Իրանը պատրաստ է հավերժական պատերազմի։ Թեհրանի ռազմավարական նոր հաշվարկը
Վերջին ամիսների ընթացքում Իրանը և Միացյալ Նահանգները վարում են խաղաղության՝ անկայուն և անհաջող բանակցություններ: Ապրիլի սկզբին՝ հրադադարի վերաբերյալ խիստ անկայուն համաձայնագիր կնքելուց հետո, երկու երկրների պաշտոնյաները փոխանակել, ապա մերժել են մի շարք երկարաժամկետ առաջարկներ: Հայտարարել են, թե մոտ են ինչ-որ պայմանավորվածության, այնուհետև միմյանց հարվածել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տարափով: «Անկեղծ ասած, ինձ համար միևնույն է՝ ավարտվել են դրանք, թե՝ ոչ», — հայտարարել է Թրամփը՝ ի պատասխան բանակցությունները դադարեցնելու մասին Իրանի տարածած լուրերին: Իր խոսքով՝ քննարկումները «դարձել էին շատ ձանձրալի»:
Թեհրանը և Վաշինգտոնը գուցե կարող են ինչ-որ համաձայնության հասնել առաջիկա ամիսներին. երկու կողմերի բարձրագույն ղեկավարներն էլ, կարծես թե, չեն շտապում վերադառնալ ինտենսիվ մարտերի (թեև Իրանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ դա ողջունում են): Սակայն նույնիսկ համաձայնության հասնելու դեպքում Իրանը և Միացյալ Նահանգները խրված են մնալու ավելի լայն հակամարտության մեջ՝ շարունակելով սուր մեղադրանքներ, և հնարավոր է, ռազմական հարվածներ փոխանակեն: Պատճառը մասամբ այն է, որ երկրների միջև խոր անջրպետ կա հակամարտության աղբյուր դարձած առանցքային վեճերի շուրջ։ Վաշինգտոնը շարունակում է պահանջել, որ Թեհրանը լիովին հրաժարվի միջուկային հարստացման իր ծրագրից, հանձնի դրա արդյունքում ստացված հարստացված ուրանը, դադարեցնի տարածաշրջանային դաշնակիցներին աջակցությունը և վերաբացի Հորմուզի նեղուցը: Իրանը, սակայն, բազմիցս մերժել է դադարեցնել հարստացման ծրագիրը: Երկրի ղեկավարները պնդում են, որ հավանական է` կդիտարկեն Վաշինգտոնի մյուս պահանջները միայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ճանաչի Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը, փոխհատուցի պատերազմի ժամանակ հասցված վնասները, վերջ դնի Լիբանանում Իսրայելի պատերազմին և ապասառեցնի իրանական ակտիվները:
Սակայն իրական խաղաղության չհասնելու ևս մեկ պատճառ կա. Իրանը եզրակացրել է, որ հակամարտությունը նախընտրելի է դիվանագիտությունից: Ի վերջո, թվում է, թե պատերազմն օգնում է Թեհրանին մեծացնել իր միջազգային հզորությունը: Հարվածելով ամերիկյան ռազմակայաններ տեղակայած արաբական պետություններին՝ Իրանին հաջողվել է սեպ խրել ԱՄՆ պաշտոնյաների և Պարսից ծոցի՝ նրանց գործընկերների միջև, որոնք հուսահատորեն ձգտում են տևական կարգավորման: Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը ստիպել է աշխարհի մի շարք երկրներին ճանաչել իր հզորությունը և բանակցել իրենց նավերի ճակատագրի շուրջ: Մինչդեռ Միացյալ Նահանգների հետ նախկին պայմանավորվածությունները միշտ ձախողվել են:
Իսլամական Հանրապետության ռազմավարությունը, ուրեմն, միայն Միացյալ Նահանգներին դիմակայելն ու գոյատևելը չէ, ինչպես սովորաբար ենթադրվում է։ Երկիրն իրականում նույնիսկ չի փորձում լուծել Վաշինգտոնի հետ իր տարաձայնությունները։ Փոխարենը, այն ցանկանում է հիմնովին փոխել այն, թե Միացյալ Նահանգները, ԱՄՆ-ի դաշնակիցները և, ըստ երևույթին, ողջ աշխարհը ինչպես են փոխազդում Թեհրանի հետ։ Այն ձգտում է բազմաբևեռ աշխարհակարգում դառնալ նոր բևեռ և հավատում, որ պատերազմն օգնում է իրեն հասնել այդ նպատակին։
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Իսլամական Հանրապետության համար Վաշինգտոնի հետ հակամարտությունը նորություն չէ։ Իսկապես, հիմնադրման առաջին օրերից ի վեր ռեժիմն իր արտաքին քաղաքականության մեծ մասը կենտրոնացրել է ԱՄՆ-ին դիմագրավելուն։ Սակայն ավանդաբար երկրի ներքաղաքական մրցակցությունը զսպել է այդ մղումը և պարբերաբար ստիպել ռեժիմին հետամուտ լինել դիվանագիտական լուծումներին։ Այս օրինաչափությունն իր գագաթնակետին հասավ 2015-ին, երբ Իրանի պրագմատիկ նախագահ Հասան Ռուհանին, չնայած գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի առարկություններին, ընտրություններում իր ջախջախիչ հաղթանակն օգտագործեց ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցելու համար։ Սակայն այդ համաձայնագրի փլուզումը՝ պայմանավորված ԱՄՆ-ի նահանջով, ինչպես նաև Վաշինգտոնի հետ հետագա պատերազմներով, ուժերի ներքին հավասարակշռությունը գրեթե ամբողջությամբ տեղաշարժեց այն ղեկավարների կողմ, որոնք փոխզիջման մեջ ավելի մեծ վտանգ են տեսնում, քան առճակատման։ Մասնավորապես, փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի ռմբակոծության երկարատև արշավի մեկնարկից հետո, ռեժիմի ավելի զգուշավոր ձայները կա՛մ մեծ մասամբ լռեցին, կա՛մ միացան կոշտ գծի կողմնակիցների շարքերին։
Արդյունքում, կոշտ գծի կողմնակիցներն այժմ ամուր դիրքավորված կառավարում են երկիրը։ Նրանք արդեն իրենց արդարացված են զգում պատերազմի արդյունքներով։ Շատերը, օրինակ, տասնամյակներ շարունակ սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը և հարվածել տարածաշրջանի ողջ ենթակառուցվածքին։ Սակայն նրանց զսպում էին ավելի պրագմատիկ գործընկերները, որոնք վախենում էին, թե դա ռազմական հզոր հակահարված կբերի և, հետևաբար, կհրահրի ներքին դժգոհություն։ Սակայն երբ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Խամենեիի սպանությունից և ողջ երկրում ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքի ավերումից հետո Թեհրանն ի վերջո դիմեց այդ քայլին, իրանյան վերնախավից և քաղաքացիներից շատերը ողջունեցին դա։ Այդ ընթացքում Իսլամական Հանրապետությունն արագորեն լծակներ ձեռք բերեց։ Արաբական երկրները, տնտեսական աղետից վախենալով, ԱՄՆ-ի վրա ճնշում են գործադրել՝ խաղաղության վերականգման համար։ Ասիական երկրները, Պարսից ծոցի նավթի ու գազի ծայրահեղ կարիքն ունենալով, Իրանին խնդրել են անվտանգ անցում տրամադրել իրենց նավերին։ Նույնիսկ եվրոպական ղեկավարներն են ավելի զիջող տոն ընդունել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որ նախկինում Իրանի դեմ «մեր կեղտոտ գործը» անելու համար Իսրայելին գովաբանել էր, Բեռլինը այդ գործողություններից հեռու է պահել և հայտարարել, որ Թեհրանը Վաշինգտոնին «նվաստացրել» է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է տարածաշրջան որևէ ռազմական ուժ ուղարկելը։ Եվրոպական բազմաթիվ պաշտոնյաներ դիվանագիտական ուղիներ են բացել իրենց իրանցի գործընկերների հետ։ Նորվեգիայի արտաքին գործերի փոխնախարարն անգամ Թեհրան է այցելել՝ լուծումներ փնտրելու նպատակով։
Այս արդյունքը զարմանալի չէ։ Արաբական պետությունները չեն սիրում, երբ իրենց վրա հարձակվում են, իսկ Հորմուզի նեղուցը կարևոր տարանցիկ ուղի է բոլոր տեսակի կենսական ապրանքների, այդ թվում՝ հանածո վառելիքի համար։ Այսպիսով, դրա փակումը օգնեց վերացնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև տասնամյակներ տևած անհամաչափությունը։ Նախկինում վերջինս ակնհայտ առավելություն ուներ տնտեսական պատերազմում, քանի որ կարող էր օգտագործել միակողմանի պատժամիջոցներ և դոլարի նկատմամբ իր վերահսկողությունը՝ արգելակելու Իրանի մուտքը համաշխարհային տնտեսություն։ Մինչդեռ Թեհրանն ի պատասխան գրեթե ոչինչ անել չէր կարող։ Բայց այժմ կարող է և արել է։ Նեղուցը փակելով՝ Իրանն ապահովել է՝ ամերիկյան սպառողները տնտեսական ցավ զգան ամեն անգամ, երբ այցելեն բենզալցակայան կամ մթերային խանութ։ Իրանի ղեկավարները կարծում են, որ ժամանակի ընթացքում այս ներքին տնտեսական ճնշումները Թրամփին կստիպեն թուլացնել պատժամիջոցների պարտադրումը։ Նեղուցի փակումը, իհարկե, վնասում է նաև աշխարհի մնացած հատվածին։ Սակայն Թեհրանի համար դա ևս առավել ձեռնտու է, քանի որ կարող է ստիպել այլ երկրներին հետամուտ լինել Իրանի հետ երկկողմ առևտրային և ֆինանսական պայմանավորվածությունների՝ նեղուցով անցման համար՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։
Կա նաև երրորդ ու վերջին պատճառ, թե ինչու է Իսլամական Հանրապետությունը պատերազմը դիտարկում ձեռնտու։ Իր տեսանկյունից հակամարտությունը Վաշինգտոնին կստիպի այլևս չթերագնահատել Թեհրանի հղորությունը։ Ի վերջո, Միացյալ Նահանգները կրել է ավելի մեծ կորուստներ, քան հայտնում է Սպիտակ տունը. ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ամերիկյան բազաների վրա իրանական հարվածներն անսպասելիորեն արդյունավետ ու կործանիչ են եղել և նույնիսկ կարողացել են շարքից հանել հրթիռային պաշտպանության՝ մի շարք թանկարժեք ռադարներ։ Մյուս կողմից՝ Իրանի հրթիռային զինարանն ավելի քիչ վնասներ է կրել, քան պնդում են ամերիկյան պաշտոնյաները։ Այնուամենայնիվ, Իրանը լուրջ հարվածներ է կրել, նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի բանակները դեռ շատ ավելի բարձրակարգ են, քան Թեհրանի զինված ուժերը։ Սակայն Իսլամական Հանրապետությունը եզրակացրել է, որ ինչքան հզոր լինեն հակառակորդները, ո՛չ Իսրայելը, ո՛չ ԱՄՆ-ն ի վիճակի չեն Իրանին հաղթել մարտադաշտում։ Պատերազմի երկարաձգումը, հետևաբար, թույլ կտա ապացուցել, որ Իրանի վերաբերյալ Վաշինգտոնի նախկին գնահատականը, թե իբր երկրի բանակը չեզոքացված էր, իսկ ռեժիմը՝ փլուզման եզրին, սխալ էր։
ԽԱՂԱԼՈՎ ԿՐԱԿԻ ՀԵՏ
Իրանի՝ կոշտ գիծը պաշտպանող վերնախավը մեծամասամբ համաձայն է Վաշինգտոնին դիմակայելը շարունակելու անհրաժեշտությանը։ Սակայն նրանց միջև կան մարտավարական տարաձայնություններ, մասնավորապես` ինչ չափով պետք է Թեհրանը հատուցի ԱՄՆ-ի հարվածները։ Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ հրադադարից հետո Իրանը չափազանց զուսպ է եղել և դեպի Մերձավոր Արևելքի ամերիկյան բազաներ մի քանի հրթիռ ու անօդաչու թռչող սարք ուղղելու փոխարեն պետք է ուղղակիորեն ու անընդհատ թիրախավորել ամերիկյան զինվորներին։ Իրենց կարծիքով՝ միայն դիապարկերն են Վաշինգտոնին ստիպելու վերահաշվարկել շարունակական առճակատման իրական արժեքը։ Մյուսները պնդում են, թե պետք է ավելի շատ կենտրոնանալ Լիբանանում Հեզբոլլային պաշտպանելու վրա, որը մնում է Իսրայելի հարձակումների ներքո, այդ թվում՝ ավելի շատ ամերիկյան ակտիվների հարվածելով՝ հույսով, որ դա Վաշինգտոնին կստիպի զսպել իր գործընկերոջը։ Իրանի վերնախավը նաև երբեմն վիճաբանում է այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք ռազմական ճնշումը լրացնել դիվանագիտական ընտրողական ներգրավվածությամբ։ Այս բանավեճերը բացահայտ ծավալվում են պետական հեռուստատեսությամբ և կառավարամետ հանրահավաքներում, որտեղ որոշ գործիչներ մյուսներին մեղադրում են բանակցությունների ձգտելու համար։ Նման մեղադրանքներն աճում են անհաջող բանակցությունների յուրաքանչյուր փուլից հետո, որոնց կրկնվող ձախողումից դրդված՝ իրանցիները Վաշինգտոնի նկատմամբ անգամ ավելի կասկածամիտ են դարձել։ Այս միջավայրում դիվանագիտությանը հրապարակայնորեն աջակցելը ավելի ու ավելի թանկ է արժենում։
