Վերլուծական ֆորում Պատմություն Անխառն մշակույթներ չկան

Անխառն մշակույթներ չկան

Անխառն մշակույթներ չկան

Բոլոր կրոնները, պատմությունները, լեզուներն ու կարգերը խառնվել ու իրար են ձուլվել պատմության ընթացքում՝ շնորհիվ մարդու շարժունակության և փոխանակման մշակույթի։

 

1990-ականներին մի ամբողջ սերունդ զրկվեց իր պատմական գիտակցությունից ՝ հզոր և աննախադեպ թվացող մի պատմության ազդեցության տակ: Այդ պատմությունը, որը ձևավորվեց Սառը պատերազմի ավարտին, հայտարարում էր, որ իրական և երևակայական սահմանափակումերը դադարել են գործել այնպես, ինչպես նախկինում: Մարդն այլևս չէր պարփակվում իր հին աշխարհագրական սահմանների և ինքնության մեջ: Նա բնակվում էր մի նոր աշխարհում, որը, կարծես, դուրս էր մարդկային հասարակության բնականոն էվոլյուցիոն ընթացքից:

Մարդկության պատմության փոխակերպման այս պահը արտահայտելու համար ընտրված գաղափարը «գլոբալիզացիան» էր: Դրանով նկարագրվում էր, թե ինչպես էին նոր տեխնոլոգիաներն ու կապակցվածության ցանցերը հանկարծակի մոտեցրել մարդկային համայնքներին և դարձրել դրանք թափանցելի նոր մարդկանց, գաղափարների, ապրանքների և մշակութային նորմերի անկառավարելի հոսքերի համար, որոնք ազատորեն տարածվում էին համաշխարհային տնտեսության ինտեգրված շուկաներում: 

Այս փոխակերպման արդյունքում ի հայտ եկավ նոր ժարգոն, որը արտահայտում էր նոր մտահոգություններ. աշխարհը, իրոք, դարձել էր այն «գլոբալ գյուղը», որ Մարշալ Մըքլուենը կանխատեսել էր դեռևս 1960-ականներին: Սակայն դա մի աշխարհ էր, որն առավելապես ձևավորվել էր բազմազգ կորպորացիաների և «էլիտար գլոբալիստների» կողմից, որոնք խոսում էին ընդհանուր, գերիշխող «գլոբալ անգլերենով» և առաջնորդում էին մարդկային մշակույթների կործանարար «հոմոգենացումը» (կամ «մըքդոնալդիզացիան»), որի ազգային սահմանները չափազանց փխրուն էին դիմակայելու համար:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում գնալով ավելի շատ մարդիկ են դիտարկում մեր «գլոբալ» աշխարհը որպես անիծված ճակատագիր: ժամանակի ու տարածության հեղձուցիչ սեղմման պայամաններում գլոբալիզացիան կարծես կտրել է մեզ պատմության տրամաբանությունից և ընթացքից: Մեր՝ կասկածելի, բազմամշակութային ինչ-որ խառնուրդից ծնված ինքնությունները կարծես չեն կարող համադրվել մեր նախնիների «իսկակական» ավանդույթների և կենսակերպերի հետ: Մենք դարձել ենք օտարներ այն վայրերում, որոնք նրանք կոչում էին տուն, խորթացել ենք նրանց հագուստին, ուտելիքին և փոխհարաբերման ձևերին: Չունենալով կյանքի ոչ մի ուղեցույց և նախնիներից մնացած ոչ մի փորձ՝ մենք հրապուրվում ենք հակագլոբալիզացիոն շարժումների բարձրագոչ ազդանշաններից՝ ցանկանալով վերադառնալ  ոսկե, կորուսյալ անցյալի անվտանգ ինքնություններին ու սահմաններին:

Գլոբալիզացիայի պատմությունը մեր ժամանակների ամենահաջողված սարսափ պատմություններից է: Եվ բոլոր սարսափ պատմությունների պես խթանում է անհաղթահարելի անորոշությունների հանդեպ տածած մեր վախը:

Բայց դա ընդամենը պատրանք է: Ոչ մի նոր գլոբալ աշխարհ գոյություն չունի:

Մեր ներկան թվում է այդպիսին, որովհետև մենք մոռացել ենք մեր ընդհանուր անցյալը: Գլոբալիզացիան չի սկսվել 1990-ականներին կամ նույնիսկ անցյալ հազարամյակում: Հիշելով այդ ավելի հին ընդհանուր անցյալը՝ մենք բացում ենք դեպի մի այլ պատմություն տանող ճանապարհը, որը սկսվում է շատ, շա՜տ ավելի վաղ՝ դեռ մինչև մատակարարման միջազգային շղթաների առաջացումը, օվկիանոսային առևտրական նավերի հայտնվելը և մայրցամաքները հատող Մետաքսի ճանապարհները: Գլոբալիզացիայի պատմությունը մարդկության ողջ պատմությանն է զուգահեռ: Բայց ինչո՞ւ ենք մենք շարունակում սխալ ընկալել այդ պատմությունը: 

Պատկերացրե՛ք՝ 2020-ականների մի օր զբոսնում եք հոլլանդական Գրոնինգեն քաղաքի փողոցային շուկայով՝ Գրոտե Մարկտում: Մի տաղավարի հետևից վաճառողուհին հաճախորդին հարցնում է, թե արդյոք վերջինս իր հումուսը «naturel» է ուզում, այսինքն՝ սովորական, առանց հավելումների: Հաճախորդը շփոթված տեսք ունի, երբ կինը ցույց է տալիս առաջարկվող հումուսի նարնջագույն, կանաչ և մանուշակագույն տեսակները: Նրան որոշ ժամանակ էր պետք, որպեսզի տարիներ առաջ համարձակվեր նախ փորձել այդ խյուսի բնական, անգույն տեսակը, ինչից հետո սկսել էր ավելի շատ սիսեռ, քնջութի սերմեր և ձիթապտղի յուղ ուտել, քան իր բոլոր նախնիները միասին: Ուստի՝ մանուշակագույն հումուսը թող սպասի ուրիշ օրվա: Նա ցածրաձայն ասում է՝ «բնականից, խնդրում եմ», և շտապում է դիմացի տաղավար՝ իր ցուցակի վերջին ապրանքը գնելու՝ կարտոֆիլ՝ հոլանդական խոհանոցի ամենակարևոր բաղադրիչներից։ Շուկայի այլ մասերում ուրիշ հաճախորդներ փնտրում են իրենց սիրելի բաղադրիչները:  Ոմանք ամբողջահատիկ ցորեն են փնտրում ֆրանսիական թթխմորով հացի համար կամ բասմատի բրինձ՝ իրաքյան ինչ-որ ուտեստի. մյուսները մայծի (եգիպտացորենի) ալյուր են գնում նիգերիական պուդինգի համար, լոլիկ թարմ իտալական մակարոնի սոուսի համար, կամ ձիթապտուղ՝ հունական աղցանի։ 

Այսպիսի շուկաները կատարյալ վայրեր են մարդկանց, ապրանքների, գաղափարների և նորմերի հոսքն ու խառնումը դիտարկելու համար, որ այժմ մենք անվանում ենք գլոբալիզացիա։ Դրանք նաև այն վայրերն են, որտեղ կարող ենք սկսել պատկերացնել այս գործընթացի ավելի երկար պատմությունը։

Լիրի Մեծ շուկան 17-րդ դարի սկզբին, նկարիչ՝ Ֆիլիպս դը Մոմպեր։ Նկարը տրամադրված է Լիրի քաղաքային թանգարանի կողմից

Շատ պատմական շուկաներ ստեղծվել են գլոբալիզացիայի դարաշրջանից ավելի վաղ: Երբ վերոնշյալ Գրոտե Մարկտը սկսեց գործել ուշ միջնադարում, Գրոնինգենի միջազգային համայնքին այժմ հասանելի ապրանքների շատ քիչ մասն էր հասանելի անցյալի մարդկանց։

Այն ժամանակ շուկայի այցելուները նույնպես  թվով ավելի քիչ էին ու ավելի մոտ տարածքներից եկած, որոնց մեծ մասը դեռևս խոսում էր իրենց տարածաշրջանային բարբառներով։ Սակայն 1493 թվականին այս և եվրոպական այլ շուկաներում առօրյա կյանքի երևակայական հորիզոնները հանկարծակի ընդլայնվեցին, քանի որ սկսեց շրջանառվել արտասովոր հայտնագործության մասին լուրը. Եվրոպայի ափերից անդին գոյություն ուներ մինչ այդ անհայտ մարդկային աշխարհ։ Դա այնքան անսպասելի և տարբեր թվացող մի աշխարհ էր որ արմատապես ցնցեց եվրոպացիների գիտակցությունը։

«Ես»-ի մասին մեր փիլիսոփայական պատկերացումները ծնվեցին եվրոպացիների կողմից «այլության» բացահայտմանը հետևած ցնցումից։

1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի՝ հետագայում «Ամերիկաներ» անվանված ցամաքներ հասնելուց հետո մարդկությունն աշխարհի ինտենսիվ ինտեգրման չորս դար տևած գործընթաց ապրեց, որը մղվում էր իմպերիալիզմով, առևտրով, կրոնով, շարժունակության նոր մշակույթով և ավանդույթի շղթաներից ազատագրված ինտելեկտուալ հետաքրքրասիրությամբ։ Ծովային և ցամաքային կապի ապահով ցանցերի ձևավորմանը զուգընթաց «հին» և «նոր» աշխարհների ժողովուրդները միավորվեցին ամենադաժան և փոխակերպող ձևով: Այս գործընթացը սկիզբը դրեց մի իրադարձության, որ պատմաբան Ալֆրեդ Ու. Քրոսբի կրտսերը 1972 թվականին անվանեց «կոլումբիական փոխանակում»՝ կենդանիների, բույսերի և վարակակիր միկրոօրգանիզմների հսկայական, միջմայրցամաքային մարդաստեղծ շարժում, որ հավիտյան փոխեց Երկիր մոլորակի կենսաբանական պատկերը և նրա բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային ու քաղաքական կյանքը։

Շատ պատմաբանների համար այս «վաղ արդի դարաշրջանը», որն ընդգրկում է մոտավորապես 1500-ից 1800 թվականները, նշանավորում է գլոբալիզացիայի առաջին փուլը։ Ըստ նրանց՝ այս ժամանակաշրջանը ծնունդ տվեց առաջին գլոբալ կապիտալիստական տնտեսությանն ու ինտեգրված համաշխարհային շուկային, սկիզբ դրեց տեղական մշակույթների և էթնոսների աննախադեպ միախառնմանը և բյուրեղացրեց ընդհանուր աշխարհի մասին առաջին համընդհանուր գիտակցությունը։ Այն այնքան հզոր էր, որ դրա հետևանքները մինչ օրս պահպանվում են սննդակարգերում, լեզուներում, տնտեսություններում, սոցիալական ու իրավական համակարգերում, քաղաքական և ռազմական ուժերի միջազգային հավասարակշռության մեջ, ինչպես նաև գիտական հայեցակարգերում ու ինստիտուտներում։ Վաղ արդի շրջանը նույնիսկ ձևավորեց «ես»-ի մասին մեր փիլիսոփայական պատկերացումները՝ ծնված եվրոպացիների կողմից «այլության» բացահայտմանը հետևած  ցնցումից։

Բայց նույնիսկ այս դարաշրջանը գլոբալիզացիայի առաջին դարաշրջանը չէր մարդկության պատմության մեջ։ Այն նույնպես համաշխարհային ավելի վաղ շարժումների, հանդիպումների և փոխանակումների արդյունք է։ Իրականում, վաղ արդի գլոբալիզացիան ընդամենը մեկ արագացված դրվագ էր մի ընդհանուր գործընթացի, որը շարունակվում է արդեն տասնյակ հազարավոր տարիներ։

Մարդկային հավաքական հիշողությունը ժամանակի ընթացքում միմյանց հետ մեր շփումների մասնակի և թերի շտեմարան է։ Մենք լավ չենք հիշում, էլ չենք ասում՝ ընդունում այն, թե ինչպես են այդ փոխազդեցությունները ձևավորել մեր ներկայիս հասարակությունները, մշակույթները և տնտեսությունները։ Այսպիսով, ինչպե՞ս մենք մոռացանք։ 

Գլոբալիզացիայի տեսաբանները, հետևելով սոցիոլոգ Ռոլանդ Ռոբերտսոնին, օգտագործում են «գլոկալացում» տերմինը՝ նկարագրելու համար, թե ինչպես են տեղական մշակույթները կլանում համաշխարհային շուկայի արտադրանքը և այն վերածում թվացյալ նոր բանի։ Այս գործընթացի միջոցով ներմուծվող բարիքները՝ տեխնոլոգիաները, գաղափարները, խորհրդանիշները, գեղարվեստական ոճերը, սոցիալական նորմերը կամ ինստիտուտները, յուրացվում են՝ վերածվելով հիբրիդային վերստեղծումների, որոնք ձեռք են բերում նոր իմաստներ։ Այս վերստեղծումներն այնուհետև վերակիրառվում են որպես մշակութային կամ դասակարգային տարբերակման նոր նշաններ՝ մշակութային փոխառված արժեքները նստեցնելով հավաքական գիտակցության մեջ այն աստիճան, որ դրանք այլևս անճանաչելի են թվում։ Եվ այսպես, գլոբալը դառնում է տեղական, օտարը՝ հարազատ, ուրիշը՝ մերը։ Գլոկալիզացիան հրաշալիորեն բացատրում է, թե ինչպես և ինչու ենք մենք մոռանում։ Այսպիսին է մեր պատմության մեւ գլոբալիզացիայի յուրաքանչյուր փուլի աննկատ հնարքը. մեր մոռացությունն է դրա հաջողության մեթոդն ու գրավականը։

Յուրաքանչյուր սերունդ յուրացնում է գլոբալ փոխանակումների ժառանգությունը և վերափոխում այն՝ դարձնելով իր սեփականը։ Մեր հավաքական գիտակցության մեջ մեր նախնիների թողած «նստվածքների» պեղումը մի գործ չէ, որը մենք բնականորեն հակված ենք կատարելու։ Սա վերհիշողության և ինքնաըմբռնման մի գործողություն է, որը կարող է ապակայունացնել մեր ինքնությունները, քանի որ հակասում է այն գործընթացներին, որոնք օժտում են դրանք իսկությամբ։

Մշակութային արտադրանքները շրջում էին մոլորակով մեկ՝ շնորհիվ գնալով ավելի կատարելագործվող հաղորդակցման տեխնոլոգիաների։

Մեր ինքնության աղբյուրների պեղումն ավելի է դժվարանում ներկայի եզակիության վրա կենտրոնանալու մեր հակման պատճառով։ Սահմանափակվելով ներկա գլոբալ պահի մանրուքներով՝ մենք անտեսում ենք գլոբալիզացիայի ավելի խորքային անցյալի ամենաակնառու դրսևորումները։ Դիտարկենք մարդկային քաղաքակրթության այս ընդհանուր, բնորոշ գծերը` մեր մի քանի համաշխարհային կրոնները, գրավոր հաղորդակցության գերիշխող մոդելը և հասարակական վարքի լայնորեն համընկնող էթիկական նորմերը։ Դիտարկենք մեր կենսապահովման (գրեթե) համընդհանուր ագրարային ձևը և միասնական սննդային ու հոգեմետ կարգը, որը հիմնված է օսլա պարունակող մշակաբույսերի անհավատալիորեն փոքր քանակի (ներառյալ ցորենը, եգիպտացորենը, բրինձը), ընտանի կենդանիների (կովեր, հավեր) և խթանիչների (սուրճ, շաքարավազ) վրա, որոնք միատեսակորեն սպառվում են ողջ մոլորակում։ Այս բնութագրիչները ներկայիս գլոբալ դարաշրջանից դեռ հազարամյակներ առաջ են գոյություն ունեցել։ Եվ դրանք, թերևս, մարդկային մշակույթի ավելի հիմնարար գծեր են և գլոբալիզացիայի ավելի ներկայացուցչական օրինակներ, քան K-pop-ը կամ Birkenstock սանդալները, որոնք ինքնին նույնանման կամ նմանատիպ, առնվազն 10000 տարի շրջանառվող ապրանքների համեմատաբար նոր վերայուրացումն են: 

 

սանդալներ, մ․ թ․ ա․ մոտ 1479-1458, Եգիպտոս։ Նկարը տրամադրված է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից

Նման գլոբալ երևույթները հետևում են մի կրկնվող օրինաչափության, որը մենք հեշտությամբ կարող ենք տեսնել մեր ողջ պատմության ընթացքում, այն է՝ մշակութային արժեքները շրջել են մոլորակով մեկ՝ շնորհիվ գնալով ավելի կատարելագործվող հաղորդակցման տեխնոլոգիաների։ Նախքան համացանցի ի հայտ գալը եղել են ինքնաթիռներն ու բեռնատար նավերը։ Դրանցից առաջ եղել են էլեկտրական հեռագիրը, երկաթուղիները, շոգենավերը, տպագրական մեքենան, թերթերը, կարավելլաները, գրային համակարգերը, մարտակառքերը, ինչպես նաև ձիերն ու ուղտերը։ Իսկ այդ ամենից առաջ եղել են հնագույն գաղափարագիր նշանները և պալեոլիթի առաջին ծովագնաց նավերը։

Յուրաքանչյուր նոր հաղորդակցական տեխնոլոգիա բացել կամ ընդլայնել է շարժունակության և փոխանակման ուղիները՝ ստեղծելով գլոբալիզացիայի դարաշրջաններ, որոնք անջնջելի հետք  են թողել մարդկային գիտակցության մեջ։ Այս ուղիներով ընթացող սոցիալական շփումները տեղական լեզուները վերածեցին գլոբալ լեզուների և լինգվա ֆրանկաների, այսինքն՝ միջէթնիկական հաղորդակցման լեզուների՝ ֆրանսերենի, արաբերենի, դասական չինարենի, նահուատլի, մայաների լեզվի, հունարենի կամ աքքադերենի, ինչը հեշտացրեց և նպաստեց միջմշակութային հարաբերությունների սերտացմանը։ Արդյունքում նյութական մշակույթը, գաղափարները և նորարարությունները կարողացան ավելի հեշտությամբ շրջանառվել փոխանակման յուրաքանչյուր պատմական շրջանում։ Հենց այսպես են թե՛ «նախապատմական» զարդերը, թե՛ մարզաշապիկները (T-shirts) տարածվել ողջ աշխարհում։ Ահա թե ինչու են մոնոթեիզմը և ջրհեղեղի մասին պատմությունը հայտնվել այդքան շատ տարբեր վայրերում։ Եվ դա բացատրում է, թե ինչու են որոշակի գաղափարներ, օրինակ՝ հումորալ տեսությունը* կամ քվանտային մեխանիկան, դարձել աշխարհը հասկանալու ընդհանուր ձևեր։ 

Մեր գոյության համար նշանակալի որևէ մշակութային համակարգ զերծ չի մնում գլոբալ զարգացման այս օրինաչափությունից։ Ուշադրություն դարձրեք մեր գոյությունը պահպանող սննդային համակարգերին և խոհարարական պրակտիկաներին։ Երբ մենք կարտոֆիլը ասոցացնում ենք «ավանդական» եվրոպական խոհանոցների կամ Իռլանդական «կարտոֆիլյան» սովի հետ, մենք մոռանում ենք դրա անդյան ծագումը և այն գլոբալ ճանապարհորդությունները, որոնք ի վերջո կարտոֆիլը դարձրին ամենուր տարածված՝ ընտանեկան խոհանոցներից մինչև արագ սննդի ռեստորաններ։ Նմանատիպ մոռացված պատմություններ կարելի է վկայակոչել գլոբալացված այլ հիմնական սննդամթերքների մասին, այդ թվում՝ Ամերիկայից ծագած լոլիկի ու եգիպտացորենի, Արևելյան Ասիայից ու Աֆրիկայից եկած բրնձի, ինչպես նաև Հարավարևմտյան Ասիայի ցորենի, գարու և ձիթապտղի։ Հենց այս մոռացության պատճառով է, որ տեղական խոհարարական բազում խորհրդանիշներ, ինչպիսիք են ֆրանսիական գինին կամ ամերիկյան համբուրգերները, հեշտությամբ վերածվում են ազգային ինքնության տոտեմների և առասպելաբանության։ Այն «տեղական» խաղողի տեսակներն ու խոշոր եղջերավոր անասունները, որոնք այսօր ողողում են համաշխարհային շուկան, գլոբալ միգրացիաների վերջնարդյունքն են սկսված դեռևս նեոլիթի դարաշրջանում։ 

Ինքնության այն մշակութային խորհրդանիշները, որոնք մենք պահպանում ենք ամենայն նախանձախնդրությամբ՝ մեր խոհանոցները, կրոնները, լեզուներն ու հասարակական բարքերը, գլոբալիզացիայի ավելի վաղ փուլերի արդյունք են։ Երբ մենք այդ մշակութային խորհրդանիշները մեծարում ենք որպես մեր ինքնության «իսկական» տարրեր, մենք իրականում մեծարում ենք մեր ընդհանուր մարդկային մշակույթը՝ ծնված շփումների ու փոխանակումների երկար շղթայից։ 

 Գլոբալիզացիան տեսանելի է մարդկության ամբողջ պատմության ընթացքում։ Այն ցույց է տալիս կայունության այնպիսի աստիճան, որ ամեն հավանականությամբ կարելի է հիմնարար համարել մարդկային հասարակության էվոլուցիայի համար։ Հեռու լինելով սոսկ կենսակերպ, աշխարհայացք կամ էլ վերնախավի հնարանք լինելուց՝ գլոբալիզացիան կարող է ընկալվել որպես այն զանգվածային գործընթացը, որի միջոցով մարդկային մշակույթը զարգանում և հարատևում է։ 

Մշակույթն այն է, թե ինչպես ենք մենք հարմարվել մեր փոփոխվող միջավայրին գոյատևելու և զարգանալու համար։ Մշակույթները՝ հոգնակի թվով, մարդկային մշակույթի մասնավոր դրսևորումներն են տարբեր ժամանակներում և վայրերում։ Այս երկու կատեգորիաները՝ մարդկային մշակույթը և մշակույթները, մոտավորապես համապատասխանում են կենսաբանական «գենոտիպի» (մեր հիմնական կոդի) և «ֆենոտիպի» (դրա փոփոխական դրսևորումների) գաղափարներին։ 

Էքսկլյուզիոնիստական և հակագլոբալիստական զգացմունքները ծագում են այս երկու կատեգորիաները շփոթելուց։ Օրինակ՝ ազգային կամ տարածաշրջանային խոհանոցները, որոնք ամրապնդում են սեփական ինքնության հանդեպ հպարտության զգացումը և առաջացնում այլոց խոհանոցների նկատմամբ զզվանք ու արհամարհանք, սոսկ մարդկային վարքի համընդհանուր մի գծի՝ կերակուր պատրաստելու տարբերակներն են, որ մեզ տարբերում է մյուս բոլոր կենդանատեսակներից։ Կերակուր պատրաստելն արտասովոր, իրական նշանակություն ունեցող հատկանիշ է մեր՝ որպես տեսակի «ինքնության» համար։ Եվ շատ ավելի անկարևոր է այն, թե ինչպես են տարբեր մշակույթներ օգտագործում այս կամ այն բաղադրիչը։ 

Հայտնագործության փաստը կարևոր է, բայց նույնքան կարևոր է այդ հայտնագործությունների շրջանառության պատմությունը։ 

Տեղական մշակույթների առանձնահատկությունը մասշտաբի պատրանք է: Երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս՝ դրանց սահմաններն աղոտանում են և միաձուլվում: Սակայն անհատի կամ մեկ սերնդի գիտակցությունը բավարար ընդարձակ չէ՝ ընդգրկելու այն խորը ժամանակայնությունը, որի մեջ գոյություն ունի մարդկային մշակույթը։ Եվ այդպիսով՝ մենք մոռանում ենք։

Ազգային պատմությունները, որոնք մեզ սովորեցնում են, նույնպես ջնջում են մշակութային շարժման այս երկար պատմությունը։ Դրանք հակված են կենտրոնանալու նորարարությունների վրա` շեշտադրելով ստեղծման պահերը։ Իրականում, ծագման և իսկական գյուտերի պատմությունները խիստ սակավաթիվ են։  

