Մեր ժամանակների ֆրանսիացի ամենահայտնի սոցիոլոգ և փիլիսոփա Էդգար Մորենի խորհերը՝ գիտելիքի նշանակության, պոետիկ ապրելակերպի, միասնության և բազմազանության մեծագույն արժեքների և մարդկային հասկացողության խնդիրների շուրջ:
Նյութը հրապարակվում է «Թարգմանչական պրակտիկա» ծրագրի շրջանակում:
Բացահայտել սխալն ու պատրանքը
Մենք ապրում ենք պատմական կարևոր ժամանակաշրջանում: Առաջին մեծ բարեփոխումը կատարվել է տասնիններորդ դարի սկզբին, երբ ժամանակակից համալսարանները սկզբնավորեցին գիտական կարգերը: Ետ նայելով՝ մենք հասկանում ենք, որ այս կարգերը մեծ առաջընթաց ապահովեցին, սակայն նրանք սահմանափակում են գիտելիքը, որովհետև առանձնացված են միմյանցից, և այս տարանջատումը խանգարում է մեզ լուծել հիմնարար, գլոբալ խնդիրները՝ ոչ միայն մեր անձնական կյանքում եղածները, այլ նաև նրանք, որոնց բախվում ենք իբրև քաղաքացիներ և մոլորակի վրա բնակվող մարդ արարածներ։
Արդյունքում կրթական համակարգը մեզ տալիս է գիտելիք, բայց անգամ համալսարանները մեզ չեն տալիս բացատրություն, թե ինչ է գիտելիքը, այլ կերպ ասած՝ սխալի և պատրանքի մշտական ռիսկը: Մենք կարող ենք ճանաչել անցյալի սխալներն ու պատրանքները, բայց, ակնհայտորեն կլանված լինելով ներկայում՝ մենք դրանք երևան հանելու կարողություն չունենք:
Ինչո՞ւ մենք ունենք այս խնդիրը: Որովհետև ամբողջ գիտելիքը իրականության թարգմանությունն է որևէ մեկի ընկալման, լեզվի, գաղափարների և տեսությունների միջոցով: Այսպիսով, յուրաքանչյուր թարգմանություն (ինչպես ասում են իտալերենում, traduttore, traditore՝ «թարգմանիչը հավասարազոր է դավաճանի») դավաճանության ռիսկ է պարունակում: Տվյալները կարող են սխալ մեկնաբանվել, ուստի սխալի ռիսկը մշտապես առկա է։
Համապատասխան գիտելիքի սկզբունքները
Այսպիսով, մենք պետք է տեղեկացվածություն ուսուցանենք գիտելիքի միջոցով և ցույց տանք ճանապարհը դեպի համապատասխան գիտելիք:
Ո՞րն է այս ճանապարհը:
Իմանալ, թե ինչպես որևէ գիտելիք տեղադրել համատեքստում՝ ոչ միայն աշխարհագրական, այլև պատմական, և այն զետեղել այն ամբողջի մեջ, որին այն պատկանում է:
Ողբերգությունն այն է, որ մենք այսօր ունենք փորձագետներ, որոնք բանիմաց են մեկ մասնագիտացման շրջանակներում, բայց երբ խնդիրը դուրս է գալիս իրենց մասնագիտացման սահմաններից, նրանք կորած են:
Տնտեսագետները, որոնք ձևավորել են ճշգրիտ հասարակական գիտություն՝ հիմնված հաշվարկների վրա, անզոր են զարգացող ճգնաժամի դեմ, որովհետև այն ենթարկվում է ոչ միայն տնտեսագիտությանը, այլ նաև բազմաթիվ այլ պայմանների: Չնայած հաշվարկը օգտակար է, այն չի կարող ըմբռնել տառապանքը և մեր կյանքի մարդկային խնդիրները:
Ուսուցանել մարդու էությունը
Մենք պետք է սովորենք՝ ինչ է նշանակում մարդ լինել, որովհետև դպրոցում ոչ ոք մեզ չի սովորեցնում՝ ինչ է դա: Դա նշանակում է հասկանալ մեր կապվածությունը բնական աշխարհի հետ, ինչպես նաև՝ մեր տարբերությունները: Մեր գիտակցությունը և մեր մշակույթն են մեզ բնությունից տարբեր դարձնում:
Մենք կրկնակի ինքնություն ունենք՝ կենսաբանականը և մարդկայինը: Գրականությունն ու վեպերը պատկերում են մարդկանց իրենց սուբյեկտիվ կյանքում, որը օբյեկտիվ գիտությունը չի կարող անել:
Մենք մարդ արարածին սահմանեցինք որպես Homo sapiens, որը նշանակում է «բանականությամբ օժտված»: Ինձ համար մարդկային արարածը միաժամանակ sapiens (բանական) և demens (խելագար) է: Նա ունակ է և՛ բանականության, և՛ խելագարության: Մենք ապրում ենք մեր կյանքը՝ գնալով խելագարությունից դեպի բանականություն: Ամեն անգամ, երբ մենք բանական որևէ բան ենք անում, մենք օգտագործում ենք նաև մեր հույզերը: Անգամ մաթեմատիկոսները սիրով են անում իրենց գործը: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է համատեղել բանականությունը և զգացմունքները: Այս առանցքային հարցը պետք է կրթության մասը լինի:
Մենք նաև սահմանեցինք մարդ արարածին որպես Homo faber՝ «նա, ով գործիքներ է պատրաստում»: Սակայն նախապատմական ժամանակներից գործիքների կողքին ստեղծվեցին նաև դիցաբանությունն ու կրոնները: Մարդը միայն տեխնիկա չէ. նա ունի նաև հարուստ հոգևոր և դիցաբանական կյանք:
Կա նաև Homo economicus-ը, որը մարդուն սահմանում է սեփական շահերով, բայց կան բազմաթիվ գործունեություններ, որոնք շահախնդիր չեն:
Կա նաև Homo ludens-ը՝ խաղացող մարդը: Մենք բոլորս սիրում ենք խաղերը, որոնք հաճախ անշահախնդիր են և մեզ նույնիսկ մոռացնել են տալիս սեփական շահերի մասին:
Վերջապես, կյանքը կարելի է սահմանել որպես արձակի և պոեզիայի միջև երկբևեռություն: Արձակն այն ամենն է, ինչ մենք ստիպված ենք անել, իսկ պոեզիան՝ այն, ինչ մեզ երջանկացնում է՝ համայնքը, սերը, ընկերությունը, խաղերը:
Կյանքի պոեզիան է, որ մեզ ստիպում է ապրել: Կրթության դերերից մեկն է բացատրել, որ մարդիկ պետք է զարգացնեն կյանքը բանաստեղծորեն վայելելու ունակությունը:Ուստի գեղագիտություն, երաժշտություն, նկարչություն և ընդհանրապես արվեստ սովորեցնելը այլևս շքեղություն չէ, այլ ճանապարհ՝ վայելելու կյանքի պոետիկ ասպեկտը:
Մենք պետք է դադարենք նույնացնել կրթությունը բարձր արտադրողականության, առևտրի և պրոֆեսիոնալիզմի հետ և վերադառնանք Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարին, որ սովորել ապրել նշանակում է սովորել ապրել պոետիկ:
Ուսուցանել Երկրի ինքնությունը
Ինքնությունը բնածին է մարդ արարածի համար:Մենք բոլորս ունենք նույն տեսակի ուղեղ, նույն հուզական կարողությունները, նույն անատոմիան և նույն ֆիզիոլոգիան՝ անհատական տարբերություններով:
Մենք բոլորս ունենք նաև մշակույթ՝ լեզու, հավատալիքներ և սովորույթներ: Սա նշանակում է, որ գոյություն ունի մարդկային խորքային միասնություն, որից սերվում է բազմազանությունը: Մարդկային միասնության մեծագույն արժեքը մարդկային բազմազանությունն է, իսկ մարդկային բազմազանության մեծագույն արժեքը մարդկային միասնությունն է:
Մենք այժմ կիսում ենք նույն ապագան: Մոլորակային դարաշրջանում մենք կիսում ենք նույն կենսական խնդիրներն ու նույն ճակատագրական սպառնալիքները՝ միջուկային զենքերը, կենսոլորտի վնասումը, տնտեսական անկայունությունը: Ահա թե ինչու մենք պետք է Երկիր մոլորակը մեր տունը համարենք: Մենք պետք է հարգենք երկրների բազմազանությունը, բայց նաև ներկայացնենք մարդկության հիմնարար միասնության գաղափարը:
Դիմակայել անորոշությանը
Այսուհետ մենք գիտենք, որ ապագան անորոշ է ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև ամբողջ մոլորակի համար:
Մենք գիտենք, որ այս անորոշությունը ծնում է անհանգստություն և վախ: Գիտությունները՝ միկրոֆիզիկան, տիեզերագիտությունը, քաոսի տեսությունը, մեզ սովորեցնում են, որ ամբողջ գիտելիքը անորոշ է: Կենսաբանական էվոլյուցիան գծային չէ. այն ընդմիջվում է աղետներով, ջրհեղեղներով, նոր սկզբներով: Մարդկության պատմությունն էլ լի է եղել «աղմուկով և ցասումով»: Մենք միշտ գիտեինք, որ ամեն ինչ անորոշ է, բայց մոռացել էինք դա: Առաջինը՝ պետք է գիտակցենք, որ ներկան անշարժ չէ: Մեր կարգախոսը պետք է լինի. «Ակնկալի՛ր անսպասելին»։
Երկրորդ՝ յուրաքանչյուր որոշում խաղադրույք է: Մենք երբեք վստահ չենք կարող լինել դրա հաջողության վրա: Այդ գիտակցումը թույլ է տալիս վերահսկել մեր գործողությունները և անհրաժեշտության դեպքում փոխել ռազմավարությունը: Ռազմավարությունն անորոշության հետ աշխատելու արվեստն է: Մենք չգիտենք մեր հակառակորդի մտադրությունները կամ ապագայի ընթացքը, ուստի պետք է կարողանանք վերափոխել պատահականությունը մեր օգտին՝ ինչպես Նապոլեոնը Աուստերլիցի ճակատամարտում:
Ուսուցանել փոխըմբռնումը
Մարդկային հասկացողության խնդիրն ունի երկու մակարդակ:
Առաջինը տարբեր մշակույթների, տարբեր հավատների ու ծեսերի մարդկանց հասկանալն է: Մարտահրավերն այն է, որ կարողանանք զերծ մնալ հասարակակենտրոն մտածողությունից և չմտածենք, թե միայն մեր հասարակությունն է ճիշտ:
Կա նաև անհատապաշտական էգոցենտրիզմը: Մենք կարծում ենք, որ մենք միշտ ճիշտ ենք, իսկ մյուսները՝ սխալ: Մենք չենք կասկածում սեփական ճշմարտացիությանը: Այս թյուրըմբռնումները հանդիպում են ընտանիքներում, հասարակություններում և ամբողջ աշխարհում:
Կրթությունը պետք է սովորեցնի ինքնաքննադատություն և սեփական ինքնախաբեությունը ճանաչելու կարողություն: Կարևորագույն սկզբունքներից մեկն է բազմակողմանիությունը հաշվի առնելը:Մենք հաճախ մարդուն նույնացնում ենք նրա ամենավատ արարքի հետ: Սակայն, ինչպես նշել է Հեգելը, եթե մարդուն կոչում ենք միայն «հանցագործ», մոռանում ենք նրա կյանքի մնացած բոլոր կողմերը:Մենք պետք է տեսնենք մարդու ամբողջականությունը, ոչ միայն այն կողմերը, որոնք մեզ դուր չեն գալիս: Շատ կարևոր է սովորեցնել մարդուն՝ ինչպես բարություն ցուցաբերել մյուսների հանդեպ:
Կարծում եմ՝ սա է կրթության հիմնարար դերը:
Մարդկային ցեղի էթիկան
Սա նշանակում է, որ մենք պարտավորվածություններ ունենք անձնապես մեր, մեր ընտանիքի, բայց նաև մեր հասարակության առաջ:
Մենք ոչ միայն իրավունքներ ունենք, որոնք բխում են ժողովրդավարությունից, այլև պարտականություններ, որովհետև մենք մեկ, անբաժան մարդկային միասնություն ենք։
Այս էթիկան հիմնված է այն գիտակցության վրա, որ յուրաքանչյուր անհատ միաժամանակ անհատ է, հասարակության անդամ և մարդկության ներկայացուցիչ, և կրթությունը պետք է ձևավորի այդ պատասխանատվությունը բոլոր երեք մակարդակներում։
Էդգար Մորենը (իրական անունը Էդգար Նահում) ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ և փիլիսոփա է, «Բազմաբարդություն» (Complexité) և «Բազմաբարդ մտածողության» (Pensée complexe) հասկացությունների նախահայրը, ունի աշխարհի մի քանի համալսարանների Պատվավոր դոկտորի կոչում, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) վաստակավոր տնօրեն։
Թարգմանիչ՝ Մանե Վարդանյան (Mane Vardanyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








