աշխարհը»։

 

— Ռոբերտ Պ․ Բերդ, «The Invention of Whiteness: The Long History of a Dangerous Idea»։

Անկասկած, Ամերիկա աշխարհամասի և կայսերական Եվրոպայի պատմության նկատմամբ (մի դեպքում՝ ստրկության ամոթալի բաղադրիչով, մյուս դեպքում՝ գաղութատիրության դարաշրջանի) կանխատեսելի արձագանքը մեր օրերում ռասայի հարցը մղել է առաջին պլան։ 

Կա «ռասա» հասկացությունը, որի մասին խոսում է 15-րդ դարի եվրոպական պատմությունը, կա «ռասա» հասկացությունը, որ փորձում էր սահմանել 18-րդ և 19-րդ դարերի գիտությունը, և կա «ռասան», որը բացահայտել է Մարդու գենոմի նախագիծը (Human Genome Project)։

Տարօրինակ է թվում պնդել, թե ռասայի գաղափարն այդքան ուշ է հայտնվել պատմության մեջ։ Ի՞նչ կասեք հին աշխարհի մասին։ Մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը այցելել է մի շարք երկրներ և նկարագրել դրանք ու դրանց բնակիչներին։ Բայց ռասայի գաղափարը, ինչպես մենք ենք այսօր հասկանում այդ տերմինը, այնտեղ առկա չէր։ Չնայած հունական մշակույթն ընդունում էր մարդկանց ֆիզիկական տարբերությունները, դրանք երբեք հիմք չէին եղել ռասայական բաժանման համար։ Հույները պարզապես մարդկանց դասակարգում էին՝ որպես հունական մշակույթի կրողներ կամ չկրողներ (այսինքն՝ հույներ կամ բարբարոսներ)։ Դա սոցիալական բաժանում էր՝ մշակութային հիմքով։ Ստրկությունը լայն տարածում ուներ հին աշխարհում,  բայց կրկին հիմնված չէր ռասայի վրա։

Հորեմհեբ XVIII-ի դամբարանից կրաքարե բարձրաքանդակ, որը պատկերում է հին Եգիպտոսի ստրկավաճառական շուկայում իրենց հերթին սպասող նուբիացի գերիների մոտավորապես մ.թ.ա. 1332–1333 թթ. (Բոլոնիայի թանգարան)։ Հեղինակ՝ Մայք Նելլ, CC BY-SA 2.0 արտոնագրով, Wikimedia Commons։

Մաշկի գույնով պայմանավորված ռասայական բաժանումը, կարծես, սկսվել է ուշ միջնադարյան Պորտուգալիայում ժամանակագիր Գոմեշ Զուրարայի կողմից, որ միաժամանակ քրիստոնեական տարածմամբ զբաղվող զինվորական միաբանության հրամանատար էր։ 1452 թ․-ին նրան հանձնարարել էին գրել գիրք իր տիրոջ՝ Հենրի Ծովագնացի կողմից Արևմտյան Աֆրիկայում իրականացված ստրկավաճառության մասին։ Այնտեղի գերիներին նա դասակարգել էր ըստ գունային տարբերությունների՝ «բավական սպիտակ», «պակաս սպիտակ, ինչպես մուլատները» և «սև, ինչպես եթովպացիները»՝ իր պատկերացումներին համապատախանող գեղեցկության նվազման կարգով։ Նա բոլորին համարում էր անհավատներ և «դժբախտ ցեղ», թեև նշում էր, որ «նրանք ևս Ադամի որդիների սերնդից են», այսինքն՝ լիարժեք մարդիկ են, բայց քրիստոնեացման կարիք ունեցող։ Զուրարայի այդ նկարագրությունները և պորտուգալական ստրկավաճառության՝ որպես առևտրային և քրիստոնեական առաքելության արդարացումը, հետագայում Ամերիկա աշխարհամասում գաղութատիրական ձեռնարկումների նախադրյալ դարձան ֆրանսիացիների, իսպանացիների և բրիտանացիների այլոց համար։

Մի քանի տասնամյակ անց Իսպանիայից հրեաների և մահմեդական մավրերի վտարումը ևս խորացրեց ռասայական ընկալումները եվրոպացիների գիտակցության մեջ։ Չնայած հրեաներին ու մավրերին կաթոլիկ դարձնելու փորձերն ի սկզբանե բարեհաջող էին, իրավիճակը փոխվեց, երբ converso-ներին՝ դարձի եկածներին, սկսեցին մեղադրել իրենց նախնական հավատին գաղտնի հետևելու մեջ։ Այդ հավատքը, այսպես ասած, իբր թե նրանց «արյան մեջ էր»։

Ավստրալացի գիտնական Ադամ Հոխմանի խոսքերով՝ «հրեաներն ու մավրերը համարվում էին անփոփոխ raza՝ ռասաներ (թեև ուրիշ ոչ ոք այդ պիտակը չի ստացել), և ոչ մի մկրտության ջուր չէր կարող դա փոխել։ Ռասայի գաղափարը ժամանակակից չէ, այլ ուշ միջնադարյան»։

««Ռասա» տերմինը, որը հազվադեպ էր օգտագործվում մինչև 1500-ականները, կիրառվում էր այն խմբերի նույնականացման համար, որոնք կապ ունեին արյունակցությամբ կամ խմբային պատկանելությամբ։ «Ռասա» եզրույթի ժամանակակից օգտագործումը մարդու կողմից ստեղծված հասկացություն է, որը նշանակում է է մարդկանց խմբերի բաժանել ֆիզիկական հատկանիշներով, արտաքին տեսքով կամ բնութագրով»։

 

— Դեյվիդ Ռ. Ռոեդիգեր, «Historical Foundations of Race»

Գիտության վաղ շրջանի ուսումնասիրություները

Ինչպես շարունակում էր պնդել Հոխմանը, իրավիճակը փոխվեցնոր ժամանակների և  գիտական բացատրությունների առաջ գալով։ Այդպիսով, ռասան՝ որպես գիտական հասկացություն, համարվում է ժամանակակից երևույթ։ 1684 թ․ Ֆրանսուա Բեռնյեն արդեն կարող էր մարդկությունը դասակարգել ըստ ռասաների։ Իր «New Division of the Earth» աշխատությունում, ինչպես գրում է Հոխմանը, Բեռնյեն նկարագրում է չորս «տիպեր կամ ռասաներ», որոնք մոտավորապես հետևյալն են՝ սպիտակներ (այդ թվում՝ եգիպտացիներ, բնիկ ամերիկացիներ և հնդիկներ, որոնց նա համարում էր պարզապես «արևահարված»), սևամորթներ (Սահարայից հարավ գտնվող Աֆրիկա), ասիացիներ (Մոսկովիայից մինչև Ֆիլիպիններ ընկած հատվածի բոլոր մարդիկ), և Սաամի ժողովուրդ (որի մասին նա, ինչպես խոստովանում է, այնքան էլ շատ բան չգիտի)։

Հոխմանի խոսքով՝ «մինչդեռ 15-րդ դարի իսպանացիները հրեաներին և մավրերին ներկայացնում էին իբրև առանձին ռասա, որ շատ հաճախ արտաքինով գրեթե չէին տարբերվում հին [իսպանացի] քրիստոնյաներից, Բեռնեյը հիմնականում կենտրոնանում էր ֆիզիկական տարբերությունների վրա՝ մաշկի գույն, մազերի կառուցվածք և այլն»։

Ռասայական այսպիսի շերտավորմանը գիտական հիմնավորում տալու արդեն անհանգստացնող փորձը վտանգավոր շրջադարձ կատարեց 1739 թ․ Ֆրանսիայում, երբ Բորդոյի գիտությունների թագավորական ակադեմիան հավաքվեց՝ քննարկելու 1741 թվականի մրցույթի տարեկան թեման։ Նրանք կոչ արեցին ներկայացնել աշխատություններ, որոնք կբացատրեին աֆրիկացիների մաշկի գույնի և մազերի կառուցվածքի պատճառները, ինչպես նաև այն ենթադրյալ շեղումը, որը ընկած էր այդ հատկանիշների հիմքում։ Սա սևամորթության ծագման ուսումնասիրություն էր՝ կազմակերպված սպիտակամորթ մարդկանց մի խմբի կողմից նավահանգստային մի քաղաքում, որը ներգրավված էր Ֆրանսիայի, Աֆրիկայի և Վեստ Ինդիայի կղզիների՝ Մարտինիկայի, Գվադելուպեի և հատկապես Սեն Դոմենգի (այսօրվա Հայիթի) միջև իրականացվող ստրկավաճառության մեջ։

Մրցույթի մասնակիցները տարբեր տեսակետներ էին առաջարկում՝ բացատրելու, թե ինչու են աֆրիկացիները սևամորթ։ Գիտնականներ Հենրի Լուիս Գեյթս կրտսերը և Անդրյու Քարրանն ընդգծում են, որ «բացի կլիմայական և աստվածաշնչյան բացատրություններից, Բորդոյի ակադեմիայի անդամները նաև լսել էին աֆրիկացիներին վերաբերող նոր գիտական հայտնագործությունների և տեսությունների մասին․ անատոմիստները գաղութներից ուղարկում էին ստրուկների դիահերձման վերաբերյալ զեկույցներ, բնագետները ներկայացնում էին մարդու մուտացիաների աշխարհիկ պատմություններ, իսկ դասակարգման կողմնակիցները սկսել էին առաջարկել մարդկային տարբեր խմբերի առաջին ռասայական բաժանումները»։

«Ռասայի, ծագման և ֆենոտիպի մեր խճճված հասկացողողությունը բոլորս այս կամ այն չափով ժառանգել ենք Լուսավորության դարաշրջանից»։


— Հենրի Լուիս Գեյթս կրտսեր և Անդրյու Ս. Քարրան, «We need a New Language for Talking about Race» 

Բորդոյի գիտական հասարակության գործունեության հիմքում գտնվում էր ստրկության հարցը, որը ֆինանսական հետաքրքրություն էր շարժում առևտրող զբաղվող մի շարք անդամների համար։ Նրանց ձեռնտու էր հրապարակել այնպիսի գիտական «փաստարկներ», որոնք ապամարդկայնացնումում էին ստրուկներին, թեև հետագայում այդ վաճառականներըհոգ էին տանում այն մասին, որ այդ ստրուկները դեպի Վեստ Ինդիա ճանապարհին չմահանան հիվանդություններից (ոչ թե մարդասիրական նկատառումներից ելնելով, այլ որպես իրենց ներդրումները պաշտպանելու միջոց)։ Զարմանալի չէ, որ սևամորթության բացատրությունը մեծ մասամբ բացասական բնույթ ուներ։ Ստրուկները համարվում էին ցածրակարգ արարածներ՝ սպիտակ եվրոպացիների համեմատ։ Նրանք պարզապես դիտվում էին որպես անվճար աշխատուժ հաջողության հասնելու համար։

Կեղծ գիտության սկիզբը 

Բորդոյի թագավորական ակադեմիայի մրցույթից 50 տարի անց Վիեննայում  ծագեց  ֆրենոլոգիան կամ գանգագիտությունը։ Այն համարվում է  պսևդոգիտություն, քանի որ, ինչպես շուտով կհամոզվեք, վերջինս հիմնված չէր ստույգ գաղափարների վրա։ Ըստ գանգագիտության բառարանային սահմանման՝ այն «գանգի ձևի և չափի մանրամասն ուսումնասիրությունն է՝  որպես բնավորության և մտավոր կարողությունների ցուցչի»։ Դա ենթադրում էր գանգերի (ինչպես նաև գանգերի գիպսե ձևանմուշների) հավաքագրում աշխարհի տարբեր կետերից՝ ուսումնասիրության և չափման նպատակով։ Կար համոզմունք, որ ուղեղը մարդու մտածողության օրգանն է, և որ գանգի ոսկրերը, ուղեղն ու բնավորությունը կապ ունեն․ «Phren» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «միտք»։