Իրանում դեռ կան քաղաքական գործիչներ, որոնք անհանգստանում են, թե երկրի ղեկավարությունը գերագնահատում է իր ուժը, և որոնք կողմ են հաշտության հասնելու համար զիջումներին։ Նրանք նախազգուշացրել են, որ համաշխարհային էներգետիկ շուկաների շարունակական խաթարումը կարող է աշխարհի մեծ մասին համախմբել Թեհրանի, այլ ոչ Վաշինգտոնի դեմ, զգուշացրել են, որ ԱՄՆ-ն պահպանում է չկիրառված գործիքներ, ներառյալ՝ կիբերհարձակման, որոնք կարող են շատ ավելի կործանիչ ազդեցություն ունենալ, և որ ռազմական գործողությունների վերսկսումը իրանական ենթակառուցվածքներին կարող է տասնամյակներ արժեցող վնաս հասցնել։ Ի վերջո, պատերազմն արդեն ավերել է Իրանի մետաղաձուլական, գազային և նավթաքիմիական արդյունաբերությունը՝ ստեղծելով ցավոտ տեղական դեֆիցիտներ։
Սակայն Թեհրանը եզրակացրել է, որ այս ռիսկերը լինելու են, նույնիսկ եթե երկիրը փորձի հասնել հիմնարար կարգավորման: Փաստացիորեն, Իրանը կարծում է, որ փոխզիջումը միայն ավելի կվտանգի երկիրը: Իսրայելի և Վաշինգտոնի՝ 2025 թվականի հունիսի և 2026 թվականի փետրվարի հարձակումները տեղի են ունեցել բանակցությունների ընթացքում, ուստի ռեժիմի բազմաթիվ պաշտոնյաներ կարծում են, որ եթե Իրանը նախաձեռնի փոխզիջման երկխոսություն, դա կդիտարկվի որպես թուլության նշան: Իսլամական Հանրապետության ղեկավարությունը համապատասխանաբար վերակողմնորոշել է իր ռազմավարությունը՝ բանակցություններն օգտագործելով որպես պատերազմը կառավարելու գործիք: Այն մասնակցում է բանակցություններին՝ հիմնականում այլ պետություններին վստահեցնելու, որ լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը՝ դրանով իսկ նվազեցնելով միջազգային ճնշումը, և դա անում է հակամարտության տեմպը վերահսկելու համար: Իրանը, սակայն, հրաժարվում է անել առաջարկներ, որոնք կնվազեցնեն իր ազդեցության լծակները կամ կազդանշանեն խոցելիություն: Այս իմաստով, Իրանն արդյունավետորեն մոդելավորել է դիվանագիտության հանդեպ իր մոտեցումը՝ ընդօրինակելով Վաշինգտոնինը, մասնավորապես՝ լինել անկանխատեսելի, բանակցել միայն ուժի դիրքից և պահանջել խոշոր զիջումներ՝ փոխարենը առաջարկելով գրեթե ոչինչ: Ահա թե ինչու են իրանական վերնախավերը մտորում պատերազմին վերադառնալու մասին և հրաժարվում քննարկել Վաշինգտոնի պահանջները, քանի դեռ ԱՄՆ պաշտոնյաները չեն կատարել իրենցը։
Արդյունքը զրոյական գումարի դինամիկա է, որը խաղաղության նվաճումը գրեթե անհնար է դարձնում, գոնե առայժմ։ Ռեժիմը կարծում է, որ առճակատումն ամրապնդում է իր դիրքերը։ Այն պատրաստակամ է հանդուրժել տնտեսական ցավը, եթե կարող է վերահսկել նեղուցը։ Ի հեճուկս դրան՝ Միացյալ Նահանգները առայժմ հրաժարվել է նեղուցը թողնել իրանական ձեռքերում։ Ուրեմն, աշխարհը կարող է ստիպված լինել հարմարվել մի նոր կարգավիճակի, որում Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի նկատմամբ ինչ-որ տեսակի շրջափակում, Իրանն էլ՝ նեղուցի նկատմամբ, և երկու կողմերն էլ մշտապես ներգրավված են փոքր ընդհարումների մեջ ու, գուցե, վերադառնում են բացահայտ հակամարտության։
Նման արդյունքը սարսափելի կլինի Իրանի՝ 90 միլիոն բնակիչների համար, որոնք այժմ կենսամակարդակի շարունակական անկման առջև են կանգնած։ Դա նաև վատ կլինի ամբողջ աշխարհի այն միլիարդավոր մարդկանց համար, որոնք նավթի, գազի և պարարտանյութերի հարցում կախված են Հորմուզի նեղուցից։ Սակայն ռեժիմի տեսանկյունից Իրանի կառավարության համար այն վատ չէ։ Իսլամական Հանրապետությունը մնում է ֆունկցիոնալ, գործունյա և միահամուռ։ Այն ցուցադրել է, որ կարող է դիմակայել ծայրահեղ մեծ ճնշման։ Ամենից առավել այն ապացուցել է, որ կարող է միանձնյա թուլացնել համաշխարհային տնտեսությունը և, հետևաբար, մի ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել։
Թարգմանիչ՝ Երվանդ Հարությունյան (Yervand Harutyunyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։








