Հայելին մարդկության այն ամենակարևոր գյուտն է, որը հավերժ փոխեց մեր պատկերացումն ինքներս մեր մասին
Հայելու մեջ կամ տեսազանգի ընթացքում ինքներս մեզ նայելը ձևավորում է մեր ինքնընկալումը։ Սակայն այն, ինչ դուք տեսնում եք, նույնը չէ, ինչ տեսնում են ուրիշները։

Հիմնական մտքեր
- Հայելին մարդկության համար համեմատաբար նոր գյուտ է, թեև պատմության ընթացքում մարդիկ իրենց արտացոլանքը տեսել են ամենատարբեր մակերեսներում, այդ թվում՝ ջրային ավազաններում։
- Իր ստեղծումից կարճ ժամանակ անց այն դարձավ կախարդական և գերբնական աշխարհի հետ կապվող գործիք։ Սակայն ամենակարևորը՝ այն դարձավ ինքնաճանաչման միջոց, ինչպես նաև հնարավորություն՝ պատկերացնելու, թե ինչպես են մեզ տեսնում ուրիշները։
- Այդ ժամանակվանից ի վեր թե՛ հին, թե՛ ժամանակակից մտածողները խորհել են այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք մեր ինքնընկալումը կախված է նրանից, թե որքան ճշգրիտ ենք կարողանում տեսնել ինքներս մեզ։
Թեև մենք հայելիներն օգտագործում ենք մեզ հստակ տեսնելու համար, դրանց պատմությունը լի է առեղծվածներով և զարմանահրաշ պատմություններով, ասես մենք «աղոտ ենք տեսնում»։ Թեև հայելին մեզ համար դարձել է սովորական առօրյա առարկա, չափազանցություն չի լինի ասել, որ այս համեստ գյուտը, թերևս, ամենակարևոր տեխնոլոգիական հայտնագործությունն է, որը հավերժ փոխել է մեր ինքնընկալումը։
Հայելահմայություն
Պատմաբանները չեն կարող հստակ ասել, թե երբ մարդիկ սկսեցին հմայվել սեփական արտացոլանքով, թեև Նարցիսի մասին հին հունական առասպելը հուշում է, որ մենք վաղուց ենք սկսել ինքներս մեզ նայել։ Իրականում դեռևս մ.թ.ա. մոտ 6200 թվականին Թուրքիայի Չաթալ Հույուք բնակավայրում քարե դարի մարդիկ, որոնք հմուտ էին զենքեր պատրաստելու գործում, արդեն ստեղծում էին առաջին ձեռակերտ հայելիները՝ հղկելով օբսիդիանը՝ հրաբխային ծագման ապարը։ 1960-ականներին այդ հնագիտական վայրում կատարված պեղումների տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական այդ բնակավայրի կանանց հուղարկավորում էին՝ այս փոքրիկ հայելիները ձեռքում պահած։
Նմանատիպ գտածոներ հայտնաբերվել են նաև Եգիպտոսի Էլ-Բադարի հնավայրում։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. մոտ 4500 թվականով, պատրաստված են եղել սելենիտից՝ սպիտակավուն բյուրեղից, և ունեցել փայտե շրջանակ։ Հետագայում՝ Պղնձի դարում, հայտնվեցին մետաղական հայելիները: Միջագետքի հմուտ արհեստավորները մ.թ.ա. մոտ 4000 թվականից սկսեցին մետաղական հանքանյութերից պատրաստել արտացոլող մակերեսներ։ Նրանց օրինակին հետևեցին էտրուսկներն ու հույները՝ կատարելագործելով իրենց հայելիները՝ մանրակրկիտ հղկված, ուռուցիկ բրոնզի բարակ սկավառակների տեսքով։
Այդ ժամանակից ի վեր այս ձեռագործ իրերը շատ արագ դարձան զարմանքի առարկա՝ շատ ավելի մեծ նշանակություն ստանալով, քան պարզապես տեսանելի իրականությունն արտացոլելը։ Հայելիները շուտով պարուրվեցին առեղծվածի և կախարդանքի շղարշով, քանի որ մարդկանց համար դժվար էր հասկանալ դրանց բնույթը, իսկ մարդը հակված է գիտելիքի բացերը լրացնելու հրաշքների մասին պատմություններով։
Աշխարհի տարբեր մշակույթներում, միմյանցից անկախ, սկսեցին տարածվել հայելահմայության տարբեր ձևեր՝ գերբնական գուշակության արվեստի, որի հիմքում հայելին էր։ (Երբ «Սպիտակաձյունիկ» հեքիաթի չար կախարդը իր ապագայի և ճակատագրի մասին հարցնում էր հայելուն՝ արտասանելով հայտնի «Ասա՛ դու ինձ, հայելի՛» խոսքերը, նա, ըստ էության, զբաղվում էր հայելահմայությամբ)։ Շուտով հայելիները դարձան ոչ միայն ծիսական առարկաներ, այլև գերբնական աշխարհների դարպասներ և աստվածներից օգնություն հայցելու միջոցներ։ Սերունդների ընթացքում ձևավորված սնահավատությունների ազդեցությամբ մարդիկ հավատում էին, որ հայելիները կարող են իրականացնել ցանկություններ կամ նույնիսկ գողանալ մարդու հոգին։
