XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

Նորագույն պատմության թվով 9 գերմանական, ֆրանսիական և անգլոսաքսոնական ավանդույթները

 

«Ինլայթ»-ը ներկայացնում  է Arzamas-ի «XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց» շարքի նյութերի հայերեն թարգմանությունը: 
Էքզիստենցիալիզմ

Ծագել է ֆրանսիայում, XX դարի 50-60-ականներին։ Կապվում է ֆենոմենոլոգիայի հետ, հակադիր է ստրուկտուրալիզմին։

 Ժան-Պոլ Սարտր
© Emiliano Bruzzone

Ինչ հիմնական խնդիրն էր լուծում այս ուղղությունը

Ինչպես է հնարավոր իմաստավորել կոնկրետ մարդկային կյանքը։

Հիմնական թեզիսը

Մարդը վերջավոր է, դատապարտված է ազատության և ստիպված է պաքարել աշխարհի հետ իր գոյության իմաստի համար։


Ինչ եզրույթներ են օգտագործել փիլիսոփաները

Էքզիստենցիա ⇾ մարդկային գոյությունը՝ նախօրոք տրված հատկանիշներից զրկված ու ընտրության ազատությամբ կաշկանդված, դեպի ապագա միտվող մարդու նախագիծ։

Լքվածություն ⇾ գոյության վերջավոր և աբսուրդ լինելու զգացողություն, աշխարհում սեփական ներկայության աննպատակ լինելու գիտակցում։

Տագնապ ⇾ ուրիշ մարդկանց հետ միասնության և սեփական ընտրության համար նրանց առաջ պատասխանատվության վերաբերյալ անհանգստություն։

Եզրագծային իրադրություն ⇾ ողբերգական ընտրության պահը, որտեղ, վստահաբար, լավ տարբերակներ չկան (օրինակ՝ սիրելիի դավաճանությունը կամ մահը), և որոնք վերապրելով մարդը միաժամանակ հասկանում է՝ ով է ինքը և իրեն դարձնում է հենց այդպիսին։

Ուրիշ ⇾ ուրիշ մարդու գիտակցության ու էքզիստենցիայի հետ բախումը, այլ գիտակցության գոյության ընդունումը և դրա վերապրումը (օրինակ՝ սիրո մեջ)։


Որ գիտությունների վրա է ազդել՝ փիլիսոփայությունից բացի

20-րդ դարի կեսերին էքզիստենցիալիզմը դարձավ գեղարվեստական մշակույթի հիմնական լեզու և իր արտացոլումը գտավ բազմաթիվ գրական ստեղծագործություններում և  կինոարտադրության մեջ։ Կամյուն գրականության ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, հոսանքի խոշորագույն ներկայացուցիչ Սարտրը հրաժարվեց այդ նույն մրցանակից։ 20-րդ դարի 2-րդ կեսին էքզիստենցիալիզմն աստիճանաբար սկսեց մարել։

Դպրոցի առանցքային ներկայացուցիչները

Բացի Ալբեր Կամյուից ու Ժան-Պոլ Սարտրից ուղղությանը հարում էին Եվրոպայի այլ երկրների մեծ թվով մտածողներ, ինչպիսիք են Պաուլ Տիլիխը (Գերմանիա), Էմիլ Սիորանը (Ռումինիա), Միգել դե Ունամունոն (Իսպանիա) և ռուս փիլիսոփա-էմիգրանտ Նիկոլայ Բերդյաևը։ Էքզիստենցիալիզմում գոյություն ունի կրոնական ուղղություն. Տիլիխից բացի՝ այդ ուղղությանն է հարում, օրինակ, կաթոլիկ մտածող Գաբրիել Մարսելը։

Գրականություն

  1. Пассмор Д. Сто лет философии. М., 1998.
  2. Андерсон П. Размышления о западном марксизме. М., 1991.
  3. Уэст Д. Континентальная философия. М., 2015.


Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: