Տարբեր հասկացությունների իմաստի պատմական ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս ավելի լավ ըմբռնել ներկայիս գիտական լեզվի մոռացված նշանակություններն ու նրբերանգները։
Բնաբան” Հասարակական գիտությունների պատմության ուսումնասիրությունը մեր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այն բացահայտում է հասարակությունների զարգացման ուղիները, մշակութային և սոցիալական փոփոխությունները, որոնք ձևավորում են մեր ներկա աշխարհը: Պատմական համատեքստը մեզ թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են ձևավորվել ներկայիս հասարակական և քաղաքական կառուցվածքները, ինչպես նաև գնահատել տարբեր մշակույթների և հասարակությունների ներդրումները: Այն նպաստում է քննադատական մտածելակերպի և գիտակցության զարգացմանը, ինչը կարևոր է արդյունավետ որոշումներ կայացնելու և համաշխարհային մարտահրավերներին ճիշտ արձագանքելու համար: Այս համատեքստում էլ «Ինլայթ»-ը ներկայացնում է ամերիկացի սոցիոլոգ և պատմաբան Ջորջ Ստայնմեցի «How and Why Do We Write the History of the Social Sciences?» հոդվածի հայերեն թարգմանությունը: Ջորջ Ստայնմեցը մասնագիտացած է գաղութային պատմության, սոցիալական տեսության և հասարակական գիտությունների պատմության ուսումնասիրության մեջ: Նա հատկապես հայտնի է իր աշխատանքներով,որոնք վերաբերումենգաղութային սոցիոլոգիայի պատմությանը և տեսության զարգացումներին: «Ինչպե՞ս և ինչո՞ւ ենք գրում հասարակական գիտությունների պատմությունը» հոդվածում Ստայնմեցը կարևորում է պատմության գրառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ անընդմեջ ուսումնասիրված պատմական համատեքստը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ներկայիս հասարակակական գիտությունները և դրանց պատմական հիմքերը:

1950-ականներին ֆրանսիացի հետազոտողների կողմից գաղութային Ալժիրի Մեխադմա [1] ցեղի շրջանակում անցկացված հոգեբանական հետազոտությունները տեղի են ունեցել ֆրանսիական օկուպացիոն զորքերի պաշտպանությամբ և գաղութացված, բայց կիսաինքնավար ղեկավարի՝ Քեյիդի (վերևում պատկերված) հսկողությամբ , մինչդեռ այլ համատեքստերում անցկացված գաղութային ուսումնասիրությունները չեն ունեցել նման վերահսկողություն:
Ինչո՞ւ է անհրաժեշտ գրել հասարակական [2] գիտությունների պատմությունը և սոցիոլոգիան: Ոմանք կարծում են, որ գիտությունը սոցիոլոգիական մանրադիտակի տակ դնելը ինքնահաճ և վտանգավոր հարաբերակցություն է: Ուրիշներն ասում են, որ գիտությունն ուսումնասիրում են միայն նրանք, ովքեր չեն կարող զբաղվել դրանով: Նացիստ սոցիոլոգ Էռնստ Վիլհելմ Էշմանը 1934 թ. գրել է, որ այն գիտությունը, որն ուսումնասիրության առարկա է դարձնում իրեն, ուսումնասիրում է «իր կապերը և սահմանները մյուս գիտությունների հետ, իր իմացաբանությունը, մեթոդներն ու պատմությունը», ներկայացնում է «մի ամբողջ մշակույթի ծանր հիվանդության ախտանիշը», «գիտականության պաթոլոգիան»1:
Քչերը այսօր կհամաձայնեն նացիստ գիտնականի հետ: Այնուամենայնիվ, այս քննադատությունները չպետք է մնան անպատասխան, հատկապես այն դարաշրջանում, երբ գիտնականներին համառորեն կոչ են անում ապացուցելու իրենց աշխատանքի օգտակարությունը: Հասարակական գիտության պատմական սոցիոլոգիան իրոք օգտակար է. այն հասարակական բոլոր գիտությունների անհրաժեշտ բաղադրիչն է: Գիտելիքի՝ առաջին հայացքից անօգուտ այս ձևի օգտակարությունը բացահայտելուց և այդ նպատակով ներկայումս օգտագործվող որոշ մեթոդներ ներկայացնելուց առաջ, ես համառոտ կանդրադառնամ վերջինիս ծագմանը:
Ինչպես ցույց են տալիս Էշմանի մեկնաբանությունները, գիտելիքի և գիտության հասարակական ուսումնասիրությունը ծագել է 20-րդ դարի առաջին տասնամյակում՝ հասարակական-քաղաքական և մշակութային խորը ճգնաժամի շրջանում: Այս ժամանակաշրջանը տեսավ կայսրությունների ապշեցուցիչ փլուզումներ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Գերմանիայի տնտեսության գերինֆլյացիայի ենթարկվելը, Եվրոպայում ֆաշիստական շարժումների բազմաշերտ աճը, իսկ Աֆրիկայում ու Ասիայում նկատվեցին գաղութային տիրապետության դեմ կազմակերպված դիմադրության առաջին նշանները: Ինչպես Գասթոն Բաշլարը (Gaston Bachelard) նկատել է 1938 թ․2, կար նաև «օբյեկտիվ և ռացիոնալ կյանքի համատարած արժեզրկում, որը … գիտությանը սնանկ է հռչակում»: Գիտության նկատմամբ կասկածամտությունը միջազգային շարժում էր, սակայն այն ավելի ուժեղ էր Եվրոպայում, քան Միացյալ Նահանգներում, և հատկապես՝ Գերմանիայում ու նախկին Ավստրո-Հունգարական կայսրությունում: Նախադեպերից էին Կառլ Մարքսի՝ քաղաքական տնտեսության՝ կապիստալիստական դասերի շահերն արտահայտող բնույթի քննադատությունը, և նրա ավելի ընդհանրական փաստարկը, թե սոցիալական կեցությունն է որոշում գիտակցությունը: Նիցշեն գիտական մտքերը բնութագրում էր որպես իշխանության հասնելու գործիքներ: Սոցիալական դասակարգը, քաղաքական իշխանությունը և կրոնը նոր զարգացող սոցիոլոգիայի հիմնական բացատրական գործոններն էին Բուդապեշտի «Sunday Circle»-ի մասնակիցների, այդ թվում՝ Գյորգի Լուկաչի և Կառլ Մանհայմի քննարկումները կենտրոնացած էին գիտելիքի՝ սոցիալական դիրքից կախվածության գաղափարի շուրջ3: Վայմարյան հանրապետությունում մի շարք հասարակագետներ և պատմաբաններ (Էռնստ Գրյունվալդ, Կառլ Մանհայմ, Մաքս Շելեր և Ալֆրեդ Վեբեր) զարգացրին այն մոտեցումը, որը հայտնի դարձավ որպես գիտելիքի սոցիոլոգիա4:
Այս ինտելեկտուալ շարժման կարևոր զարգացումներից մեկն էր ֆիզիկական և բնական գիտությունները սոցիոլոգիական տեսանկյունից վերլուծելու կողմնորոշումը: Գիտության սոցոլոգիան բացատրելու միտքը ծագել էր դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Էմիլ Դյուրկհայմն իր «Elementary Forms of the Religious Life» (բառացի «Կրոնական կյանքի տարրական ձևեր») գրքում (1912) ուսումնասիրել է մտքի, ինչպես և ժամանակակից գիտության հիմնական իմացաբանական կատեգորիաները՝ ժամանակը, տարածությունը, քանակը, պատճառը և ուժը՝ դրանց աղբյուրը գտնելով կրոնական հասարակական պրակտիկաների և կառուցվածքների մեջ: 1913 թ. Ջորջ Սարտոնը ստեղծեց «Isis» ամսագիրը և այն նվիրեց գիտության պատմությանը, որին հաջորդեց «Osiris»-ը (1936) և «Journal of the History of the Ideas»-ը (1940): Սակայն գիտության պատմությունը «Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մինչև 1950-1960-ականները ակադեմիական բաժիններում, կենտրոններում և ծրագրերում հաստատված չէր»: Գիտության վաղ շրջանի պատմաբաններն ավելի քիչ էին կենտրոնացած գիտությունը սոցիոլոգիական տեսանկյունից մեկնաբանելու և ավելի շատ՝ նրա՝ կատարելության ձգտող անխուսափելի երթը տոնելու և այն «ժամանակակից մտածողություն կոչվող ինչ-որ բանի» կապելու վրա, որի հայրենիքը Արևմուտքն էր5: Գիտության պատմության այս հիմնարար պատումներից որոշները, ինչպես նշում է Լորեյն Դասթոնը, նույնպես երկիմաստ էին գիտական արդիության կործանարար կողմերի առումով, բայց սա նրանց հեղինակներին չի դրդել գիտական փոփոխությունների լիարժեք սոցիոլոգիական վերլուծության մինչև 1960-ականները:
Գիտության ավելի տեսականացված պատմության ուսումնասիրության վերելքի փաստագրման ընթացքում երբեմն անտեսվում է ավելի բազմազան մտածողների շրջանակը, որոնք սկսեցին զարգացնել գիտության պատմության սոցիոլոգիական մոտեցումները պատերազմների միջև ժամանակահատվածում: 1936 թ. ստեղծված «Science and Society» ամսագիրը նվիրված էր «մարքսիստական գիտության աճին» և հատուկ ուշադրություն էր դաձնում այն աշխատանքներին, որոնք «լուսաբանում են գիտության և հասարակության փոխկապակցվածությունը»6: Ամսագրի հեղինակներից էր հոլանդացի մաթեմատիկոս Դիրկ Յ. Ստրոյկը, որը վերլուծել էր այն «սոցիոլոգիական բիծը», որը, ասում են, ձևավորել է մաթեմատիկայի նույնիսկ ամենատեսական դրսևորումները7: Ավստրիական սոցիալիստական «Der Kampf» ամսագրում հրապարակված հոդվածների մի շարքում փիլիսոփա Էդգար Ցիլզելը վերլուծել է գիտական պատճառահետևանքային մտածողության սոցիալական արմատները, ինչպես նաև գիտական առաջընթացի և ֆիզիկակական օրենքների կոնցեպտները՝ դիտարկելով կրոնը, իրավական համակարգերը, պետական քաղաքականությունները և դասային հարաբերությունները8: Փիլիսոփա Գասթոն Բաշլարը վերուծել է գիտական գիտելիքի ձեռքբերման իմացաբանական խոչընդոտները՝ արմատավորված անգիտակցական զգացմունքներում, որոնցից որոշները կապված են գիտնականների՝ սոցիալական դիրքի մասին անհանգստության հետ9: Ամերիկացի սոցիոլոգ Ռոբերտ Ք. Մերտոնը վերաձևակերպեց Մաքս Վեբերի՝ բողոքական էթիկայի թեզը՝ բացատրելով գիտության աճը 17-րդ դարի Անգլիայում մասամբ պուրիտանականության համատեքստում10:
1960-ականների մշակութային հեղափոխությունները նոր թափ հաղորդեցին գիտության պատմությանը և սոցիոլոգիային: Նշանավոր իրադարձություններից էր Թոմաս Կունի «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը» աշխատությունը (1962): Ստեղծվեցին նոր ամսագրեր՝ «Archive for History of Exact Sciences» (1960), «Minerva» (1962), «British Journal for the History of Science» (1962) և «Journal of the History of the Behavioral Sciences» (1965): «Cheiron»-ը՝ հասարակակական և վարքաբանական գիտությունների պատմության միջազգային կազմակերպությունը, հիմնադրվել է 1968-ին:
Պատմությունը դեռևս չի բացատրել, թե ինչու պետք է հետաքրքրվել հասարակակական գիտությունների պատմությամբ և սոցիոլոգիայով: Կա հիմնավորմաներկու տեսակ՝ ներգիտական և ավելի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող:
Առաջին հերթին, հասարակական գիտությունների պատմական սոցիոլոգիան օգնում է հասարակակական գիտնականներին հասկանալ իրենց կիսաինքնաբուխ ուղղվածությունը որոշակի տեսությունների, կոնցեպտների և մեթոդների նկատմամբ: «Ինքնանդրադարձի» այս ձևը, Պիեռ Բուրդյոյի խոսքերով, չպետք է պատկերացնել միայն ինքնախոստովանական զրույցի տեսքով․ ավելի ճիշտ է այն նկարագրել որպես ինքնառարկայացման պրակտիկա: Տարբեր հասկացությունների իմաստի պատմական ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս ավելի լավ ըմբռնել ներկայիս գիտական լեզվի մոռացված նշանակություններն ու նրբերանգները, որոնք հաճախ ավելի վաղ գիտական բանավեճերի արդյունք են:
Ներկա օրերի կոնցեպտուալ լեզվի քողարկված աղբյուրների մի օրինակ է հասարակակական գիտություն արտահայտությունը: Տարբեր մասնագետներ և ինստիտուտներ նախընտրել են տարբեր անվանումներ դրանց դասակարգման համար: 1946 թ. սկսած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական ուղղության շուրջ բանավեճերի ժամանակ ամերիկացիներն առաջ էին քաշում «social science» անվանումը, որն այդ ժամանակ վերաբերում էր կիրառական, հիմնականում քանակական սոցիալական հետազոտություններին՝ կազմակերպված անհատի՝ որպես վերլուծության հիմնային միավորի շուրջ: Ֆրանսիացի հետազոտողները կողմնակից էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունի հումանիտար գիտություններ (sciences humaines) անվանումը, որը, նրանց համոզմամբ, ընդգրկում էր փիլիսոփայությունը և հումանիտար գիտությունները11: Միացյալ Նահանգներում, սակայն, միևնույն ժամանակ վարքաբանական գիտություններ արտահայտությունն էր օգտագործվում Ֆորդի հիմնադրամի ծրագրում՝ ֆինանսավորելու այն գիտակարգերը, որոնք մինչ այդ հայտնի էին որպես «սոցիալական գիտություններ» անվանմամբ: Այսպիսով նրանք փորձում էին խուսափել սոցիալական գիտությունը սոցիալիզմի հետ շփոթելուց և շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ սոցիալական գիտություն արտահայտության հետ կապվող մոտեցումների նույն շրջանակը: Գերմանիայում կենտրոնական բանավեճը հակադրում էր Geisteswissenschaften-ը՝ հոգևոր գիտությունները, սոցիալական գիտության հետ, որը սովորաբար փոխադրվում էր գերմաներեն որպես Sozialwissenschaft: 1918-ից հետո Գերմանիայում հիմնված նոր համալսարանները առաջիններից էին, որ ստեղծեցին հասարակական գիտության բաժիններ: Սոցիոլոգիայի՝ Geisteswissenschaften-ից սոցիալական գիտությունների անցումը ընդհանուր առմամբ ավարտվեց 1933-1945 թթ. ընթացքում՝ շնորհիվ նացիստների՝ կիրառական հետազոտությունների կարևորման և աջակցության12: Հասարակական գիտությունների հետազոտությունը կարող է այս տեսակ պատմությունները դարձնել հասարակական գիտնականների ինքնառարկայացման պրակտիկայի մաս:
Նմանօրինակ հետազոտման ձևի երկրորդ հիմնավորումն այն է, որ հասարակական շատ հիանալի տեսություններ և գաղ4ափարներ ամբողջովին մոռացվել են և կարող են վերականգնվել են ու վերաներկայացվել: Մինչև 1960-ականները Միացյալ Նահանգներում և Գերմանիայում Մարքսի կամ նրա գաղափարների վրա հիմնված լուրջ հետազոտությունները հիմնականում բացառված էին հասարակագիտական պրոֆեսիոնալ ուսումնասիրություններից13: 1945 թ. հետո Դուրքհայմը և Վեբերը, համապատասխանաբար Ֆրանսիայում և Գերմանիայում, լայնորեն մերժվում էին՝ ամերիկյան հասարակագիտական հետազոտությունների համեմատությամբ հնացած համարվելով: Ցիլզելը մեծ մասամբ անտեսվում էր՝ ինչպես Նացիստական Գերմանիայից փախուստ կատարած շատ սոցիոլոգներ, սակայն նրա աշխատանքը այժմ վերագնահատվել է:
Հասարակական գիտության պատմության անհրաժեշտության երրորդ հիմնավորումն առաջարկել է սոցիոլոգ Լոթար Պետերը14: Ինդիվիդուալիզացիայի, աշխարհականացման և կապիտալիզմի նման ժամանակակից երևույթները կարող են դառնալ ավելի անտեսանելի, երբ նրանք դառնում են առավել համընդհանուր՝ դառնալով առողջ դատողություն և ընդունվելով որպես բնական ու անխուսափելի իրողություններ: Ավելի վաղ հետազոտողները, որոնք ծանոթ էին երկու տարբեր հասարակական ոլորտների և տարբեր աշխարհայացքների, կարող էին ավելի հստակ նկատել հասարակական այս նորածագ գործընթացները, քան մենք այսօր:
Հասարակական գիտությունների պատմության ուսումնասիրության չորրորդ հիմնավորումն այն է, որ վերջինս կարող է օգնել մեզ հասկանալ այն պայմանները, որոնցում հասարակակական գիտությունը ծաղկում է կամ լճանում15:
Եվ վերջապես, հասարակական գիտության պատմությունը օգնում է բացատրել (միգուցե արդյունքում նաև լուծել) հասարակակական տարբեր խնդիրներ: Հասարակական գիտությունները ներթափանցում են մեր սոցիալական կեցություն: Դրանք ազդեցություն են թողնում մեր տնտեսությունների, հասարակակական քաղաքականությունների, կրթական համակարգերի և արտաքին հարաբերությունների ձևավորման վրա: Այս դեպքում կարևոր է տարբերակել հասարակական գիտությունների միտումնավոր կիրառումը քաղաքականության մեջ և նրանց ոչ միտումնավոր ազդեցությունը սոցիալական պրակտիկաների վրա:
Հասարակական գիտությունները դիտավորյալ կերպով քաղաքականության ուղենշման նապատակով կիրառվել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են եվգենիկան և սոցիալական ապահովագրությունը, աշխատաշուկայի քաղաքականությունները և աղքատության դեմ պայքարի ծրագրերը, իսկ վերջերս նաև նախաձեռնություններ՝ ուղղված անձանց «մղելու» ցանկալի վարքագծի16: Հասարակական գիտությունների՝ կառավարական քաղաքականության մեջ օգտագործման բացառապես լավ փաստագրված օրինակներից մեկը մոդերնիզացիայի տեսությունն է, որը ծագեց Հարրի Թրումանի նախկին գաղութային ծրագրերին ի պատասխան: Սոցիոլոգիական գաղափարներն ուղղորդիչ դեր են ունեցել համայնքային զարգացման, հողային բարեփոխումների, ջրամբարտակների շինարարության և ագրարային «կանաչ հեղափոխություն» նախագծերում17: Հասարակական գիտությունների գիտական ուղղորդմամբ նմանատիպ միջամտություններ իրականցվել են նաև Ֆրանսիայի և Բրիտանիայի աֆրիկյան գաղութներում հետպատերազմյան շրջանում՝ գաղութային զարգացման պատրվակով18:
Հակաապստամբական արշավները նույնպես հանգեցրել են հասարակագիտական հետազոտությունների: Ալժիրի քաղաքացիական պատերազմի ընթացքում հասարակակական գիտությունների մասնագետները օգնեցին նախագծել և կառավարել այն վերաբնակեցման ճամբարները, որոնք ստեղծվել էին խռովությունը զսպելու համար: Ընդհանուր գործընթացը վերահսկվում էր ֆրանսիական բանակի հատուկ ադմինիստրատիվ բաժինների կողմից, որոնց սպաներից ոմանք ուսումնասիրում էին «իսլամական սոցիոլոգիա», և ոմանք էլ պատասխանատու էին բնիկ գյուղացիների` վերաբնակեցումից առաջ և հետո ցույց տված վարքագծի ուսումնասիրության համար՝ պարզելու, թե ինչպես կարելի է դարձնել ճամբարներն ավելի կայուն19: Այս պաշտոնյաներից մի քանիսը վերապատրաստվել էին գաղութային բանակի նախկին սպա և դուրքհայմյան սոցիոլոգ Ռոբերտ Մոնտանյեի կողմից փարիզյան Centre des hautes études d’administration musulmane”ում (Մուսուլմանների կառավարման առաջատար ուսումնասիրության կենտրոն):
ԱՄՆ-ում Պաշտպանության նախարարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր հասարակական գիտությունների ոլորտում ֆինանսավորել է բազմաթիվ նախագծեր: Կատարվել են արտաքին քաղաքականությունը ուղղորդելու փորձեր՝ օգտագործելով խաղերի տեսության մոդելներ և հաշվարկային համակարգեր, ինչպիսին էր «Crisis Early Warning and Monitoring System»-ը (բառացի «Ճգնաժամի կանխազգուշացման և մոնիթորինգի համակարգ»)20: Պենտագոնի կողմից ֆինանսավորվող և լավագույնս փաստագրված հակաապստամբական հետազոտությունների շարքում են Troy-ը (1950-ականներ), Camelot-ը (1960-ականներ) ու Human Terrain System-ը (2007–2014 թթ.) ծրագրերը, ինչպես և ներկայիս Minera Initiative-ը (2008 թ. մինչև հիմա):
Շատ անուղղակի ձևերով հասարակական գիտությունը նաև ձևավորում է քաղաքականություններ և պրակտիկաներ: Ես փորձել եմ բացահայտել այդպիսի գաղտնի պատճառահետևանքային կապեր The Devil’s Handwriting գրքում [3], որի նպատակն էր բացատրել, թե ինչու է Գերմանիայի գաղութային կառավարությունը Հարավարևմտյան Աֆրիկայում (Նամիբիայում) 1904թ. իրականացրել ցեղասպանություն Հերերո ցեղի նկատմամբ, մինչդեռ գերմանացի գաղութարարներն իրենց անդրծովյան կայսրության այլ հատվածներում ջանում էին վարել ավելի պատերնալիստական և խաղաղ քաղաքականություն: Այդ գիրքը ցույց է տալիս, որ եվրոպացի ճանապարհորդների, միսիոներների և սիրողական ազգագրագետների թողած ազգագրական և քաղաքակրթական արձանագրություններն են սահմանել գաղութային ֆորմալ քաղաքականության հիմնական չափանիշները, նույնիսկ եթե դա չի եղել այդ հաշվետվությունների գիտակցված նպատակը, և նույնիսկ եթե դրանք ստեղծվել էին գաղութային նվաճումներից տարիներ, անգամ տասնամյակներ առաջ:
Այս բացահայտումը ցեղասպանություն կանխելու լուծում չէ: Հասարակական գիտությունները լավ չեն կարողանում կանխատեսել ապագան՝ բացառությամբ ավելի առօրեական ու կրկնվող դեպքերի, և անգամ այսպիսի դեպքերում դա հնարավոր է միայն որոշակի ժամանակի և տարածության սահմաններում: Դարաշրջանային պատմական իրադարձությունները, ինչպիսիք են հեղափոխությունները, կոտորածները, պետությունների ու կայսրությունների փլուզումները, տեղի են ունենում բազմաթիվ գործոնների փոխազդեցությամբ բաց համակարգերում: Թեև նման իրադարձությունները կարելի է բացատրել, այնուամենայնիվ, պատմական ընդհանուր օրենքների գոյության գաղափարը պատրանքային է: Պատմական նման ուսումնասիրությունը կարող է միայն ցույց տալ այն պայմանները, որոնք պատճառահետևանքային շղթա են կազմել ցեղասպանության մեկ դեպքում՝ ենթադրելով, որ դրանք կարող են լինել անհրաժեշտ, եթե ոչ բավարար պայմաններ մեկ այլ դեպքում, և այդպիսով զգուշացնելով դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին: Հերերո ցեղի օրինակում այս պատճառահետևանքային պայմանները պետք էր բացահայտել հասարակական գիտությունների պատմության մեթոդների օգնությամբ:
Բայց որո՞նք են այդ մեթոդները: Ինչպե՞ս մենք պետք է ճիշտ հետազոտենք հասարակական գիտությունները: Թույլ տվեք միայն նշել այս մեթոդաբանական քննարկման երեք կարևորագույն առանցքները՝ 1) տեքստի և համատեքստի փոխկապակցման անհրաժեշտությունը, 2) մասնավոր և հանրային փաստաթղթավորման օգտագործման կարևորությունը և 3) հասարակական կիսաանկախ դաշտի գործարկումը:
Նախ՝ առաջին կետի մասին։ Պարզ է դարձել, որ այս ոլորտի հետազոտողները պետք է ուսումնասիրեն տեքստային, վիզուալ և թվային աշխատանքները՝ օգտագործելով մեկնաբանության և վերլուծության բոլոր համապատասխան մեթոդները, ինչպես նաև ուշադրություն դարձնեն հասարակական գիտական աշխատանքների ստեղծման համատեքստին: Համապատասխան համատեքստերն ընդգրկում են ամենամոտ (գիտնականի կենսագրությունը կամ պրոսոպոգրաֆիան [4]), միջանկյալ (գիտական հաստատություններ, գիտակարգեր ու ոլորտներ) և ավելի հեռակա համատեքստերը, որոնք եղել են համատեքստային վերոնշյալ վաղ հետազոտությունների ուշադրության կենտրոնում:
Հասարակակական գիտությունների և դրանց համատեքստի միջև փոխներգործուն հարաբերությունները հաշվի առնելու կարևորության օրինակ է ֆրանսիացի հոգեբանների աշխատանքը Centre d’Etudes et d’Informations des problèmes humains dans les zones arides-ից, որ 1950-ականներին գաղութային Ալժիրում հոգեբանական փորձարկումներ էին իրականացնում Մեխադմա ցեղի վրա: Երկրորդ լուսանկարը ցույց է տալիս, որ փորձարկումներն իրականացվել են գաղութային բանակի պաշտպանությամբ և Քեյիդի՝ տեղական կիսաինքնավար առաջնորդի հսկողության ներքո: Գաղութային դարաշրջանի այլ հետազոտողներ ավելի շատ անկախություն ունեին գաղութային պաշտոնյաներից և տեղացիներից21:
Երկրորդ՝ կարևոր է համատեղել հրապարակված նյութերը ինստիտուցիոնալ փաստաթղթերի և անձնական թղթաբանության հետ՝ ներառելով մասնավոր նամակագրությունը: Քաղաքական և ինստիտուցիոն սահմանափակումներն ու մասնավոր հաղորդակցությունները հաստատելով և դրանք համեմատելով հրապարակված աշխատությունների հետ՝ մենք կարող ենք բացահայտել, թե ինչպես են գիտնականները դիմակայում պետությունների, ֆինանսավորողների, գործատուների և գործընկերների ճնշումներին22:
Եվ վերջապես, գիտության պատմական սոցիոլոգիայի ուսումնասիրությունները օգուտ են քաղել Պիեռ Բուրդյոյի դաշտային տեսությունից, որը գաղափարական հստակություն է բերում կենսագրության միկրոմակարդակի և հասարակության մակրոմակարդակի միջև գտնվող կարևոր միջանկյալ սոցիալական մակարդակի վերաբերյալ23: Բուրդյոյի դաշտային մոդելը օգնեց մեզ հասկանալ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են որոշ էմիգրանտ հասարակակական գիտնականների անհաջողությունը իրենց գիտական կապիտալը նախորդ համատեքստից նորի տեղափոխելու գործում, և հակառակը: Այն լուսաբանում է տրված ինտելեկտուալ ծրագրի փոփոխվող նշանակությունները, մինչ այն միջազգային մակարդակում մեկ համատեքստից անցում է կատարում մյուսին: Այն բացատրում է նաև այլ հարցեր՝ ներքին հակասությունները և ուժային կառուցվածքները գիտակարգերի մեջ, գաղափարների արտահանման և ներմուծման վերահսկողությունը և վերահսկիչները, ինչպես նաև գիտակարգերի սահմանների պաշտպանական քաղաքականությունը, որոշ գիտակարգերի կամ դրանց մասերի համառ դիմադրությունը հարակից ոլորտների նոր միտումների նկատմամբ կամ այլ դերակատարների թվացյալ ինքնաբուխ պատրաստակամությունը միջ- կամ վերգիտակարգային փոխազդեցությունների հանդեպ: Դաշտային մոտեցումը բացատրում է ժամանակակից կրթության, հետազոտությունների և (հասարակակական) գիտության ոլորտում աստիճանավորման և դասակարգայնացման հանդեպ ընդհանուր հակումները: Այս տեսության քննարկումների նորագույն կողմերից է դաշտերի ուսումնասիրության մեջ տարածքային վերլուծության ներառումը և նրա՝ մարդկային սուբյեկտի ավելի բարդ մոդելի հետ համադրումը:
