Ինլայթ համալսարան Enlight Internships Թարգմանչական նոր պրակտիկաներ «Ինլայթում»։ Հետադարձ հայացք և ձեռքբերումներ

Թարգմանչական նոր պրակտիկաներ «Ինլայթում»։ Հետադարձ հայացք և ձեռքբերումներ

Թարգմանչական նոր պրակտիկաներ «Ինլայթում»։ Հետադարձ հայացք և ձեռքբերումներ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և հայաստանյան համալսարանների միջև համագործակցությունը շարունակվում է։ Սույն թվականի փետրվարի 2-28-ը և հուլիսի 6-31-ը կազմակերպությունում անցկացվել են ևս երկու թարգմանչական ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ՝ այս անգամ ներգրավելով ընդհանուր թվով 39 ուսանողի Հայաստանի եվրոպական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից։

Ունենալով շարունակապես աճող փորձ այս ոլորտում՝ «Ինլայթն» ամեն տարի փորձում է թարգմանչական պրակտիկաները դարձնել էլ ավելի բովանդակալից և օգտակար յուրաքանչյուր ուսանողի համար՝ նպատակ ունենալով ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ պրակտիկանտները կկարողանան ոչ միայն կիրառել համալսարանից ստացած իրենց տեսական գիտելիքները, այլ նաև նորովի կծանոթանան իրենց մասնագիտությանը ու արժեքավոր փորձ ձեռք կբերեն անհատական ու թիմային աշխատանքի բնագավառներում։

Ավանդույթի համաձայն՝ պրակտիկայի աշխատանքները բաշխվել են ըստ շաթաբների, որոնց ընթացքում ուսանողները ծանոթացել են կազմակերպության գործունեությանը, ուսումնասիրել առկա ընթացակարգերն ու տրված գործիքակազմը և ապա կատարել բազմապիսի առաջադրանքներ՝ տեղեկատվական, վերլուծական, գեղարվեստական և գովազդային տարատեսակ նյութերի թարգմանություններ ու խմբագրություններ, ինչպես մասնակցել մասնագիտական տարբեր քննարկումների, օրինակ՝ ԱԲ գործիքների, թարգմանական տարածված սխալների և աշխատանքային մեթոդների շուրջ։ 

Բացի այդ՝ յուրաքանչյուր շաբաթ նաև կազմակերպվել են առանց հաշվետու հանդիպումներ և դասախոսություններ։ Այս տարի, օրինակ, բանախոսություններով հանդես են եկել «Ինլայթի» նախկին և ներկա անդամներ Լուսինե Աղաջանյանը («Թարգմանական տեսություն. հավատարմություն, մշակույթ և ժամանակային մարտահրավերներ»), Մարիամ Հարությունյանը («Մտքի հետևից ընկած․ զրույց համընթաց թարգմանության մասին») և Նելլի Իրադյանը («Ինչի՞ն ուշադրություն դարձնել թարգմանելիս. միտք, լեզու, համատեքստ»):

Որպես նորույթ՝ պրակտիկայի ծրագրերին ավելացվել է նաև #բառաշաբթի ռուբրիկան, որի շրջանակում ուսանողները, կարծիքներ փոխանակելով և իրար լրացնելով, թարգմանական տարբերակներ են առաջարկում մարտահրավերային ու «անթարգմանելի» բառերի, դարձվածքների ու առածների, բանաստեղծական պատառիկների և նույնիսկ մեմերի շուրջ։

Արդյունքում, 2026-ի ընթացքում մեր պրակտիկանտները թարգմանել են 102 նյութ և խմբագրել 45-ը, որոնցից լավագույնները շուտով հայտնվելու են մեր կայքէջում։ Եվ, որ մեզ համար շատ ավելի կարևոր է, ուսանողների ճնշող մեծամասնությունը թարգմանչական պրակտիկաների օգտակարությունն ինչպես բովանդակային, այնպես էլ կազմակերպչական առումով, գնահատել է բարձր՝ հեռանալով նոր ձեռքբերումներով ու բացահայտումներով, արժեքավոր փորձով և դրական տպավորություններով։

Ստորև կարող եք կարդալ մեր պրակտիկանտների հետադարձ կապը։

  • «Պրակտիկայի արդյունքները լիովին համապատասխանում էին իմ սպասելիքներին, իսկ որոշ առումներով նույնիսկ գերազանցեցին դրանք։ Սկզբում մտածում էի, որ առցանց ձևաչափը գուցե չկարողանայի ապահովել այն փորձը, որն ակնկալում էի, սակայն իրականում այն շատ արդյունավետ էր կազմակերպված: Պրակտիկան հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնել թարգմանչական հմտություններս, այլև գործնականում ծանոթանալ խմբագրման, մաքրագրման, կառուցողական հետադարձ կապի և թիմային համագործակցության առանձնահատկություններին, որոնք մասնագիտական գործունեության կարևոր բաղադրիչներ են»։
  • «Շատ կազմակերպված, հմուտ, դրական էներգիայով լի միջավայր էր: 10/10» 
  • «Պրակտիկայի արդյունքները համապատասխանում են իմ սպասելիքներին։ Ես ձեռք բերեցի օգտակար փորձ, ավելի շատ սկսեց հետաքրքրվել թարգմանչական պրոցեսը»։ 
  • «Կազմակերպության աշխատանքը գնահատում եմ շատ բարձր։ Պրակտիկայի ամբողջ ընթացքում ամեն ինչ կազմակերպված էր հստակ, հետևողական և բարձր մասնագիտական մակարդակով։ Բոլոր փուլերը լավ պլանավորված էին, առաջադրանքները՝ հասկանալի, իսկ աշխատանքային գործընթացը՝ արդյունավետ և սահուն կազմակերպված»։ 
  • «Ամեն բան լավ էր, ուստի կարծում եմ, որ պրակտիկան ծառայեց իր նպատակին»։ 

«Ինլայթ»-ի կողմից նախորդիվ իրականացված պրակտիայի ծրագրերին կարող եք ծանոթանալ հղմամբ:

  • Թարգմանչական պրակտիկա ՀԵՀ-ի ուսանողների հետ․ արդյունքներ և փորձառություններ
  • Թարգմանչական ուսումնաարտադրական պրակտիկա ԵՊՀ-ի և ԲՊՀ-ի հետ համագործակցությամբ | վեցշաբաթյա համալսարանական պրակտիկա հաղորդակցության և մշակույթի թեմաներով։
  • «Խորագիրը՝ Թարգմանչություն» ընթերցացանկ | կազմակերպության կողմից թարգմանված նյութեր թարգմանության և թարգմանիչների մասին։
  • Enlight Podcast | Թ․ ինքնեկ | փոդքաստների շարք, որ թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը հանրությանն է ներկայացվում փոդքասթների ձևաչափով՝ թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա: