«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է հայերենի գերազանց իմացությամբ խմբագիրների/սրբագրիչների, ովքեր կաշխատեն կազմակերպության կայքում և այլ հարթակներում հրապարակվող հետազոտական, վերլուծական և տեղեկատվական նյութերի հետ։
Այս հնարավորությունը կարող է հատկապես հետաքրքիր լինել նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայերեն գրավոր խոսքով, խմբագրական աշխատանքով, հասարակական գիտություններով, հետազոտությամբ և հանրային հաղորդակցությամբ և ցանկանում են իրական հրապարակումների վրա աշխատելով զարգացնել իրենց մասնագիտական փորձը։
Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։
Ի՞նչ ես անելու
- շաբաթական առնվազն մեկ հետազոտական, վերլուծական կամ տեղեկատվական նյութի խմբագրում և/կամ սրբագրում,
- հրապարակումների լեզվական, ոճական և կառուցվածքային հստակության ապահովում,
- ինֆոգրաֆիկաների, տվյալների վիզուալացման և այլ տեսողական նյութերի տեքստային հատվածների սրբագրում,
- անհրաժեշտության դեպքում աշխատանք հեղինակների և խմբագրական թիմի հետ՝ նյութերի վերջնականացման ուղղությամբ,
- խմբագրված նյութերի պատրաստում և հրապարակում կազմակերպության կայքում,
- խմբագրական աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքների և հարթակների կիրառում,
- մասնակցություն «Ինլայթ»-ի բովանդակության թիմի ընթացիկ աշխատանքներին և խմբագրական քննարկումներին։
Երկարաժամկետ և ակտիվ ներգրավվածության դեպքում հնարավորություն կունենաս մասնակցելու նաև կազմակերպության ներքին նախաձեռնություններին և կառավարման գործընթացներին՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով։
Ո՞ւմ ենք փնտրում
Մեզ կարող ես միանալ, եթե՝
- գերազանց տիրապետում ես հայերենին՝ ուղղագրությանը, կետադրությանը և լեզվական նորմերին,
- ունես լեզվի և ոճի նկատմամբ ուշադրություն ու զգայունություն,
- կարողանում ես աշխատել բարդ, այդ թվում՝ մասնագիտական, հետազոտական և վերլուծական տեքստերի հետ,
- կարողանում ես ոչ միայն նկատել սխալը, այլև առաջարկել ավելի հստակ և ընթեռնելի ձևակերպում՝ պահպանելով հեղինակի միտքն ու ոճը,
- ուշադիր ես մանրուքների նկատմամբ և պատասխանատու՝ պայմանավորվածությունների ու վերջնաժամկետների հարցում,
- կարողանում ես աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմում,
- պատրաստ ես սովորել և ստանալ ու կիրառել հետադարձ կապ։
Google Workspace գործիքների՝ Google Docs, Drive, Sheets, իմացությունը պարտադիր է։ WordPress-ի կամ այլ content management համակարգերի հետ աշխատանքի փորձը առավելություն է, բայց պարտադիր չէ։
Խմբագրական աշխատանքի նախորդ փորձը նույնպես պարտադիր չէ․ մեզ համար կարևոր են հայերենի իմացությունը, տեքստի նկատմամբ ուշադրությունը, մտածողությունը և սովորելու պատրաստակամությունը։
Ի՞նչ է առաջարկում «Ինլայթ»-ը
Իրական խմբագրական փորձ։ Կաշխատես իրական հետազոտական, վերլուծական և հանրամատչելի նյութերի հետ, որոնք հրապարակվում են «Ինլայթ»-ի հարթակներում։
Մասնագիտական զարգացում։ Կաշխատես հեղինակների, վերլուծաբանների, հետազոտողների և խմբագիրների հետ՝ զարգացնելով խմբագրման, սրբագրման և բովանդակության հետ աշխատանքի հմտություններդ։
Ուսուցում և աջակցություն։ Աշխատանքի ընթացքում կստանաս անհրաժեշտ ուղղորդում և հետադարձ կապ խմբագրական թիմից։ Հնարավորություն կունենաս մասնակցելու նաև «Ինլայթ»-ի մասնագիտական հանդիպումներին, բանախոսություններին և այլ կրթական նախաձեռնություններին։
Ճկուն և հեռավար աշխատանք։ Աշխատանքը հիմնականում կազմակերպվում է առցանց և ճկուն գրաֆիկով՝ պահպանելով նախապես համաձայնեցված վերջնաժամկետները։
Թիմ և մասնագիտական կապեր։ Կդառնաս հետազոտությամբ, վերլուծությամբ և հանրային հաղորդակցությամբ զբաղվող համայնքի մաս և հնարավորություն կունենաս համագործակցելու տարբեր մասնագիտական ուղղությունների ներկայացուցիչների հետ։
Կամավորության վկայական և երաշխավորագիր։ Համագործակցության պայմաններին համապատասխան՝ տրամադրում ենք կամավորական աշխատանքի վկայական, իսկ առնվազն 3 ամիս արդյունավետ համագործակցության դեպքում կարող ենք տրամադրել նաև երաշխավորագիր։
Ընտրության ընթացակարգը
Ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝
1. Փորձնական խմբագրական առաջադրանք
Դիմումն ուղարկելուց հետո ընտրված դիմորդները կստանան խմբագրման/սրբագրման համար նախատեսված կարճ նյութ, որը պետք է վերադարձնեն 3 օրվա ընթացքում։
2. Հարցազրույց
Փորձնական առաջադրանքը հաջողությամբ կատարած դիմորդները կհրավիրվեն կարճ հարցազրույցի՝ փոխադարձ ակնկալիքները, հետաքրքրությունները և համագործակցության ձևաչափը քննարկելու համար։
Երկու փուլերը հաջողությամբ անցնելու դեպքում կմիանաս «Ինլայթ»-ի խմբագրական թիմին։
Ինչպե՞ս դիմել
«Ինլայթ»-ին որպես խմբագիր/սրբագրիչ միանալու համար լրացրու հայտադիմումը:
Դիմումը ստանալուց հետո կապ կհաստատենք հայտում նշված էլեկտրոնային հասցեով։
Խնդրում ենք ստուգել նաև նամակների Spam/Junk բաժինը՝ մեր հաղորդագրությունը բաց չթողնելու համար։
Մեր այլ հայտադիմումները.