Իսկ շրջանառության և որդեգրման պատմությունները բազմաթիվ են և առաջարկում են մեր ընդհանուր պատմության շատ ավելի հետաքրքիր ու ճշգրիտ նկարագրություն։ Դիտարկենք անիվը, որը հայտնագործվել է մի քանի անգամ՝ տարբեր ձևերով, նյութերով և չափսերով։ Այս դեպքերից միայն մեկը կամ շատ քչերն են տարածվել գլոբալ մակարդակով՝ թողնելով արտասովոր ու հարատև ազդեցություն։ Դիտարկենք այբուբենը. այն հայտնագործվել է ընդամենը մեկ անգամ՝ հավանաբար մ.թ.ա. 1700 թ.-ին (կամ ավելի վաղ), սակայն հարյուրավոր անգամներ յուրացվել է տարբեր գրային համակարգերի միջոցով և այժմ հիմք է ծառայում մեր համաշխարհային հաղորդակցության համակարգերի համար: Այս պատմություններում հայտնագործության փաստը կարևոր է, բայց նույնքան կարևոր է այդ հայտնագործություններիի շրջանառության պատմությունը: 

Մեր մշակույթը կոսմոպոլիտական է, որովհետև մենք կոսմոպոլիտ էակներ ենք։ Մենք աշխարհի քաղաքացիներ ենք, այլ ոչ թե ազգերի, եթե վերաձևակերպենք թե՛ Սոկրատեսի, թե՛ Թոմաս Փեյնի խոսքերը։ Այն, ինչ թույլ է տվել մեզ բարգավաճել թե՛ ֆիզիկապես, թե՛ մշակութապես, ոչ թե մեր արմատավորվածությունն է, այլ մեր շարժունակությունը։ Առանց դրա՝ մենք արդեն վերացած կլինեինք։ 

Շարժականությունը պահանջում է շարժման ազատություն։ Սա հիմնարար իրավունք է, որը մենք հաճախ անտեսում ենք՝ կենտրոնանալով ավելի ուշ ձեռք բերված արժեքավոր ազատությունների վրա, ինչպիսիք են մտքի, հավատքի և արտահայտվելու ազատությունը։ Ազատ տեղաշարժն ապահովել է մեր գոյատևումն ու թույլ տվել մեզ բարգավաճել մի մոլորակի վրա, որի ողջ տարածքում բնակվելու համար մենք ի սկզբանե հարմարված չէինք։ Այս թանկարժեք իրավունքը մոռանալը մեզ ստիպում է ավելի հեշտությամբ տեղի տալ արմատների տարբերությունների մասին գերիշխող գաղափարախոսությանը։ 

Մեզ սովորեցնում են, որ «արմատներ» ունենալ նշանակում է տուն ունենալ։ Դա նշանակում է պատկանել մի առանձնահատուկ վայրի ու ժողովրդի` մի բան, որը մեծարվում է որպես ինքնին դրական երևույթ։ Քաղաք-պետությունները, ազգ-պետությունները և տարածքայնության վրա հիմնված այլ քաղաքական միավորները հաճախ սրբացնում են «արմատներն» ու նստակյացությունը՝ միաժամանակ արժեզրկելով, վերահսկելով կամ նույնիսկ օրենքից դուրս հայտարարելով շարժունակությունը։ Այն խորը ատելությունը, որը հաճախ ուղղված է քոչվորների, ներգաղթյալների ու միգրանտների, քաղաքացիություն չունեցող անձանց, տեղահանված փախստականների և «թափառող» համայնքների դեմ, այդ տարածքային գաղափարախոսության դրսևորումն է, որն անընդհատ վերարտադրվում է «հայրենիքի» պարադիգմի կողմից։ Համանման թշնամանք է դրսևորվում այսպես կոչված «գլոբալիստների» կամ «կոսմոպոլիտ վերնախավերի» հանդեպ, որոնք իրենց ժամանակը, միջոցներն ու շահերը ներդնում են այլուր և ի վերջո որդեգրում են արժեքներ ու կենսակերպ, որոնք անճանաչելի են նրանց ծննդավայրի համար։ Ինչպես նշել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թերեզա Մեյը, «եթե կարծում եք, թե աշխարհի քաղաքացի եք, ուրեմն դուք ոչ մի տեղի քաղաքացի չեք»։

 Ի պատասխան Մեյի՝ փիլիսոփա Կվամե Անտոնի Ափիան նշել է, որ «կոսմոպոլիտիզմը», ինչպես այն ի սկզբանե սկիզբ է առել հին Հունաստանում, անհամատեղելի չէր քաղաքացիության գաղափարի և գործելակերպի հետ։ Ափիան հեգնական էր համարում այն փաստը, որ կոսմոպոլիտները դարձել են «կասկածանքի առարկաներ» մի ժամանակաշրջանում, երբ ընդլայնված քաղաքացիության և հավաքական գործողության նրանց հումանիստական էթոսը հենց այն է, ինչ անհրաժեշտ է մեր ժամանակների գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար։ Սա ուրիշների բարօրության հանդեպ պատասխանատվության էթոս է, որը վեր է դասվում ազգային և մշակութային տարբերություններից ։

Մեր պատմությունը մշտական հոսքի պատմություն է, քանի որ մարդիկ տեղաշարժվել են ողջ մոլորակով մեկ՝ խառնելով բնակչություններն ու մշակույթները։

Սակայն հեգնանքը ավելի խորն է։ Էկոլոգներն օգտագործում են «կոսմոպոլիտ» տերմինը՝ նկարագրելու համար այն տեսակները, որոնք տարածված են ողջ մոլորակով մեկ։ Սև ռնգեղջյուրը էնդեմիկ է Աֆրիկայի համար, ինչպես մենք էինք։ Սակայն սապսան բազեն  կոսմոպոլիտ է, ինչպիսին մենք դարձանք։ Այս էկոլոգիական կոսմոպոլիտիզմը, ինչպես և իր հումանիստական նմանակը, անհամատեղելի չէ իր թվացյալ հակապատկերի՝ մեզ բնորոշ նստակյացության հետ։ Մենք մեր տոհմի առաջին տեսակն ենք, որը սովորեց հաստատվել ու ստեղծել մշտական տներ, և միաժամանակ առաջինը, որը սովորեց բնակեցնել ողջ մոլորակը։ Մենք դա արեցինք՝ պարբերաբար տեղափոխելով մեզ և մեր տները․ միլիոնավոր մարդիկ այսօր էլ շարունակում են դա անել։ 

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ 2020 թվականին ապրող յուրաքանչյուր 30 հոգուց մեկը միգրանտ էր։ Ակնկալվում է, որ այս թիվը կաճի, քանի որ մարդիկ շարունակում են փախչել աղքատությունից, շրջակա միջավայրի վատթարացումից և տեղական զինված հակամարտություններից կամ պարզապես փնտրում են ավելի լավ կենսապայմաններ անհամաչափորեն բարգավաճող համաշխարհային տնտեսության մեջ։ Այս շարժումը նոր չէ. գլոբալիզացիայի վաղ շրջանները երբեմն ներառել են նույնիսկ ավելի մեծածավալ միգրացիաներ։ Մեր պատմությունը մշտական հոսքի պատմություն է, քանի որ մարդիկ հազարամյակներ շարունակ տեղաշարժվել են ողջ մոլորակով մեկ՝ խառնելով բնակչություններն ու մշակույթները։ Այս մոռացված համաշխարհային պատմությունը դեռևս ընթեռնելի է այն հնագիտական և գենոմային տվյալների մեջ, որոնք թողել են մեր նախնիները։ 

Մարդու ազատ տեղաշարժի ծագումնաբանությունը խորն է, և նույնքան խորն է դրա նշանակությունը։ Պալեոլիթի շրջանում մեր առաջին կոսմոպոլիտական «ոդիսականը» տեղի է ունեցել 200000-ից մինչև մոտ 15000 տարի առաջ, և դրա քարտեզը պատմում է մեր կոսմոպոլիտական փոխակերպման արտասովոր պատմությունը։ Մեր անցած ուղիները բացահայտում են, թե ինչպես աֆրոտրոպիկական մի էնդեմիկ տեսակ, որն իր սկզբնական հայրենիքի կլիմայական կտրուկ տատանումների պայմաններում գոյատևելու չնչին հնարավորություններ ուներ, հաջողությամբ բնակեցրեց տարբեր միջավայրեր ունեցող մի ամբողջ մոլորակ։ Մեր տարածաշրջանային մշակույթները այդ հրաշալի ճամփորդության հնարածին արդյունքն են՝ ստեղծված մեր ընդհանուր մարդկային մշակույթը տարբեր էկոհամակարգերի հարմարեցնելու ընթացքում և ի պատասխան այն նորարարությունների, որոնք բերում էին ճանապարհին մեզ հանդիպած այլ ճամփորդները։

Ի վերջո, ժամանակի խորության և մարդկության պատմության ողջ ընթացքի համատեքստում մենք բոլորս միգրանտներ ենք և միշտ էլ եղել ենք։ Քանզի շարժումը հարմարվողական պատասխան է մեր էկոլոգիական և սոցիալական միջավայրերից բխող գոյութենական ռիսկերին։ Դա այն միջոցն է, որով մենք պահպանում ենք մեր անհատական ու հավաքական արժանապատվությունը, երբ կյանքի պայմանները դառնում են անկայուն, անտանելի և անգութ։ Պարտադրված արմատավորվածությունը և պարտադրված շարժունակությունը երկուսն էլ շեղումներ են, որոնք հավասարապես հակասում են տուն ստեղծելու և պատկանելություն ձեռք բերելու բուն գործընթացին։ 

Սակայն  շարժվելու, խառնվելու և փոխանակվելու մեր բնական հակումը խորը պարբերաբար տագնապներ է առաջացնում: Պատճառն այն է, որ գլոբալիզացիան միշտ «այստեղ և հիմա» ժամանակում է ընկալում սոցիալական այն դերակատարների կողմից, որ մոռացության են մատնել անցյալի տեղաշարժերն ու մշակութային խառնուրդները: Այս պարբերական տագնապներին ենք մենք «պարտական» այնպիսի հայտնագործությունների համար, ինչպիսիք են անձնագրերն ու ճամփորդական սահմանափակումները, էթնիկապես մեկուսացված քաղաքային թաղամասերը, խառնամուսնությունների արգելքը, ինչպես նաև որոշակի ուտեստների, գրքերի ու նորաձևության արգելումը: Այս միջոցառումները, ի վերջո, ձախողվում են։ Դիտարկենք եգիպտացորենով տորտիլյաները, որոնք վաղ արդի դարաշրջանի իսպանացիները ժամանակին համարում էին գոյութենական և հոգևոր սպառնալիք քրիստոնյայի մարմնի ու հոգու համար։ Այսօր այդ «ոչ քրիստոնեական» եգիպտացորենը դարձել է մեր առօրյա համաշխարհային մշակույթի մի մասը, իսկ քրիստոնեությունն ինքնին այժմ համաշխարհային կրոն է՝ չնայած իր հետևորդների նախկին հալածանքներին և դրա գաղափարների արգելմանը։ 

Հակագլոբալիզմը հաճախ դրսևորվում է տարբեր հարթություններում, որոնք կարող են միախառնվելով վերածվել հզոր գաղափարական պատումների։ 1686 թվականին Ֆրանսիան արգելեց հնդկական բամբակյա գործվածքները՝ տեղական տեքստիլ արդյունաբերության վրա դրանց վնասակար տնտեսական ազդեցության պատճառով։ Սակայն դրանց անվերահսկելի տարածմանը դիմակայելու համար պետական քարոզչությունը պնդում էր, թե այդ գործվածքները բարոյապես կործանարար ազդեցություն ունեն ֆրանսիական հասարակության հոգու վրա։ Ներկայիս հակագլոբալիստական տագնապներն ու աշխարհը «ապագլոբալացնելու» կոչերը ներառում են համանման պատումներ, որոնք ավելի սուր բնույթ են ստացել մեր դարաշրջանի ենթադրյալ աննախադեպ «բազմաճգնաժամի» պայմաններում, որտեղ քաղաքական, գաղափարական, բնապահպանական, տնտեսական և ռազմական ճգնաժամերը, ինչպես ասվում է, միախառնվում են՝ խաթարելով մեր անվտանգությունը։

Վերջերս հակագլոբալիստական շարժումները տեղափոխվել են ծայրահեղ ձախերից դեպի ծայրահեղ աջերի թև։

Սակայն մեր ժամանակներն ի բնե եզակի չեն, և մենք, հետևաբար, անտեղյակ չենք, թե ինչպես ախտորոշել և արձագանքել մոտալուտ համաշխարհային կործանման մասին ընդհանրացված պատումին։ 17-րդ դարի այսպես կոչված «Ընդհանուր ճգնաժամը» մեր օրերին ապշեցուցիչ կերպով նման մի իրավիճակ է ներկայացնում և անգնահատելի դասեր տալիս մեր ժամանակների համար։ Այդ դարն ականատես եղավ աննախադեպ քանակությամբ քաղաքական հեղափոխությունների և պատերազմների աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Այս հասարակական խժդժությունները ծավալվեցին «Փոքր սառցե դարաշրջանի» անկայուն կլիմայական պայմաններում՝ գլոբալ սառեցման մի շրջանում, որը ձգվեց առնվազն 16-րդ դարից մինչև մոտավորապես 19-րդ դարը։ Այն ազդեց համաշխարհային տնտեսության վրա՝ խաթարելով պարենի արտադրությունը և նպաստելով համաճարակային հիվանդությունների տարածմանը։ «Ընդհանուր ճգնաժամի» ակնհայտ «վարակը», որը հաստատվել էր Հյուսիսային կիսագնդում բնակվող ականատեսների կողմից, և տարածվում էր համաշխարհային տեղեկատվական ցանցերով, առաջացրեց մելանխոլիայի ու մռայլության համընդհանուր զգացողություն, ինչն ամրապնդում էր ամենուր առկա ապոկալիպտիկ տեսլականներն ու աշխարհի վերջի մասին կանխատեսումները։ Այն, ինչն ըստ երևույթին առաջ էր բերել այս քաոսը, աշխարհի աննախադեպ փոխկապակցվածությունն էր։ Ի վերջո, սկսեցին հնչել ձայներ, որոնք պահանջում էին մշակութային վերադարձ դեպի տարածաշրջանային քաղաքակրթությունների ուղղափառ հավատալիքների համակարգ և ավելի մեծ պաշտպանություն արտաքին ազդեցություններից։ Նման հակագլոբալիստական գաղափարների վաղ և ծայրահեղ դրսևորումն էր Ճապոնիայի «սակոկու» քաղաքականությունը՝ գրեթե լիակատար մեկուսացումը, որը սկսվեց 1633 թվականին և ավարտվեց երկու դար անց՝ գրեթե ոչ մի զգալի հաջողություն չգրանցելով։

Մեր ժամանակակից դարաշրջանում հակագլոբալիստական շարժումները վերջերս ազգային և համաշխարհային քաղաքականության դաշտում ծայրահեղ ձախից տեղափոխվել են դեպի  ծայրահեղ աջ թև։ Համաշխարհային տնտեսության՝ տեղական մակարդակում զգացվող անարդարությունների դեմ ուղղված արդարացի դժգոհությունը և կլիմայի փոփոխության աճող կործանարար ազդեցությունն այժմ մատուցվում են որպես դժգոհություն գլոբալիզացիայի սոցիալական և մշակութային կողմերի հանդեպ։ Իդենտիտարիզմը՝ քաղաքական գաղափարախոսություն, որը շեշտում է նեղ իմաստով ընկալվող «արևմտյան» էթնոսների և մշակույթների պահպանումը, համապատասխանաբար դարձել է ամենապարզ և արդյունավետ ռազմավարությունը՝ տեղական դժգոհությունները մոբիլիզացնելու և դրանք ուղղելու այն ամենի դեմ, ինչն ընկալվում է որպես սպառնալիք ներսում տառապողների բարեկեցության համար։ Ազգայնականության գարշելի դարաշրջանը վերադարձել է։ 

Արդյո՞ք ազգայնական իդենտիտարիզմն այն էթոսն է, որը մենք այժմ պետք է գործի դնենք՝ դիմագրավելու համար ընդհանուր գոյութենական սպառնալիքներին, որոնք մեզ սպասում են գալիք դարում։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ազգային սահմանները նորից կվերածվեն սրբազան ֆիզիկական պատնեշների և կատաղիորեն կպաշտպանվեն նրանցից, ովքեր փախչում են իրենց տների բնապահպանական, տնտեսական կամ ռազմական ավերածություններից։ Մի՞թե կասկածում ենք, որ ամենավեհ (կամ ամենաստոր) մտադրություններով ներշնչված պերճախոս ձայներ կբարձրանան՝ արդարացնելու «օտարերկրյա միգրանտների» և կլիմայական փախստականների ուղղությամբ արձակված «հայրենասիրական փամփուշտները»։ Եվ որ առաջնորդները կասեն, թե այդ տեղահանված մարդկանց հնարավոր չէ ընդունել իրենց քանակի ու մշակույթների պատճառով, ինչպես և այն սպառնալիքի, որ նրանք ներկայացնում են մեր անվտանգ կյանքի՝ մեր «ինքնության» համար։ 

Նման սցենարները չափազանց հավանական են՝ հաշվի առնելով այլատյացաշխարհայացքների աճը, ինչպիսին է «մեծ փոխարինման» դավադրապաշտական գաղափարը, ըստ որի՝ էլիտաները (ներկայացված որպես հրեաներ և այլ փոքրամասնություններ) սկսել են իրագործել այսպես կոչված սպիտակամորթ բնիկ եվրոպացիներին այլ, մի այնպիսի բնակչությամբ փոխարինելու ծրագիր, որ ունի ակնհայտորեն ավելի մեծ և սպառնալից վերարտադրողական կենսունակություն։ Այս ռասիստական հայացքները վտանգավոր կերպով համընկնում են «ռասայի» հասարակական ընկալման հետ, ինչն արտացոլվում է էթնիկական ծագումը բացահայտելու նպատակով ԴՆԹ թեստեր անելու վերջերս տարածված մանիայի մեջ։ ԴՆԹ-ն քիչ կապ ունի այն «ինքնության» հետ, որ  ձևավորել են սոցիալական ու քաղաքական գաղափարախոսությունները․ փոխարենն այն սերտորեն կապված է ֆիզիկական և սոցիալական աշխարհագրության հետ։ Մեր գեները մարդկային հարմարվողական շարժունակության, ճամփորդությունների, հարուստ շփումների և ազգակցական կապերի ստեղծման արդյունքն են։ Մեր գենոմը չի պատմում մեր ողջ պատմությունը, բայց ցույց է տալիս, թե ինչպես են գլոբալիզացիայի անցյալ փուլերը մեզ դարձրել այնպիսին, ինչպիսին կանք այսօր։ 

Ինչպե՞ս կարող ենք մենք բազմազանությունը ընկալել որպես գոյութենական սպառնալիք և չտեսնել մեր ընդհանուր մարդկային մշակույթի հարստությունը։

Մինչ մենք փնտրում ենք միմյանց հետ հաղորդակցվելու ուղիներ՝ վեր կանգնելով տարբերության մասին համառ գաղափարախոսությունից, մենք պետք է պատրաստ լինենք ինքնության գիտական և պատմական մեր ներկայիս ըմբռնման հետագա չարամիտ աղավաղումներին ու մանիպուլյացիաներին։ Այսօր որոշ մարդիկ կրում են մի քանի գեներ, որոնք նրանց պլեյստոցենյան նախնիները ժառանգել են մեր եվրասիական նեանդերթալյան և դենիսովյան «զարմիկների» հետ խաչասերումից, ում Homo sapiens-ի որոշ խմբեր հանդիպել են իրենց կոսմոպոլիտական տարածման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է մեր միջև եղած նման գենետիկ տարբերությունը մեկնաբանվել և օգտագործվել ապագայում նրանց կողմից, ովքեր մտադիր են իդենտիտարիզմը հասցնել իր ամենահիմար կամ ամենաարյունարբու  հետևությունների։ Մի՞թե նրանք կհայտարարեն, որ որոշ մարդիկ բավարար չափով «մաքուր» չեն՝ վայելելու այն լիակատար ազատությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, որոնք մենք ճանաչում ենք որպես մարդկության բնական իրավունքներ։ Թե՞, ընդհակառակը, նրանք կփառաբանեն նեանդերթալյան կամ դենիսովյան գենը՝ որպես եվրասիական «բացառիկության» նշան՝ վերակենդանացնելու համար ռասայական գերակայության մասին պատումները՝ նման նրանց, որոնք ժամանակին ախտահարել էին հնագիտական միտքը՝ ստիպելով իբր ավելի «զարգացած» համարել մեր տեսակի սկզբնական՝ աֆրիկյան հայրենիքից ամենահեռու վայրերում հայտնաբերված մարդկային բրածոները։

Հնէաբանները, որոնք պնդում են «մարդ» անվանումը վերագրել ողջ Homo ցեղին, իսկ «ժամանակակից մարդ»-ը պահել տոհմածառի միակ վերապրած ներկայացուցիչների (այսինքն՝ մեր) համար, թերևս բոլորից լավ են հասկանում գիտական դասակարգումների գաղափարական մանիպուլյացիաների վտանգները։ Բայց գաղափարների բաց շուկայում, որտեղ մտքի և արտահայտվելու ազատության անվան տակ գաղափարներն այդքան ազատորեն են հոսում, ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեզ և միմյանց նման վտանգներից, եթե դեռևս բազմազանությունն ընկալում ենք որպես գոյութենական սպառնալիք և չենք տեսնում մեր ընդհանուր մարդկային մշակույթի հարստությունը։

Պատերազմները, որոնք մենք մղում ենք միմյանց դեմ, բոլորն էլ քաղաքացիական պատերազմներ են։ Քանի դեռ մենք դրանք չենք ընկալում որպես այդպիսին, դրանք կմնան որպես բնական համարվող ողբերգություններ կամ արհավիրքներ, որոնց մենք սատարում ենք հանուն այն վեհ գաղափարների, որոնք մեզ վաճառում են բարձրագոչ ձայները` նրանք, ովքեր չափազանց լավ գիտեն մեր վախերը (և չափազանց վատ՝ մեր աշխարհի ու պատմության հարստությունը)։ Մենք միշտ եղել ենք գլոբալ, և դա մեր ընդհանուր ինքնությունն է։  Դա այս աշխարհում գոյատևելու և հարատևելումեր յուրահատուկ ձևն է՝ մի ընտանիք լինելը։ Այն ամենը, ինչ մենք փայփայում ենք մեր մարդկային տեսակի և մշակույթի մեջ, կերտվել է մեր շուրջերկրյա ճամփորդությունների ու շփումների շնորհիվ։ Դրանց միջոցով մենք կշարունակենք գրել այն պատմությունը, թե ինչպես ենք մենք դառնում մենք։ 

Այս էսսեն հիմնված է հեղինակի «The Global as Artefact» (2017-2023) նախագծի վրա, որը ֆինանսավորվել է Եվրոպական հետազոտությունների խորհրդի «Horizon 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրի կողմից (Consolidator Grant no. 724451), ինչպես նաև գլոբալ վիճակի ավելի խոր պատմությանը նվիրված քառահատոր աշխատության վրա, որն այժմ պատրաստման փուլում է։

Ինաննա Համաթի-Աթայաիսը Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի գլոբալ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է և պրոֆեսոր։ Նա Գլոբալ գիտելիքի ուսումնասիրության կենտրոնի (gloknos) հիմնադիր տնօրենն է և Քեմբրիջի համալսարանի CRASSH կենտրոնում գործող «Քեմբրիջի կայուն զարգացման նախաձեռնություն» սոցիալական ձեռնարկության համահիմնադիրը։ Նա նաև «Global Epistemics» գրքերի շարքի հիմնադիր խմբագիրն է (2019 թ.-ից)։

Ծանոթագրություն

* (Թարգմանչի կողմից) հումորալ, այսինքն՝ հեղուկների տեսությունն առաջ է քաշվել մ․թ․ա․ 5-րդ դարում Հիպոկրատի կողմից, ըստ որի՝ մարդու առողջությունը կախված էր նրա մարմնում առկա չորս հեղուկների (արյուն, լորձ, դեղին մաղձ և սև մաղձ) փոխազդեցությունից։ 

Բնօրինակի հեղինակ՝ Inanna Hamati Anaya

Թարգմանիչ՝ Մանե Թովմասյան (Mane Tovmasyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։