Ապակե հայելիներ
Ժամանակ պահանջվեց, մինչև մարդիկ բացահայտեցին, որ հայելիներ կարելի է պատրաստել նաև ապակուց, իսկ ապակե հայելիները շատ ավելի ճշգրիտ արտացոլանք են տալիս, քան փայլեցված քարի մակերեսը։ XIII դարում Իտալիայի Մուրանո կղզու վենետիկցի վարպետները սկսեցին պատրաստել շքեղ, փայլուն ապակե հայելիներ՝ Եվրոպայի մնացած երկրներին տալով նախանձելու առիթ։ Այդ ժամանակից սկսած՝ հատկապես Վերածննդի դարաշրջանում, հայելիները ստացան այն դերը, որով մենք դրանք ճանաչում ենք այսօր։
Հայելին դարձավ ինքնաճանաչման և ինքնավերլուծության գլխավոր ֆիզիկական գործիքը։ Այն մարդուն հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրելու սեփական դեմքը՝ նրա արտահայտությունները, գծերը և բնավորության դրոշմները․ այս մասին նշում է պատմաբան և «The Mirror: A history» (բռց․ «Հայելին` պատմություն») գրքի հեղինակ Սաբին Մելքիոր-Բոնեն։ Նա «Big Think»-ին պատմել է, որ իր հետազոտությունների ընթացքում հին գույքագրումներ ուսումնասիրելիս, նկատել է, որ հայելիները հատկապես մեծ տարածում էին գտել միջին խավի շրջանում։ Դրանց շնորհիվ մարդիկ կարողանում էին ընդօրինակել բարձր խավի ներկայացուցիչների թե՛ արտաքին տեսքը, թե՛ վարքագիծը։ Մինչդեռ ազնվականների համար հայելիներն առանձնապես կարևոր չէին, քանի որ նրանց ազնվական ծագումն ինքնին բավական էր, որպեսզի վստահ լինեին «ես այն եմ, ինչ կա՛մ»։
Այդ ժամանակից սկսած՝ ինքնաճանաչումը դարձավ Վերածննդի և հետագա դարաշրջանների առանցքային գաղափարներից մեկը, իսկ հայելին՝ այդ նպատակին ծառայող կարևոր միջոց։ Սակայն Մելքիոր-Բոնեի խոսքով այս երևույթի հոգեբանական հետևանքները մինչ օրս դժվար է լիովին բացատրել։

Ասա՛ դու ինձ, հայելի՛․ ո՞վ եմ ես
Մարդիկ արդեն երկու տարեկանում կարողանում են ճանաչել իրենց հայելու մեջ, ինչը, հնարավոր է, մարդու ինքնագիտակցության ձևավորման կարևորագույն փուլերից մեկն է։ Սակայն որքանո՞վ կփոխվեր մեր ինքնընկալումը, եթե մենք երբեք չտեսնեինք մեր իրական արտացոլանքը։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ խորհել են թե՛ հին, թե՛ ժամանակակից փիլիսոփաները, ինչպես նշում է «Mirror Mirror: A History of the Human Love Affair With Reflection» (բռց․ «Հայելի, հայելի․ մարդկության սիրո պատմությունը արտացոլանքի հանդեպ») գրքի հեղինակ Մարկ Փենդերգրաստը «Big Think»-ին տված հարցազրույցում։
Ակնհայտ է, որ կույր մարդկանց համար հայելին անհրաժեշտ չէ ինքնագիտակցություն ձևավորելու համար, և նույնը վերաբերում էր նաև հին կամ բնիկ ժողովուրդներին, որոնք չունեին նման տեխնոլոգիա։ Սակայն Փենդերգրաստի խոսքով սեփական արտացոլանքը հայելու մեջ տեսնելու հնարավորությունը, անկասկած, որոշակի հոգեբանական ազդեցություն ունի։ Թե որքան մեծ է այդ ազդեցությունը, դժվար է պարզել, քանի որ բարդ է առանձնացնել հայելին մարդու ինքնությունից։
«Շուար ժողովրդի այն երեխաները, որոնց հետ ես աշխատում եմ, հիացած էին իրենց իսկ արտացոլանքով։ Նրանք իսկապես ցանկանում էին տեսնել, թե ինչ տեսք ունեն, որովհետև դա նրանց համար լիովին նոր ու անսովոր փորձ էր, և մեզ համար դժվար է պատկերացնել, թե իրականում ինչ զգացողություն է դա առաջացնում», — պատմում է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի էվոլյուցիոն մարդաբան Դորսա Ամիրը «Big Think»-ին։
Ամիրը պատմում է, որ երբ առաջին անգամ մեկնել էր բնիկ ցեղերի հետ դաշտային հետազոտություններ իրականացնելու և իր հետ հայելի չէր վերցրել, շաբաթներ շարունակ սեփական արտացոլանքը չտեսնելը նրա մոտ առաջացրել էր ինքն իրենից որոշակի կտրվածության զգացում։
«Կան բազմաթիվ առաջնային բնազդներ և ցանկություններ, որոնք միշտ գոյություն են ունեցել։ Օրինակ՝ մտածելը, թե ինչպես են ուրիշներն ընկալում քեզ։ Դա մարդկային հիմնական մտքերից է, չէ՞», — ասում է Ամիրը։
Ամիրը նշում է, որ տեսազանգերի տարածման հետ մեկտեղ շատ մարդիկ զանգերի ընթացքում նայում են հենց իրենց պատկերին։ Սակայն նախկինում շատ անսովոր կլիներ իմանալ, թե իրականում ինչ տեսք ունես այն պահին, երբ խոսում ես մեկ ուրիշի հետ։ Անկասկած, սա որոշակի փոփոխություններ է առաջացրել մեր վարքագծում հանդիպումների ժամանակ։ «Այս բոլոր տեխնոլոգիական նորարարությունները իրականում ուժեղացնում են մեր բոլոր հիմնական ցանկությունները։ Դժվար է չնկատել, թե որքան «բենզին» են դրանք լցրել կրակի վրա այս բոլոր երևույթների համար», — ավելացնում է Ամիրը։
Իրոք, ինչպես Վերածննդի ժամանակաշրջանի միջին խավի մարդիկ, մենք նույնպես օգտագործում ենք հայելիները (կամ Zoom-ը), որպեսզի տեսնենք այն, ինչ ուրիշներն են տեսնում, երբ նայում են մեզ, համաձայն Բարնարդ քոլեջի հոգեբան և «Հայելային մեդիտացիա» գրքի հեղինակ Տարա Ուելի տեսության։ Սակայն սա կարող է խնդիր դառնալ, եթե մենք չափազանց կենտրոնանանք մեր արտաքինի և գեղեկցության՝ հասարակության կողմից ձևավորված, հաճախ անիրատեսական չափանիշների վրա։ Ըստ Ուելի՝ կարևոր է խուսափել ինքներս մեզ միայն դիտարկման օբյեկտ համարելուց և օգտագործել հայելին՝ սեփական ինքնությունը ավելի խորությամբ հասկանալու համար։ Մենք պետք է ինքներս մեզ նայենք այնպես, ինչպես կնայեինք մեր ընկերոջը։
Չշրջող հայելիներ
Այն պատկերը, որը մենք տեսնում ենք հայելու մեջ, իհարկե, մեր «իրական» պատկերը չէ, այլ հակառակված՝ շրջված արտացոլանք է։ Մեր ուղեղը սովորել է դրան, և հենց այդ պատճառով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի հաճախ նախընտրում են իրենց հայելային, քան «լուսանկարված» պատկերը։ Սա, հավանաբար, պայմանավորված է «ծանոթության էֆեկտով»՝ այն երևույթով, ըստ որի՝ մենք ավելի շատ սիրում ենք այն բաները, որոնց ավելի հաճախ ենք հանդիպում և որոնց ավելի ծանոթ ենք։
«Ահա թե ինչու ձեր ընկերները կարող են հավանել ձեր որևէ լուսանկար, իսկ դուք՝ մտածել, որ այն ընդհանրապես հաջողված չէ», — ասում է Ուելը։ — Ձեր ընկերները սովոր են տեսնել ձեր «իրական» պատկերը, իսկ դուք սովոր եք տեսնել ձեր հայելային պատկերը»։ Որոշ գիտնականներ պնդում են, որ հայելու մեջ տեսած շրջված պատկերը պատմության ընթացքում ստիպել է մարդկանց սխալ կերպով ընկալել իրենց։ Ի տարբերություն սովորական հայելու՝ չշրջող հայելին ցույց է տալիս այն պատկերը, որն իրականում տեսնում են ուրիշները, այլ ոչ թե դրա «շրջված» արտացոլանքը։
«Մեր միտքը ձախ և աջ կողմերում տարբեր է, և քանի որ մենք տարբեր ենք մտածում ու զգում, այդ մտքերն ու զգացմունքները ուրիշներին փոխանցելիս մեր աչքերն ու դեմքն այդ տեղեկատվությունը արտահայտում են ոչ ամբողջովին համաչափ ձևով», — ասում է Ջոն Ուոլթերը՝ «True Mirror»-ի գաղափարի հեղինակն ու գյուտարարը։
«Խնդիրն այն է, որ հայելիներում այդ տեղեկատվությունը փոխվում է։ Այն կարող է մոտ լինել իրականությանը, բայց այդ տեղեկատվության մեկնաբանությունը սխալ է լինելու… մեր ունեցած մտքերն ու զգացմունքները չեն համապատասխանում այն պատկերին, որը մենք տեսնում ենք»։
Մեզ միայն մնում է մտածել՝ արդյո՞ք Նարցիսը դարձյալ կխեղդվեր, եթե իմանար, որ իրականում այնպիսի տեսք չուներ, ինչպիսին տեսնում էր իր արտացոլանքի մեջ։
Թարգմանիչ՝ Ստելլա Սարգսյան (Stella Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








