Ձեր սուրճի գինը
Գիտե՞ք, թե որտեղից է ծագում ձեր կապուչինոն:
Զարգացած աշխարհում շատերը վայելում են տարբեր շքեղություններ ու արտոնություններ՝ առանց դրանք գնահատելու, մինչդեռ մեր հարմարությունները հաճախ ձեռք են բերվում մեկ ուրիշի հաշվին։
Ամեն օր առնվազն երկու միլիարդ բաժակ սուրճ է խմվում՝ դարձնելով այն աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկը։ Բայց դրա ժողովրդականությունը նոր երևույթ չէ։ 1730-ականներին բարոկկո ոճում ստեղծագործող երգահան Յոհան Սեբաստիան Բախը գրում է մի կարճ կատակերգական օպերա՝ սուրճը գովերգելու համար․ «Եթե ես չկարողանայի օրական երեք անգամ խմել իմ փոքրիկ բաժակ սուրճը, այնքան կվշտանայի, որ կվերածվեի խորոված այծի չորացած կտորի։ ․․․․․ Ա՜խ, որքան քաղցր է սուրճի համը, հազար համբույրից ավելի դուրեկան․․․»։
Իր այս «Սրճային կանտատա»-ում, ինչպես այն հաճախ կոչում են, Բախի հերոսը երբեք չի հետաքրքրվում իր սիրելի ըմպելիքի ծագմամբ ։ Սրճենին լավ չի աճում Լայպցիգի մեղմ կլիմայի պայմաններում, որտեղ այդ ժամանակ ապրում էր երգահանը, ուստի դա պիտի ներմուծվեր։
Շատերի համար այսօր նույն կերպ է։ Մեզանից քչերն են մտածում (օրինակ՝ սրճարանում սպասարկվելիս), թե որտեղից է բերվել մեր առավոտյան ըմպելիքը: Ձեզ գուցե զարմացնի, թե քանի բաղադրիչ կարող է բերվել մեկ մայրցամաքից:
Եկե՛ք դիտարկենք պայմանական սուրճի մի բաժակ։
Հատիկները, որոնցից կազմված է ձեր սուրճը, կարող են աճեցված լինել Ուգանդայում, մինչդեռ կապուչինոյի վրայի շոկոլադը կարող է հաջողությամբ հավաքված լինել Կոտ դ’Իվուարի կակաոյի անտառներից։ Բաժակի՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ կափարիչն ու ջրակայուն ծածկույթը պատրաստվում են նավթից, որն էլ հավանորեն ստացվել է Աֆրիկայի բազմաթիվ նավթարդյունաբերական երկրներից մեկում՝ գուցե Ալժիրում կամ Կամերունում։ Բրաունին, որը սուրճի հետ վերցնում եք որպես քաղցրավենիք, կարող է պարունակել նույն Կոտ դ’Իվուարի կակաոն, ինչպես նաև արմավենու յուղ (Նիգերիա) և այլընտրանքային քաղցրացուցիչ, ինչպիսին է սորգո օշարակը (Եթովպիա): Ֆոսֆատները, որոնցով պարարտացվել են ալյուրի հատիկները, կարող են բերված լինել Մարոկկոյից։ Հնդկական ընկույզները, որ մեղքի զգացումով վերցնում եք բրաունիին հակակշռելու համար, կարող են լինել Կոտ դ’Իվուարից կամ Տանզանիայից։ Սրճարանի աշխատակիցները (ինչպես միշտ) սխալ են գրում ձեր անունը բաժակի վրա, հավանաբար, անգոլական կամ լիբիական նավթից արտադրված թանաքով։
Իսկ բջջային հեռախո՞սը, որով վճարում եք այդ ամենի համար։ Այն աշխատում է կոլումբիտի հիման վրա, որը, հավանաբար, արդյունահանվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
Անշուշտ, ոչ բոլորիս առավոտյան հատուկ վայելքի բաղադրիչներն են ծագել Աֆրիկայում, բայց դրանք բերվել են ինչ-որ տեղից, և, հավանաբար, ոչ տեղական աղբյուրից։ Այդպիսին է մեր գլոբալիզացված կապիտալիստական աշխարհի բնույթը։ Տարատեսակ ապրանքներ հազարավոր մղոններ կանցնեն ձեր գնումների զամբյուղ հասնելու համար, եթե դա ավելի ձեռնտու է, քան դրանք արտադրելը կամ տանն ավելի մոտ ձեռք բերելը։ Եվ սա նույնպես նոր երևույթ չէ։ Միջազգային առևտուրը դարեր շարունակ եղել է մարդկային գործունեության առանցքային մասը։ Անկասկած, Բախը գրում էր այն ժամանակ, երբ համաշխարհային մատակարարումների արդյունքում ձեռք բերվող ապրանքներն արդեն տարածված էին:
Միջազգային առևտուրը մեր առօրյա կյանքի հազվադեպ նկատվող մասն է, ուստի մենք կարող ենք չգիտակցել, որ համակարգը հաճախ քչերին է օգուտ տալիս՝ շատերի հաշվին:
Հարուստ, մինչդեռ աղքատ
Աֆրիկան պարադոքս է։ Մի կողմից այն հսկայական է․ մայրցամաք, որն ավելի մեծ է, քան Եվրոպան, Չինաստանն ու Միացյալ Նահանգները միասին վերցրած։ Այն լի է արժեքավոր բնական ռեսուրսներով՝ նավթ, գազ, ոսկի, արծաթ, ուրան, ադամանդներ, պլատին, կոլումբիտ, ֆոսֆատներ և այլն։ Այն նաև հարուստ է մարդկային ռեսուրսներով․ բնակչությունը մոտավորապես նույնն է, ինչ Չինաստանում կամ Հնդկաստանում: Այնուամենայնիվ, աֆրիկյան երկրները հաճախ դասվում են աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում: «Global Finance»-ի՝ 2021-ի վարկանշային աղյուսակներում նշված է, որ աշխարհի 30 ամենաաղքատ երկրներից 25-ը Աֆրիկայում են։ Հասարակածային Գվինեան՝ մայրցամաքի ամենաբարձր վարկանիշն ունեցող երկիրը, 194 երկրների ցանկում զբաղեցնում է 76-րդ տեղը։
«Աֆրիկան կազմում է աշխարհի բնակչության 13 տոկոսը և դրա կուտակային համախառն ներքին արդյունքի ընդամենը 2 տոկոսը, բայց այն Երկիր մոլորակի հում նավթի պաշարների 15 տոկոսի, ոսկու 40 տոկոսի և պլատինի 80 տոկոսի պահեստն է»։
Թոմ Բրջիս, «The Looting Machine: Warlords, Oligarchs, Corporations, Smugglers, and the Theft of Africa’s Wealth» (2015)
Ըստ լրագրող Թոմ Բրջիսի՝ այս մայրցամաքը «միաժամանակ ամենաաղքատն ու, հավանաբար, ամենահարուստն է աշխարհում»։
Դրա պատճառները բազմազան են ու չափազանց բարդ։ Շատերը որպես պատճառ նշում են ենթակառուցվածքների առկա թերությունները, բնապահպանական խնդիրները և քաղաքական կոռուպցիան: Այս ամենը, անկասկած, իր դերը խաղացել է, սակայն աճում է համոզմունքն առ այն, որ պատճառները ավելի խորը արմատներ ունեն։ Դրանք սկիզբ են առել այն ժամանակ, երբ միջազգային առևտուր սկսեց կատարվել մայրցամաքում և անդառնալիորեն փոխեց այն, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ բազմաթիվ ժողովուրդների և մշակույթների համար: Այնուամենայնիվ, այս գործառության հիմքում ընկած են այն սկզբունքները, որոնք մենք շարունակում ենք արժևորել այսօր:
Համաշխարհային առևտուրն Աֆրիկայում մեծ մասշտաբով սկսվեց 1400-ականների վերջին: Պորտուգալացի առևտրականները նավարկեցին հարավ և Կենտրոնական Աֆրիկայի արևմտյան ափին հայտնաբերեցին հզոր, կայուն և հարուստ հասարակություն՝ Կոնգոյի թագավորությունը: Ինչպես ժամանակի աֆրիկյան մյուս հասարակությունները, Կոնգոն պարծենում էր ուժեղ կառավարությամբ և դատական համակարգով, ինչպես նաև լավ մշակված քաղաքացիական ծառայությամբ և հարկային համակարգով: Այն արդեն զբաղվում էր տեղական առևտրով՝ ներառյալ ստրկավաճառությամբ, բայց եվրոպացիների ժամանումը զգալիորեն ընդլայնեց դրա շրջանակը՝ արագորեն փոխելով խաղի կանոնները:
Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների առևտրականները շուտով հետևեցին պորտուգալացիների օրինակին և սկսեցին առևտուր անել մայրցամաքի ժողովուրդների հետ: Նրանք փնտրում էին ոսկի, պղինձ, գործվածքներ և այլ արժեքավոր իրեր։ Բայց Ամերիկաներում հայտնագործությունները, մասնավորապես միլիոնավոր ակրեր զբաղեցնող, ենթադրաբար անձեռնմխելի ու շահագործման պատրաստ հողերը, աշխատողների կարիք առաջացրին: Եվրոպացիները բավարարում էին այս կարիքը հիմնականում Կոնգոյի և աֆրիկյան այլ երկրների առևտրականներից մարդկանց գնելու կամ ստրկացնելու միջոցով: Փոխարենը եվրոպացիները գործվածքներ, գործիքներ, զարդեր և տեղական արժույթով փող էին առաջարկում (դրանք հաճախ խխունջների տեսքով էին): Եվրոպացիների շրջանում ստրկացված աֆրիկացիների պահանջարկը գնալով աճեց, քանի որ նրանք հասկանում էին, թե որքան շահութաբեր են վերջիններս։
Ուշադրություն դարձնելով վաղ ստրկավաճառության բարբարոսությանը՝ պատմաբան Ադամ Հոուկշիլդը մեջբերում է Կոնգոյի կառավարիչ Աֆոնսո I-ի նամակը Պորտուգալիայի թագավորին, որը թվագրվում է 1526 թվականով: «Ամեն օր առևտրականներն առևանգում են մեր ժողովրդին՝ այս երկրի զավակներին, մեր ազնվականների ու վասալների որդիներին, նույնիսկ մեր սեփական ընտանիքի անդամներին։ ․․․․․ Կոռուպցիան և արատավորությունն այնքան տարածված են, որ մեր հողն ամբողջովին դատարկվել է»։
Կոնգոյի վրա ազդեցությունը կրկնակի էր, և պարզվեց, որ նաև մարգարեական՝ Աֆրիկայի հասարակությունների համար: Նախ, ժողովուրդը զայրացավ ստրկության դաժանությունից և պատասխանեց մի շարք ապստամբություններով, որոնք ապակայունացրին Կոնգոյի միապետությունը (և այն ավելի խոցելի դարձրին արտաքին ազդեցության համար): Երկրորդ, եվրոպացիների պահանջարկն այնքան մեծ էր, որ նրանք շուկան հեղեղեցին տեղական նզիմբուով կամ խխունջի արժույթով, ինչը հանգեցրեց սաստիկ գնաճի և թագավորության փլուզմանը 1700-ականների սկզբին` առաջին պորտուգալացիների ժամանումից մի փոքր ավելի, քան 200 տարի անց։

Իշխանության դինամիկա
Շատ վկայություններ կան տրանսատլանտյան ստրկավաճառության չարիքի մասին, որն ավելի հեռուն է գնում, քան դրան բնորոշ անբարոյականությունը: Աֆրիկյան հասարակությունները նաև տուժել են առևտրի մասշտաբներից և (հատկապես կարևոր է) դրա անհավասար բնույթից: Այս անհավասարությունն ակնհայտորեն դրսևորվում էր առևտրի այլ ձևերում ևս: Թվում էր, թե ապրանքների պահանջարկի աճը լավ բան է, բայց այն աղետալի դարձավ աֆրիկյան երկրների համար, և դա է հիմնական պատճառը, որ Աֆրիկայի տնտեսական զարգացումն այդքան հետ է մնում մնացած աշխարհի մեծ մասից:
Պարզ ասած, մի քանի դար շարունակ եվրոպացիները անընդհատ «հաղթում էին» աֆրիկյան երկրների հետ առևտրում։ Օրինակ՝ իրենց ավելի կատարելագործված նավերի շնորհիվ նրանք կարողացան անհեմեմատ ավելի լավ պատկերացում կազմել սպառողների պահանջարկի մասին համաշխարհային շուկաներում ամբողջ Եվրոպայում, Ամերիկաներում և Ասիայում: Օգտագործելով այս առավելությունները՝ նրանք կարողանում էին թելադրել առևտրային հարաբերությունների պայմանները:
Նրանց մուտքը շուկաներ նաև նշանակում էր, որ նրանք կարող էին ավելի խիստ պայմաններ թելադրել գործարքներ կնքելու ժամանակ: Եվրոպացի առևտրականները կարող էին ընտրել այն, ինչ առաջարկում էին Աֆրիկայի տեղացիները, և կարող էին սահմանափակել այն, ինչ առաջարկում էին դրա դիմաց: Ինչպես պատմաբան Ուոլթեր Ռոդնին է իր «How Europe Underdeveloped Africa» գրքում նկարագրում, նրանք էին ընտրում արտահանելու համար նախատեսված իրերը՝ «հոլանդական սպիտակեղեն, իսպանական երկաթ, անգլիական թիթեղյա սպասք, պորտուգալական գինիներ, ֆրանսիական կոնյակ, վենետիկյան ապակե ուլունքներ, գերմանական մուշկետներ»։ Նրանք նաև առաջարկում էին եվրոպական շուկաներում չվաճառվող, անցանկալի ապրանքներ։
«Հին սավանները, հագած համազգեստները, տեխնոլոգիապես հնացած հրազենը և լիքը մանր-մունր բաներ Աֆրիկայում վաճառքի երաշխավորված շուկա էին գտնում»։
Ուոլթեր Ռոդնի, «How Europe Underdeveloped Africa»
Այնուամենայնիվ, հաճախ նրանք պարզապես վճարում էին խխունջի տեղական արժույթով: Եվրոպացիների համար դա գրեթե ոչինչ չարժեր, բայց այն հեշտությամբ կարելի էր հավաքել աշխարհի այլ մասերից. պորտուգալացիները, օրինակ, խխունջներով լցված նավակներ կարող էին գտնել Բրազիլիայում: Տեսականորեն, արժույթի քանակը, որը կարող էր շրջանառվել, սահմանափակված չէր, ինչը նշանակում էր, որ այն ենթարկվում էր հսկայական գնաճի, երբ աֆրիկյան ապրանքների պահանջարկը կտրուկ մեծանում էր:
Տեղական արժույթն էլ այլ կերպ էր վնասում Աֆրիկային։ Աֆրիկյան հասարակությունները, գնելով եվրոպական ապրանքներ, սովորաբար վաճառում էին բնական ռեսուրսներ՝ ներառյալ ոսկի: Մինչ նրանց խխունջային արժույթն արագորեն արժեզրկվում էր, թանկարժեք մետաղների արժեքը բարձրանում էր և, ինչպես հետո կհամոզվենք, կարող էր էլ ավելի մեծացնել իր արժեքը աշխարհի շատ շուկաներում: Երկարաժամկետ հեռանկարում դա նշանակում էր, որ եվրոպացիները կուտակում էին մնայուն արժեք ունեցող ապրանքներ, մինչդեռ այն, ինչ ստանում էին աֆրիկյան հասարակությունները դրա դիմաց, արագորեն արժեզրկվում էր:
Եվրոպացի առևտրականները նաև առաջարկում էին ապրանքներ, որոնք համընկնում էին տեղական հասարակությունների կողմից արդեն արտադրվածի հետ․ աֆրիկյան ապրանքները հաճախ գերազանցում էին ներմուծված ապրանքները կամ գոնե համարժեք էին դրանց: Եվրոպացիների առավելությունը մասշտաբի մեջ էր։ Ինչպես բացատրում է Ռոդնին, «[Աֆրիկյան] բամբակի ջուլհակահաստոցները փոքր էին, երկաթի ձուլարանները փոքր էին, խեցեգործությունը ձեռքով էր արվում և դանդաղ, այլ ոչ թե սարքի միջոցով»: Եվրոպական տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ նրանք կարող էին ավելի շատ և ավելի էժան արտադրել: Աֆրիկայի բնիկները գնահատեցին էժան գործվածքների առավելությունները. ինչո՞ւ ժամերով նստել ջուլհակահաստոցի մոտ, երբ այն կարելի է էժան գնել: Եվ արդյունքում տուժեց տեղական արդյունաբերությունը։ Մենք այսօր տեսնում ենք նմանատիպ դինամիկա աշխատանքի մեջ։ Դուք կամ ես կարող ենք հեշտությամբ գնել էժան էլեկտրոնիկա կամ հագուստ, որոնք պատրաստվել են այնտեղ, որտեղ արտադրությունն ու աշխատուժը էժան են: Մեր տեղական արդյունաբերությունը միշտ պարտվում է:
Ամենաողբերգականն այն էր, որ մարդկանց առևտուրը աղետալիորեն գործեց աֆրիկացիների դեմ հօգուտ եվրոպացիների։ Զուտ տնտեսական տեսանկյունից՝ եվրոպացիները ձեռք էին բերել արժեքավոր մի բան՝ մարդ արարածի, որին կարող էին աշխատեցնել քիչ գումարով, և նա կստեղծեր լրացուցիչ արժեք՝ կյանք տալով ստրուկների ապագա սերունդների, որոնք կաշխատեին նույնքան քիչ գումարով։ Աֆրիկյան հասարակությունները կորցրին իրենց ամենաուժեղ և կարող անդամների մեծ մասին, ինչը ոչ միայն վնասեց անմիջականորեն նրանց, այլ նաև զրկեց նրանց ապագա սերունդներից։ Արդյունքում Աֆրիկայի բնակչությունը լճացավ։ Ստրկությունը նաև վնաս հասցրեց տեղական հարաբերություններին, հանգեցրեց հասարակության մասնատմանը, խաթարեց կառավարությունների աշխատանքը և ստրկավաճառների համար հեշտացրեց էժան գներով ապրանքներ ձեռք բերելը: Մարդկային կապիտալի կորուստը մեծապես խոչընդոտեց Աֆրիկայի զարգացումը:
Ինչպես ասում է լեհ լրագրող Ռիշարդ Կապուշինսկին, «Աֆրիկան՝ հալածված և անպաշտպան, ամայացվեց, ոչնչացվեց և թալանվեց։ Մայրցամաքի ամբողջական տարածքներ դատարկվեցին. անմշակ հողը փոխարինեց նախկինում արևոտ բերրի հողերին»: Դրա հետևանքները կարելի է տեսնել մինչ օրս։ Գիտնական Նաթան Նանը 2008 թվականին անցկացրած իր բեկումնային ուսումնասիրության արդյունքում ցույց տվեց, որ «հիմա ամենաաղքատը համարվող աֆրիկյան երկրներն այն երկրներն են, որտեղից ամենաշատ ստրուկներն են դուրս բերվել»:
Շահի պակաս չկա
Ըստ էության, եվրոպացի առևտրականների դրդապատճառները պարզ էին։ Նրանք ձգտում էին շահույթի և ազգային առաջընթացի, իսկ ստրկացած աֆրիկացիները միջոց էին այդ նպատակին հասնելու համար: Այլ գործոնները, մասնավորապես ռասայական գերազանցության աճող զգացումը, ևս դեր են խաղացել և նպաստել տնտեսական անհավասարակշռությանը: Այնուամենայնիվ, եվրոպական շահի բնույթը ժամանակի ընթացքում փոփոխվեց. ստրկավաճառությունը հետզհետե ոչնչացավ, մինչդեռ Աֆրիկայի այլ ռեսուրսների (ոսկի, ադամանդ, նավթ) նկատմամբ ցանկությունն աճեց և ընդունեց ավելի ու ավելի խիստ, կոշտ ու կոպիտ կայսերական ձևեր: Քանի որ ավելի շատ երկրներ, մասնավորապես Բելգիան, Միացյալ Նահանգները և Չինաստանը, միանում էին նրանց, Աֆրիկայի և մնացած աշխարհի միջև հարստության տարբերությունն աճում էր: Այսօր՝ շահագործման մեկնարկից հինգ դար անց, միջազգային շահը պահպանվում է, մինչդեռ թալանված մայրցամաքը փորձում է վերականգնվել:
Հարկ է նշել, որ եսասիրական շահի դրսևորման միտումը ակնհայտ էր երկու կողմից էլ։ Կոնգոյի կառավարիչ Աֆոնսո I-ը նշել է, թե որքան եռանդով էր իր ժողովուրդը զբաղվում այդ սարսափելի առևտրով. «Մեր հպատակներից շատերը ագահորեն տենչում են պորտուգալական ապրանքները, որոնք ձեր հպատակները բերում են մեր տիրույթներ։ Այս չափազանց մեծ ախորժակը բավարարելու համար նրանք հափշտակում են մեր սևամորթ հպատակներից շատերին»:
«Հրեշավոր ագահությունը դրդում է մեր հպատակներին, նույնիսկ քրիստոնյաներին, հափշտակել իրենց և մեր ընտանիքների անդամներին՝ բիզնեսով զբաղվելու համար՝ վաճառելով նրանց որպես գերիների»:
Կոնգոյի թագավոր Աֆոնսո I-ի նամակը Պորտուգալիայի թագավոր Ժուան III-ին (մեջբերված «King Leopold’s Ghost» գրքից), 16-րդ դար
Նկարագրելով եվրոպացիների հետ շատ ավելի ուշ մի հանդիպում՝ նիգերիացի վիպասան Չինուա Աչեբեն նշել է, որ «սպիտակ մարդը…․ կառուցեց առևտրի խանութ, և առաջին անգամ արմավենու յուղն ու ընկույզը սկսեցին շատ թանկ գնահատվել, և շատ փող հոսեց դեպի [գյուղ]»: Շահույթի անմիջական գրավչությունը մեծ էր բոլորի համար։
Այնուամենայնիվ, կասկած չկա, թե ով է եղել և մնում տնտեսապես հաղթողը։ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան հսկայական հարստություն են արդյունահանել Աֆրիկայից: Քաղաքական փիլիսոփա և հոգեբույժ Ֆրանց Ֆանոնն այս մասին ասել է 1961 թվականին․ «Եվրոպական հարստությունը բառացիորեն սկանդալային բնույթ ունի, — գրել է նա, — քանի որ այն հիմնված է ստրկության վրա, սնուցվել է ստրուկների արյունով և ուղղակիորեն գալիս է այդ թերզարգացած աշխարհի հողից ու ընդերքից»:
Միացյալ Նահանգները նույնպես մեծ օգուտ ստացավ։ 1926 թ.-ին, մեկ հեկտարի դիմաց վեց ցենտ չնչին գումարով, անվադողերի ամերիկյան արտադրող Հարվի Ֆայրսթոունը 99 տարով վարձակալեց զգալի հողատարածք Լիբերիայում՝ Արևմտյան Աֆրիկայի մի փոքր պետությունում, որը հիմնադրվել է 1800-ականներին որպես գաղութ՝ ազատ սևամորթ ամերիկացիների՝ հաճախ բռնի «հայրենադարձության» համար: Նա այս երկիրը վերածեց աշխարհի ամենամեծ ռետինե պլանտացիայի: Չնայած Լիբերիային աշխատատեղերով և եկամուտներով ապահովելուն՝ այն հիմնականում օգուտ բերեց Ֆայրսթոունին՝ նրա հայրենի Օհայո նահանգին, որը գտնվում է 8000 կիլոմետր (5000 մղոն) հեռավորության վրա և ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերությանը: Այսօր, «Global Finance»-ի տվյալներով` Լիբերիան աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում իններորդն է:
Խոսելով Բելգիայի կողմից Կոնգոյի գաղութացման մասին՝ լրագրող Հովարդ Վ. Ֆրենչը պնդում է, որ այս ձեռնարկությունը թելադրված էր «մաքուր ագահությամբ և մարդասիրություն կոչվածի վրդովեցուցիչ բացակայությամբ»:
Եվ դա շարունակվում է: Ֆրենչը նկարագրում է. «Աֆրիկայում կրկնվող դրաման, որտեղ արտաքին աշխարհի ծարավը ցանկացած հումքի համար՝ լինի ռետին, փայտ, կակաո, բամբակ, ուրան կամ նավթ, հասարակությանը դուրս է բերում հավասարակշռությունից և տանում նրան քայքայման»: Ինչպես ավելի վաղ նշվեց, այսօր բջջային հեռախոսների մեծ մասում օգտագործվում է կոլումբիտ, որի մեծ մասը արդյունահանվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ): Կարելի է մտածել, որ նման արժեքավոր ռեսուրսը հարստություն կբերի, բայց առևտուրը կազմակերպվում է այնպես, որ Կոնգոյի ժողովուրդը չի բարգավաճում։ Ըստ «Global Finance»-ի` 2021 թվականի տվյալների՝ ԿԴՀ-ն աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում վեցերորդ տեղն է զբաղեցնում։
Ինչպես նշվեց, այլ գործոններ էլ են խաղի մեջ մտնում, հատկապես քաղաքական կոռուպցիան. բայց փաստը մնում է փաստ, որ առևտուրը հետևողականորեն աշխատում է հօգուտ մի կողմի, այլ ոչ թե մյուսի: Նրանք, ովքեր ավելի շատ իշխանություն ունեն, անխուսափելիորեն սկսում են հրամայել:
Կարելի է մտածել՝ դե, ունենք այն, ինչ ունենք: Կան հաղթողներ, կան պարտվողներ: Եթե աֆրիկյան հասարակությունները ձախողված գործարքներ են կատարել, ապա նրանք պետք է կրեն այդ որոշումների հետևանքները: Եվ այնուամենայնիվ, մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե որքանով է դա կայուն: Մի՞թե մենք չպետք է ավելի լավ բան ցանկանանք: Անկասկած, Աֆրիկայի բարգավաճ տնտեսական իրավիճակը ավելի լավ կծառայեր աշխարհին: Իհարկե, ցանկալի չէ, որ աֆրիկյան երկրները փլուզվեն, ինչպես դա տեղի է ունեցել շատ անգամներ հօգուտ միջազգային շահի։ Անկասկած, աշխարհի երկրորդ ամենամեծ մայրցամաքի լավագույնս օգտագործումը պարզապես ռեսուրսների արդյունահանումը չէ մնացած աշխարհի համար:
Մինչդեռ շահույթ հետապնդող կապիտալիզմը կարծես թե ասում է, որ այդպես է:
«Կապիտալի կուտակումն ավելի ու ավելի շատ կենտրոնացավ աշխարհի այլ տարածաշրջաններում, և տասնիններորդ դարի սկզբին Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան բավականին անբարենպաստ վիճակում էին ներդրումների ֆինանսավորման և տնտեսական աճի համար անհրաժեշտ կապիտալի հասանելիության առումով»:
Թոբի Գրին, «A Fistful of Shells: West Africa From the Rise of the Slave Trade to the Age of Revolution» (2019)
Ինչպես նշում է պատմաբան Թոբի Գրինը, Աֆրիկայի փորձը «հակասում է թափ առնող տնտեսական տեսությունների հեղինակությանը։ Հետաքրքրական է, որ չնայած բոլոր ապացույցներին, որ աճող համաշխարհային առևտուրը չի հանգեցնում հարստության հավասարաչափ բաշխման, 21-րդ դարում ավանդական տնտեսագետները հաճախ այն կարծիքին են, որ առևտրի ընդլայնումը հանգեցնում է բարեկեցության աճի «շուկայի» աճի միջոցով, և որ, ի վերջո, այդպիսի հարստության աստիճանական աճը օգուտ է բերում ամենաաղքատներին»: Աֆրիկայում նման բան չի կատարվել և չի կատարվում։
Մեկ այլ պատմաբան` Մարտին Մերեդիթը, հետագայում նշում է, որ արևմտյան կառավարությունները հակված չեն օգնելու, նույնիսկ այնպիսի ընթացակարգերի առկայությամբ, որոնք, կարծես, զսպում են կապիտալիզմի ծայրահեղությունները․ «ձգտելով պաշտպանել իրենց սեփական արտադրողներին՝ արդյունաբերական երկրները օգտագործում են սուբսիդիաների և սակագնային խոչընդոտների համակարգ, որոնք վնասակար ազդեցություն են ունենում աֆրիկյան արտադրողների վրա»: Սակագնային խոչընդոտները հակասում են ազատ շուկայի սկզբունքներին, բայց դա միայն ապացուցում է, որ կապիտալիզմը չունի գործիքներ՝ սեփական խնդիրները լուծելու համար: Եվ Աֆրիկան միայնակ չէ իր տառապանքի մեջ․ ամբողջ աշխարհում կապիտալիզմը, կարծես, երաշխավորում է միայն անընդհատ աճող անհավասարություն:

Այս խնդիրները խարխլում են արևմտյան հասարակության հիմնարար սկզբունքները: Ազատությունը, անհատական երջանկության ձգտումը, ազատ առևտուրը՝ այս ամենը ներդրված է միջազգային առևտրի համակարգում: Եթե մենք գնահատում ենք այս բաները ամեն ինչից վեր, ապա անհավասարությունն ու անարդարությունը հետևանքներ են, որոնց հետ մենք պետք է համակերպվենք: Բայց արժե պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել այլընտրանքային ճանապարհը։ Եվրոպացի առևտրականները կարող էին կիսել իրենց գիտելիքների մեծ մասը, զոհաբերել իրենց շահույթի մի մասը, հրաժարվել ստրկությունից և արդար պայմաններ առաջարկել իրենց գործընկերներին: Նրանք կարող էին հաշվի առնել մյուս կողմի կարիքները: Արդյունքում, նրանք նվազ հարուստ կլինեին, բայց փոխադարձ հոգատարությունը կարող էր երկարաժամկետ հեռանկարում նպաստել Աֆրիկայի ողջ հասարակությունների ամրապնդմանը և առողջացմանը ու ստեղծել ավելի կայուն միջազգային իրավիճակ:
Կարող եք ասել, որ հետահայաց վերլուծությունը արժեքավոր գործիք է այն ունեցողների ձեռքին։ Բայց դա չի նշանակում, որ այդ գիտելիքը նրանց համար անհասանելի էր։ Դարեր շարունակ եվրոպական և ամերիկյան հասարակությունները հայտարարել են, որ իրենք հիմնվում էին աստվածաշնչյան արժեքների վրա, սակայն առևտրի ոլորտում նրանք հիմնականում անտեսել են դրանք: Աստվածաշունչը խորհուրդ է տալիս արդար առևտրական հարաբերություններ, առևտրի հավասարություն և բարեխղճություն, ինչպես նաև հոգատարություն նրանց հանդեպ, ովքեր նվազ հաջողակ են: Այն քննադատում է առևտրի անսահմանափակ ընդլայնումը: Այն զգուշացնում է նրանց, ովքեր ճնշում են աղքատներին, որպեսզի ավելացնեն իրենց սեփական հարստությունը: Այն նաև պարունակում է դրույթներ, որոնք ուղղված են ֆինանսական կորուստներ կրած ցանկացած անձի պաշտպանությանը: Չնայած արևմտյան ժողովրդի՝ Աֆրիկան քրիստոնեացնելու հայտարարած ցանկություններին՝ այդ սկզբունքներից ոչ մեկը տեսանելի չէր այս հասարակությունների հետ նրանց առևտրային հարաբերություններում:
Ինչպե՞ս եք նախընտրում ձեր սուրճը
Յոհան Սեբաստիան Բախի կողմից գրված երգում փառաբանված սուրճը, (սուրճ, որը մեզանից շատերն այսօր նույնպես սիրում են և, հավանաբար, սովորական են համարում), ընդամենը մի փոքր օրինակ է այն բանի, թե ինչպես է միայն սեփական շահերով առաջնորդվող մեր աշխարհը հաճախ կույր ուրիշների կարիքների նկատմամբ: Աֆրիկան դարերի ընթացքում շատ առումներով կրել է այդպիսի շահամոլության ծանրությունը, և դա շարունակվում է նաև այսօր: Ֆրենչը նշում է, որ «մենք հիշում ենք [Աֆրիկայի] մասին հիմնականում կոպիտ շահադիտական նպատակներով և բացահայտ ագահության տրամադրություններրով»:
«Ժամանակին Աֆրիկայի մասին մերթընդմերթ հիշելը կապված էր ռետինի կամ բամբակի, ոսկու կամ ադամանդի անհրաժեշտության հետ, էլ չեմ ասում միլիոնավոր ստրուկների մասին․..․ ում ներդրումը Եվրոպայի հարստության և դրա երազած Նոր Աշխարհի մեջ հազվադեպ է ճանաչվում»։
Հովարդ Ֆրենչ, «A Continent for the Taking: The Tragedy and Hope of Africa» (2004)
«Այսօր, — գրում է նա, — մանր ավարը նույնքան «էկզոտիկ» է, որքան նախկինում, բայց այն թարմացվել է մեր ժամանակակից դարաշրջանի կարիքներին համապատասխան: Աֆրիկան մեզ հետաքրքրում է նավթի իր ծովային պաշարներով, ․․․.. կամ հազվագյուտ հանքանյութերով, ինչպիսին է կոլումբիտը, որն օգտագործվում է մեր բջջային հեռախոսներն ու «PlayStation»-ները սնուցելու համար»: Իրավիճակը կարծես անկայուն է: Կրկնվող տնտեսական կոլապսները, լինեն դրանք տեղական թե համաշխարհային, նախազգուշացում են այն մասին, որ առևտրի անհավասարակշռությունը չի կարող հավերժ շարունակվել, նույնիսկ եթե այն ստեղծում է հսկայական հարստություն ոմանց համար (ինչպես ասվում է նաև Աստվածաշնչում):
Մենք պետք է դա հիշենք ամեն անգամ, երբ ինչ-որ բան ենք գնում կամ վաճառում (նույնիսկ սովորական կապուչինո), և պետք է մտածենք՝ արդյոք կարող է ավելի լավ լուծում լինել: Սա մեզ հիշեցնում է բրիտանացի գրող Ռեբեկա Ուեսթի խոսքերը, որ «Black Lamb and Grey Falcon»-ում գրել է․ «իհարկե, [կապիտալիզմը] այնքան էլ լավը չէ, որքան այն, ինչ մենք կուզեինք, իհարկե, դրան կարելի է վերաբերվել միայն հիասթափությամբ, այլ ոչ թե հիացմունքով»։
Ի՞նչ կարող ենք ցանկանալ դրա փոխարեն:
Փոփոխությունը կպահանջի մեր մտածողության կտրուկ փոփոխություն: Ինչպես պնդում է Գրինը, հավասարակշռության վերականգնումը կարող է ներառել «ավելին, քան «պրագմատիկ» որոշումները՝ հիմնված քաղաքական տնտեսության վրա: Դա կարող է կապված լինել ավելի հիմնարար բանի հետ, այն է՝ վարկային համակարգի բարոյական արժեքի հարցը, որն ընկած է ժամանակակից տնտեսության հիմքում»:
Միջազգային առևտրի և, ընդհանուր առմամբ, կապիտալիզմի բարոյական արժեքը իսկապես անբավարար էր: Կպահանջվեն փոփոխություններ ազգային մակարդակում, ինչպես նաև անհատական: Եթե առևտրի մեջ ներգրավված յուրաքանչյուր մարդ (և դա ներառում է գրեթե բոլորին) գործեր առատաձեռնության և ուրիշների մասին հոգ տանելու ոգով առուծախի ամենօրյա հարաբերություններում, ապա համակարգը բոլորովին այլ կերպ կգործեր: Մենք դիմացինին կդիտարկեինք որպես հավասարի՝ այնպիսի կարիքներով և ցանկություններով, ինչպիսին մենք ունենք, այլ ոչ թե որպես ռեսուրսի, որից կարելի է առավելագույն օգուտ քաղել: Մենք հաշվի կառնեինք շրջակա միջավայրի վրա գործի դրվող ճնշումը և դրա վերականգնումը: Մենք առաջնահերթություն կտայինք այլ մարդկանց կարիքներին և զարգացմանը նույնքան, որքան մեր սեփականին:
Դա բարդ խնդիր է, բայց, այնուամենայնիվ, դա միակ կայուն տարբերակն է: Համակարգը, որը հիմնված է առատաձեռնության, ուրիշների խնամքի և հեռատեսության սկզբունքների վրա, անկասկած գոհունակություն կբերեր և կապահովեր երկարաժամկետ փոփոխություն։
Հղումներ
Թարգմանիչ՝ Հայկուհի Մովսիսյան (Haykuhi Movsisyan), խմբագիր՝ Ստելլա Սարգսյան (Stella Sargsyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








