Կայուն տնտեսավարո՞ւմ, թե՞ գրինվոշինգ
Փոքր ձեռնարկություններից հազվադեպ է պահանջվում ապացուցել իրենց գործունեության կայունությունը: Դրա համար մշակված միասնական չափանիշները այժմ գտնվում են փորձարկման փուլում:

Կայուն տնտեսավարման ձևը կարող է զգալի օգուտներ բերել ձեռնարկություններին: Բայց այս կայունության դասակարգումն ու ապացուցումը միշտ չէ, որ հեշտ են: Եթե դրա չափանիշները չստուգվեն, այն կհանգեցնի գրինվոշինգի*: Լուսանկարը` IMAGO/Harry Koerber:
Կայուն տնտեսավարումը մեծ տարածում ունի: Այն ծառայում է ոչ միայն սահմանափակ ռեսուրսների պահպանությանը, այլ նաև կարող է ամրապնդել կազմակերպությունների հանրային իմիջը: Սակայն հաճախ հարց է առաջանում՝ ինչպիսի գործունեությունն է կարելի որպես կայուն դասակարգել: Դրա համար շուտով պետք է մշակվեն միասնական չափանիշներ՝ ԵՄ կանոնակարգով հաստատված տաքսոնոմիայի միջոցով (2020/852): Թափանցիկ դասակարգումը, որը հիմնված է գիտական չափանիշների վրա, նպատակ ունի խթանելու մասնավոր ներդրումները կայունության ոլորտում և կանխել գրինվոշինգը:
Այնուամենայնիվ, ԵՄ հանձնաժողովի կողմից ընդունված այդ նույն կանոնակարգը հենց այս առանցքային կետում քննադատության է ենթարկվում բնական գազը և միջուկային էներգիան որպես կանաչ ներդրում դասակարգելու համար: Արդարադատության եվրոպական դատարանում արդեն քննվել է դրա դեմ Ավստրիայի բողոքը․ դատավճիռը, ինչպես և այլ բնապահպանական կազմակերպությունների բողոքները դեռ ընթացքի մեջ են:
Կասկած և ազդեցություն
«Տեսականորեն, գիտության վրա հիմնված տաքսոնոմիան կանաչ ներդրումների սահմանման մեջ մեծ դերակատարում ունի», — գրում է Greenpeace-ը: Միևնույն ժամանակ կազմակերպությունը զգուշացնում է, որ միջուկային էներգիայի և բնական գազի ընդգրկումը վտանգի տակ է դնում ԵՄ դասակարգման հանդեպ վստահությունը, և կոչ է անում շտապ շտկումներ կատարել:
Անկախ քննադատության այս կետերից, տաքսոնոմիան ապագայում կարող է ընդունվել հանրային բանկերի կողմից, ինչպիսին է Եվրոպական ներդրումային բանկը, և դառնալ օրինակ պետական տաքսոնոմիաների համար։ Բնապահպահպանական կազմակերպության համոզմամբ՝ այն կարող է դրական ազդանշան լինել քաղաքականություն մշակողների համար:

Ֆրանսիայում գտնվող Chooz ատոմակայանը: Այն, որ ԵՄ-ը նաև միջուկային էներգիան է դասակարգել որպես կանաչ էներգիա, շատ բնապահպանական կազմակերպությունների աչքի փուշն է: Լուսանկարը՝ Hocquart C/Andia.fr, www.imag։
Չափանիշները փորձասեղանին են
Կապիտալի շուկայից դուրս գտնվող փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տեսանկյունից, որոնք ինքնակամ բացահայտում են իրենց տնտեսական գործունեության կայունությունը և դրանով ցանկանում են առավելություններ ստանալ, FH Campus 02-ի Աննա Վալդները կանոնակարգերը իմաստալից և ընդհանուր առմամբ չվտանգված է համարում. «Եթե այս չափանիշները փորձասեղանին դրվեն, ապա դա միայն կնշանակի, որ դրանք կարող են դուրս հանվել: Այդ պատճառով տաքսոնոմիայի ողջ կանոնակարգը չի չեղարկվի»։
Վալդները և իր թիմը ՓՄՁ-երի համար գործիք են մշակել, որը նրանց աջակցում է տաքսոնոմիայի կարգավորման իրականացման գործընթացում: Հիմնական գաղափարը կայուն գործունեության հավաստի ապացույցներ տրամադրելն է, ի տարբերություն ուղղակի պնդումների: «Միշտ հեշտ է ասել, որ իմ կազմակերպությունը կայուն է: Դա կարելի է նույնիսկ կայունության հաշվետվության մեջ գրել, հատկապես, երբ այն չի ստուգվելու», — ասում է Վալդները:
Թափանցիկությունը՝ որպես մրցակցային առավելություն
Կայուն գործունեության մեջ թափանցիկությունը կարող է օգտագործվել որպես մրցակցային առավելություն, օրինակ՝ աշխատանքային և վաճառքի շուկաներում որպես կայուն կազմակերպություն դիրքավորվելով: Այս թեմաների վերաբերյալ հաշվետվությունները նույնպես պահանջվելու են ֆինանսական ծառայությունների ղեկավարների կողմից և մեծ դեր են խաղալու կապիտալի ձեռքբերման և ծախսերի հարցում:
ԵՄ տաքսոնոմիայի կանոնակարգի համաձայն, կայուն տնտեսության համարվելու համար կազմակերպությունները պետք է ներդրում ունենան սահմանված վեց բնապահպանական նպատակների հետապնդման մեջ, որոնցից երկուսն են շրջակա միջավայրի աղտոտվածության կանխարգելումը և նվազեցումը, ինչպես նաև կենսաբազմազանության և էկոհամակարգերի պաշտպանությունը և վերականգնումը: Լուսանկարը՝ MAGO/Lisa und Wilfried Bahnmüll։
Digital Innovation Hub (DIH) Süd հարթակի հետ համագործակցությամբ մշակված այս գործիքը ամփոփում է կանոնակարգի հարյուրավոր էջերը և շարունակաբար հրապարակվող լրացումները՝ մեկ միասնական համակարգում: Ըստ էության, գործիքը բաղկացած է Excel-ի պարզ էջերից ուղեկցող ձեռնարկով: Վերջինս օգնում է քայլ առ քայլ հաշվարկել անհրաժեշտ ցուցիչները՝ վաճառքի, ներդրումների և գործառնական ծախսերի չափաբաժինը՝ համապատասխան տաքսոնոմիայով ամրագրված տնտեսական գործունեությունների, և ըստ այդմ կազմել հաշվետվություններ։
Խոշոր կազմակերպությունները՝ ուշադրության կենտրոնում
Սկզբունքորեն, ԵՄ տաքսոնոմիայի համակարգը այս տարվանից պետք է կիրառվի բոլոր այն կազմակերպությունների կողմից, որոնք ենթակա են Կորպորատիվ կայունության հաշվետվության հրահանգին (Corporate Sustainability Reporting Directive): Դրանց մեջ են մտնում այն խոշոր կազմակերպությունները, որոնք համապատասխանում են երեք չափանիշներից երկուսին՝ 250-ից ավելի աշխատակից, 50 միլիոն եվրոյից ավելի շրջանառություն, 250 եվրոյից մեծ ընդհանուր ակտիվներ: 2026 թվականի ֆինանսական տարվանից սկսած կապիտալի շուկայում գրանցված ՓՁԸ-ները նույնպես կենթարկվեն հաշվետվության պահանջին:
Ջրային և ծովային ռեսուրսների կայուն օգտագործումը և պաշտպանումը տնտեսական գործունեության էկոլոգիապես կայուն դասակարգման հիմնական չափանիշներն են: Լուսանկարը՝ IMAGO/Chris Leon։
Ըստ սահմանման՝ տնտեսական գործունեությունը համարվում է տաքսոնոմիային համապատասխան, այսինքն՝ էկոլոգիապես կայուն, եթե այն նշանակալի ներդրում է կատարում սահմանված վեց բնապահպանական նպատակների հետապնդման մեջ և չի վտանգրում մյուս նպատակները: Բնապահպանական նպատակներն են՝ «Կլիմայի պահպանման մեջ նշանակալի ներդրում», «Կլիմայի փոփոխության հարմարվողականություն», «Ջրային և ծովային ռեսուրսների կայուն օգտագործում և պաշտպանություն», «Շրջանաձև տնտեսության անցում», «Շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում և նվազեցում», ինչպես նաև «Կենսբազմազանության և էկոհամակարգերի պաշտպանություն և վերականգնում»:
Ճիշտ ուղու վրա՝ առանց բնական գազի
Շատ բան է կախված ԵՄ տաքսոնոմիայի կանոնակարգի վերջնական նախագծից: Անկախ դրանից՝ Վալդները համոզված է, որ ավստրիական ՓՁԸ-ները, որոնք հիմնված չեն միջուկային էներգիայի կամ բնական գազի վրա, հիմա պետք է ճիշտ ուղու վրա լինեն, եթե համապատասխանում են առկա չափանիշներին, և կարող են ապացուցել իրենց գործունեության կայունությունը:

Ակնհայտորեն կայուն տնտեսության տեսանկյունից, էներգիայի աղբյուր հանդիսացող միջուկային էներգիայից և բնական գազից հրաժարվելը մեծ առավելություններ կբերի փոքր կազմակերպություններին: Լուսնկարը՝ IMAGO/Christoph Hardt։
Հետազոտողների մշակած գործիքը ՓՄՁ-ներին անվճար տրամադրվում է DIH Süd-ի կողմից կազմակերպված սեմինարների շրջանակում՝ ֆինանսավորվող Ավստրիայի գիտական հետազոտությունների առաջխաղացման գործակալության շնորհիվ (FFG): Ծրագրված է, որ 2025-ի ընթացքում համակարգը հասանելի կլինի ներբեռնման համար:
* (Թարգմանչի կողմից) գրինվոշինգը (անգլ․՝ greenwashing՝ «կանաչ լվացում») այն երևույթն է, երբ կազմակերպությունները մարքեթինգի և բրենդինգի միջոցով իրենց գործունեությունը ներկայացնում են իբրև էկոլոգիապես կայուն` թաքցնելով բնությանն իրենց կողմից հասցված իրական վնասները։Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Անժելա Շահբազյան (Anzhela Shahbazyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