Ջորջ Ստայնմեցը՝ Հասարակակական գիտությունների դպրոցի հրավիրյալ պրոֆեսորը, Միչիգանի համալսարանում զբաղեցնում է սոցիոլոգիայի պրոֆեսորի՝ Չարլզ Թիլլի անվան պատվավոր պաշտոնը։ Դիդիե Ֆասենի հետ որն իր հերթին զբաղեցնում է սոցիոլոգիայի պրոֆեսորի՝ Ջեյմս Դ․ Վոլֆենսոնի անվան պատվավոր պաշտոնը նույն դպրոցում, Ջորջ Ստայնմեցը ղեկավարում է դպրոցի 2017-18ուսումնական տարվա թեման՝ «Հասարակական գիտությունները փոփոխվող աշխարհում»: Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում նրա աշխատանքը կապված է պատմության, փիլիսոփայության և հասարակական գիտությունների սոցիոլոգիայի հետ։
[1] (թարգմանչի կողմից) Մեխադմա ցեղը աֆրիկյան տեղական համայնք է, որը բնակվում է Աֆրիկայի խորշերում՝ ներկայիս Էրիթրեայի և Սուդանի տարածքում: Մեխադմանները հայտնի են որպես քոչվոր ցեղ, որի հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Նրանք ունեն յուրահատուկ լեզու և մշակութային ավանդույթներ, որոնք բազմիցս հարմարվել են փոփոխվող պայմաններին և պատմական իրադարձություններին: [2] (թարգմանչի կողմից) «social» անգլերեն տերմինը հայերեն թարգմանելիս օգտագործվել է «հասարակական»-ը, ոչ թե «սոցիալական»-ը, քանի որ «հասարակական» բառը ավելի ճիշտ է արտահայտում այն գիտությունների բնույթը, որոնք կենտրոնացած են հասարակության կառուցվածքի և գործելակերպի ուսումնասիրութան վրա: [3] (թարգմանչի կողմից) «The Devil’s Handwriting»՝ (բառացի՝ «Սատանայի ձեռագիրը») գիրքն ուսումնասիրություն է, որը գրել է Ջորջ Ստայնմեցը: Այն կենտրոնացած է Գերմանիայի գաղութային վարչակազմերի ուսումնասիրության վրա՝ հիմնականում Աֆրիկայում և Մելանեզիայում (գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում) 19-րդ և 20-րդ դարերում: Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես են վարչական գրագրությունները («Սատանայի ձեռագիրը») դարձել գործիքներ գաղութային իշխող վարչակազմերի համար՝ վերահսկելու և կառավարելու տեղական բնակչությունը: Անվանումը խորհրդանշում է այդ գրագրությունների սատանայական ազդեցությունը գաղութացված բնակչությունների վրա՝ մատնանշելով դրանց ճնշող բնույթը: [4] (թարգմանչի կողմից) «պրոսոպոգրաֆիա» (անգլ. prosopography) տերմինը նշանակում է պատմական հետազոտության մեթոդ, որն ուսումնասիրում է որոշակի ժամանակահատվածում կամ սոցիալական խմբում գործող անհատների հարաբերությունները, իրենց սոցիալական դիրքը և ազդեցությունը: Այն տրամադրում է լայն տեսություն կամ համատեքստ այն անձանց մասին, որոնք ունեն ընդհանուր առնչություններ, ինչը հնարավորություն է տալիս հասկանալու նրանց միջին դիրքը և դերերը տվյալ հասարակությունում կամ ժամանակաշրջանում:Ծանոթագրություններ
Հղումներ
Թարգմանիչ՝ Մանե Թովմասյան (Mane Tovmasyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Ընթերցեք նաև՝








