Սիրտ և ուղեղ
Խցանված անոթները սովորական երևույթ են մարդկանց մեծ մասի համար, այնպես չէ՞։ Ամազոնի ավազանի Ցիմանե ցեղի օրինակը հակառակն է ցույց տալիս։
Եթե մարդկության էվոլուցիայի վերջին հինգ միլիոն տարին խտացնենք օրացուցային մեկ տարվա մեջ, ապա հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը՝ ժամը 23։40, մենք հավաքչությամբ զբաղվող որսորդներ ենք ։
Բեն Թրամբլ, Արիզոնայի պետական համալսարան
Ես Zoom հարթակով տեսազանգի մեջ եմ քսան անձանց հետ, երկու շաբաթը մեկ տեղի ունեցող հանդիպում է՝ համաշխարհային գիտնականների բացառիկ համագործակցության նպատակով։ Նրանք իրենց խումբը կոչում են «Հորուս/Ցիմանե», քանի որ ուսումնասիրում են և՛ եգիպտական մումիաների, և՛ Բոլիվիայի Ցիմանե կոչվող` որսով ու հավաքչությամբ զբաղվող փոքրաթիվ վայրի ցեղերի սիրտն ու ուղեղը։
«Հորուս» խումբը, որ կոչվել է եգիպտական բժշկության աստծո պատվին, սրտաբանների, հնէաբանների և ճառագայթաբանների միջազգային թիմ է, որ համակարգչային շերտագրության և գենետիկական հետազոտությունների միջոցով ուսումնասիրել է երկու հարյուր մումիաների՝ Եգիպտոսում, Պերուում, Ալեուտյան կղզիներում և Իտալիայում։ Նրանք ցանկանում էին պարզել՝ արդյոք աթերոսկլերոզը՝ մահվան ամենատարածված պատճառներից մեկն աշխարհում, ժամանակակից հիվանդություն է, որը կապված է մեր սթրեսի բարձր աստիճանի, խոլեստերինով հարուստ սննդակարգի հետ, թե այն վաղուց գոյություն է ունեցել։ Արդյո՞ք զարկերակների խցանումն ընդամենը մեկ դար է, ինչ գոյություն ունի, թե՞ այս ախտաբանությունը կհանդիպի նաև հինգ հազար տարեկան մումիաների զարկերակներում։
Պարզվում է՝ շատ մումիաներ մահացել են` ունենալով սրտի հիվանդություն։ Համակարգչային շերտագրության արդյունքում «Հորուս» խումբը պարզեց, որ մումիաների երեսունութ տոկոսն ունեցել են աթերոսկլերոզի նախնական պաթոլոգիաներ, կալցիումի կուտակումներ իրենց «մայր» զարկերակում և այլ խոշոր անոթներում։
Զմռսվելու համար մարդը պետք է լիներ կա՛մ հարուստ, կա՛մ ազդեցիկ, կա՛մ քահանա, կա՛մ էլ փարավոնի բարեկամներից։ Ի տարբերություն Ցիմանե ժողովրդի՝ եգիպտական վերնախավը որսորդությամբ ու հավաքչությամբ չէր զբաղվում։ Նրանք վարում էին համեմատաբար շքեղ, նստակյաց կենսակերպ, և, ըստ հիերոգլիֆային պապիրուսների, շատ միս էին ուտում և ունեին սրտի առողջական խնդիրներ։ 2013-ին Հորուսի հետազոտությունները հրապարակվեցին հայտնի «The Lancet» բժշկական ամսագրում և սրտանոթային խնդիրներն ուսումնասիրող մի շարք այլ նշանավոր ամսագրերում։
2022-ին ինձ հրավիրել էին Zoom տեսազանգով միանալու մարդաբան Հիլլարդ (Հիլլի) Կապլանի հետ, ով «Ցիմանե կյանքի և առողջության պատմության ծրագրի» համաղեկավարներից էր և իմ երկար տարիների ընկերը։ Ես բժիշկ եմ, ով 2002-ին միացավ Կապլանին և երիտասարդ մարդաբանների ու բոլիվիացի բժիշկների փոքրիկ խմբի մի ծրագրի շրջանակներում, որ գլխավորապես անցկացնելու էր լոգիստիկայի առումով ամենաբարդ և բազմակողմանի առողջապահական հետազոտություններ, որ կատարվել էր տարբեր մարդկային խմբերի շրջանում, ինչը բազմաթիվ մշակույթների և գիտաճյուղերի գիտական համագործակցության հազվագյուտ օրինակ է։
Հորուսի գիտնականները, ովքեր մումիաների մոտ հայտնաբերել էին սրտի հիվանդություններ, պետք է միանային Ցիմանե ծրագրին, որպեսզի ուսումնասիրեին այդ ցեղի՝ Բոլիվիայի հարթավայրային ջունգլիներում ապրող մոտ 17,000 բնիկների սրտի շերտագրությունները։ Գրեթե ոչ մի սրտային հիվանդություն չհայտնաբերվեց։ Ավելին՝ ցիմանեների շրջանում անցկացվող հետազոտության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել են դեմենցիայի (թուլամտության) երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշները, և նրանց մոտ ծերացման հետ կապված ճանաչողական խանգարումները նվազագույնն են:

Այժմ ես Zoom-ով ծանոթացա Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ծերաբանության դասախոս Քալեբ («Թակ») Ֆինչի հետ։ Իր կարիերայի մեծ մասը նա ուսումնասիրել է ծերության նյարդակենսաբանությունը, մարդկային կյանքի էվոլյուցիայի և Ալցհայմեր հիվանդության պատճառները։ Նա վաղուց ծանոթ էր Հորուսի խմբին և մումիաների նրանց հետազոտությանը։ Քալեբը ճանաչում էր Կապլանին և նաև ծանոթ էր Ցիմանե ցեղի հավաքիչների վերաբերյալ բացահայտումներին։
2014 թ․-ին՝ ծերաբանության վերաբերյալ գիտական հանդիպման ժամանակ, Ֆինչը հանդիպել էր Կապլանին և սրտաբան Գրեգ Թոմասին՝ Հորուս խմբի գլխավոր հետազոտողին (ում հետ ես նույնպես Zoom-ով եմ ծանոթացել)։ Թոմասը և Կապլանը հաջորդաբար ներկայացրին իրենց հոդվածները։ Թոմասը պնդում էր, որ մումիաների աթերոսկլերոզի վերաբերյալ ապացույցները մարդու ծերացման կենսաբանական կարևոր առանձնահատկություններից են։ Կապլանն իր հերթին պնդում էր, որ Ցիմանե ցեղի հետազոտությունը սրտի հիվանդության վերաբերյալ ակնհայտորեն քիչ ապացույցներ է ցույց տվել։
Սկզբում Թոմասը կասկածամտորեն էր մոտենում մարդաբանների հետ սրտի հիվանդության կամ այդ հիվանդության ենթադրյալ բացակայության մասին խոսակցություններին։ Սակայն ավելի ուշ Ֆինչն ինձ հեռախոսով հայտնեց․ «Ես այդ երկուսի համար հանդիպում կազմակերպեցի»։ Իսկ երկու րոպե անց ավելացրեց՝ «մենք միասին պետք է աշխատենք»։ Արդյունքում 2017 թ․-ին «The Lancet» ամսագրում լույս տեսավ հեղաշրջում ստեղծած մի հոդված, որում ասվում է․ «Չնայած վարակիչ բորբոքումների բարձր մակարդակին՝ Բոլիվիայի ամազոնյան ջունգլիներում ապրող Ցիմանե ցեղի հավաքիչ-հողագործ բնակիչների մոտ առկա է պսակաձև զարկերակի հիվանդության զարգացման ցածր ռիսկ, և նրանք ճանաչվել են պատմության մեջ ամենաքիչ զարկերակային հիվանդություններ ունեցող բնակչությունը»։ Կարճ ասած՝ կարելի էր ենթադրել, որ բնակչության շրջանում տարածված զարկերակային հիվանդությունը կենսակերպի, և ոչ թե գենետիկայի արդյունք է։
Մեր մասնագիտական հարաբերություններն ու միասնական աշխատանքը դեռ վաղուց են սկսվել։ Ես և Կապլանն արդեն 40 տարվա ընկերներ ենք։ 1987 թ․-ին մենք առաջին մարդաբանն ու բժիշկն էինք, ում թույլատրվել էր մտնել Պերուի Ամազոնում գտնվող Մանու ազգային պարկի ներքին մշակութային տարածք։ Այն համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելանոց և համաշխարհային ժառանգություն։ Մանուն կենսաբազմազանությամբ հարուստ մոտավորապես 4.2 մլն ակր տարածք է, որը ձգվում է Անդերի արևադարձային անտառներից մինչև Պերուի հարավարևելքում գտնվող Ամազոնի ավազանը։ Մարդիկ, բուսական և կենդանական աշխարհը գտնվում են ՄԱԿ-ի պաշտպանության ներքո։ Մենք այնտեղ էինք, որպեսզի ուսումնասիրեինք Մաչիգենգա ցեղի բնակիչներին, որոնց հետ կապը նախկինում խիստ սահմանափակ է եղել։
Մեր թիմը բաղկացած էր չորս հոգուց՝ Կապլանը, մարդաբանության բաժնի ասպիրանտ Մայքլ Ալվարդը, իմ նախկին կինը՝ Մերի Դեյցը, ով փորձառու բուժքույր էր։ Այնտեղ հասնելը 1952 թվականի Chevy բեռնատարով, որ բարձված էր անհրաժեշտ պարագաներով, և Անդերի արևադարձային անտառների միակողմանի և ցեխոտ ճանապարհներով դեպի Մադրե դե Դիոս ուղևորվելը՝ Ամազոնի վտակներից մեկը, արդեն իսկ արկածային էր։

Մենք զբոսավար վարձեցինք, ով նաև Միչիգենգա ցեղի թարգմանիչ էր և ծանոթ էր գետին ու տեղացիներին։
Մադրե դե Դիոսի ափին մենք տեսանք, թե ինչպես է գերանը վերածվում շարժիչով աշխատող փոքրիկ մակույկի, որ կոչվում է պեցի-պեցի, ինչին համապատասխան ձայն էլ արձակում է։ Պեցի-պեցիով մենք նավարկեցինք գետի հոսանքն ի վեր՝ Մադրե դե Դիոսից դեպի Մանու, հետո անցանք արա թութակներով զուգված կարմիր կավի քարաժայռի և գետում մեջքի վրա լողացող հսկայական ջրասամույրների կողքով։ Հաճախ մտնում էինք պիրանիաներով լի ջրի մեջ, որպեսզի մեր մակույկն անցկացնեինք գետում խցանված գերանների միջով։ Մենք գիշերում էինք Մանուի անաղարտ լողափերին։ Սկզբում քշում էինք 8-10 ոտնաչափ* մեծության սև կայմաններին, իսկ գիշերները վախենում էինք դուրս գալ միզելու։
Ինչպիսի՞ն էին նրանց ընտանիքները: Ո՞վ ինչով էր զբաղվում և որքա՞ն ժամանակ էր ծախսում դրա վրա:
Մանուի կենսոլորտում բնակվող մարդիկ գաղափար չունեին ո՛չ բժշկի մասնագիտության, ո՛չ էլ մարդաբանի մասին։ Ես տարբեր զգացողություններ ունեի․ ոգևորված էի նրանց օգնելու հնարավորությունից, միևնույն ժամանակ՝ անհանգիստ, որովհետև գուցե օգնելու փոխարեն ավելի շատ նրանց վնասեինք․ չէ՞ որ հնարավոր է հետագա խնամք չտարվեր։ Ամազոնի հսկայական ավազանի առողջապահական ոլորտի կառավարման համար պատասխանատու էր Պերուի առողջապահության նախարարությունը, սակայն շատ քիչ բժիշկներ էին խիզախում գալ Անդեր։ Արդյո՞ք այս մարդիկ երբևէ կպատվաստվեին։ Եթե հայտնաբերեինք վարակիչ հիվանդություններ ունեցողների, ինչպիսին տուբերկուլոզն է, ի՞նչ պետք է անեինք այդ դեպքում։ Իսկ եթե հայտնաբերեինք շաքարային դիաբետ, սրտի հիվանդություն կամ մալարիա, ի՞նչ կլիներ մեր հեռանալուց հետո։
Կապլանի և Ալվարդի աշխատանքը կենտրոնանում էր Մաչիգենգա ցեղի ապրելակերպի վրա։ Կապլանն արդեն հասցրել էր ապրել արևելյան Պարագվայի Աչե ցեղի հետ, որս անել և հավաքչությամբ զբաղվել։ Նախքան Յուտայի համալսարանում մարդաբանական գիտությունների թեկնածուի կոչումը ստանալը` նրան Փենսիլվանիայի համալսարանի կողմից հաղորդակցության ոլորտում գիտական աստիճան էր շնորհվել, ինչպես նաև մագիստրոսական կոչում՝ Կոլումբիայի համալսարանից։ Նա հեշտությամբ ընկալում էր նոր լեզուներ, հիանալի տիրապետում էր իսպաներենին և գիտեր Մաչիգենգայի լեզվով մի քանի արտահայտություն։ Այս լեզվով էին խոսում Մանուի վերին հատվածներում գտնվող Թայակոմե գյուղի բնակիչները, ում այցելելու էինք։
Կապլանը ցանկանում էր իմանալ՝ ինչպիսին են նրանց ընտանիքները։ Ո՞վ ինչով էր զբաղվում, և ինչքա՞ն ժամանակ էր ծախսում դրա վրա։ Կանայք միջինում քանի՞ երեխա էին ունենում։ Ինչպիսի՞ն է նրանց սննդակարգը, քաշը և հասակը։ Որտե՞ղ և ի՞նչ էին նրանք որսում և արդյո՞ք կիսվում էին սնունդով կամ խմիչքով։ Ո՞րն էր տատիկների և պապիկների դերը։
Միևնույն ժամանակ ես՝ որպես ընտանեկան բժիշկ, այցելում էի բուժառուներին և Նոր Մեքսիկայի համալսարանի բժշկական դպրոցում դասավանդում տեղաբնակներին ու բժշկական ուսանողներին։ Ես նախկինում աշխատել էի Կալիֆորնիայի գաղթական հողագործների համար նախատեսված կլինիկայում և օգնել կազմակերպել հյուսիսային Նոր Մեքսիկայի գյուղական կլինիկաների աշխատանքը։ Լավ իսպաներեն էի խոսում և Մեքսիկայում տիֆ, մալարիա, տուբերկուլոզ բուժելու փորձ ունեի։
Մանուում գտնվելու չորրորդ օրը մենք նշմարեցինք Թայակոմեն՝ Մաչիգենգայի ամենամեծ գյուղերից մեկը՝ տեղակայված կավե բարձր ժայռաքարերին։ Մեզ դիմավորեցին Մաչիգենգա ցեղի մի խումբ գյուղացիներ։ Մեր գալստյան լուրը մեզնից արագ էր գետի երկայնքն անցել։
Թայակոմեն ընտանեկան մեծ խմբերից բաղկացած գյուղ է, ովքեր բնակվում են ջունգլիների բացատներում՝ եղեգից հմտորեն պատրաստված տներում՝ ծածկված արմավենու ճյուղերով պատված տանիքներով և կահավորված ուտելու ու քնելու համար նախատեսված բարձ տախտակներով, ինչը լավ պաշտպանում է անձրևներից, որոշ չափով նաև օձերից ու յագուարներից։ Յուրաքանչյուր ընտանեկան միավոր մյուսից բաժանված է մի քանի հարյուր յարդով**, բայց դրանք միմյանց հետ կապված են արահետներով։

Մենք մեր փոքրիկ խմբով քնում էինք վրաններում, որոնք մշտապես շրջապատված էին մեզ թաքուն հետևող երեխաներով և մեծահասակներով, ովքեր ամաչելով գալիս էին մեզ տեսնելու։ Մաչիգենգա ցեղի բնակիչները գեղեցիկ էին։ Մեծ ու փոքր կրում էին իրենց ազգային տարազը՝ քուշմասը, որը կոպիտ, փղոսկրի գույնի, ձեռքով մանված, ջունգլիների բամբակից պատրաստված հասարակ զգեստ էր։
Նրանք շատ բարեսիրտ մարդիկ էին, մեզ հետ կիսվում էին իրենց առատ ձկնեղենով և որսով՝ պեկարիով (վայրի խոզ), ամազոնյան ծխեցրած կատվաձկներով՝ այնքան մեծ, որ մի քանի ընտանիքի կարող էր բավականացնել, կրիայի ձվերով, վայրի բանանով, չիլի պղպեղով, առատ մանիհոտով և մասատոյով՝ մանիհոտի արմատներից պատրաստված թանձր, կաթնանման գարեջրով՝ պատրաստված կասսավա կոճղարմատից՝ Ամազոնի՝ ածխաջրի գլխավոր աղբյուրից։ Մենք ականատես եղանք՝ ինչպես են կանայք պատրաստում այդ խմիչքը։ Նրանք գետնից փորում էին երկար, կարտոֆիլի գույն ունեցող արմատները, կեղևազատում դրանք, կտրատում, ծամում և խյուսը թքում մեծ դդմամանի մեջ, որտեղ թուքը սկսում էր խմորել զանգվածը։ Մեր ժամանման օրը մեզ մասատո հյուրասիրեցին, դրանից հետո ես այն մի քանի անգամ էլ խմեցի, մինչև չհամոզվեցի, որ այդ ամանի մեջ թքող կանանցից մեկը տուբերկուլոզով էր հիվանդ։ Ավելի ուշ ես կասկածներ ունեի, որ նույն ընտանիքին պատկանող ևս երկու մարդ հիվանդ է տուբերկուլոզով, բայց ոչ մի կերպ չէի կարող հաստատել ախտորոշումը։
Մենք կղանքի նմուշառման ամաններ էինք բաժանում ու փորձում մնջախաղով ցույց տալ օգտագործման ձևը՝ տանջելով մեզ և զվարճացնելով գյուղացիներին։
Ես բժշկական զննում եմ անցկացրել մոտ 300 բնակիչների հետ Թայակոմեից և Դիամանտեից՝ Մանուում գտնվող մեկ այլ գյուղից, և այցելել զարմանալիորեն առողջ մարդկանց՝ մեծից մինչև փոքր, հիմնականում առողջ և առույգ կազմվածքով։ Նրանք որսորդներ, ձկնորսներ, հողագործներ, հավաքչությամբ զբաղվողներ էին։ Իրենց ողջ կյանքը զբաղվել էին դրանով և լավ էին տիրապետում այդ գործին։
Զննումների ընթացքում ոչ տարօրինակ սրտխփոց, ոչ էլ արյան բարձր ճնշում չէի նկատում։ Շաքարային դիաբետի կամ սրտի քրոնիկ հիվանդության ակնհայտ դեպքեր երբևէ չեն գրանցվել, բայց մի քանի անգամ հանդիպել են լեշմանիոզի դեպքեր՝ ներթափանցող մաշկային վարակի, որն առաջանում է ավազի լվիճի խայթոցից։ Մոծակների խմբերը մշտապես հարձակվում էին մարդկանց վրա, ինչի հետևանքով բազմաթիվ վարակիչ հիվանդություններ էին առաջանում նաև մեզ մոտ։ Շատ տարածված էին ատամնաբուժական խնդիրները, հատկապես երիտասարդ կանանց մոտ առկա էին ատամնակցվածքի հետ խնդիրներ, որոնք հավանաբար մանիհոտ ծամելուց էին առաջացել։ Տարեցները բողոքում էին հոդաբորբից, ծնկների և մեջքի ստորին հատվածի ցավից։ Ուսումնասիրելով նրանց գործունեությունը՝ ես հասկացա, թե որն էր պատճառը։ Նրանք երախտապարտ էին ասպիրինի ու ացետամինոֆենի (տիլենոլ/պարացետամոլ) համար։
Ես նախկինում ապրել և աշխատել էի գյուղական Մեքսիկայում, որտեղ աղիքային մակաբույծերը խնդիրներ էին հարուցում, բայց ես չունեի համապատասխան դեղամիջոցներ դրանք բուժելու համար։ Մենք բաժանեցինք սրվակներ և փոքրիկ փայտիկներ կղանքի նմուշներ վերցնելու համար՝ ցույց տալով օգտագործման ձևը՝ տանջելով մեզ և զվարճացնելով գյուղացիներին։ Օր օրի կղանքի նմուշներն ավելանում էին ու, ըստ ընտանեկան խմբերի՝ դասավորվում մեր վրաններում գտնվող տարբեր արկղերի մեջ։ Մեկ ամիս անց, երբ մենք վերադարձանք, ես ինձ հետ տուն տարա մոտ 200 կղանքի նմուշ՝ դրված պայուսակիս ներքևի հատվածում։
Ինչպե՞ս կարող էինք տարրական բժշկական օգնություն ապահովել աշխարհագրորեն և մշակութային առումով մեկուսացած ժողովրդի համար։ Արդյո՞ք նրանք կընդունեին այդ օգնությունը։ Ինչպե՞ս դա կընդունվեր համայնքի կողմից։ Ովքե՞ր էին համայնքի առաջնորդներն ու հնարավոր ազդեցիկ մարդիկ։ Ովքե՞ր էին զբաղվում ավանդական բժշկությամբ։ Ի՞նչ դեր կխաղար այս գործում Պերուի առողջապահության նախարարությունը։
Չնայած Մաչիգենգայի բնակիչների շփումը որոշ ժամանակ սահմանափակված է եղել, կարծում էի, որ հաշվի առնելով բնիկների հետ շփման արդյունքում կործանիչ վարակի դեպքերի բացահատման իմ փորձը՝ հասարակ պատվաստումները պետք է դառնային առաջնահերթություն։ Սակայն ոչ ոք չէր պատվաստվել։ Մենք՝ կողմնակի անձինք, իրավունք ունեի՞նք առաջարկելու հանրային առողջության համար կարևոր հայեցակարգեր, ինչպիսիք են պատվաստումները, կամ էլ ասիական զուգարանի օգտագործումը ջրամատակարարման անվտանգությունը ապահովելու համար։ Մանուում աշխատելը հանուն հանրային առողջության էր, սակայն՝ սահմանափակումներով, ինչը երկընտրանք էր Պերուի կառավարության համար, իսկ ինձ համար՝ անհանգստության առիթ։ Սրանք ընդամենը մի քանիսն էին այն հարցերից, որոնք մենք քննարկում էինք գետով նավարկելիս, կամ էլ գիշերային խարույկների շուրջ մոծակներին սատկացնելիս։
Երբ Նոր Մեքսիկայի գիտական լաբորատորիայի մանրէաբանի առջև բացեցի կղանքի նմուշներով լի պայուսակս, նա հայտնվեց մակաբույծների դրախտում։ Գրեթե բոլոր նմուշները պարունակում էին հինգից յոթ տարբեր աղիքային մակաբույծներ և ճիճուներ, ինչպիսիք են ժապավենաձև, կեռիկաձև և մտրակաձև որդերը: Նո՞ւյնն էր արդյոք դրությունը հավաքչությամբ ու հողագործությամբ զբաղվող մյուս ցեղերի մոտ։ Իսկ ինչպիսի՞ն էր վիճակը սրտային հիվանդության, զարկերակային ճնշման և դիաբետի դեպքում։ Հույս ունեի գտնել այս լայնատարած հիվանդությունների շուրջ ինչ-որ տվյալներ, բայց չկարողացա։ Մաչիգենգացիների կենսակերպում կա՞ր որևէ բան, որ պաշտպանում էր նրանց մեր ժամանակներիի քրոնիկ պատահարներից։
Կապլանի հետ ժամանակ անցկացնելով՝ ես սկսեցի խորհել նրա գաղափարի շուրջ․ Կապլանն ասում էր, որ մարդկային կյանքի էվոլյուցիան լավագույնս կարելի էր ուսումնասիրել այն վերջին մարդկանց շրջանում, ովքեր դեռ ապրում էին մեր նախնիների պես։
Համոզվելու համար Կապլանն ուսումնասիրել էր քոչվոր ցեղերի ծնելիության օրինաչափությունները, ովքեր համատեղում էին հավաքչությունը և փոքր ծավալով հողագործությունը։ Նա և այլ մարդաբաններ ապրել էին այդ ցեղերի հետ ու մշակել ծնողական ներդրման**** մաթեմատիկական բարդ մոդելներ։ Նա ուսումնասիրում էր տարածաշրջանային կենսաբազմազանությունը և սննդակարգում առողջարար մթերքների առկայությունը։ Կապլանի և համագործակիցների կատարած հետազոտությունը դարձավ հիմնարար նման հասարակությունների ուսումնասիրության համար։
Նրա աշխատությունն օգնել է նաև տարանջատել մարդուն մյուս պրիմատներից։ Այլ յուրահատկությունների հետ նա թվում է նաև մարդու երկարակեցությունը (հավաքչությամբ և հողագործությամբ զբաղվողների կյանքի տևողությունը միջինում 70 տարի է), երկարատև կախվածությունը ծնողական խնամքից և տարեցների աջակցությունն ընտանիքին։ Փոխադարձաբար մեծացնում է հետագա կյանքի արդյունավետությունը, ինչը նշանակում է ավելի շատ որսորդներ և հողագործներ, ծնելիության բարձր մակարդակ, և էվոլուցիայի ընթացքում ինքն իրեն ապահովող հասարակություն։ Անշուշտ, այդ ամբողջ գործընթացն իրականացնելու համար բոլորիս էլ անհրաժեշտ է առողջարար նյութերով հարուստ սնունդ։
Մեծ մասամբ նրանք ապրում են առանց շուկայական տնտեսության, առողջապահության կամ դպրոցների։
Մեր կյանքի էվոլյուցիայում կա ևս մի կարևոր օղակ՝ հիվանդությունը։ Այժմ մենք գիտենք, որ սրտի հիվանդությունից բացի, եգիպտական մումիաներն ունեցել են նաև աղիքային մակաբույծներ, մալարիա, լեշմանիոզ, տուբերկուլյոզ և բնական ծաղիկ, և սա ցանկի միայն սկիզբն է։
2002 թ․-ին ո՛չ Կապլանը, ո՛չ էլ ես ոչինչ չգիտեինք մումիաների առողջական վիճակի մասին, սակայն կյանքի ընթացքի վերաբերյալ նրա տեսությունը ստուգելու համար անհրաժեշտ էր հավաքչությամբ զբաղվող ավելի մեծ բնակչություն։ Կապլանն ինձ հարցրեց, թե արդյոք չէի ուզի գնալ Բոլիվիայի Ամազոն և այցելել Ցիմանե ցեղին, ովքեր շատ նման են Մաչիգենգայի բնակիչներին, և նրանց մոտ հասնելն ավելի հեշտ էր։ Ես արձակուրդ վերցրի իմ պրակտիկայից և դասավանդումից։
Մոտ 17000 ցիմանե ապրում է Անդերից արևելք գտնվող ջունգլիներում ցրված 80 ցածրադիր համայնքներում՝ Ռիո Մանիկուի և նրա վտակների երկայնքով անցնող հսկայական տարածքներում։ Ցիմանեների մեծ մասը և նրանց հարևանները՝ մոսեթենները, զբաղվում են հավաքչությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ, և մեծ մասամբ նրանք ապրում են առանց շուկայական տնտեսության, առողջապահության և դպրոցների, թեև որոշ Մոսեթենի և Սան Բորխայի՝ մոտ 17000 բնակչությամբ սահմանամերձ քաղաքի մոտ գտնվող գյուղերում ապրող մարդիկ ավելի քաղաքակրթված էին: Մենք փորձելու էինք գնահատել նրանց ընդհանուր առողջական վիճակը:
Կապլանի նախկին դոկտորանտներից մեկը՝ Մայքլ Գուրվենը, այն ժամանակ Սանտա Բարբարայում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի մարդաբանության բաժնի դոցենտ էր, ով երեք ամիս փորձում էր թույլտվություն ստանալ Ցիմանեի ցեղական խորհրդից, որպեսզի կատարվեին կյանքի ընթացքի ուսումնասիրությունները։ Ամենակարևորն այն էր, որ դրա դիմաց մենք կկատարեինք առողջության գնահատումներ և սահմանափակ առաջնային բժշկական օգնություն կցուցաբերեինք: Գիտության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ Կապլանը և Գուրվենը հավաքեցին Բոլիվիայի և ԱՄՆ-ի մարդաբանության շրջանավարտներից և երեք երիտասարդ բոլիվացի բժիշկներից կազմված մի խումբ, որոնք բոլորն էլ վերջերս էին ավարտել բժշկական դպրոցը:
Մարդաբանները Մանուում Մաչիգենգայի բնակիչներին գրեթե նույն հասարակական հարցերն էին տալու, ինչ մյուս ցեղերին, օրինակ՝ ի՞նչ է պետք լավ որսորդ, ձկնորս, հողագործ կամ էլ ջուլհակ դառնալու համար։ Ինչպե՞ս են մարդիկ անցկացնում իրենց օրը: Ինչպիսի՞ն է համայնքի սոցիալական կառուցվածքը: Ի՞նչ և որքա՞ն են նրանք ուտում: Քանի՞ երեխա ունեն: Հավաքագրված բոլոր տվյալները կցվելու էին կյանքի ընթացքի ուսումնասիրությանը: Բժիշկները ջանք չէին խնայում ցիմանեից իսպաներեն թարգմանված պատմություններ վերցնելու համար։ Նրանք բնակիչների սրտերն ու թոքերն էին զննում և լավագույնս փորձում լուծել հիմնական խնդիրները՝ ԱՄՆ-ի և Բոլիվիայի դեղամիջոցները համադրելով: Մենք բոլորս, ապրելով այս մարդկանց հետ, պիտի փորձեինք հասկանալ, թե ինչպես էին նրանց առողջության ու կյանքի ընթացքը փոխկապակցված։
Սահմանամերձ ջունգլիներում գտնվող Սան Բորխա քաղաքի մեր հիմնական բազայից մոտ 60 մղոն հեռավորության վրա գտնվում էր Կուվիրեն գյուղը, բայց մեզնից յոթ ժամ պահանջվեց հին Ford մակնիշի բեռնատարով այնտեղ հասնելու համար։ Մեր սարքավորումները բեռնատարի հետևում էին դրված: Մեզ հետ էին նաև ցիմանեների՝ երկար նետ ու աղեղով, վայրի խոզը ուսին գցած մի որսորդ, երեխաներին կրծքին սեղված երիտասարդ կանայք, որ արդեն իրենց տարիքից մեծ էին երևում։ Ընդհանուր առմամբ, մոտ 30 մարդ էինք տեղավորել մեր բեռնատարի մեջ։
Բոլիվիայի Կուվիրեն գյուղը նման էր Պերուի Թայակոմե գյուղին․ այնտեղ նույն արմավենիների ճյուղերով ծածկված բարձրաշեն տներն էին, սակայն այստեղ ավելի զարգացած էին և օգտագործում էին սպասք ու պլաստիկ։ Երեխաները նետ ու աղեղով ընկնում էին հավերի հետևից։ Այս ցեղերը գուցե հեռու ազգականներ էին, միայն թե այստեղի բնակիչները քուշմայի փոխարեն հին ֆուտբոլային շապիկներ էին հագնում։ Դեպի Կուվիրեն ճանապարհ կար, մինչդեռ ցիմանեների հեռավոր գյուղերին հասնելու հիմնական ուղին գետն էր՝ Ռիո Մանիկին, որի վրա նույն ուղղությամբ լողում էին պեցի-պեցի մակույկները։
Առավոտյան միայն կանանց ու երեխաներին էինք տեսնում․ տղամարդիկ որսի էին գնում։ Ալֆրեդո Զելադան՝ Ցիմանե ցեղի անդամներից մեկը, թարգմանում էր այս տեղեկությունները մեզ համար։ Նա promotor de salud էր՝ համայնքի առողջապահության աշխատող, որը իսպանախոս այլ ցիմանեների հետ վերապատրաստվել էր Սան Բորխայում անցկացված մեկամսյա դասընթացին:
Մենք բազմաթիվ հաղորդումներ էինք ստանում աղիքային մակաբույծների, բայց ոչ երբևէ՝ սրտխփոցի, արյան բարձր ճնշման կամ շաքարային դիաբետի վերաբերյալ։
Զելադայի առաջին խնդիրը մեզ համար վախվորած կանանց և երեխաների հետ շփման ուղիներ հարթելն էր։ Նրանք մեզ նման այդքան պարագաներով բեռնված սպիտակամորթ մարդկանց երբեք չէին տեսել։ Երբ տղամարդիկ վերադարձան, Զելադան վստահեցրեց նրանց, որ մենք չենք եկել իրնենց կանանց բռնաբարելու։
Ավելի ուշ Զելադան խոսում էր համայնքի մոտ 50 մարդկանց հետ։ Նա բացատրում էր մեր գալու պատճառը, իսկ հաջորդ շաբաթ մենք արդեն գրանցում էինք նրանց առողջության պատմությունը և ֆիզիկական զննումներ իրականացնում շուրջ 160 մարդկանց շրջանում․ կարելի է ասել Կուվերինի ողջ բնակչության՝ ներառյալ հարևան գյուղը՝ Ապերեսիտոն։ Զելադան անընդհատ գնում ու գալիս էր՝ առավոտյան թարգմանելով մարդաբանների համար, իսկ կեսօրին՝ օգնում բժիշկներին գրանցել առողջության պատմությունները։ Կապլանն ինձ ասել էր, որ ցիմանեների լեզուն դժվար է սովորել։ Լեզվի հնչյուններն արտասանվում էին փափուկ քիմքից և նվնվոցով դուրս հնչում քթից։
Շատ քիչ ցիմանեներ էին պատվաստվել։ Ինչպես Պերուի Մաչիգենգայում, այնպես էլ այստեղ նկատեցինք քրոնիկ մաշկաբորբի դեպքեր, որոնք առաջացել էին միջատների խայթոցի հետևանքով։ Ե՛վ մեծահասակների, և՛ երեխաների մոտ առկա էին աչքերի և ականջների վարակներ, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի համատարած կարիք կար։ Ապերեսիտո գյուղում հայտնաբերցինք նաև թոքաբորբի դեպքեր, մեկ անձի մոտ նաև տուբերկուլոզ էր ենթադրվում։ Մեզ հասնում էին հաղորդումներ նաև բազմաթիվ աղիքային մակաբույծների վերաբերյալ, բայց երբևէ չէինք լսել սրտխփոցի հետ կապված դժգոհություններ, արյան բարձր ճնշման դեպք չէինք գրանցել, ոչ էլ շաքարային դիաբետի կասկածներ կային։
Ես հանդիպեցի մի բուժառուի, ով, ինչպես պնդում էին, հիանալի որսորդ էր, բայց այլևս չէր կարողանում որս անել, քանի որ աճուկային հատվածի հսկայական ճողվածքն իջնում էր մինչև ծնկները։ Ճողվածքի հանգույցները բաբախում էին իմ ստետոսկոպի տակ։ Ես հարցրի նրան, թե արդյոք կհամաձայներ վիրահատվել Սան Բորխայում։ Չնայած նա համաձայնեց, ես և Զելադան մտածում էինք՝ արդյոք նա հասկանում է, թե մենք ինչ նկատի ունենք։ Սակայն, երբ հեռացանք Կուվիրենից, նրան մեզ հետ Սան Բորխա տարանք։ Հաջորդ օրը նրա ճողվածքը վերականգնվեց։ Վիրաբույժն ասաց, որ դա նրա երբևէ տեսած ամենամեծ ճողվածքն էր։
Մենք արեցինք ավելին, քան նախատեսել էինք։ Մեզ համար այս ճանապարհորդությունը լի էր նոր բացահայտումներով։ Այն մեր թիմի անդամների համար հնարավորություն էր ճանաչելու մեկը մյուսին, լրացնելու բացթողումները։ Նախագծի ընթացքում մենք նաև քննարկում էինք հետագա կարևոր քայլերը։ Մեր ծրագիրն այն էր, որ Գուրվենը, մարդաբանության բաժնի շրջանավարտները և բժիշկները պետք է հաջորդ տարին անցկացնեին Ցիմանեի 12 տարբեր համայնքներում։ Պատվաստումները, հանրային առողջության դասընթացները, տարրական լաբորատոր հետազոտությունների անցկացման հետ մեկտեղ Ցիմանեի համար առողջապահության նոր աշխատակիցների վերապատրաստելը և մեր բոլոր ակնկալիքները հակադրվում էին սահմանափակ դրամաշնորհներին։
Մի քանի ամիս անց Կապլանը վերադարձավ Կուվիրեն՝ ստուգելու մեր նորաստեղծ ծրագիրը։ Սան Բորխա վերադառնալու ճանապարհին կեսգիշերին Կապլանին տեղեկացրել էին, որ հենց այդ նույն ցեխոտ ջունգլիներում՝ անտառահատումների ճանապարհին, Ցիմանե ցեղի բնակչի են կրակել, և նա մահանում է։ Այդ մարդուն ողջ էին գտել ճամբարի տարածքում, բայց կրծքավանդակի մեջտեղի հատվածում փամփուշտի տեղով և կոտրված ոտքով։ Կապլանը նրան տեղափոխեց Սան Բորխայի հիվանդանոց, որտեղ գումար չունենալու պատճառով հրաժարվել էին հիվանդին խնամել, բայց, եթե նույնիսկ նա գումար ունենար, հիվանդանոցը ռենտգեն հետազոտության սարքի համար չուներ համապատասխան միջոցներ։ Կապլանը վճարեց, որպեսզի հիվանդն իր թարգմանչի հետ թռչի Տրինիդադ՝ Բոլիվիայի 130,000 բնակչություն ունեցող քաղաքներից մեկը, որտեղ ռենտգենի սարք կար։ Բարեբախտաբար փամփուշտը վիրավորվածի ուսն էր մխրճվել։ Նա բուժվեց և վերադարձավ գյուղ։
Ցիմանեի բնակիչներն աղքատության և ռասիզմի պատճառով ոչ մի բուժում չէին ստանում։ Կապլանն ինձ ասաց․ «Նրանք նույնիսկ հիվանդանոց թույլ չէին տալիս»։ Կապլանը հանդիպեց Սան Բորխայի քաղաքապետին, Ցիմանեների խորհրդի նախագահին, հիվանդանոցի տնօրենին և ասաց․ «Եկեք համագործակցենք»։ Կապլանն առաջարկել էր դեղերի համար 1,000 դոլար տալ հիվանդանոցին, և կողմերը ստորագրել էին convenio՝ նախնական համաձայնագիր, որով ցիմանեների համար պետք է օգնություն ապահովվեր։
«Օհո՜, նրանք ամերիկացի և կանադացի մարզիկների են նման»
Հետազոտական խմբերի անունը դրվեց Ցիմանեի առողջության և կյանքի պատմության ծրագիր, և այսօր՝ 23 տարի անց, Գուրվենը Կապլանի հետ միասին նախագծի համաղեկավարն է։ Անցած քսան տարիների ընթացքում նրանք հավաքել են մի շարք մարդաբանների, սրտաբանների, գենետիկայի բժիշկների, նյարդաբանների, ծերաբույժների, ճառագայթաբանների և շրջանավարտների խումբ՝ աշխատելու լոգիստիկ առումով ամենադժվար, բայց և բազմակողմանի նախագծում՝ աշխարհի տարբեր մարդկային խմբերի շրջանում կատարված առողջության գնահատման հետազոտություններում։
Ցիմանե ցեղի խորհրդի աջակցությամբ և, առողջապահությունը առաջնահերթություն ընդունելով՝ Գուրվենը, նրա շրջանավարտները և Բոլիվիայի բժիշկները աստիճանաբար ընդլայնեցին իրենց աշխատանքը Ցիմանեի հեռավոր համայնքներում։ Առողջության պատմությունները և ֆիզիկական հետազոտությունների արդյունքները լրացվում էին ժողովրդագրական հարցազրույցների և ընդհանուր մարզավիճակն ու սննդային առողջությունը չափող թեստերի միջոցով։
Տեսանյութ ” The Tsimane Amazon tribe where people age better ” BBC World Service
«Ըստ ամենավաղ գրանցված տվյալների՝ սրտի աշխատանքը նորմալ է, արյան ճնշումը՝ ցածր և տարիքի հետ չի բարձրանում, անոթազարկը հանգիստ է, ճարպակալման աստիճանը չնչին է։ Իսկ հարցազրույցների արդյունքի վերաբերյալ, — ասաց Գուրվենը Zoom տեսազանգի ընթացքում, — ես կարող եմ ասել, որ մարդիկ չէին մահանում սրտի կաթվածից։ Ես մտածում էի՝ «օհո՜, նրանք ամերիկացի և կանադացի մարզիկների են նման»։
2006 թ․-ին Կապլանը կարողացավ վարձել բոլիվիացի կենսաքիմիկոսի, ով ստանդարտ չափումներ պետք է աներ, ինչպիսին դիաբետով հիվանդների արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի մակարդակի չափումներն են։ Գլյուկոզի մակարդակը հիմնականում նորմալ էր, ընդհանուր խոլեստերինի և ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը՝ ցածր։ Այս ամենին ավելացրեք առողջարար, ջունգլիների՝ վնասակար նյութերից զուրկ սննդակարգը, աշխույժ կենսակերպը։ Կապլանն ավելացրեց․ «Այն, ինչի համար մենք փորձում էինք գտնել նոր դրամաշնորհներ, առողջ սիրտն էր»։
Առողջապահության ազգային ինստիտուտների (NIH)՝ ծերացման հարցերով ԱՄՆ ազգային ինստիտուտի ֆինանսավորմամբ նրանք վերջապես համաձայնության եկան Ցիմանե ցեղի խորհրդի հետ: Բոլոր համայնքների կյանքի պատմության հետազոտության դիմաց նրանք օգնում էին հոգալ առողջապահական խնամքի և հիվանդանոցի ծախսերը։ 2010 թ․-ին արդեն շրջիկ բժշկական խմբերը այցելում էին մարդկանց շուրջ 50 գյուղերում։
Սրտաբան և Նյու Մեքսիկոյի համալսարանի բժշկության պրոֆեսոր Աբինաշ Աչրեկարը հիշում էր, թե ինչպես Կապլանը դիմեց իր սրտաբանության բաժին․ «Նա շատ հասարակ, բայց անսովոր խնդրանքով էր դիմում, — ասաց Աչրեկարը, — նա խնդրում էր, որ մեր սրտաբանության բաժինը կարդար Բոլիվիայի Ցիմանե ցեղի մի քանի հարյուր էլեկտրասրտագրությունները։ Նրա խնդրանքը գրավեց ինձ»։
«Վերջին 12 տարիների ընթացքում նրանց հետ աշխատելիս սրտի կաթվածի միայն մեկ դեպք ենք հայտնաբերել»։
45-ից բարձր տարիքի բոլոր անձանց մոտ էլեկտրասրտագրությունները նորմալ էին, ուստի նրանք որոշեցին էխոսրտագրություն անել՝ սրտի խոռոչների և արյան շրջանառության ուլտրաձայնային հետազոտություն։ Շուտով Էդիթ Կորթեզ Լինարեսը՝ երիտասարդ բոլիվացի բժիշկներից մեկը, ով շարունակում էր աշխատել Կապլանի թիմում, վերապատրաստվեց որպես էխոսրտագրության մասնագետ և, օգտագործելով շարժական սարքեր հենց ջունգլիներում, կատարում էր այդ աշխատանքը:
Կապլանը հասկանում էր, որ անհրաժեշտ էր ավելի շատ կլինիկական հետազոտություններ կատարել սրտանոթային ուսումնասիրությունների տվյալներն ու լաբորատոր փորձարկումները, օրինակ՝ խոլեստերինը, ավելի լավ գնահատելու համար։ «Այդ ժամանակ մենք կապվեցինք Արիզոնա նահանգի կենսաբանական մարդաբան Բեն Թրամբլի և Թակ Ֆինչի հետ, և հենց այդ ժամանակ մենք իսկապես սկսեցինք աշխատել և գրանցել մեր մատյաններոմ, որ ծերացման հետ արյան ճնշումը և լիպիդային պրոֆիլները չեն բարձրանում», — ասաց նա: Այդ ժամանակ՝ 2014 թվականին, Ֆինչը Կապլանին ներկայացրեց Հորուս խմբի Թոմասին և նրանց մումիաներին:
Թոմասի թիմն արդեն եկել էր այն եզրակացության, որ «աթերոսկլերոզը ամենուր էր, այն մարդու գենետիկայի մեջ էր»: Բայց Բոլիվիայից ստացված լուրերն ապացուցում էին, որ Ցիմանեի բնակիչների մոտ այն բացակայում էր, ուստի եզրակացությունը պետք է որ սխալ լիներ:
2014-ին Թոմասը և իր թիմը ժամանեցին Ամազոն՝ ինքնուրույն հետազոտություններ անցկացնելու նպատակով։
Ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ։ Կարելի էր էխոսրտագրությունն անել ջունգլիներում, բայց փոխարենը Կապլանը և Գուրվենը մեկ այլ բժշկի՝ Դանիել Էիդ Ռոդրիգեսի հետ միասին հասկացան, որ կարելի է 40 և ավել տարեկան 700 ցիմանեների երկու օրով տեղափեխել Տրինիդադ, որտեղ կար համակարգչային շերտագրության (CT) սարք։ Նրանք նաև Տրինիդադ էին հրավիրել մի խումբ սրտաբանների և ճառագայթաբանների՝ շերտագրության արդյունքները կարդալու և սրտում ու պսակաձև զարկերումներում կալցիումի ակնհայտ կուտակումները գտնելու համար։
«60 տարեկան և ավել մարդկանց մոտ կալցիում ընդհանրապես չի հայտնաբերվել, իսկ 70-ից բարձր անձանց մոտ հայտնաբերվել է շատ քիչ քանակությամբ։ Պարզապես ապշեցնող էր»․ ասաց Թոմասը։
2017 թվականին «Lancet»-ի հրապարակած հոդվածում «Հորուս/Ցիմանե» խումբը զննում էր Ցիմանեի բնակիչների համակարգչային շերտագրության արդյունքները, լիպիդների աստիճանը և բորբոքային ցուցիչները։ Դրանք համեմատվում էին աթերոսկլերոզի բազմազգ հետազոտությունների (MESA) մոտ 7,000 ամերիկացի մասնակիցների տվյալների հետ։ Այդ հետազոտությունը Միացյալ նահանգներում սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ ամենաերկար տևած ուսումնասիրությունն էր։ Ցիմանեների սրտերը ակնհայտ հաղթողներ էին, «ինչպես մարաթոնյան վազորդների մոտ»։ Թոմասն ասում էր․ «Ցիմանեի բնակչության հետ վերջին 12 տարվա աշխատանքի ընթացքում սրտի կաթվածի միայն մեկ դեպք ենք հայտնաբերել»:
Ես Թոմասին հարցրի, թե Ցիմանեի բացահայտումները ինչ ազդեցություն են ունեցել իր բուժառուների վրա։ Նա պատասխանեց․ «Երբ մումիաների մոտ հայտնաբերեցինք սրտի հիվանդություն, ես նրանց ասացի, որ պետք չէ մեղավոր զգալ նման հիվանդություններ կամ սրտի կաթված ստանալու համար․ դա մարդկային բնության մի մասն է։ Ես երկար ժամանակ դա էի քարոզում»։ «Իսկ հիմա՞», — հարցրի ես։ «Հնարավոր է կանխել, — ասաց նա, — ցիմանեների կատարած վարժությունները հավասար են օրական 17,000 քայլ տղամարդկանց համար և 16,000 քայլ՝ կանանց համար (մոտ 7-8 մղոն), իսկ նրանց սննդակարգը պարունակում է 5 տոկոս հագեցված ճարպեր, ի հակադրություն արևմտյան սննդակարգի, որում ճարպերի քանակը 15 տոկոս է։ Այդ արդյունքին ցիմանեները հասնում են՝ ուտելով մեծ քանակությամբ ձուկ և վայրի կենդանիներ։ Բայց դուք չեք կարող նետ ու աղեղով քայլել փողոցում, սակայն կարող եք բարելավել ձեր սննդակարգը և օրվա մեծ մասը մարմնամարզությամբ զբաղվել։
«Հորուս/Ցիմանե»-ի Zoom տեսազանգի ժամանակ ես ծանոթացա Մարգարեթ Գեթզի հետ, և կրկին այն ժամանակ, երբ նա նոր էր վերադարձել Ցիմանե և Մոսեթեն կատարած այցելությունից և որտեղ հետազոտում էր դեմենցիայի գնահատումները։ Գեթզը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հոգեբանության, ծերաբանության և կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր և փորձագետ էր, ում՝ դեպրեսիայի և տարեց անձանց մոտ նկատվող թուլամտության մասին աշխատությունները լայնորեն տպագրվում էին։ Նրան Ֆինչն էր հրավիրել՝ հետազոտական խմբին միանալու համար։
«Թուլամտություն շատ քիչ էր հանդիպում, ինչին համապատասխան էլ քիչ էին սրտի հիվանդությունները», — ասաց նա։ Փաստացի, 2022 թ․ կատարված նրա ուսումնասիրությունը, որում ներգրավված էին 600-ից ավել ցիմանեներ և մոսեթեններ, պարզել էր, որ դեմենցիայի՝ մասնավորապես Ալցհայմեր հիվանդության նվազագույն դեպքերը հանդիպել են հենց այս ցեղերի մոտ, ինչը համեմատական է կալցիումի զարկերակային կուտակումների և լիպիդների ցածր մակարդակին, նրանց վարած ակտիվ կենսակերպին և առողջ սննդակարգին։
Այնուամենայնիվ, հետազոտողները հայտնաբերել են կոգնիտիվ թեթև խանգարում, ինչը տարածված էր այլ բնակչությունների մոտ, իսկ ուղեղի զարկերակներում սկսել էին կալցիֆիկացիաներ նկատել: «Մենք նկատում ենք այս հետաքրքիր հակասությունը սրտի, որտեղ գրեթե չենք տեսնում կալցիֆիկացում, և ուղեղի միջև, որտեղ այն շատ տարածված է և կապված է նյարդաբանական խանգարումների հետ», — ասաց Կապլանը:
Եվ այսպես, հաջորդ ուսումնասիրություններից մեկը փորձելու է հասկանալ այդ երևույթը, իսկ այդ ուղղությամբ կաշխատի Թրամբլը։ Հաջորդ տարվա նրա հիմնական խնդիրն է լինելու օգնել ուղղորդել ավելի քան 1000 ցիմանեների և մոսեթենների իրենց գյուղերից ևս երկօրյա ուղևորության դեպի Տրինիդադ, որտեղ նյարդաբանների, սրտաբանների և ճառագայթաբանների շրջող խումբը կհետազոտի նրանց և կվերլուծի նրանց ուղեղի, սրտի և որովայնի համակարգչային շերտագրությունը: Հետդարձի ճանապարհին՝ Սան Բորխայում, նրանք առաջին անգամ ատամնաբուժական զննում կանցնեն։ Զննման արդյունքների պատկերները հասանելի կլինեն և կբացատրվեն, իսկ էական խնդիրների դեպքում նաև կկազմակերպեն դրանց հետագա խնամքը։
Կարո՞ղ է արդյոք ցիմանեների աղիքային միկրոբիոմի մակաբուծային բորբոքումը սիրտը հիվանդություններից պաշտպանել։
Մակաբույծներին բուժելը, որոնք որովայնի շրջանում առաջացնում են ցավ, փորլուծություն, քաշի կորուստ, սակավարյունություն (դեժավյու՝ կղանքի նմուշներով լի իմ պայուսակը) աղքատ երկրներում շատ դժվար է։ Ցիմանեների երկու երրորդն ունի մակաբույծներ։ 2017 թվականի «Lancet»-ի «Հորուս/Ցիմանե» խմբի հոդվածում ասվում է, որ չնայած զարկերակներում կալցիումի և աթերոսկլերոզի մասին քիչ ապացույցներ են հայտնաբերվել, ցիմանեների ճիճուները (ժապավենաձև, մտրակաձև, կեռիկաձև որդեր և այլն) լաբորատոր հետազոտություններում բորբոքման բարձր մակարդակի հիմնական պատճառն էին:
Սրտաբանության մեջ բորբոքումը նույնն է, ինչ Մեծ պայթյունի տեսությունը․ այն սրտային հիվանդությունների ախտաբանական ծագումն է, որի հետևանքով խոլեստերինով պատված սրտի զարկերակները խցանվում են։ Հորուս խմբի հետազոտողների վարկածը հենց բորբոքումն էր, երբ նրանք պարզեցին, որ մումիաներն ունեցել են մակաբույծներ և այլ վարակներ, որոնք սրտի հիվանդության առաջացման պոտենցիալ խթանիչներ են։
Սակայն արդյո՞ք կարող էին ցիմանեների աղիքային միկրոբիոմում մակաբույծային «բորբոքումները» նրանց սննդակարգի, առույգ կենսակերպի և լավ գենետիկայի հետ միասին որոշ չափով ապահովել սրտի առողջությունը։
«Մենք տարիներ շարունակ համակեցությամբ ապրել ենք մակաբուծների հետ։ Նրանք մեր «հին ընկերներն» են, — ասաց Թրամբլը։ «Հին ընկեր» բառակապակցությունը հիգիենայի հիպոթեզի մեկ այլ անվանումն է, ըստ որի՝ վաղ տարիքում բակտերիաների և մակաբուծների հետ առնչումը պաշտպանում է ալերգիաներից, ասթմայից և բորբոքային հիվանդություններց։ «Այսպիսով, ճիճուները մուտք են գործում աղիքներ և արյան հոսքից ուտում լիպիդները, նախքան կհասցնեք դրանք կլանել, և երբ մենք դրանց հեռացնում ենք, դա, ինչպես ցիտոկինների դեպքում, իմունային ֆունկցիայի փոփոխություններ է առաջացնում»։
Ցիտոկինները սպիտակուցներ են, որոնք ապահովում են մեր իմունային համակարգի պատասխան ռեակցիան։ COVID-19-ի ժամանակ «ցիտոկենային փոթորիկը» իմունային համակարգին ստիպեց մաքսիմալ հզորությամբ աշխատել, ինչի հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ մահվան դեպքեր էին գրանցվել։ Սակայն Թրամբլը, նրա կոլեգաները, և դեռևս չհրապարակված ուսումնասիրությունները ենթադրում են, որ ցիմանեները, մակաբուծների մեծ քանակությամբ հանդերձ, արդեն իսկ ունեին ահռելի քանակությամբ ցիտոկիններ և բնականից ավելի ակտիվ իմունային համակարգ։ Կարելի է ենթադրել, որ նրանք ունեն բնածին իմունային ռեակցիա, որն օգնում է շրջանցել վիրուսները։ Չնայած ցիմանեները հիվանդացել են COVID-ով, նրանց մոտ մահվան միայն մի դեպք է գրանցվել։
Մենք ներկայումս ականատես ենք լինում մարդկանց առողջության և կյանքի պատմության էվոլյուցիայի արագացված առաջընթացին։
2002 թ․-ին, երբ առաջին անգամ հանդիպեցինք Ցիմանեի բնակչությանը, ես տեսա, թե ինչպես է որսորդը վեց ոտնաչափ եղեգից ձողով աղեղ պատրաստում՝ կարմրաշագանակագույն կտրված փետուրով, և մասնագիտական ճշգրտությամբ ամրացնում այդ ամենն իրար։ Մեր ժամանակներում որս գտնելու համար ցիմանեները ստիպված են շաբաթներով շրջել, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքներին․ առևտրի նպատակով կատարվող ծառահատումները, ձկների և կենդանիների որսը, կլիմայի փոփոխությունները մեկընդմիշտ փոխել են ցիմանեների լանդշաֆտն ու կենսակերպը։ Մարդիկ, ովքեր երբևէ շուկայական տնտեսության կարիք չեն ունեցել, այժմ աղքատ են։ Նոր բացված ճանապարհներն իրենց հետ բերել են բջջային հեռախոսներ, ծխախոտներ, ալկոհոլ, սեռավարակներ ու ռասիզմ։
«Կարող եմ ասել, որ դա արդեն իսկ հսկայական փոփոխություն է, — ինձ ասաց Ռոդրիգեզը՝ Բոլիվիայի բժիշկներից մեկը, — հիմա մենք ուսումնասիրում ենք զարկերակային ճնշման տարածվածությունը։ Երբ սկսեցինք հետազոտությունը, այն 5 տոկոս էր կազմում, իսկ հիմա մոտ է 20 տոկոսի։ Սկզբում մենք չունեինք շաքարային դիաբետի դեպքեր, իսկ հիմա դրանք շատացել են։ Վիճակը նույնն է նաև ճարպակալման դեպքում։ Բնակչությունն այլևս չի կարող հույսը դնել սնունդ հայթայթելու ավանդական միջոցների վրա, ուստի ստիպված են հարմարվել ժամանակակից կյանքին»։
Մասաչուսեթս նահանգում շուրջ 77 տարի տևած Ֆրեմինգեմի սրտի հետազոտությունը գնահատում էր ժամանակակից կենսակերպ վարող անձանց առողջությունը։ Հետազոտությանը մասնակցել են երեք սերունդների ներկայացուցիչներ։ Առաջին քայլով հետազոտողները նախորոշեցին սրտի հիվանդությունների առաջացման ռիսկային գործոնները՝ զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, ծխելը, ոչ ակտիվ ֆիզիկական կյանքը։ Հետո նրանք սահմանեցին ամենակարևոր հարցը՝ ինչպես կանխարգելել կամ բուժել այս հիվանդությունները։ Ֆրեմինգեմի սրտի հետազոտությունը հիմա կենտրոնացած է կաթվածի, թուլամտության, գենետիկայի, և, գրողը տանի, աղիները՝ մեր աղիների միկրոբիոմի վրա։
Գուցե մի օր տեսնենք երկու ուսումնասիրությունների գրաֆիկական միավորումը՝ մեր ընտանեկան տոհմածառի, մարդկային կյանքի էվոլյուցիայի և հիվանդությունների համադրությունը՝ հավաքչությամբ զբաղվող որսորդներից մինչև ժամանակակից Մասաչուսեթս։
Պատմությունն ասում է մեզ, որ ցիմանեները և նրանց հարևան մոսեթեններն անխուսափելի փոփոխությունների առաջ են կագնած, և մենք հիմա ականատես ենք լինում մարդկային առողջության պատմության էվոլյուցիայի արագացված գործընթացին, բայց արդեն իրական կյանքում։ Ի՞նչ նշանակություն ունի դա ցիմանեների համար։
Մագուին Գուտիերես Քայուբան Gran Consejo Tsimane-ի նախագահն է՝ Ցիմանե ցեղի առաջնորդը, ով Ցիմանեն ներկայացնում է Բոլիվիայի և Հարավային Ամերիկայի բնիկ խմբերի շարքերում։ Հեռախոսազրույցի ընթացքում նա իսպաներենով բացատրեց, որ 2002 թ․-ին իրեն վարձել էին՝ օգնելու մարդաբաններին հետազոտել որսորդությունն ու ձկնորսությունն իրենց սննդի ուսումնասիրությունների շրջանակներում։ Նա ասաց, որ տարիների ընթացքում ձեռք բերած ընդունակությունները, համայնքները, որոնց հետ նա շփվել է, տարեցները, ում հետ զրուցել է, օգնել են նրա նախագահ դառնալու հարցում։ «Հետազոտության շնորհիվ,— ասաց նա, — ես կարողացա հասկանալ իմ ժողովրդի հիմնական կարիքներն ու արժանանալ նրանց վստահությանը։ Նախագիծը պետք է շարունակվի։ Բնիկ շատ երիտասարդներ արդեն վերապատրաստվում են։ Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է միասին աշխատենք բոլոր համայնքների բարօրության համար»։
Երբ ես հարցրի ցիմանեներին՝ արդյոք նրանք հասկանում են առողջապահական հետազոտության արդյունքները, նախագահը պատասխանեց․ «Շատ մարդկանց համար զարմանալի է, թե ինչու է այս հետազոտությունը կարևոր։ Մտահոգությունն այն է, որ քաղաքի մոտ ապրող մարդիկ հաճախ են հիվանդանում, իսկ խոր ջունգլիներում ապրողները՝ ոչ։ Քաղաքի մոտակայքում ապրողները արդեն շաքարային դիաբետով են տառապում»։
Թրամբլը լավատեսորեն հավատում է, որ համայնքային կրթության և վաղ միջամտության արդյունքում կհաջողվի ցիմանեներին առողջ պահել։ «Ցիմանե նախագծի առաջնային խնդիրը սրտանոթային համակարգի և ուղեղի ծերացման երևույթը հասկանալն է, որպեսզի պարզենք՝ ինչու են շատ առողջ մարդիկ դառնում անառողջ, — ասաց նա, — կամ կա՞ն արդյոք ինչ-որ պաշտպանիչ բաներ, որոնք կանխարգելում են այդ փոփոխությունները, և եթե կան, ապա ինչե՞ր են դրանք։ Հետո մենք կկենտրոնանանք դրա վրա որպես բժշկական միջամտությունների։ Կարծում եմ՝ դա կարող է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և իմունային միջավայրի համակցություն լինել։
Բնիկների՝ առողջապահական համակարգի հասանելիությունը սահմանափակ է, ինչը շատացնում է վատ հետևանքները, և նվազեցնում կյանքի միջին տևողությունը 20 տարով։
Նախագիծը ազգային առողջապահության կողմից հնգամյա ֆինանսավորման չորրորդ տարում է։ Հույս ունենք, որ առաջ եկած հետազոտության կարևորության շնորհիվ ֆինանսավորումը կերկարաձգվի։ Ես խնդրեցի Կապլանին ամփոփել նախագծի կարևորությունը․ «Ես իսկապես հավատում եմ, որ հայտնաբերման գործընթացում մենք գուցե իսկապես կարևոր բան կունենանք առաջարկելու, — ասաց նա, — ուստի, կարծում եմ, որ գիտական տեսանկյունից նախագիծն իսկապես կարևոր էր երկու ուղղություններով։ Առաջինը՝ մենք կարող ենք աջակցել սրտանոթային համակարգի և ուղեղի հիվանդությունները հասկանալու գործընթացին։ Եվ հետո մենք ապագա հետազոտողների համար ինչ-որ բան կթողնենք։ Այս տվյալները կարևոր տեղեկություններ կտրամադրեն մարդկային կենսաբանության ոլորտում, որոնք մենք չենք կարող իմանալ Միացյալ նահանգների կամ Եվրոպայի նման վայրերում»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակում է բնիկ ժողովուրդների առողջության համաշխարհային գործունեության ծրագիր։ Բնիկ ժողովուրդները կազմում են աշխարհի բնակչության մորավորապես վեց տոկոսը, սակայն նրանց սահմանափակ հասանելիությունը առողջապահական համակարգին էապես մեծացնում է վատ հետևանքների թիվը և նվազեցնում կյանքի միջին տևողությունը քսան տարով։
Առողջապահական արդյունքներով Բոլիվիան Արևմտյան կիսագնդի երկրների շարքում գրեթե ամենաներքևում է գտնվում, սակայն այն շատ քիչ երկրների թվին է պատկանում, որոնք հաստատել են համաշխարհային առողջապահության հովանավորությունը։ Կառավարության նպատակը Բոլիվիայի հիսուն տոկոս չսպասարկված բնակչությանն անվճար խնամքով ապահովելն է։ Գուցե հենց Առողջության և կյանքի պատմության ծրագրի պատճառով էլ Ցիմանե ցեղի բնակիչներն ավելի բախտավոր գտնվեցին, քան մյուս բնիկ համայնքները, քանի որ նրանք հիմնականում առողջ են և ներկայումս նախնական խնամքի ուղղորդված ծառայություններ են ստանում։ Կապլանը նախագծին նայում է որպես կամուրջ դեպի գալիք իրադարձությունները։
Ամերիկացի գրող և փիլիսոփա Ուենդելլ Բերրին գրել է․ «Համայնքն ուղիղ իմաստով բնակավայրն է իր բոլոր արարածներով։ Այն առողջապահական տարրագույն միավորն է, և խոսել միայն առանձին անհատականությունների առողջության մասին հակասում է այդ գաղափարին»։ Լայն իմաստով Ցիմանեն ներկայացնում է Բերրիի առողջապահական ամենափոքր միավորը, և մեզ բախտ է վիճակվել շարունակել թույլ տալ ինքներս մեզ այս հետազոտության «հայելու» միջոցով բացահայտել մեր էվոլուցիոն անցյալը և ստեղծել ապագա բարեկեցության մոդել։
*4.2 մլն ակր- մոտ 160,000կմ2 **1 ոտնաչափ-30.48 սմ ***1 յարդ -91 սմ ****ծնողական ներդրում- Ծնողական ցանկացած ներդրում (օրինակ՝ ժամանակ, էներգիա, ռեսուրսներ), որոնք օգուտ են բերում սերունդներին: Ծանոթագրություններ թարգմանչի կողմից
Բեն Դեյցը Նյու Մեքսիկոյի համալսարանի ընտանեկան և համայնքային բժշկության վաստակավորպրոֆեսոր է: Նա «Առաքում» (2004) վեպի հեղինակն է և գրել է The New York Times, The Atlantic, Undark և Eclectica ամսագրերի համար: Դեյցը նաև Tijeras Films-ում վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է:
Թարգմանիչ՝ Աննա Սարգսյան (Anna Sargsyan)։ © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