Վիկտորիանական դարաշրջանում այդ պսևդոգիտությունը լայն տարածում գտավ։ Ըստ գիտության պատմաբան Ջեյմս Փոսքեթի՝ «19-րդ դարի կեսերին ֆրենոլոգներն արդեն նպատակաուղղված կերպով իրենց աշխատանքը ներկայացնում էին որպես գիտական միջազգային շարժման մաս։ Գանգագիտական աշխատություններըը ժամանակի ամենաշատ վաճառվող գրքերն էին դարձել»։ Փոսքեթը նշում է, որ մինչև 1900 թ․ թեմայի շուրջ կարևորագույն աշխատություններից մեկը՝ Ջորջ Քոմբի «The Constitution of Man» գիրքը (1828) վաճառվել էր 300․000 օրինակով՝ վեց անգամ ավելի, քան Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» (1859) գիրքը։

Գանգագիտությունը, ինչպես շատ այլ գաղափարներ, որոնք վերածվում են օրինաչափությունների, ներթափանցեց կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Քանի որ այն հիմնված էր մի համոզման վրա, թե կարելի է մարդու բնավորությունը որոշել գանգի ձևով և չափերով, վերջինս, ի թիվս այլ բաների, ազդեցություն ունեցավ քաղաքականության, բանտային համակարգի բարեփոխումների, ռասայական ուսումնասիրությունների և ստրկության վերաբերյալ մոտեցումների վրա։

Քոմբը Նյու Յորքում հանդես եկավ մի դասախոսությամբ, որտեղ ներկայացրեց տարբեր գանգեր։ Փոսքեթի փոխանցմամբ՝ նա «հրավիրում էր լսարանին՝ համեմատելու նեգրերի և հյուսիսամերիկյան հնդկացիների գլուխները»։ Քոմբն ասում էր լսարանին, որ հենց գանգագիտությունն է լավագույնս բացատրում մարդկության տարբեր «ռասաների» պատմությունը։ Նա, ցուցադրելով հնդկացու գանգ, մատնանշում էր, որ «հնդկացին ավելի շատ հակված է կործանման, քան թե զգուշավորության և բարեսրտության»: Դրանով էր բացատրվում՝ ինչու հնդկացիներին հնարավոր չէր ստրկացնել։ Քոմբի խոսքերով՝ «նա պահպանել է իր ազատությունը՝ լինելով հպարտ, անսանձելի ու կործանարար բարբարոս, ինչն էլ ցույց է տալիս գանգի կառուցվածքը»։ Ի հակադրություն՝ «նեգրն ավելի մեղմ բնավորություն ունի», ուստի ավելի հեշտ է նրան ենթարկեցնել։ Քոմբը եզրափակում էր խոսքը՝ համեմատելով հնդկացիների և աֆրիկացիների գանգերն ու պնդելով, որ «եթե նեգրերն ունենային գանգային նույն կառուցվածքը, ապա նրանց օգտակար ստրուկներ դարձնելը պարզապես անհնար կլիներ»։ Այսպիսով, գանգագիտությունը ոչ միայն բացատրում էր, այլ նաև արդարացնում ու խորացնում էր ռասայական բաժանումները։

Այս կեղծ գիտության խորքում կարևոր դեր ունեին իմպերիալիզմը և գաղութատիրությունը։ Օրինակ՝ արտասահմանում տեղակայված բրիտանացի սպաները հավաքում էին գանգեր՝ ուղարկելով Էդինբուրգի գանգագիտական ընկերություն՝ պարտված ժողովուրդների բնավորությունը վերլուծելու համար։ Իհարկե, դա հաճախ  հանգեցնում էր նաև վիրավորական բնութագրերի՝ տվյալ նմուշների վերաբերյալ։

«Գանգագիտությունն ինչպես հոգևոր, այնպես էլ ռասայական գիտություն էր»։


— Ջեյմս Փոսքեթ, «Materials of the Mind: Phrenology, Race and the Global History of Science» , 1815–1920

Աֆրիկյան զարգացած մշակույթը

Տարբերվող մարդկանց ստորադաս կարգավիճակ վերագրելը մարդկային բնության արձագանքն է «Այլ»՝ իրենից տարբերվող անհատներին։ Մենք փոքրացնում ենք մեր խմբին չպատկանողներին՝ ինքներս մեզ բարձրացնելու համար։ Սա տեղի է ունենում ինչպես անհատների, այնպես էլ ժողովուրդների, ցեղերի ու խմբերի ներսում:

Յորուբա ցեղի պղնձե դիմակ՝ թագավոր Օբալուֆոն II-ի համար (մոտ 1300 թ․)։ Հայտնաբերվել է Նիգերիայի Իֆե քաղաքում և ներկայում պահվում է Իֆեի հնագիտական թանգարանում։ Աղբյուր՝ WaynaQhapaq, հանրային սեփականություն, Wikimedia Commons։

Ֆրենկ Վիլլեթը Նիգերիայի հարավում գտնվող Իֆե քանդակների փորձագետ էր։ Դպրոցական տարիքում ինձ մի անգամ բախտ վիճակվեց նրա հետ բախտ այցելելու իր ալմա մատեր։ Նա բերել էր 14–15-րդ դարերին թվագրվող, պղնձե խառնուրդից պատրաստված քանդակների օրինակներ, որոնք վերագտնվել էին 1938 թվականից սկսած։ Դրանք այնքան գեղեցիկ և տեխնոլոգիապես զարգացած էին, որ սպիտակամորթ գիտնականները հայտարարեցին, թե այդպիսի արվեստ չէր կարող ստեղծվել տեղական Յորուբա ժողովրդի կողմից։ Խառնուրդը պետք է որ լիներ Կենտրոնական Եվրոպայից, Մավրիտանիայից, Բյուզանդական կայսրությունից կամ Մարոկկոյից։ Առաջին քանդակը հայտնաբերած հնագետը գերմանացի գիտնական  Լեո Ֆրոբենիուսն էր, որը 1900-ականների սկզբին առաջ էր քաշել աֆրիկյան Ատլանտիդայի տեսությունը։ Նա ենթադրում էր թե բոլորիս հայտնի հունական այդ կորուսյալ քաղաքակրթությունը հանդիսացել է աֆրիկյան մշակույթի և հասարակության կառուցվածքի հիմքը՝ կարծելով, որ Աֆրիկայում ժամանակին՝  մինչև եվրոպական գաղութատիրությունը, եղել է սպիտակ քաղաքակրթություն։ Ֆրոբենիուսն ասում էր, թե Ատլանտիդայի այդ իսկական, սպիտակ տերերը օգնել են աֆրիկացիներին՝ ձեռք բերել ռազմական ու քաղաքական ուժ, ապա «անհետացել են», և այդ պատճառով են տեղացի սևամորթներն անկում ապրել։ Այսօր, սակայն, հայտնի է դարձել, որ արևմտյան Աֆրիկայի բազմաթիվ այլ շրջաններում նույնպես զարգացած տեղական արվեստ կար դեռևս նախորդ դարերում։

Եվ այստեղ կրկին հնչում է եվրոպական գերազանցության ձայնը։

Աստվածաշնչյան թյուրըմբռնված հատվածը

Նույն ժամանակաշրջանում աշխարհիկ կրթությանը զուգահեռ տարածվում էր նույնքան  կողմնակալ կրոնական ուսուցումը։ Ամերիկացի սևամորթ ստրուկ մայրը, որ իր որդուն բացատրում էր, թե սևամորթները դատապարտված են ստրկության, քանի որ դա է Աստծո պատիժը Նոյի որդու՝ Համի վատ վարքի համար, վառ օրինակ է կեղծ ուսուցիչների ազդեցության և պատճառած վնասների մասին։ Քանի որ մայրը մեծացել էր այս վտանգավոր պատկերացման ազդեցության տակ, նա իր որդուն վստահեցնում էր, որ դա է Աստծո կամքը։ Իսկ երեխան չի կարողանում հասկանալ՝ ինչու է Աստված դա արել։ Իրականությունը այն է, անշուշտ, որ Աստված նման բան չի արել։ Մարդիկ են պատճառ  դարձել ռասիզմի առաջացման համար:

Աստվածաշնչյան բնագիր հատվածում ասվում է. «Նոյը, սթափվելով գինովությունից, իմացավ, թե իր նկատմամբ ի՛նչ է արել կրտսեր որդին, և ասաց. «Անիծյալ լինի Քանանը և ծառա՝ իր եղբայրներին»» (Ծննդոց 9:24–25)։

Այս հատվածը սպիտակամորթ կրոնական ուսուցիչներն օգտագործել են ստրկությունը արդարացնելու համար՝ հատկապես  Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Նրանց պնդմամբ Համի սերունդ հանդիսացող աֆրիկյան ժողովուրդները՝ քուշերը (հետագայում եթովպացիներ կամ նուբիացիներ) դատապարտված էին հավերժ ծառայության՝ Սեմի և Հաբեթի սերունդներին՝ սեմական և սպիտակ ժողովուրդներին։ Բայց ըստ աստվածաշնչյան բնագրի՝ անեծքը ուղղված է Քանանին, ոչ թե Համին։ Սակայն քանանացիները, բացի Լևանտից, չեն բնակվել Աֆրիկայում, և արտաքինապես նման չեն եղել թխամաշկ քուշերին։ Մենք դա տեսնում ենք տվյալ ժամանակաշրջանի եգիպտական արվեստում։

Եգիպտացի պաշտոնյա Խնումհոթեպ II-ի դամբարանի գեղանկարչական կոմպոզիցիա։ Նկարում պատկերված է արևմտյան Ասիայից (Քանանից և առհասարակ Լևանտից) եկած օտարերկրացիների խումբ, որը մոտավորապես մ.թ.ա. 1900 թ. այցելում է Խնումհոթեպին։ Նրանց առաջնորդը մակագրված է որպես Հիքսոս։ Ստորին հատվածում՝ բնօրինակ գեղանկարի ժամանակակից վերարտադրություն։ Վերին՝ A.D. Riddle, Brown University, Macquarie University (հանրային սեփականություն) Ստորին՝ NebMaatRa, CC BY-SA 3.0, Wikimedia Commons-ի միջոցով

Այս թյուրըմբռնումն ամբողջովին հակասում է Աստվածաշնչի սկզբում հնչող հայտարարությանը մարդկության ծագման մասին. «Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Ծննդոց 1:27)։ Այս ամենը մարդկային հավասարության և արդարության հիմնարար վկայությունն է։

 Այստեղ հստակ շեշտվում է, թե ամբողջ մարդկությունն ինչ է Աստծո հայացքում՝ նրա պատկերով ստեղծված զավակներ՝ արու և էգ։ Չկա խոսք ռասայի մասին, եթե միայն չհաշվենք մարդկային ռասան՝ ամբողջ մարդությունը միասին վերցված։ Աստվածաշնչի օգտագործումը՝ արդարացնելու այն գաղափարը, թե Աստված իբր թե առանձնահատուկ տեղ ունի սպիտակամորթ, եվրոպական ծագում ունեցող մարդկանց համար, մեղմ ասած, Սուրբ գրքի թյուր մեկնություն է։ Աստվածաշունչը ոչ մի տողով չի ակնարկում նման գաղափար։

Հետաքրքիր է, որ Սեմի որոշ սերունդներ՝ հին իսրայելացիները, ըստ աստվածաշնչյան օրենքի, պարտավոր էին հավասարությամբ վերաբերվել այն «օտարներին», որ ընտրել էին ապրել նրանց  մեջ։ Աստվածաշնչյան եբրայերենում՝ գեր (ger) նշանակում է՝ մշտական բնակություն հաստատած օտար, իսկ էզրախ (ezrach)՝ քաղաքացի։ Իսրայելացին, որ Եգիպտոսում օտար ու ստրկացած էր, պատվիրան ուներ հարգանքով ու սիրով վերաբերվելու իր երկրում բնակվող օտարականին․ «Եթե ձեր երկրում օտարական հաստատվի, նրան չնեղեք։ Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը» (Ղևտական, 19:33–34)։

«Եթե բավական շատ խորանանք անցյալում մեր տոհմածառերով, կտեսնենք, որ բոլորը նույնն են՝ մեկ ընդհանուր ծագմամբ։ … Ռասայի կենսաբանական պատկերացումները երկար ժամանակ օգտագործվել են միայն հալածումն արդարացնելու համար»։


— Քեթրին Փեյջ Հարդեն, «The Genetic Lottery: Why DNA Matters for Social Equality»

Սա վկայում է այն անփոփոխ ճշմարտության մասին, որն ընկած է յուրաքանչյուրի ծննդյան հիմքում: Անկախ տարբերություններից, մեզ միավորում է մի բան. մենք բոլորս ստեղծված ենք Աստծո պատկերով և արժանի ենք միմյանց հոգատարությանը։ Ինչպես ցույց է տալիս Մարդու գենոմի նախագիծը՝ մենք գենետիկորեն 99.9 տոկոսով նման ենք։ Ռասան սոցիալապես ձևավորված հասկացություն է, որը ավելի շատ բաժանում է, քան միավորում։ 

Հենց սյս սոցիալական հասկացությանն անդրադառնալով է գրող և լրագրող Թա-Նեհիսի Քոութսը գրում՝ «ռասան ռասիզմի զավակն է, ոչ թե հայրը» («Between the World and Me»

Իսկ Ադամ Հոխմանը հարց է բարձրացնում․ «Արդյոք սա նշանակո՞ւմ է արդյոք, որ պետք է ձգտենք հետռասայական աշխարհի։ Ո՛չ։ Մենք չենք կարող անցնել մի բանի կողքով, որն իրականում երբեք գոյություն չի ունեցել։ Մենք պետք է փոխարենը ձգտենք հետռասիստական հասարակության»։

Իրենց հերթին Գեյթսը և Քարրանը նշում են, որ ռասայական հարցերը քննարկելու համար պետք է նոր մոտեցում. «Հրատապ է, որ մենք ստեղծենք նոր լեզու՝ քննարկելու ինքնության, ծագման, պատմության և գիտության փոխհարաբերությունը։ ԴՆԹ-ի վերլուծությունը կարող է օգնել այդ լեզվի ձևավորմանը»։

Ահա այստեղ է, որ աստվածաշնչյան վկայության ճշգրիտ ընթերցումը՝ զուգակցված ժամանակակից գենետիկ տվյալների հետ, առաջարկում է ծառայել որպես հակաթույն ռասայական նախապաշարմունքների դեմ։

Գրականություն

  • Robert P. Baird, “The Invention of Whiteness: The Long History of a Dangerous Idea,” The Guardian (20 ապրիլի, 2021)
  • Ta-Nehisi Coates, Between the World and Me (2015)
  • Andrew S. Curran, The Anatomy of Blackness: Science and Slavery in an Age of Enlightenment (2011)
  • Henry Louis Gates Jr. & Andrew S. Curran, “We Need a New Language for Talking About Race,” New York Times (3 մարտի, 2022)
  • Henry Louis Gates Jr. & Andrew S. Curran (խմբ.), Who’s Black and Why? A Hidden Chapter From the Eighteenth-Century Invention of Race (2022)
  • Kathryn Paige Harden, The Genetic Lottery: Why DNA Matters for Social Equality (2021)
  • J. Daniel Hays, From Every People and Nation: A Biblical Theology of Race (2003)
  • Adam Hochman, “Is ‘Race’ Modern?” Aeon (12 մարտի, 2020)
    Theodore R. Johnson, When the Stars Begin to Fall: Overcoming Racism and Renewing the Promise of America (2021)
  • Ibram X. Kendi, Stamped From the Beginning: The Definitive History of Racist Ideas in America (2016)
  • Nell Irvin Painter, The History of White People (2010)
  • James Poskett, Materials of the Mind: Phrenology, Race and the Global History of Science, 1815–1920 (2019)
  • David R. Roediger, “Historical Foundations of Race,” Smithsonian National Museum of African American History and Culture
  • Gomes Eannes de Zurara, The Chronicle of the Discovery and Conquest of Guinea, Vol. 1, թարգմ. Charles Raymond Beazley & Edgar Prestage (1453, 1896)

Բնօրինակի հեղինակ՝ David Hulme, Vision


Թարգմանիչ՝  Քրիստինե Միսկարյան (Kristine Miskaryan), խմբագիր՝ Մանե Թովմասյան (Mane Tovmasyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։