Նյարդագիտություն Հիշողությունները նման են նկարների

Հիշողությունները նման են նկարների

     Հիշողությունները նման են նկարների

Գիտակցելը, որ հիշողությունները մեկնություններ են, կարող է վերափոխել ձեզ:

 

Վերջերս լսեցի 1983 թվականի սիրելի ալբոմներիցս մեկը, որն ինձ մեծ ուրախություն պատճառեց։ Խոհանոցում պարում էի՝ կրկնելով երգի բառը: Ես լիովին երջանիկ էի։

Դա ռոք երգիչ և երգահան Մարշալ Քրենշոյի «Field Day» ալբոմն է: Այնտեղ կա այն ամենը, ինչ սիրում եմ ռոքում` հաճելի մեղեդիներ, ոգեշնչող ռիթմեր, կորած սիրո ափսոսանքով ներծծված ձայն։ «Հիշո՞ւմ ես այն խոստումը, որ տվել էի քեզ: Այն մեկը, որ երդվել էի պահել», — երգում է նա «Our Town» երգում։ «Դե, դու այնտեղ ես, ես՝ այստեղ, և բոլոր ասածներս սխալ էին»: Ամբողջ ալբոմը պարզապես կատարյալ է:

«Field Day»-ը 25 տարի չէի լսել: Եվ այն, ինչ զգում էի, կարոտաբաղձություն չէր՝ անցյալի ավելի լավ օրերի կարոտ։ Պատճառը Քրենշոյի՝ որպես երգահանի բնատուր թեթևությունն ու վարպետությունն է: «Field Day»-ը վեր է 1980-ականների փոփ մշակույթից: Յուրաքանչյուր նոտա այնքան թարմ էր հնչում, ասես հենց այսօր գրված լիներ։

Բացի այդ, անցյալի լավ օրերն առասպել են: Մեր ուղեղը երբեք անցյալը հստակ չի ընկալում: Այն նման է նկարչի, որը երբեք գոհ չէ իր աշխատանքից։ Ուղեղն անընդհատ ներկայի գույներով վերամշակում է անցյալը՝ մեր իսկ նոր տարբերակը դնելով մեր առջև, որպեսզի խորհենք դրա մասին։

Պարզվում է՝ հիշողությունը ավազից կառուցված ամրոց է։ Անհանգստացնող է, չէ՞:

Սա Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Չարան Ռանգանատի՝ 2023 թվականին լույս տեսած «Why We Remember» գրքի հետաքրքրաշարժ բացահայտումներից մեկն է: Հիշողություններն անցյալի ճշմարիտ կամ կեղծ պատկերները չեն․ դրանք, ավելի շուտ, Մոնեի՝ ջրաշուշաններով լճակն են հիշեցնում։

«Նկարների մեծ մասը սովորաբար ներառում է մանրամասների որոշակի համադրություն․ որոշ մանրամասներ հավատարիմ են պատկերվող առարկային, մյուսները՝ աղավաղված կամ չափազանցված են, իսկ եզրակացությունները և մեկնաբանությունները ո՛չ բացարձակապես ճշմարիտ են, ո՛չ էլ ամբողջովին կեղծ, այլ ավելի շուտ արտացոլում են նկարչի տեսանկյունը, — գրում է Ռանգանատը։ — Նույնը վերաբերում է նաև հիշողությանը»:

«Why We Remember» գիրքը կարդալուց հետո ես մի գեղեցիկ պատկերացում կազմեցի այն մասին, թե ինչպես են հիշողությունները կառուցում մեր մտավոր կյանքի կտավը: Բայց այդ պատկերը նաև անհանգստացնող է։ Հիշողությունները նույնքան զգայուն են, որքան դեռահասները: Տրամադրության կամ միջավայրի նույնիսկ ամենափոքր փոփոխությունները կարող են քայքայել դրանք կամ փոխել դրանց տեսքը։

«Մեր հիշողությունները շարժուն են, ճկուն և երբեմն ոչ ճշգրիտ, քանի որ մեր ուղեղը ստեղծված է անընդհատ փոփոխվող աշխարհում կողմնորոշվելու համար», — գրում է Ռանգանատը: «Մարդկային հիշողությունը պետք է ավելի շատ ճկուն լիներ և հարմարվեր համատեքստին, քան մնար անփոփոխ ու լուսանկարչական ճշգրտություն պահպաներ»։

