Ինչու ԱԲ-ն դեռ չի կարող փոխարինել բանավոր թարգմանիչներին
Արհեստական բանականությամբ (ԱԲ) թարգմանությունը երբևէ չի եղել այսքան «մարդկային», և այդ իսկ պատճառով էլ ամենավճռորոշ պահերին դրան վստահելը երբևէ չի եղել այսքան վտանգավոր։
Այսօր մարդկանց մեծ մասն «ԱԲ թարգմանություն» ասելով նկատի ունի մեքենայական թարգմանությունը՝ նեյրոնային այն համակարգերը, որոնք ընկած են մարդկանց կողմից ամեն օր օգտագործվող գործիքների հիմքում։ Մեքենայական թարգմանության արդի գործիքները կարող են ստեղծել մի նախադասություն, որը կարդացվում է մարդկային լեզվի պես սահուն, բնական և նույնիսկ ինքնավստահ ձևով, սակայն հենց այս ինքնավստահությունն էլ կարող է դառնալ խնդիր։ Ինքնավստահ մոդելը ոչ մի ազդանշան չի տալիս, երբ սխալվում է։ Այն չի դադարում, չի տատանվում, չի հայցում պարզաբանում, ինչպես կաներ մարդը, այլ պարզապես տալիս է հաջորդ նախադասության հավանական թարգմանությունը՝ անկախ նրանից` համապատասխանում է արդյոք վերջինս խոսողի իրական մտքին, թե՞ ոչ։ ԱԲ թարգմանությունների կատարելագործմանը զուգահեռ հետզհետե ավելի է դժվարանում սահունությունը ճիշտ ըմբռնումից տարբերակելը։
Սա է այն բացը, որն անտեսվում է ԱԲ-ի և թարգմանության մասին քննարկումների մեծ մասում։ ԱԲ-ն նշանակալիորեն հմտացել է տեքստի հետ աշխատանքում։ Այսօր մեքենայական թարգմանության նեյրոնային համակարգերը հաճախ տրամադրում են սահուն, արագ և պիտանի թարգմանություններ։ Սակայն այլ է պատկերը բանավոր թարգմանության պարագայում․ վերջինս պարզապես բարձրախոսով թարգմանություն չէ։ Այն բնագավառ է՝ հիմնված իրական ժամանակում կատարվող դատողության, պատասխանատվության և իրավիճակը ճիշտ ընկալելու վրա, քան թե պարզապես բառերը մեկ լեզվից մյուսը փոխարկելու։ Քանի որ ԱԲ գործիքներն ավելի են բարելավվում, իսկ պատվիրատուներն ավելի հաճախ են հարցնում «մի՞թե չենք կարող ուղղակի ինչ-որ հավելված օգտագործել սրա համար», արժե հստակեցնել, թե որտեղ է ԱԲ-ի կիրառումը տեղին, և որտեղ է այն լուռ ձախողվում։
Ինչն է ԱԲ թարգմանությունը իսկապես լավ անում
Ներկայումս ԱԲ թարգմանությունն արժանի տեղ է գրավել լեզուների հետ առնչվող աշխատանքային գործընթացներում։ Ներքին փաստաթղթաշրջանառութան, ապրանքնացանկերի կազմման, նախնական սևագրերի մշակման և ճամփորդական սովորական հաղորդակցության նման մեծածավալ առաջադրանքների հետ գործ ունենալիս ԱԲ-ն արագ է, ծախսարդյունավետ և ունի այնպիսի հետևողականություն, որին ոչ մի մարդ չի կարող հասնել։ ԱԲ-ն նաև իսկապես օգտակար է որպես տերմինաբանական հետազոտության և սևագրման օժանդակ գործիք, ուստի շատ գրավոր թարգմանիչներ այժմ օգտագործում են այն՝ իբրև հումք, որ կարելի է խմբագրել՝ թարգմանությունը դատարկ էջից սկսելու փոխարեն։ Diplomatic Language Services-ի համաձայն՝ այս պարագայում խելացի քայլը երկու ռազմավարությունների համադրումն է․ կարելի է ԱԲ-ին թույլ տալ մշակել տեքստի հիմնական ծավալը, իսկ այնուհետև ներգրավել մարդուն՝ դրա ճշգրտությունն ու տոնը ստուգելու համար, և ոչ թե նրանց դիտարկել որպես մրցակիցներ։
Այս ամենի շուրջ քիչ թե շատ փոխհամաձայնություն կա։ Իրական բանավեճը սկսվում է, երբ գրավոր տեքստից անցում է կատարվում բանավորի, որտեղ հարկավոր է անհապաղ ըմբռնում, և ամեն մանրուք հույժ կարևոր է։
Որտե՞ղ է այն ձախողվում․ (I) իրական ժամանակի խնդիրը
Բանավոր թարգմանությունը՝ լինի այն համաժամանակյա, թե հաջորդական, չի ներառում խմբագրման պես գործընթաց։ Գրավոր թարգմանիչը կարող է հեռանալ նախադասությունից, ապա վերադառնալ ու վերանայել այն և ուղղել։ Մինդեռ համընթաց թարգմանիչը ստիպված է գործել՝ հաճախ դեռ անգամ չլսած հաջորդ բանախոսի հաջորդ բառը։ Իր հերթին, հաջորդական թարգմանությունը մեծապես հենվում է կառուցվածքավորված հիշողության և նոթագրման համակարգերի վրա (օրինակ՝ Ռոզանի նշանների*, Մատիսեկի՝ SVO կառույցի վրա հիմնված մեթոդի**) հենց այն պատճառով, որ մարդկային ուղեղին օգնություն է հարկավոր ժամանակի ճնշման ներքո խոսքի իմաստը վերակառուցելու համար․ սա լուծում է մի խնդրի, որին ԱԲ-ն նույն կերպ չի բախվում, քանի որ չի վերակառուցում խոսքի իմաստը։ Այն պարզապես կանխատեսում է հավանական արդյունքը։
Հենց այս տարբերությունն է ամենաէականը։ Դերանունները, նախադասության կեսից պաշտոնականութունը փոխող բանախոսը, տերմինները, որը առօրյա խոսքում մի նշանակություն ունեն, իսկ տեխնիկական կամ իրավական ռեգիստրում՝ մեկ այլ՝ բանավոր թարգմանիչն այս խնդիրները լուծում է՝ օգտագործելով նախադասությունից դուրս գոյություն ունեցող համատեքստը, օրինակ՝ ով է խոսում, ում հետ են խոսում, ինչ է ասվել հինգ րոպե առաջ, ինչն է մշակութային առումով կրիտիկական և այլն։ ԱԲ-ն դրանք լուծում է վիճակագրորեն՝ հիմնվելով ուսուցողական տվյալների օրինաչափությունների վրա՝ առանց միջավայրին հասանելիություն ունենալու։
Մեքենան չի կարող ճիշտ կռահել, բայց, միևնույնն է, կպատասխանի
Ըստ լեզվի բնագավառի պարբերական Slator-ի՝ որոշ լեզուներ քերականական սեռը շեշտում են այնպիսի ձևերով, որոնք անգլերենում չկան։ Թարգմանե՛ք անգլերենի սեռապես չեզոք «doctor» բառը գերմաներեն, և համակարգը ստիպված կլինի ընտրել Arzt (արական) կամ Ärztin (իգական) տարբերակների միջև, անգամ երբ նախադասությունում ոչինչ չի մատնանշում՝ որն է ճիշտը։ Մեքենան միևնույն է կընտրի տարբերակներից մեկը՝ անորոշությունն ընդունելու փոխարեն հաճախ հենվելով ներհատուկ կանխակալության վրա։ Բախվելով նույն բացին՝ բանավոր թարգմանիչը, գուշակություններ անելու փոխարեն, հարցնում կամ լսում է՝ բացակայող համատեքստը գտնելու համար։
Որտե՞ղ է այն ձախողվում․ (II) մարդկային դատողության խնդիրը
Ժամանակակից բանավոր թարգմանության հիմնադիր տեսաբաններից մեկը՝ Դանիցա Սելեսկովիչը, պնդում էր, որ բանավոր թարգմանիչները աշխատումում են իմաստի, այլ ոչ թե բառերի հետ՝ լսածը սեղմելով հասցնելով իր առանցքային իմաստին և այդ իմաստը վերակառուցելով թիրախ լեզվում, այլ ոչ թե մի բառը փոխարինում են մյուսով։
Ըստ Սելեսկովիչի՝ փաստորեն, հաջողված բանավոր թարգմանությունը պահանջում է դեվերբալիզացիա կամ ապաբառայնացում (ասված բառերի հետևում թաքնված իմաստի ըմբռնում և դրա վերաարտահայտում), այլ ոչ թե բուն բառերի փոխարկում։ Սա հենց այն տեսական հիմքն է, որ բացատրում է, թե ինչու է բառացի փոխարինումը (ինչն ավելի մոտ է ԱԲ-ին) ձախողվում բանավոր թարգմանության իրական համատեքստում։
Հենց այստեղ է, որ մեքենայական թարգմանության տված արդյունքը հավկած է ձախողվել պատասխանատու պահերին։ Բառացի թարգմանված դարձվածքները լիովին կորցնում են իրենց իմաստը։ Հումորը չի դիմանում մշակութային փոխպատվաստմանը։ Դիվանագիտական հեջավորումը*** անտեվում է։ Մյուս կողմից՝ երբ տեղի է ունենում անսպասելի ինչ-որ բան, ասենք՝ խոսնակը շեղվում է տեքստից, տեխնիկական խափանումն ընդհատում է խոսքի ընթացքը, կամ սպոնտան կատակը ձախողվում է և պահանջում տեղում արագ շտկում, բանավոր թարգմանիչը գուցե ստիպված կլինի իմպրովիզ անել, մինչդեռ ԱԲ-ի մեջ ներդրված չէ «սցենարից շեղվելու» այս գաղափարը։
Բացի այդ, առկա է պատասխանատվության մակարդակի տարբերություն։ Իրավաբանական, բժշկական և դիվանագիտական համատեքստերում թյուր թարգմանությունն ունենում է այնպիսի հետևանքներ, որոնք ԱԲ ոչ մի մոդելի վրա չեն կարող դրվել։ Ինչպես հայտնում է Translators USA-ը, դատարաններն ու պետական գործակալությունները, ներառյալ ԱՄՆ ներգաղթի հարցերով մարմինները, շարունակաբար մերժում են բացառապես մեքենայական թարգմանությունների դիմել և պահանջում մարդ-պրոֆեսիոնալի ստորագրված հավաստագիր, որով նա պատասխանատվություն է ստանձնում ադրյունքի ճշգրտության համար։ Այդ պահանջն արտացոլում է միտքը, որ մեքենային չես կարող պատասխանատվության ենթարկել, ուստի այն հաստատությունները, որոնք չեն կարող իրենց նման ռիսկեր թույլ տալ, դեռևս պնդում են շղթայում մարդու ներգրավվածության անհրաժեշտությունը։
Մարդկային գործոնը՝ թարգմանչական խցիկից
Բանավոր թարգմանությունը նաև նշանակում է ադրենալինի կառավարում․ իրական ժամանակում թարգմանիչը զուգահեռաբար ընկալում է խոսողի մտադրությունը և գուշակում հաջորդ նախադասության շարունակությունը, խոսողի հետ վայրկյանների ընթացքում վստահության է ձևավորում, որպեսզի շարունակվի աշխատանքի բնականոն ընթացքը, էթիկական չեզոքություն է պահպանում նույնիսկ լարվածպահերին, և այս ամենը՝ բուն լեզվական փոխարկումը մեխանիկաբար կատարելու հետ միաժամանակ։
Հայաստանի 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկն ինձ խնդրեց մեր անձնակազմի իտալացի անդամին փոխանցել հետևյալ մեկնաբանությունը․ «Նա հնդկացու է նման»։ Այս դիտարկումն արվել էր, քանի որ իտալացի դիտորդն ուներ մուգ մաշկ և ագռավի պես սև մազեր։ Չնայած որպես ընկերական դիտարկում, այլ ոչ թե որպես վիրավորանք ուղղված լինելուն՝ արտահայտությունը չմտածված էր և կարող էր հեշտությամբ իրավիճակն անհարմար դարձնել։ Ես դիտարկումը փոխանցեցի թեթև ծիծաղով և այնպիսի տոնով, որը համապատասխանում էր խոսողի սկզբնական մտադրությանը։ Արդյունքը դրական էր, մասամբ որովհետև իտալացին բնույթով ջերմ ու անմիջական մարդ էր։ Եթե նա ուրիշ կերպ արձագանքեր, իրավիճակը կարող էր այլ ընթացք ստանալ՝ անկախ նրանից, թե որքան զգուշորեն էր մատուցվել թարգմանությունը։ Իրավիճակը ճիշտ ընկալելը չի երաշխավորում ցանկալի արդյունքը, սակայն այդ քայլն անտեսելը ընդհանրապես ոչինչ չի երաշխավորում։
Իրական փոխհարաբերությունը․ գործիք, այլ ոչ թե փոխարինող
ԱԲ-ն մեր թշնամին չէ։ Ինչպես Diplomatic Language Services-ի, այնպես էլ Slator-ի համաձայն՝ ավելի ճշգրիտ կլինի ձևակերպել, որ ԱԲ թարգմանությունն ու մարդ բանավոր թարգմանիչն իրականում լրացնում են միմյանց ընդհանուր աշխատանքային գործընթացում, այլ ոչ թե մրցակցում միևնույն աշխատանքի համար։ Տերմինաբանական հետազոտությունը, բառացանկերի կազմումն ու արագ սևագրումն այն իրավիճակներն են, որտեղ ԱԲ-ն իրապես հեշտացնում է բանավոր թարգմանչի նախապատրաստական աշխատանքը՝ առանց միջամտելու մարդկային գործոնին։ Սա արտացոլում է մի օրինաչափություն, որն այս ոլորտը արդեն մեկ անգամ ապրել է․ թարգմանության հիշողության գործիքները տասնամյակներ առաջ չփոխարինեցին թարգմանիչներին, այլ փոխեցին միայն այն, թե ինչի վրա էին թարգմանիչները ծախսում իրենց ժամանակը։
Translators USA-ի համաձայն՝ պետական գործակալություններն ու դատարանները, ինչպես նշվեց, հիմնականում չեն ընդունում բացառապես մեքենայական թարգմանությունը որևէ պաշտոնական առիթի համար։ Վավերացված թարգմանությունը պահանջում է մասնագետի անվանական ստորագրություն, որով նա իրավական պատասխանատվություն է ստանձնում դրա ճշգրտության համար, մի բան, որը ոչ մի ԱԲ գործիք չի հանձնառում։ Այս մեկ պահանջը բավականին հստակ ցույց է տալիս, թե որտեղ է ոլորտն իրականում քաշում «բավարար» և «վստահելի» հասկացությունների միջև սահմանագիծը։
Ապագային ընդառաջ
ԱԲ-ն վստահաբար կշարունակի կատարելագործվել, հատկապես պարզ համատեքստ ունեցող և ցածր ռիսկայնության բովանդակության համար, որտեղ «մոտավորապես ճիշտը» իրապես բավարար է։ Սակայն վերոնշյալ բացը հաշվարկային հզորության խնդիր չէ, որը սպասում է մոդելի հաջորդ թողարկմանը: Այն կառուցվածքային է։ Բանավոր թարգմանությունը մարդկանց միջև մարդկային միջնորդության գործողություն է՝ հիմնված մի համատեքստի վրա, որը մեքենան չունի, և այնպիսի հաշվետվողականության, որն այն չի կարող ստանձնել։ Միայն սահունության բարելավումը լուծում չէ այդ բացը փակելու համար, ուստի իմաստի, համատեքստի և հաշվետվողականության հարցերը մնում են հիմնարար առումով մարդկային մարտահրավերներ։
* (թարգմանչի կողմից) Նոթագրման համակարգ է՝ մշակված շվեյցարացի բանավոր թարգմանիչ Ժան-Ֆրանսուա Ռոզանի կողմից, ըստ որի բանավոր թարգմանիչներն իրենց նոթերն անում են հատուկ նշաններ, դասավորություն և կրճատումներ օգտագործելով։ ** (թարգմանչի կողմից) Նոթագրման մեկ այլ համակարգ է մշակված գերմանացի բանավոր թրագմանիչ Հայնց Մատիսեքի կողմից՝ հիմնված նախադասության ենթակա–ստորոգյալ–լրացում (անգլ․՝ subject-object-verb` SVO) շարադասասական կառուցվածքի վրա, որի շնորհիվ նոթերն ավելի տրամաբանական և արագ ընկալելի են դառնում։ *** (թարգմանչի կողմից) Հեջավորումը (անգլ․՝ hedging) լեզվական այնպիսի միջոցների կիրառումն է, որոնցով խոսողը մեղմում է իր պնդումը կամ ցույց է տալիս անորոշություն/զգուշավորություն։ Ծանոթագրություն
Հղումներ
Հեղինակ՝ Երվանդ Հարությունյան (Yervand Harutyunyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։