Սա իսկապես ուշագրավ միտք է: Նույնքան ուշագրավ է նաև այն, թե ինչպես է Ռանգանատը իր նյարդակենսաբանությանը ռոք-ն-ռոլային երանգ հաղորդում։ Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղում «Հիշողության և պլաստիկության» ծրագիրը ղեկավարելուց զատ Ռանգանատը ազատ ժամանակ երգում և կիթառ է նվագում գործընկեր նյարդաբանների հետ ստեղծած «Pavlov’s Dogz» ռոք խմբում։ Նրանց երգացանկը հիմնականում ներառում է Դեյվիդ Բոուիի, «Ramones»-ի, «Joy Division»-ի, «Pixies»-ի և «Gang of Four»-ի՝ 70-ականների և 80-ականների երգերը:

Ռանգանատը «Why We Remember» գրքի գլուխները վերնագրել է երգերի անուններով` «Just My Imagination» և «More Than a Feeling»։ Դրանք բացում է Իգգի Փոփի, «The Flaming Lips»-ի երգերից մեջբերումներով, ինչպես նաև Նիք Քեյվի՝ գիտականորեն ճշգրիտ այս իմաստուն դիտարկմամբ. «Հիշողությունը երևակայված է, այն իրական չէ։ Մի՛ ամաչեք ստեղծագործելու նրա պահանջից»։

Վերջերս, երբ ես և Ռանգանատը տեսազանգով զրուցում էինք, նա նստած էր Դեյվիսի իր տնային աշխատասենյակում՝ կիթառներով պատի առջև: Ես նրան ասացի, որ իր գիրքն իմ մեջ էքզիստենցիալ սարսուռ է առաջացրել։ Մեր հիշողություններից կառուցված «ես»-ը մեր հոգեբանական խարիսխն է այս անհանգիստ աշխարհում, սակայն, պարզվում է, որ դա ավազից կառուցված ամրոց է։ Անհանգստացնող է, չէ՞:

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՌՈՔ-Ն-ՌՈԼԸ. Զարմանալի չէ, որ Չարան Ռանգանատն իր՝ «Why We Remember» գրքում նյարդակենսաբանությանը ռոք-ն-ռոլային երանգ է հաղորդում: Նա կիթառ է նվագում և երգում գործընկեր նյարդաբանների հետ ստեղծած «Pavlov’s Dog» ռոք խմբում։ Սաքսոֆոն նվագողը նյարդահոգեբան Բրայան Լևինն է: Լուսանկարը տրամադրվել է Չարան Ռանգանատի կողմից:

«Այո՛, դա միանգամայն կարող է անհանգստացնող լինել, — ասաց Ռանգանատը։ — Սակայն դա չի նշանակում, թե ամնեզիա ունեցող մարդիկ ընդհանրապես զուրկ են «ես»-ի զգացողությունից: Հնարավոր է հիշողության լուրջ խանգարումներ ունենալ և, այնուամենայնիվ, պահպանել «ես»-ի զգացողությունը: Բայց այդ զգացողությունը բավականին վատ վիճակում կլինի։ Երբ մարդիկ կաթվածի կամ էլեկտրացնցումային թերապիայի հետևանքով հիշողության կորուստ են ունենում, այդ պահին կորցնում են «ես»-ի զգացողությունը: Չնայած նրանք պատկերացում ունեն, թե անցյալում ովքեր են եղել, չեն կարող այդ պատկերը թարմացնել՝ հասկանալու համար, թե ովքեր են հիմա: Դա վերաբերում է բոլորիս: Տարիքի հետ հայելու մեջ նայելը երբեմն վախեցնող է դառնում։ Մտածում եմ՝ «Այն տեսքը չեմ ունենա, ինչ հիմա»: Այսպիսով, ինչ-որ իմաստով, մենք մեր հիշողությունները լիարժեք չենք թարմացնում, որպեսզի դրանք համապատասխանեն մեր ներկա «ես»-ին»։

Էվոլյուցիան է մեր հիշողությունների և «ես»-ի անկայունության պատճառը: Եթե մենք զարգանայինք այնպես, որ ամեն ինչ հիշեինք, ապա զգայական տեղեկատվության գերբեռնվածության պատճառով պարզապես անկարող կլինեինք աշխատել: Մեր միտքը կաթվածահար կլիներ։ Մինչ կանգնած կարձանագրեինք յուրաքանչյուր զգացողություն՝ քամու սուլոցը, ճպուռի մետաղական փայլը, օդի խոնավ հոտը, հեշտ որս կդառնայինք գիշատիչների համար։ Այդքանը մարդկության գոյատևման մասին։

Փոխարենը մեր խելացի ուղեղը խնայողաբար է օգտագործում իր էներգիան՝ պահպանելով միայն այն զգայական տեղեկությունները, որոնք նոր են, անսպասելի կամ ինչ-որ կերպ առանձնանում են: «Մեր ուղեղը ստեղծված է այնպես, որ հնարավորինս քիչ ռեսուրսներով մեզ հնարավորինս շատ տեղեկություն տա, — ասաց ինձ Ռանգանատը։ — Դա մեզ թույլ է տալիս մտավոր առումով արագաշարժ ու ճկուն լինել՝ ծախսելով շատ քիչ էներգիա: Հիշողության նման կենսաբանական համակարգում անվճար ոչինչ չկա։

Էվոլյուցիայի մեկ այլ հնարամիտ «գյուտ» էլ հույզերն են։ Վախը, կիրքը, հուսահատությունը, սերը և զգացումների մի ամբողջ շարք առաջացնում են նորադրենալինի և դոֆամինի նման կենսաքիմիական նյութերի արտազատում, որոնք ողողում են ուղեղը և կայունացնում կամ փոփոխում նյարդային բջիջների այդ համակցությունները։ Որքան սուր են հույզերը, այնքան ավելի մեծ հավանականությամբ մենք կհիշենք այն փորձառությունը, որն առաջացրել է այն։ Մեր նախնիները շատ արագ սովորեցին, որ չպետք է ընձառյուծի որջի մոտ գիշերեն:

Ռանգանատի հետազոտությունների առանցքային թեմաներից մեկն այն է, թե ինչպես է ուղեղը ձևավորում «դրվագային հիշողություններ»։ Նյարդաբանները առանձնացնում են հիշողության երկու հիմնական տեսակ։ Իմաստային հիշողությունը փաստեր հիշելու կարողությունն է, ինչպես, օրինակ, Նյու Ջերսի նահանգի մայրաքաղաքի անվանումը: Իսկ դրվագային հիշողությունը վերհիշելու այն գործընթացն է, որը մեզ մտովի վերադարձնում է անցյալ՝ վերապրելու, օրինակ, Բրյուս Սփրինգսթինի «Thunder Road»-ն առաջին անգամ լսելու փորձառությունը։

Ռանգանատը և նրա գործընկերները փորձեր են անցկացրել՝ ցույց տալու, թե ինչպես է ուղեղը տեղեկությունը պահպանում սխեմաների կամ ընդհանուր կառուցվածքների տեսքով: «Ուղեղի՝ նոր հիշողություններ ստեղծելու համար սխեմաների օգտագործումը հիշեցնում է ճարտարապետի կողմից շենքերի նախագծման հատակագծի օգտագործումը, — գրում է Ռանգանատը։ — Ճարտարապետական հատակագիծը մի տեսակ քարտեզ է, որը ցույց է տալիս կառույցի հիմնական տարրերը՝ պատերը, դռները, աստիճանները, պատուհանները և այլն, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությունը: Հատակագծի վերացական բնույթը թույլ է տալիս այն կրկին ու կրկին օգտագործել»։

Լռելյայն ռեժիմի ցանցը (default mode network)՝ ուղեղի նորակեղևում (neocortex) տեղակայված համակարգը պահպանում է այդ սխեմաները բջջային «մասերի» տեսքով, որոնք կարող են օգտագործվել նոր հիշողություններ կառուցելու համար։ Իսկ հիպոկամպը՝ ուղեղի կենտրոնում գտնվող, ծովաձիու տեսքով կառուցվածքը, այդ հիշողությունների ձևավորողն է։

Մեր ուղեղը ստեղծված չէ իրականությունն ամբողջությամբ ներկայացնելու համար։

Հիպոկամպը սերտ կապեր ունի ուղեղի մի շարք համակարգերի հետ։ «Այն ազդակներ է ստանում ուղեղում գործող գրեթե բոլոր այն քիմիական համակարգերից, որոնք առնչվում են մոտիվացիային»,— բացատրում է Ռանգանատը: Հիշողություն վերականգնելիս հիպոկամպն օգտագործում է լռելյայն ռեժիմի ցանցի հետ իր կապերը «մասերը միավորելու և որոշակի դրվագային հիշողություններ պահելու համար»:

Փոխաբերությունների սիրահար Ռանգանատը գրում է, որ, ըստ իր և գործընկերների հետազոտությունների՝ դրվագային հիշողության ձևավորումը նման է LEGO-յով կառուցելուն: «LEGO-ի միջոցով կարելի է միջնադարյան ինչ-որ տեսարան կամ էլ «Աստղային պատերազմներ»-ից մի դրվագ ստեղծել՝ օգտագործելով նախապես տրված հրահանգները: Նույն ձևով, լռելյայն ռեժիմի ցանցն ունի մասեր, որոնք կարող են կրկին օգտագործվել տարբեր գործընթացների համար»:

Սակայն ուղեղում այդ մասերն ամուր չեն կապվում միմյանց: «Հիշողությունների վերականգնման գործընթացը կարող է այն փխրուն և փոփոխական դարձնել, — ասաց ինձ Ռանգանատը։ — Դա կարող է հանգեցնել աղավաղումների ու ապատեղեկատվության՝ մինչև այն աստիճան, որ հիշողությունն աղավաղվի»։

Խնդիրն այն է, որ նյարդաքիմիական գործընթացի մյուս «դերակատարներն» էլ անընդհատ ձգտում են հիշողությանը նոր մասեր ավելացնել: Դրանք բջջային այն համակցություններն են, որոնք ձևավորում են մեր ներկա հոգեվիճակը և տրամադրությունը։ Ինչպես ասում է Ռանգանատը, հիշելու գործընթացում «գերակշռում են տվյալ պահին ունեցած մեր համոզմունքներն ու տեսակետները»:

Մեր ներկա տեսակետն էլ հաճախ որոշում է, թե մեր մտքում որ «ֆիլմը» կցուցադրվի: Երբ աշխարհը մռայլ է թվում, կարոտաբաղձությունը` «ուրախության և տխրության այդ դառնաքաղցր զգացումը», ինչպես ասում է Ռանգանատը, հաճախ օգնության է հասնում: Մենք պատկերացնում ենք անհոգ օրեր, երբ կան խելացի ղեկավարներ, ապահով համայնքներ, բարեհամբույր հարևաններ և լավ երաժշտություն: Դա միանգամայն բնական է:

«Մարդիկ հակված են հիշողության դրական կողմնակալություն ունենալու և ավելի հաճախ հիշելու դրական, քան բացասական իրադարձությունները, — ասաց Ռանգանատը, — բացի այդ նրանք հակված են այդ իրադարձությունները հիշելու ավելի դրական, քան դրանք իրականում եղել են: Մյուս կողմից, երբ վատ տրամադրություն ունեք, հակված եք իրադարձությունները հիշել ավելի բացասական կերպով: Յուրաքանչյուր դեմագոգ օգտագործում է կարոտաբաղձությունը՝ հասարակության մասին թունավոր պատկերացումներ տարածելու համար՝ ասելով. «Ես եմ նա, ով մեզ կվերադարձնի անցյալ»։

Հաշվի առնելով, որ մեր հիշողությունը նման է քամելեոնի, որը փոխում է գույնը` կախված միջավայրից, մենք երբևէ ընկալո՞ւմ ենք որևէ բան այնպես, ինչպես այն իրականում կա, և հիշո՞ւմ ենք այն այնպես, ինչպես եղել է։ Հիշենք Ռանգանատի ռոք երգերից մեջբերումներից մեկը` «Արդյո՞ք սա իրական կյանքն է, թե՞ պարզապես երևակայություն»։

«Մեր զգայարաններն ու ուղեղը ստեղծված չեն իրականության ամբողջական պատկերը մեզ տալու համար ,— ասաց նա։ — Դրանք ընդամենը պատուհան են դեպի իրականություն։ Եվ դա լավ է, որովհետև իրականությունն անսահման է: Ինչպես արդեն ասացի, եթե ամեն ինչ զգայիք, պարզապես չէիք կարողանա գոյատևել։ Իմ շունը կարող է ընկալել այնպիսի հաճախականություններ, որոնք ինձ համար անհասանելի են: Այնպես որ, մենք աշխարհի միայն մի փոքր մասն ենք ընկալում»։ 

Այնուամենայնիվ, մեզ հետ կատարված որոշ իրադարձությունների մասին մենք հաստատ հստակ հիշողություններ ունենք, չէ՞: «Այո՛, ունենք, — ասաց Ռանգանատը։ — Մեր հիշողություններն ակնհայտորեն պարունակում են իրականության տարրեր։ Լաբորատոր պայմաններում տեսնում ենք, որ որոշ մարդիկ արտասովոր ճշգրտությամբ են հիշում: Նրանք կարող են մտապահել ամենատարբեր մանրամասներ: Բայց հարցն այն է, որ մենք այդ մանրամասներին նշանակություն ենք տալիս, դրանց մեր տեսակետը փոխանցում և դրանցից պատմություններ ենք կառուցում։ Եվ դա բացառապես մարդկային հատկանիշ է։

Հիշելու գործընթացում գերակշռում են տվյալ պահին ունեցած մեր տեսակետները։

Իրականում հիշելը երևակայության հետ սերտորեն կապված գործընթաց է: Ուղեղի սկանավորման բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ ուղեղի այն հատվածները և մտավոր գործընթացները, որոնք օգտագործում ենք մեզ արևադարձային լողափում էկզոտիկ կոկտեյլներ խմելիս պատկերացնելու համար, ակտիվանում են նաև այն ժամանակ, երբ հիշում ենք, թե ինչպես էինք արևադարձային լողափում էկզոտիկ կոկտեյլներ խմում:

«Երևակայությունն ու հիշողությունը բազմաթիվ մակարդակներում սերտորեն կապված են, — ոգևորությամբ ասաց Ռանգանատը: — Այսօր հատկապես հետաքրքիր է մտածել այն մասին, որ մարդկային երևակայության արդյունքներն իսկապես նորարարական են՝ ի տարբերություն ChatGPT-ի առաջարկած խելացի հուշումների։ Պատճառն այն է, որ մենք ունենում ենք տարօրինակ, միանգամայն եզակի փորձառություններ։ Մենք հայտնվում ենք տարբեր վայրերում, ունենում ենք տարբեր փորձառություններ, շփվում ենք ամենատարբեր մարդկանց հետ և զգում մարդկային հույզերի ամբողջ պատկերը: Դրա շնորհիվ կարող ենք իրար միացնել այնպիսի բաներ, որոնք համացանցային տվյալների վրա վարժեցված որևէ մեծ լեզվական մոդել երբեք չէր ստեղծի»։

Հետաքրքիր է, որ Ռանգանատը հիշելու գործընթացը համեմատում է գիտնականի աշխատանքի հետ: Նա ասաց, որ իր հիմնական աշխատանքը փորձերի միջոցով տվյալների հավաքումն էր։ Այդ տվյալները հնարավորինս ճշգրիտ և անկողմնակալ պահելու համար նա հետևում է գիտական աշխատանքի լավագույն ընդունված մեթոդներին: Բայց գիտական տեսությունները, միևնույն է, հիմնվում են որոշակի մեկնաբանությունների վրա: «Մեկնաբանությունը տվյալներից ձևավորված իմաստն է, — նշեց նա։ — Կարևորն այն է, որ մենք հաճախ նույնիսկ չենք փորձում տարբերակել մեր մեկնաբանությունը հենց տվյալներից»։

Նույնը վերաբերում է հիշողությանը: Մենք հաճախ չենք տարբերակում մեր ապրած փորձառությունն ու այն, թե ինչպես է մեր ուղեղը մեկնաբանում այդ փորձառությունը։ Սակայն, գիտակցելը, որ հիշողությունը բարդ գործընթաց է, որը տարբեր տարրեր է համադրում և ստեղծված է արագ ու ճկուն լինելու՝ փոփոխվող հանգամանքներին հարմարվելու համար, կարող է փոխել մեզ։ Մենք կարող ենք ինքներս մեզ անդրադառնալ այնպես, որ ընդլայնենք և կենդանություն հաղորդենք մեր այսօրվա տեսանկյունին։

Սա, թերևս, հայտնություն չէր 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի համար, որի հիշողությունների շուրջ մտորումները կազմեցին պատմության մեծագույն արվեստի գործերից մեկը՝ «In Search of Lost Time» («Կորուսյալ ժամանակի որոնումներում») վիպաշարը: Իսկ մեզ՝ մնացածներիս համար, հիանալի միտք կլինի գիտակցել, որ մեր հիշողությունները ոչ թե լուսանկարներ են, այլ նկարներ, որոնք մեր՝ երևակայությամբ օժտված նկարչի ուղեղը անընդհատ վերամշակում է:

Վերջերս «Field Day»-ը լսելը ուղեղս չվերածեց 1983 թվականի իմ կյանքի մասին ֆիլմի: Բայց դա, անշուշտ, ազդեց նյարդաքիմիական գործընթացների վրա` թողնելով իմ ու իմ զգացմունքների այդ տարվա հետքերը։

Մտքումս հատկապես վառ է Սան Ֆրանցիսկոյի իմ փոքրիկ տան հյուրասենյակը, որտեղ դրված էր ստերեոհամակարգս, և ես հաճախ էի «Field Day»-ը լսում՝ իհարկե վինիլային սկավառակով, որպեսզի մի փոքր ազատվեմ անգլիական գրականության շուրջ մագիստրոսական թեզս ավարտելու լարվածությունից։ Թեզս այն մասին էր, թե ինչպես էր հարավցի գրող Ուոքեր Պերսին օգտագործել էքզիստենցիալիստ մտածողների գաղափարները օտարման մասին իր զավեշտական և հեգնական արձակ գործերում:

Իրականում այդ շրջանի իմ ամենամանրամասն հիշողությունն այն է, թե ինչպես բաց կապույտ էլեկտրական «Smith Corona»-ս* տարա «Market Street» գրամեքենաների խանութ՝ միջից ռետինի փշրանքները մաքրելու և խցանված ստեղներից մեկը հանելու համար։ «Ժամանակն է այն փոխելու», — ասաց ինձ խանութի սեփականատերը։

Սրանք հիանալի հիշողություններ են, որովհետև ես հաճույքով էի թեզս գրում և գոհ էի վերջնական արդյունքից: Բայց 2024-ին «Field Day»”ը լսելն ավելի մեծ նշանակություն ուներ, քան 1983-ին: Այդ ընթացքում իմ լսող միտքը հարստացել էր 41 տարվա փորձառություններով ու հիշողություններով: Ես մտածում էի այն խոր և նշանակալի դերի մասին, որ երաժշտությունն ունեցել է իմ կյանքում՝ ուղեկցելով ինձ ինչպես գեղեցիկ, այնպես էլ ցավոտ ժամանակներում: Անցյալս ներկա էր դարձել, և ես ինձ լիովին կենդանի էի զգում։

Ես հարցրի Ռանգանատին, թե տասնամյակների հետազոտություններից հետո հիշողությունը նրան մարդու էության մասին ի՞նչ է ամենից շատ սովորեցրել:

«Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Դանիել Քանեմանի այն դիտարկումը, որ մենք ունենք «վերապրող ես» և «հիշող ես», — ասաց նա։ — Մեր փորձառություններն իրական ժամանակներում շարունակվում են և կապված են ամենատարբեր զգացումների, մտքերի և զգայությունների հետ։ Իսկ հետո, սառը բանականությամբ հետ նայելիս, գործի է անցնում «հիշող ես»-ը՝ արդեն բոլորովին այլ համատեքստում փորձելով իմաստավորել քեզ՝ որպես մի մարդու, որի փորձառությանը նայելու պատուհանը շատ նեղ է։ Ես փորձել եմ ընդունել դա և, հատկապես հիսունն անց տարիքում, գիտակցաբար ինքս ինձ հարցնել․ «Այս պահից սկսած ի՞նչ հիշողություններ եմ տանելու ինձ հետ»: Ուզում եմ այնպիսի ընտրություններ կատարել, որոնք ինձ հնարավորինս լավ հիշողություններ կպարգևեն»։

Ծանոթագրություն

*(թարգմանչի կողմից) Գրամեքենաների ապրանքանիշ է։

Բնօրինակի հեղինակ՝ Kevin Berger, Nautilus

Թարգմանիչ՝ Սիլվա Սահակյան (Silva Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: